Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.25
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
02.04.2010
Дата вступления в силу
02.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0332/05/09

վարչական գործ թիվ ՎԴ/0332/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 08.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Վարդիթեր Մարտիրոսյանի` գումար բռնագանձելու և տարածքը նախկին տեսքի բերելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Վարդիթեր Մարտիրոսյանից 200.000 ՀՀ դրամ և պարտավորեցնել վերջինիս տարածքը բերել նախկին տեսքի:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.12.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածը, 154-րդ հոդվածի 1-ին մասը, 279-րդ, 297-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշումը Վարդիթեր Մարտիրոսյանը չի բողոքարկել, այն որևէ դատական ակտով անվավեր չի ճանաչվել: Հետևաբար Դատարանը պետք է ելներ այն կանխավարկածից, որ Քաղաքապետի նշված որոշումն օրինական ուժի մեջ է, և այն ենթակա է պարտադիր կատարման: Նման իրավական դիրքորոշում է հայտնել նաև Վճռաբեկ դատարանը 27.05.2009 թվականի որոշմամբ:

Դատարանը, ի պաշտոնե քննելով գործը, պարտավոր էր պարզել Վարդիթեր Մարտիրոսյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու հանգամանքը, ինչը չի արել:

Դատարանը եզրակացրել է, որ Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների խախտմամբ և հղում է կատարել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածին և նշված օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 1-ին մասին: Մինչդեռ, Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ կառավարության 03.10.2002 թվականի թիվ 1788-Ն որոշման համաձայն` Քաղաքապետը Քաղաքապետարանի միջոցով Երևանում իրականացնում է պետական կառավարում, իրագործում է ՀՀ կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Իսկ ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի համաձայն` տարածքային քաղաքականությունը մի շարք բնագավառներում Քաղաքապետն իրականացնում է Քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների միջոցով:

Տվյալ դեպքում վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովը ստեղծվել է Քաղաքապետի որոշմամբ, և այն ընդամենը համարվում է իրավախախտման վերաբերյալ գործերն ուսումնասիրող և նախապատրաստման աշխատանքներ իրականացնող մարմին, որը վարույթի նախապատրաստման նյութերը ներկայացնում է Քաղաքապետին` դրանց հիման վրա որոշում կայացնելու համար:

Բացի այդ, ՀՀ վարչական դատարանի կողմից նույն փաստական հանգամանքներով բազմիցս կայացվել են վճիռներ, որոնցով Քաղաքապետարանի հայցերը նույն փաստական հանգամանքներով և հիմնավորումներով բավարարվել են:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 08.12.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշմամբ Վարդիթեր Մարտիրոսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար ենթարկվել է 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի: Նույն որոշմամբ Վարդիթեր Մարտիրոսյանին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ (գ.թ. 6):

2) Քաղաքապետի նշված որոշումը Վարդիթեր Մարտիրոսյանը չի վիճարկել, այն չի վերացվել, և չի հաստատվել դրա առոչինչ լինելը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը գործը հարուցում, քննում և լուծում է միայն հայցի հիման վրա և միմիայն հայցի շրջանակներում: Իսկ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում իր նախաձեռնությամբ անդրադառնալով վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառելով դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը` ՀՀ վարչական դատարանը դուրս է գալիս հայցի շրջանակներից: Այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության ուժով վարչական ակտի չվիճարկման պայմաններում յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ վարչական ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վարչական մարմնի լիազորությունների շրջանակում և այն ենթակա է կատարման: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ չվիճարկված վարչական ակտն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը (իրավական հիմնավորումը տես նաև` ըստ Երևանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Հրաչյա Քարամյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին, թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2009 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշումը կայացվել է առանց գործը քննելու, որպիսի պայմաններում այն իրավաչափ վարչական ակտ չէ: Ուստի Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշման դրույթները կիրառելի չեն, այն կատարման ենթակա չէ և հայցի հիմքում դրվել չի կարող:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշումը չի վիճարկվել: Հետևաբար Դատարանը պարտավոր էր ելնել այն կանխավարկածից, որ նշված որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված Քաղաքապետի լիազորությունների շրջանակում, և այն ենթակա է կատարման: Այսինքն` Դատարանը իրավասու չէր կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը:

Նշվածի արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը Քաղաքապետարանի հայցը մերժելիս դուրս է եկել դրա շրջանակներից, քանի որ Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշման իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում իր նախաձեռնությամբ անդրադարձել է նշված որոշման իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի մյուս հիմնավորումներին չի անդրադառնում, քանի որ Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշման չվիճարկման պայմաններում դրանք սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ինչ վերաբերում է տարածքը նախկին տեսքի բերելու Քաղաքապետարանի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել նշված պահանջին և ըստ էության չի իրականացրել դրա քննությունը: Հետևաբար սույն գործի շրջանակներում տարածքը նախկին տեսքի բերելու Քաղաքապետարանի պահանջի իրավաչափության վերաբերյալ հնարավոր չէ հանգել որևէ եզրակացության: Ուստի այդ մասով սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ և 118-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վարչական դատարանի 08.12.2009 թվականի վճիռը բեկանել: Վճռի` գումար բռնագանձելու պահանջը մերժելու մասը փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել` Վարդիթեր Մարտիրոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 200.000 ՀՀ դրամ: Վճռի` տարածքը նախկին տեսքի բերելու մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Վարդիթեր Մարտիրոսյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք: Մնացած մասով պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան