Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.18
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
22.04.2010
Дата вступления в силу
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0451/05/08

վարչական գործ թիվ ՎԴ/0451/05/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.11.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), Սևակ Հովհաննիսյանի, Ալիսա Սարգսյանի, երրորդ անձ Ժոզեֆ Սարգսյանի` Սևակ Հովհաննիսյանի անվամբ անշարժ գույքի միասնական մատյանում կատարված գրառումն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու և Ժոզեֆ, Ալիսա Սարգսյանների իրավունքների պետական գրառումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է վաղաժամկետ լուծել 20.02.2006 թվականի պետական սեփականություն հանդիսացող հողամասի տրամադրման պայմանագիրը, անվավեր ճանաչել Սևակ Հովհաննիսյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը, 11.04.2006 թվականի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Ժոզեֆ և Ալիսա Սարգսյաններին 13.04.2006 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը։

Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում Քաղաքապետարանը փոխել է հայցի առարկան և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի դրույթներով` պահանջել է անվավեր ճանաչել Կադաստրի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման կողմից Սևակ Հովհաննիսյանի անվամբ անշարժ գույքի միասնական մատյանում կատարված գրառումը, լուծել Սևակ Հովհաննիսյանի և Ժոզեֆ Սարգսյանի միջև 11.04.2006 թվականին կնքված թիվ 1305 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և անվավեր ճանաչել Ժոզեֆ և Ալիսա Սարգսյանների անվամբ 13.04.2006 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի թիվ Մ4-5 մատյանի 000106 համարի տակ կատարված իրավունքների պետական գրառումը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.11.2009 թվականի վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ, 112-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ պարբերության պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ սույն գործով Քաղաքապետարանի կողմից ներկայացվել է մեկ հիմնական պահանջ, այն է` պետական սեփականություն հանդիսացող հողամասի տրամադրման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին և երեք ածանցյալ պահանջներ։ Քաղաքապետարանը նշված հիմնական պահանջից չի հրաժարվել, այլ ընդամենը լրացրել է մյուս պահանջները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով, փոփոխել է «վկայականներն անվավեր ճանաչելու» պահանջը «իրավունքների պետական գրառումներն անվավեր ճանաչելու» պահանջով։ Մինչդեռ Դատարանը չի անդրադարձել ներկայացված հիմնական պահանջին և այդ մասով վճիռ չի կայացրել։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.11.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Քաղաքապետարանի 17.08.2006 թվականի հայցադիմումի համաձայն` ներկայացվել են 20.02.2006 թվականի հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը լուծելու և դրա հիման վրա Սևակ Հովհաննիսյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջներ (հ. 1, գ.թ. 3-4)։

2) Քաղաքապետարանի 13.09.2006 թվականի գրության համաձայն` ի լրումն ներկայացված հայցադիմումի ներկայացվել են 11.04.2006 թվականի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 13.04.2006 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջներ (հ. 1, գ.թ. 35)։

3) Հայցի առարկան փոխելու վերաբերյալ 09.09.2009 թվականի միջնորդության համաձայն` Քաղաքապետարանը հայտնել է, որ Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ Քաղաքապետարանի հայցի ընդդեմ Սևակ Հովհաննիսյանի, Ալիսա Սարգսյանի և Կադաստրի` պետական սեփականություն հանդիսացող հողամասի տրամադրման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, սեփականության իրավունքի գրանցման վկայականը, 11.04.2006 թվականի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Օգտվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 15-րդ, 70-րդ, 85-րդ հոդվածների դրույթներով նախատեսված իրավունքից` Քաղաքապետարանը փոխել է հայցի առարկան և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի դրույթները` խնդրել է անվավեր ճանաչել Կադաստրի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման կողմից Սևակ Հովհաննիսյանի անվամբ անշարժ գույքի միասնական մատյանում կատարված գրառումը, լուծել Սևակ Հովհաննիսյանի և Ժոզեֆ Սարգսյանի միջև 11.04.2006 թվականին կնքված թիվ 1305 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և անվավեր ճանաչել Ժոզեֆ և Ալիսա Սարգսյանների անվամբ 13.04.2006 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի թիվ Մ4-5 մատյանի 000106 համարի տակ կատարված իրավունքների պետական գրառումը (հ. 2, գ.թ. 41)։

4) Սույն գործում առկա չէ պետական սեփականություն հանդիսացող հողամասի տրամադրման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջից հրաժարվելու մասին դիմում, իսկ 22.10.2009 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` դատաքննության ընթացքում Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ 20.02.2006 թվականի պետական սեփականություն հանդիսացող հողամասի տրամադրման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջը սույն գործով հիմնական պահանջն է, և Քաղաքապետարանը չի հրաժարվել այդ պահանջից (հ. 2, գ.թ. 56-59)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորը հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխել մինչև դատաքննություն նշանակելը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն` մինչև դատաքննության ավարտը հայցվորն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության լրիվ կամ մասնակի հրաժարվելու իր պահանջներից։ Այդ դեպքում դատարանը կայացնում է վճիռ գործի վարույթը կարճելու մասին այն պահանջի մասով, որից հրաժարվել է հայցվորը, բացառությամբ նույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված գործերի։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դրանք կայացնելու կարգի, դրանց կառուցվածքի և բովանդակության, գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման, այն մասնակիցներին ուղարկելու, առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման վերաբերյալ լրացուցիչ դատական ակտի նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ պարբերության համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգումներ յուրաքանչյուր հայցապահանջը բավարարելու կամ մերժելու, ինչպես նաև նշում` վճիռը բողոքարկելու ժամկետի և կարգի մասին։

Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետարանի կողմից ներկայացվել է 20.02.2006 թվականի հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը լուծելու և Սևակ Հովհաննիսյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը, 11.04.2006 թվականի առուվաճառքի պայմանագիրը և 13.04.2006 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջներ։

Այնուհետև, հայցի առարկան փոխելու վերաբերյալ 09.09.2009 թվականի միջնորդությամբ Քաղաքապետարանը հայտնել է, որ Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Քաղաքապետարանի ընդդեմ Սևակ Հովհաննիսյանի, Ալիսա Սարգսյանի և Կադաստրի` պետական սեփականություն հանդիսացող հողամասի տրամադրման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, սեփականության իրավունքի գրանցման վկայականը, 11.04.2006 թվականի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Քաղաքապետարանը փոխել է հայցի առարկան և խնդրել է անվավեր ճանաչել Կադաստրի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման կողմից Սևակ Հովհաննիսյանի անվամբ անշարժ գույքի միասնական մատյանում կատարված գրառումը, լուծել Սևակ Հովհաննիսյանի և Ժոզեֆ Սարգսյանի միջև 11.04.2006 թվականին կնքված թիվ 1305 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և անվավեր ճանաչել Ժոզեֆ և Ալիսա Սարգսյանների անվամբ 13.04.2006 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի թիվ Մ4-5 մատյանի 000106 համար տակ կատարված իրավունքների պետական գրառումը։

Սույն գործում առկա չէ պետական սեփականություն հանդիսացող հողամասի տրամադրման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջից հրաժարվելու մասին դիմում, իսկ գործի դատաքննության ընթացքում Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ 20.02.2006 թվականի պետական սեփականություն հանդիսացող հողամասի տրամադրման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջը սույն գործով հիմնական պահանջն է, և Քաղաքապետարանը չի հրաժարվել այդ պահանջից։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի առարկան փոխելու վերաբերյալ 09.09.2009 թվականի միջնորդությամբ Քաղաքապետարանը հայցի առարկայից չի հանել պետական սեփականություն հանդիսացող հողամասի տրամադրման մասին 20.02.2006 թվականի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջը և չի հրաժարվել դրանից, այլ միայն փոխել է սույն գործով ներկայացված մյուս երեք պահանջները` Սևակ Հովհաննիսյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը, 11.04.2006 թվականի առուվաճառքի պայմանագիրը և 13.04.2006 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների փոխարեն Դատարանից խնդրելով անվավեր ճանաչել Կադաստրի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման կողմից Սևակ Հովհաննիսյանի անվամբ անշարժ գույքի միասնական մատյանում կատարված գրառումը, լուծել Սևակ Հովհաննիսյանի և Ժոզեֆ Սարգսյանի միջև 11.04.2006 թվականին կնքված թիվ 1305 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և անվավեր ճանաչել Ժոզեֆ և Ալիսա Սարգսյանների անվամբ 13.04.2006 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի թիվ Մ4-5 մատյանի 000106 համարի տակ կատարված իրավունքների պետական գրառումը։

 Մինչդեռ Դատարանի կողմից քննության առարկա չի դարձվել 20.02.2006 թվականի պետական սեփականություն հանդիսացող հողամասի տրամադրման մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջը, որպիսի պայմաններում խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` բողոք բերած անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացումը։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 06.11.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան