ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան 25 հունիսի 2010 թ.
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի նոյեմբերի 10-ին Բուդապեշտում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 08.06.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Խնդրո առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. նոյեմբերի 10-ին` Բուդապեշտում: Համաձայնագրի նպատակը Պայմանավորվող պետությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու հետ կապված հարաբերությունների կարգավորումն է: Այն բաղկացած է 29 հոդվածից և համաձայնագրի անբաժանելի մաս կազմող Արձանագրությունից:
2. Համաձայնագրով նախատեսված է, որ այն կիրառվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ` կապված Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմինների կողմից եկամտի և գույքի նկատմամբ սահմանվող հարկերի հետ` անկախ դրանց գանձման եղանակից:
Համաձայնագրով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում և Հունգարիայի Հանրապետությունում գանձվող հարկերի տեսակները, կանոնակարգվում են եկամուտների ստացման` երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և, հատկապես, դրույքաչափերը:
Համաձայնագրով սահմանված են հարկման հետևյալ օբյեկտները.
- անշարժ գույքից ստացված եկամուտը,
- ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող շահույթը,
- միջազգային փոխադրումներից` նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը,
- շահաբաժինները, տոկոսները, ռոյալթին,
- գույքի արժեքի հավելաճը,
- արտիստների և մարզիկների գործունեությունից ստացված եկամուտը,
- կենսաթոշակները, պետական ծառայության դիմաց վճարված աշխատավարձը,
- ուսանողին, դասախոսին, ուսուցչին տրված վճարումները, այլ եկամուտներ:
Ըստ համաձայնագրի` այն կիրառվում է նաև դրանում նախատեսված ցանկացած նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք սահմանվում են համաձայնագիրն ստորագրելուց հետո` գործող հարկերի կամ դրանց փոխարեն:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում.
- իր իրավասու մարմինների միջոցով Հունգարիայի Հանրապետությանը ծանուցել իր հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին,
- ապահովել Հայաստանում կրկնակի հարկման բացառումը,
- Հունգարիայի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի խիստ որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության կատարման, մասնավորապես` կապված ռեզիդենտության հետ, քան այն հարկումը ու դրա հետ կապված պարտավորությունների կատարումն է, որոնց, միևնույն հանգամանքների դեպքում, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
- ապահովել, որպեսզի Հունգարիայի Հանրապետության ձեռնարկության տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի հարկումը Հայաստանի Հանրապետությունում չլինի նվազ բարենպաստ, քան Հայաստանի Հանրապետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների հարկումը,
- Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է Հունգարիայի Հանրապետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է Հունգարիայի մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան Հայաստանի Հանրապետության այլ նման ձեռնարկությունները:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը կրում է ֆինանսական պարտավորություններ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Հունգարիայի Հանրապետության ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստացված որոշ տեսակի եկամուտները չհարկել կամ հարկել նվազեցված դրույքաչափերով:
Համաձայնագրով սահմանափակվում է նաև Հունգարիայի Հանրապետության ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող տոկոսները և ռոյալթիները հարկելու` Հայաստանի Հանրապետության իրավունքը: Սակայն, եթե տոկոսների և ռոյալթիների փաստացի սեփականատերը Հունգարիայի Հանրապետության ռեզիդենտ է, ապա Հայաստանում գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը և ռոյալթիների համախառն գումարի 5 տոկոսը:
5. Համաձայնագիրն ամրագրում է նաև հարկումից խուսափելը կանխելու կառուցակարգ, ինչպես նաև երաշխավորում է Պայմանավորվող պետությունների ազգային անձանց նկատմամբ հարկային խտրականության բացառումը:
Արդի միջազգային իրավունքին ներդաշնակ համաձայնագրի գործողությունը չի տարածվում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամների նկատմամբ։
Համաձայնագրի եզրափակիչ դրույթները նվիրված են վերջինիս մեկնաբանման կամ կիրառման հետ կապված հնարավոր վեճերի լուծման, տեղեկությունների փոխանակման, ուժի մեջ մտնելու և դրա գործողության դադարեցման կարգին ու պայմաններին, ժամկետներին:
6. Հունգարիայի Հանրապետության հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա զարգացնելու երկու պետությունների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8 և 9-րդ հոդվածների դրույթներին, կոչված են զարգացնելու կողմերի միջև բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունները, նաև ստեղծելու իրավական բարենպաստ պայմաններ կողմերի համապատասխան սուբյեկտների տնտեսական գործունեության ազատության համար։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի նոյեմբերի 10-ին Բուդապեշտում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող ՍԴՈ-900
Գ. Հարությունյան
25 հունիսի 2010 թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|