Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.11/19(753).1 Հոդ.493.36
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.03.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
12.03.2010
Дата вступления в силу
12.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ4/0063/05/09

վարչական գործ թիվ ՎԴ4/0063/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ծատուրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 13.08.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Կազմակերպության հայցի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի (այսուհետ՝ Գյուղապետարան)` Գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Գյուղապետարանի այն գործողությունները կամ անգործությունը, որով օրենքով սահմանված առավելագույն ժամկետում սպառիչ և լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ, և պարտավորեցնել 5-օրյա ժամկետում տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե արդյոք Փարաքար գյուղում գտնվող հողամասը ներառված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 13.08.2009 թվականի վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գյուղապետարանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 27-րդ, 27.1-րդ հոդվածները, չի կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 9-րդ հոդվածները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ, 112-րդ, 113-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ ներառված լինելու կամ չլինելու մասին Գյուղապետարանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի վերաբերյալ սահմանված ժամկետներում Կազմակերպությանը չի տրամադրել տեղեկատվություն։

Դատարանը մերժելով հայցը, նյութական իրավունքի որևէ նորմ չի կիրառել, այլ միայն վճռի հիմքում դրել է Գյուղապետարանի պատճառաբանությունները, որոնք որևէ ապացույցով հիմնավորված չեն։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 13.08.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Գյուղապետարանը չի խուսափել և չի հրաժարվել տրված հարցադրումներին տրամադրել պատասխաններ, այլև բոլոր պատասխաններում շեշտադրել է այն հանգամանքը, որ հետաքրքրող հարցի ըստ էության պարզաբանման համար անհրաժեշտ է որոշակի հարցերի լուծում, որոնք կախված չեն Գյուղապետարանից, քանի որ իրականացվում են Փարաքար համայնքի գլխավոր հատակագծի մշակման և կազմման աշխատանքները, և շուտով ավարտվելու են բուն նախագծման աշխատանքները, որով նախատեսվում է խնդրո առարկա հողամասն օգտագործել համայնքի կոյուղագծի կառուցման նպատակով։ Նշվածից ակնհայտ է, որ Գյուղապետարանը բոլոր դիմումներին տվել է պատշաճ պատասխան։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Կազմակերպությունը 26.12.2008 թվականի հարցմամբ Գյուղապետարանից պահանջել է տրամադրել տեղեկատվություն Փարաքար գյուղի Մեքենագործների փողոցի 1-ին շենքի մոտով անցնող մայր առվի ձախ ափին, ճանապարհին կից տարածքում գտնվող 250-260քմ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ներառված լինելու մասին (գ.թ. 12)։

2. Պահանջված տեղեկատվությանն ի պատասխան, Գյուղապետարանը 10.01.2009 թվականի թիվ 7 գրությամբ հայտնել է, որ «Սեդա Ղազարյանը և Արմեն Ներսիսյանը մի քանի անգամ տարբեր ձևերով (գրավոր, բանավոր, փաստաբանի միջնորդությամբ) դիմել են գյուղապետարան՝ Փարաքար համայնքի Մեքենագործների փողոցի 1-ին շենքի մոտով անցնող մայր առվի ձախ ափին, ճանապարհին կից տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող 250 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նպատակով։ Քանի որ համայնքային սեփականություն հանդիսացող նշված հողատարածքի հետագա տնօրինման վերաբերյալ գյուղապետարանը, ելնելով համայնքի քաղաքաշինական, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերից (մասնավորապես համայնքի համար ամենահրատապ՝ կոյուղու ներհամայնքային ցանցի վերակառուցման ծրագիրը, որի հայտը մեր կողմից ներկայացվել է ՀՀ կառավարություն և դեռևս քննարկման փուլում է), նպատակահարմար է գտնում այն թողնել համայնքի հաշվեկշռում և չօտարել» (գ.թ. 9)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։

ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հադվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությունը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հադվածի 7-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.

1. եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.

2. եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.

3. եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին տրվում է դիմումն ստանալուց հետո՝

30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից երաշխավորվել է յուրաքանչյուր անձի իրավունքը օրենքով սահմանված կարգով դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու իր փնտրած տեղեկությունը։ Ընդ որում տեղեկատվություն փնտրողին պետք է տրվի պատշաճ՝ լրիվ և սպառիչ պատասխան։

 Սույն գործով Դատարանը հայցը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքները, որ Գյուղապետարանը 10.01.2009 թվականին պատասխանով հայտնել է, որ համայնքի սեփականություն հանդիսացող և հայցվորին հետաքրքրող հողատարածքի հետագա տնօրինման վերաբերյալ Գյուղապետարանը, ելնելով համայնքի քաղաքաշինական, սոցիալ տնտեսական զարգացման ծրագրերից, այդ թվում՝ համայնքի կոյուղու ցանցի վերակառուցման ծրագրից, հայտ է ներկայացրել ՀՀ կառավարություն, որտեղ այն դեռևս քննարկման փուլում է։ Պատասխանողը հայցվորի դիմումը տալու պահի դրությամբ դեռևս հնարավորություն չի ունեցել ըստ էության պատասխանելու դրանում առաջադրված հարցին, քանի որ համապատասխան հողամասի առնչությամբ ՀՀ կառավարություն ներկայացված ծրագրով որոշակի դիրքորոշումներ դեռևս պետք է պարզվեն, որն իրականություն կդառնա այդ ծրագիրը հաստատելուց հետո։

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը։ Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։

Մինչդեռ սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ Գյուղապետարանը հայցվորի դիմումը տալու պահի դրությամբ դեռևս հնարավորություն չի ունեցել ըստ էության պատասխանելու դրանում առաջադրված հարցին, պատշաճ իրավական գնահատական չի տվել Գյուղապետարանի 10.01.2009 թվականի գրությանը և հիմք է ընդունել միայն պատասխան ներկայացնելու անհնարինության վերաբերյալ հայցադիմումի պատասխանում բերված պատճառաբանությունները, առանց նշելու այն ապացույցներն ու իրավական նորմերը, որոնց հիման վրա եկել է նման եզրահանգման։

Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող վճիռն անհիմն է։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 13.08.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան