Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.05.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.16
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.05.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
27.05.2010
Дата вступления в силу
27.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/2991/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/2991/05/09

2010թ.

Դատավոր՝ Ա. Աբովյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Խորհրդայինի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 26.10.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Ունիկալ գինիներ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Տեսչության՝ պետական տուրքի գծով պարտավորություններ չունենալու փաստը ճանաչելու պահանջի մասին և ըստ Տեսչության հայցի ընդդեմ Ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ճանաչել պետական տուրքի գծով պարտավորություններ չունենալու փաստը։

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 19.177.786 ՀՀ դրամ։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 03.09.2009 թվականի արձանագրային որոշմամբ նշված գործերը միացվել են մեկ վարույթում։

Դատարանի 26.10.2009 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է, իսկ Տեսչության հայցի՝ 855.436 ՀՀ դրամ բռնագանձելու մասով գործի վարույթը կարճվել է հայցից հրաժարվելու հիմքով, հայցի մնացած մասը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վարչական դատարանը չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 31-րդ կետը, 34-րդ հոդվածի 3-րդ կետը և 35-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի վճռի հիմքում դրվել են 06.12.2005 թվականի վճռով հաստատված հանգամանքները և ղեկավարվելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով վերստին չի անդրադարձել կողմերի միջև վեճի առարկայի քննարկմանը և հանգել է սխալ հետևության։ Ընկերությունը չէր կարող 06.12.2005 թվականի դրությամբ պետական բյուջեի հանդեպ պետական տուրքի գծով պարտավորություններ չունենալ, քանի որ 05.12.2005 թվականին կատարված 2.895.000 ՀՀ դրամ վճարումները ուղղվել են 2000-2003 թվականների հաշվետու ժամանակաշրջանի ապառքի մարմանը, իսկ 4.000 ՀՀ դրամի չափով՝ 2004 թվականի ապառքի մարմանը։ Արդյունքում 2004 թվականի տարեկան պետական տուրքից չի վճարվել 105.000 ՀՀ դրամ և 600.000 ՀՀ դրամ՝ 2005 թվականի տարեկան պետական տուրքը, որոնց նկատմամբ հաշվարկվել է 17.617.350 ՀՀ դրամ տույժ։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 26.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել, իսկ Տեսչության հայցը բավարարել։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Ընկերության կողմից 2004 և 2005 թվականների պետական տուրքի գումարները վճարվել են ամբողջությամբ: Նշված փաստը հաստատվել է ՀՀ տնտեսական դատարանի 06.12.2005 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած թիվ Տ-2957 վճռով:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 07.12.1999 թվականին «Հայաստանի ունիկալ գինիներ» անհատական ձեռնարկությունը վերակազմակերպվել է «Հայաստանի Ունիկալ գինիներ» ՓԲԸ-ի (գ.թ. 19)։

2. 28.02.2006 թվականին «Հայաստանի Ունիկալ գինիներ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Ունիկալ գինիներ» ՓԲԸ-ի (գ.թ. 5)։

3. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Խորհրդայինի հարկային տեսչության 30.08.2003 թվականի թիվ ՍԱ-124153 ստուգման ակտի 8-րդ կետով պետական տուրքի գծով Ընկերությանն առաջադրվել է 1.695.000 ՀՀ դրամ՝ ներառյալ տույժերը։ Ստուգումն ընդգրկել է 01.07.2002 թվականից 01.07.2003 թվականն ընկած ժամանակահատվածը (գ.թ. 35-38)։

4. 05.12.2005 թվականի թիվ 92 վճարային հանձնարարագրով Ընկերությունը վճարել է 1.695.000 ՀՀ դրամ, որից 600.000 ՀՀ դրամ՝ «Հայաստան» բառն օգտագործելու համար պետական տուրք, 1.095.000 ՀՀ դրամ՝ տույժ (գ.թ. 27)։

5. 05.12.2005 թվականի թիվ 93 վճարային հանձնարարագրով Ընկերությունը վճարել է 600.000 ՀՀ դրամ՝ «Հայաստան» բառն օգտագործելու համար 2004 թվականի պետական տուրք (գ.թ. 28):

6. 05.12.2005 թվականի թիվ 94 վճարային հանձնարարագրով Ընկերությունը վճարել է 600.000 ՀՀ դրամ՝ «Հայաստան» բառն օգտագործելու համար 2005 թվականի պետական տուրք (գ.թ. 29):

7. ՀՀ տնտեսական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 06.12.2005 թվականի թիվ Տ-2957 վճռով, դատարանը քննելով քաղաքացիական գործն ըստ դիմումի «Հայաստանի ունիկալ գինիներ» ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Խորհրդային հարկային տեսչության՝ Տեսչության 30.08.2003 թվականի թիվ 124153 ստուգման ակտի 8-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջը, հաստատված է համարել, որ դիմողը 05.12.2005 թվականին վճարել է վիճարկվող ակտի 8-րդ կետով առաջադրված 1.695.000 ՀՀ դրամ գումարը, որը կազմում է 01.07.2002 թվականից մինչև 01.07.2003 թվականի համար սահմանված պետական տուրքը և դրա համար հաշվարկված տույժը։ Միաժամանակ, վճռով հաստատվել է, որ դիմողը կատարել է նաև 2004-2005 թվականների համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունը (գ.թ. 30)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը որոշելու համար վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավորվածությունը բողոքի սահմաններում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը. արդյո՞ք նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված ցանկացած փաստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ունի նախադատելի նշանակություն քննվող այլ գործի համար, նույնիսկ եթե այդ փաստը (հանգամանքը) վերաբերելի չէ նախկինում քննված քաղաքացիական գործով հայցի առարկային (չի դասվում հաստատման ենթակա հանգամանքների փաստերի շարքը)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին չեն ապացուցվում։

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վերը նշված իրավական խնդրին։

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոհիշյալ իրավական հարցադրմանը պետք է պատասխանել նախադատելիության կամ պրեյուդիցիայի (լատիներեն praejսdicialis-ից) դատավարական ինստիտուտի, դատական ակտերի պրեյուդիցիալ կապի և նման կապի օբյեկտիվ սահմանների վերլուծության լույսի ներքո։

Այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված փաստերին։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները, փաստերը հետագա դատավարություններում հերքելու արգելք։ Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը, փաստերը նոր կայացվող դատական ակտում։ Որպես կանոն դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե´ գործին մասնակցող անձանց, թե´ դատարանի վրա։ Հետևաբար, նախադատելիությունը օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ դատարանը սույն oրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։ Իսկ նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, իսկ վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները։ Նշված նորմերը պարունակում են վերը բարձրացված իրավական խնդրի լուծման տեսանկյունից կարևոր երկու դատավարական կանոն, այն է`

1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն oրենքով նախատեսված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).

2) դատարանը պարզում է միայն գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ)։ Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդված)։

Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի վերը հիշատակված երկու դատավարական կանոնների պահպանումը։

Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորություն է տվել ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցին, քանզի դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տե´ս «Սաթնէ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների՝ հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու, Ընկերությանը պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշումը)։

Սույն գործում առկա ՀՀ տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած 06.12.2005 թվականի վճռով քննված գործով Ընկերության դիմումի առարկան Տեսչության 30.08.2003 թվականի թիվ 124153 ստուգման ակտի 8-րդ կետը անվավեր ճանաչելու պահանջն էր։ Ընդ որում տվյալ ակտի 8-րդ կետով սահմանվել էր, որ 01.07.2002 թվականից մինչև 01.07.2003 թվականը պետական տուրքը և դրա համար հաշվարկված տույժը կազմում է 1.695.000 ՀՀ դրամ գումար, որը վճարվել էր Ընկերության կողմից։

Միևնույն ժամանակ ՀՀ տնտեսական դատարանի նույն վճռով արձանագրվել է, որ Ընկերության կողմից կատարվել է նաև 2004-2005 թվականների համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունը։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տնտեսական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 06.12.2005 թվականի վճռով հաստատված այն հանգամանքը, որ դիմողը կատարել է նաև 2004-2005 թվականների համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունը, չէր մտնում այդ գործով ապացուցման առարկայի սահմանների մեջ։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ունեն նախադատելի նշանակություն քննվող այլ գործի համար, բացառությամբ այն բացառիկ դեպքի, երբ այդ հաստատված հանգամանքը վերաբերելի չէ նախկինում քննված քաղաքացիական գործով հայցի առարկային (չի դասվում հաստատման ենթակա հանգամանքների շարքը)։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տնտեսական դատարանի 06.12.2005 թվականի վճռով հաստատված այն հանգամանքը, որ Ընկերությունը կատարել է նաև 2004-2005 թվականների համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունը, սույն քաղաքացիական գործի համար նախադատելի նշանակություն չունի։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 26.10.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան