ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2010 թվականի N 524-Ա
ՍԻՆԽՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՐԱԳԱՑՈՒՑՉԻ ՀԵՆՔԻ ՎՐԱ «ՔԵՆԴԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1478-Ա որոշման և նկատի ունենալով Սինխրոտրոնային ճառագայթման արագացուցչի հենքի վրա «Քենդլ» միջազգային կենտրոնի նախագծի (այսուհետ` «Քենդլ» նախագիծ) իրականացման կարևորությունը Հայաստանի Հանրապետությունում առաջատար կիրառական գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Քենդլ» նախագծի արժեքի 25 տոկոսի սահմաններում ֆինանսական մասնակցություն ունենալու իր պատրաստակամությունը և հրավիրել օտարերկրյա պետություններին և միջազգային կառույցներին մասնակցելու «Քենդլ» միջազգային կենտրոնի կառուցմանը և օգտագործմանը:
2. Սահմանել, որ «Քենդլ» նախագծի իրականացման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն է:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին`
1) «Քենդլ» գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել «Քենդլ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը և ժամանակացույցը, «Քենդլ» կենտրոնի կարգավիճակի և կառուցվածքի մասին առաջարկը, «Քենդլ» նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքների ծախսերի նախահաշիվը.
2) միջազգային դոնոր կազմակերպությունների և գիտական կենտրոնների հետ քննարկել «Քենդլ» նախագծի իրականացման ուղղությամբ միջազգային համագործակցության հնարավորությունները և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` «Քենդլ» գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ երկամսյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն «Քենդլ» նախագծի իրագործման համար համապատասխան մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև ասպիրանտական տեղերի հատկացման վերաբերյալ:
5. Սահմանել, որ «Քենդլ» նախագծի համակարգման համար ստեղծվում է խորհուրդ` Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ, իսկ խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. մայիսի 14
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|