Գլխավոր տեղեկություն
Номер
N 927-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (14.08.2010-09.04.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.07.27/33(767).1 Հոդ.895
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.07.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.07.2010
Дата вступления в силу
14.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2010 թվականի N 927-Ն

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տրանսպորտային միջոցների հաշվառման, տրանսպորտային միջոցների առկայության և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված տվյալների տրամադրումը համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներին՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից պետական հաշվառում իրականացվող տրանսպորտային միջոցների մասով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 28
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ կառավարության 2010 թվականի

 հուլիսի 22-ի N 927-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների հաշվառման, տրանսպորտային միջոցների առկայության և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Տրանսպորտային միջոցների պետական հաշվառում իրականացնող ոստիկանության բնագավառում պետական լիազոր մարմնի իրավասու ծառայության տարածքային ստորաբաժանումները (այսուհետ` ոստիկանության մարմիններ) պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների հաշվառման տվյալները՝ տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, թողարկման տարեթիվը, պետհամարանիշը, պատկանելությունը (ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի մասին տեղեկությունները), ինչպես նաև հաշվառման տվյալների փոփոխությամբ վերասարքավորված տրանսպորտային միջոցի տվյալները փոխանցում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված հաշվառման տվյալների փոփոխությունների (այդ թվում` վերահաշվառման, հաշվառումից հանելու կամ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվության) վերաբերյալ տվյալները ոստիկանության մարմիններն ամիսը մեկ փոխանցում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:

4. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունները զննություն անցած տրանսպորտային միջոցների և դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, փոխանցում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:

5. Տարածքային զինվորական կոմիսարիատներում սույն կարգի 2-4-րդ կետերում նշված տվյալների հիման վրա կազմվում է տրանսպորտային միջոցի հաշվառման քարտ, որի ձևը սահմանվում է պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

6. Համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատները ոստիկանության մարմինների հետ համատեղ՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, իսկ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների հետ՝ տարեկան մեկ անգամ, համադրում են հաշվառված և տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալները տարածքային զինվորական կոմիսարիատներում առկա տվյալների հետ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.04.2022, N 442-Ն 09.04.2022, N 927-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան