Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.11/19(753).1 Հոդ.493.8
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.03.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
12.03.2010
Дата вступления в силу
12.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1340/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1340/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Ա. Թումանյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վաղինակ Մելքոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վաղինակ Մելքոնյանի ընդդեմ Ժուլիետա Ավետիսյանի, Սիրեկան, Արտյոմ, Արտակ Մկրտչյանների, երրորդ անձ Վոլոդյա Բեզոյանի` ընդհանուր համատեղ սեփականության հողամասից բաժինն առանձնացնելու պահանջի մասին, Ժուլետա Ավետիսյանի, Սիրեկան, Արտյոմ, Արտակ Մկրտչյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Վաղինակ Մելքոնյանի, Մարինե Հակոբյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)` ուրիշի ապօրինի տիրապետումից հողամասը հետ պահանջելու և առանձնացնելու պահանջի մասին, և Վոլոդյա Բեզոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Վաղինակ Մելքոնյանի, Ժուլետա Ավետիսյանի, Սիրեկան, Արտյոմ, Արտակ Մկրտչյանների, Մարինե Հակոբյանի, Կադաստրի` հողամասից բաժինն առանձնացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վաղինակ Մելքոնյանը պահանջել է Երևանի Բագրատունյաց 3-րդ նրբանցքի 6-րդ հասցեում գտնվող հողամասից առանձնացնել իր բաժինը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ժուլետա Ավետիսյանը, Սիրեկան, Արտյոմ, Արտակ Մկրտչյանները պահանջել են վերադարձնել ապօրինի տիրապետման ներքո գտնվող Երևանի Բագրատունյաց 3-րդ նրբանցքի թիվ 6 հասցեում գտնվող 14քմ հողատարածքը և այն առանձնացնել:

Դիմելով դատարան՝ Վոլոդյա Բեզոյանը պահանջել է Երևանի Բագրատունյաց 3-րդ նրբանցքի թիվ 6 հասցեում գտնվող հողամասից առանձնացնել սեփականության իրավունքով պատկանող 108.8քմ մակերեսով հողամասը, իսկ 176.8քմ մակերեսով հողամասը թողնել ընդհանուր:

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.06.2009 թվականի վճռով Վաղինակ Մելքոնյանի, հակընդդեմ հայցվորներ Ժուլետա Ավետիսյանի, Սիրեկան, Արտյոմ, Արտակ Մկրտչյանների, Վոլոդյա Բեզոյանի հայցերը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.09.2009 թվականի որոշմամբ Վաղինակ Մելքոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վոլոդյա Բեզոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. որոշվել է բեկանել Դատարանի 05.06.2009 թվականի վճռի` Վոլոդյա Բեզոյանի հակընդդեմ հայցը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաղինակ Մելքոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 53-րդ, 132-րդ, 219-րդ հոդվածի 1-ին կետի, 220-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, չի կիրառել է 15.01.1991 թվականին ուժի մեջ մտած ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը վճռում օբյեկտիվ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքներին, որ Վաղինակ Մելքոնյանը, Վոլոդյա Բեզոյանը և Ժուլետա Ավետիսյանը, Սիրեկան, Արտյոմ, Արտակ Մկրտչյանները Երևանի Բագրատունյաց 3 նրբանցքի թիվ 6 հասցեի տունը և հողամասը փաստացի առանձնացրել են դեռևս 1989 թվականին և մինչ օրս տիրապետում և օգտագործում են այն:

Վերաքննիչ դատարանը Վոլոդյա Բեզոյանի վերաքննիչ բողոքը քննելիս արձանագրել է, որ Դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ չի գնահատել գործում գտնվող բոլոր ապացույցները, որը էական նշանակություն է ունեցել գործի ելքի վրա, սակայն հաշվի չի առել այն հանգամանքը, որ այդ նույն փաստերը վերաբերում են նաև Վաղինակ Մելքոնյանին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2009 թվականի որոշման` Վաղինակ Մելքոնյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասը և այն փոփոխել` Վաղինակ Մելքոնյանի հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կադաստրի կողմից 23.02.2009 թվականի թիվ Թ1Կ-04/3-1150 եզրակացության համաձայն` Երևանի Բագրատունյաց 3-րդ նրբանցքի թիվ 6 հասցեում հատկացված 600քմ մակերեսով օրինական հողամասի վրա առկա է 4 միավոր անշարժ գույք, որոնց սեփականատերերն են` Վոլոդյա Բեզոյանը, Մարինե Հակոբյանը, Վաղինակ Մելքոնյանը և Ժուլետա Ավետիսյանը, Սիրեկան, Արտյոմ, Արտակ Մկրտչյանները: Վոլոդյա Բեզոյանն օգտագործում է 285.6քմ մակերեսով հողամաս, որից 74.6քմ մակերեսով ընդհանուր բակային տարածք, 102.2քմ մակերեսով շինությամբ ծանրաբեռնված տարածք և միայն նրա կողմից օգտագործվող 108.8քմ մակերեսով բակային տարածք, որից 8.1քմ մակերեսով ավտոտնակի տակ, որը և փաստացի սահմանազատված է: Վաղինակ Մելքոնյանն օգտագործում է 248.6քմ մակերեսով հողամաս, որից 74.6քմ մակերեսով` ընդհանուր բակային տարածք և շինությամբ ծանրաբեռնված 100.6քմ մակերեսը իր կողմից կառուցապատված, 73.4քմ մակերեսն ընդհանուր շինությամբ ծանրաբեռնված: Ժուլետա Ավետիսյանը, Սիրեկան, Արտյոմ, Արտակ Մկրտչյանները օգտագործում են 171.1քմ մակերեսով հողամաս, որից 74.6քմ մակերեսով` ընդհանուր բակային տարածք և 96.8քմ մակերեսով հողամաս, որից 74.6քմ մակերեսով ընդհանուր բակային տարածք և 96.8քմ մակերեսով` ընդհանուր շինությամբ ծանրաբեռնված:

Համասեփականատերերի միջև փաստացի սահմանազատված է որպես առանձին գույքային միավոր Մարինե Հակոբյանի հողամասը: Սահմանազատված է նաև Վոլոդյա Բեզոյանի կողմից օգտագործվող 108.8 քմ մակերեսով բակային տարածքը, որի վրա գտնվում է ավտոտնակը: Բացի Մարինե Հակոբյանից մնացած տնատիրությունների համար 74.6քմ մակերեսով բակային տարածքն ընդհանուր է բոլորի համար:

Բաժնեմասով հողամասի առանձնացումը տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել, ուստի առաջարկվել է հողամասն առանձնացնել ըստ փաստացի օգտագործվող մակերեսների (հատոր առաջին գ.թ. 186-188):

2) Կողմերը համաձայնության են եկել վիճելի հողամասի բաժանման և հետագա օգտագործման վերաբերյալ, որը 11.10.2000 թվականին վավերացվել է նոտարի կողմից (հատոր առաջին գ.թ. 205):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Վերաքննիչ դատարանը, Վաղինակ Մելքոնյանի վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «Վաղինակ Մելքոնյանի կողմից օգտագործվող ամբողջ հողամասը ծանրաբեռնված է վերջինիս և մյուս համասեփականատերերի շինություններով, որպիսի հանգամանքը բացառում է այդ հողամասի առանձնացման հնարավորությունը և գործով չի հիմնավորվել նրա կողմից ներկայացված փաստը այն մասին, որ առկա են նրա կողմից սահմանազատված և նրա կողմից առանձին օգտագործվող հողամաս, որը տեխնիկապես հնարավոր կլիներ առանձնացնել ընդհանուր սեփականություն հանդիսացող վիճելի հողամասից»:

Վերաքննիչ դատարանը, Վոլոդյա Բեզոյանի վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ «Դատարանը խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը իրականացրել է գործի թերի քննություն, չի հետազոտել գործում առկա եզրակացությունը և կողմերի կնքած համաձայնությունը վիճելի հողամասի բաժանման մասին, որը սույն գործով ունի էական նշանակություն հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը նշված փաստաթուղթը կնքելով արտահայտել են որոշակի դիրքորոշում սույն գործով վեճի առարկայի վերաբերյալ, մասնավորապես` համաձայնության են եկել վիճելի հողամասից բաժինն առանձնացնելու և ընդհանուր օգտագործելու հարցի շուրջ»:

Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի 05.06.2009 թվականի վճռի` Վոլոդյա Բեզոյանի մասը, պատճառաբանել է, որ Դատարանը օբյեկտիվ քննություն չի իրականացրել, որն ազդել է գործի ելքի վրա: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հետազոտման ենթակա վերոնշյալ փաստաթղթերը վերաբերում են նաև Վաղինակ Մելքոնյանին: Մասնավորապես, Կադաստրի կողմից 23.02.2009 թվականի թիվ Թ1Կ-04/3-1150 եզրակացության համաձայն` Վաղինակ Մելքոնյանն օգտագործում է 248.6քմ մակերեսով հողամաս, որից 74.6քմ մակերեսով ընդհանուր բակային տարածք և շինությամբ ծանրաբեռնված 100.6քմ մակերեսը իր կողմից կառուցապատված, 73.4քմ մակերեսն ընդհանուր շինությամբ ծանրաբեռնված: Այսինքն, Վաղինակ Մելքոնյանի կողմից առանձնացված օգտագործվում է շինությամբ ծանրաբեռնված 100.6քմ և 73.4քմ մակերեսները, որի մասով հայցապահանջի մերժումը Դատարանի կողմից չի հիմնավորվել:

Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտը Վաղինակ Մելքոնյանի մասով անհիմն է:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 24.09.2009 թվականի որոշումը մասնակիորեն` Վաղինակ Մելքոնյանի հայցի մասով բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2009 թվականի որոշման` Վաղինակ Մելքոնյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան