Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.19
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
02.04.2010
Дата вступления в силу
02.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/5165/05/08

վարչական գործ թիվ ՎԴ/5165/05/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱՅՋԻՎԻԱՅ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 15.07.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` պետական մարմնի ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով Դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 06.08.2008 թվականի թիվ 1033601 ակտը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.07.2009 թվականի վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները, կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը, 28-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, առանց համապատասխան ապացույցների առկայության, Ընկերության արտադրամասում 507 խողովակի պակասորդը ենթադրաբար համարել է որպես իրացում պատրաստի արտադրանքի տեսքով։ Դատարանը պատրաստի արտադրանքի իրացման` առաքման փաստը, դրա քանակն ու գինը հիմնավորող ապացույցներ է դիտել «Նեո-Հրաչ» ՍՊԸ-ի տնօրենի, փոխտնօրենի, վաճառողի, ինչպես նաև այլ անձանց հայտարարությունները` անտեսելով այն հանգամանքը, որ այդ հայտարարությունները վերաբերում են ապրանքների ձեռքբերմանը այլ ընկերություններից, որոնք ևս իրենց գործունեությունն իրականացնում են Հրազդան քաղաքի «Հրազդանմաշ» գործարանի տարածքում։

Բացի այդ, սույն գործում առկա չէ որևէ ապացույց ենթադրյալ իրավախախտման կատարման ժամանակի վերաբերյալ, ինչն էական է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառելիության հարցը պարզելու համար։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 15.07.2009 թվականի վճիռը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 25.06.2008 թվականի թիվ 03Ա 073173 վկայականի համաձայն՝ Ընկերությունը ՀՀ պետական ռեգիստրում գրանցված առևտրային իրավաբանական անձ է (գ.թ. 8)։

2) Ընկերությունը 2008 թվականի 2-րդ եռամսյակի համար Տեսչություն է ներկայացրել ԱԱՀ-ի հաշվարկներ (գ.թ. 39)։

3) Տեսչության կողմից 2008 թվականի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 6-ը Ընկերությունում կատարված ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության ստուգման արդյունքում 06.08.2008 թվականին կազմված թիվ 1033601 ակտով արձանագրվել է, որ ներմուծված 888 խողովակից արտադրամասում առկա էր 381 խողովակ, ուստի մնացած 507 խողովակը իրացվել է պատրաստի արտադրանքի տեսքով։ Նշված ակտով Ընկերությանը տուգանք է նշանակվել 57.037.500 ՀՀ դրամի չափով (գ.թ. 6-7)։

4) «Նեո-Հրաչ» ՍՊԸ-ի տնօրենի 30.07.2008 թվականի բացատրության համաձայն` «Նեո-Հրաչ» ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և դրանց գազի բալոնների տեղադրմամբ ու վաճառքով։ Հրազդան քաղաքի արտադրության գազի բալոնները իրենց ընկերությունը պատվիրում է «Գաբմաս» ՍՊԸ-ից, իսկ այդ բալոնների ծագման մասին «Նեո-Հրաչ» ՍՊԸ-ի տնօրենը նշել է, որ տեղյակ չէ, միայն լսել է, որ դրանք արտադրվում են Ընկերությունում, իսկ «Նեո-Հրաչ» ՍՊԸ-ի փոխտնօրենի և վաճառողի 30.07.2008 թվականի բացատրության համաձայն` «Նեո-Հրաչ» ՍՊԸ-ն գազի բալոններ է ձեռք բերում «Գաբմաս» ՍՊԸ-ից, իսկ դրանց ծագման մասին փոխտնօրենը նշել է, որ տեղյակ չէ (գ.թ. 31-36)։

5) «Վարդան-Անահիտ» ՍՊԸ-ի տնօրենի 30.07.2008 թվականի բացատրության համաձայն` «Վարդան-Անահիտ» ՍՊԸ-ն Հրազդան քաղաքի «Հրազդանմաշ» գործարանի տարածքից ձեռք է բերել 80 լ տարողությամբ 8 ավտոմեքենայի գազի բալոններ (գ.թ. 45)։

6) Սերգեյ Սահրադյանի 29.07.2008 թվականի բացատրության համաձայն` վերջինս իր Գազել մակնիշի 11ԼԼ196 պետհամարանիշի ավտոմեքենայով 2008 թվականի մայիս ամսից սկսած Ընկերությունից շուրջ ինն անգամ գազի բալոններ է տեղափոխել «Գաբմաս» ավտոլցակայանի տարածքում գտնվող «Գիմաս» ՍՊԸ (գ.թ. 37-38)։

7) Ընկերության տնօրեն Սամվել Զոհրաբյանի հայտարարությունների համաձայն՝ վերջինիս նշանակվելուց առ հայտարարությունը տալու օրը արտադրամասը զբաղվում էր բնական գազի բալոնների արտադրությամբ։ Արտադրամասում օրական արտադրվում էր մոտ 15 բալոն (գ.թ. 29-30)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն՝ առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (այսուհետ մինչև հոդվածի վերջը՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաներ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում՝ վաճառված (իրացված) մասի համար։ Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում։ Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է։

ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման)» կարգի (այսուհետ՝ Կարգ) 5-րդ մասի 2-րդ պարբերության «ա» կետի համաձայն` առաքվող ապրանքը ներառում է տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտներին իրացնելու համար նախատեսված ապրանքը (այդ թվում` կոմիսիոն վաճառքի ձևով և այլն)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն oրենuգրքով uահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաuտերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաuտի հաuտատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Սույն գործով Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ներմուծված 888 խողովակից գույքագրման արդյունքում հայտնաբերվել է 381 խողովակ, ընդհանուրի տարբերությունը կազմող 507 պակաս խողովակը համարել է իրացում պատրաստի արտադրանքի տեսքով։ Նման եզրահանգման համար Դատարանը հիմք է ընդունել նաև «Նեո-Հրաչ» ՍՊԸ-ի տնօրենի, փոխտնօրենի, վաճառողի, ինչպես նաև «Վարդան-Անահիտ» ՍՊԸ-ի տնօրենի ու Սերգեյ Սահրադյանի բացատրությունները և իրավացիորեն, հաստատված է համարել այն փաստը, որ Ընկերության արտադրամասում 507 պակաս խողովակն իրացվել է պատրաստի արտադրանքի տեսքով։

Բացի այդ, Ընկերության տնօրեն Սամվել Զոհրաբյանի հայտարարությունների համաձայն՝ վերջինիս նշանակվելուց առ հայտարարությունը տալու օրը արտադրամասը զբաղվում էր բնական գազի բալոնների արտադրությամբ։ Արտադրամասում օրական արտադրվում էր մոտ 15 բալոն։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։

Այսպես` խողովակների` տվյալ պահին առկա քանակի վերաբերյալ ապացույցները պետք է ներկայացներ հենց Ընկերությունը, քանի որ խողովակների պակասող քանակությունը գտնվել է Ընկերության տիրապետության ներքո։ Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` հարկային ստուգման ընթացքում պակասող ապրանքը չի ներկայացվել հարկային տեսուչներին, ինչպես նաև չի ներկայացվել որևէ ապացույց դրանց բացակայության կամ հետագա ճակատագրի վերաբերյալ։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ ապացույցները Ընկերության կողմից Դատարանին չներկայացնելու պայմաններում դրանց չներկայացման բացասական հետևանքները կրում է Ընկերությունը։

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Կարգի 5-րդ մասի կիրառելիության համար էական նշանակություն ունեցող՝ Ընկերության արտադրամասում պակաս խողովակները պատրաստի արտադրանքի վերածելու և դրանք իրացնելու փաստերը հաստատված է սույն վարչական գործով ներկայացված ապացույցներով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վարչական դատարանի 15.07.2009 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան