Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.11/19(753).1 Հոդ.493.31
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.03.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
12.03.2010
Дата вступления в силу
12.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/1267/05/09

վարչական գործ թիվ ՎԴ/1267/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Եղիկյանի ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 07.07.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ընդդեմ Արթուր Եղիկյանի՝ գումար բռնագանձելու և մաքսային պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է բռնագանձել Արթուր Եղիկյանից 459.765 ՀՀ դրամ, 13.196 ՀՀ դրամ պետական տուրքը և պարտավորեցնել կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.07.2009 թվականի վճռով Կոմիտեի հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Եղիկյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ և 113-րդ հոդվածները, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 59-րդ, 62-րդ հոդվածները և ՀՀ մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը Կոմիտեի կողմից ընդունվել է գործող օրենսդրության պահանջների խախտումներով: Որոշման մեջ նշված անձի անուն-ազգանունը նշվել է «Եղյան Արթար», որը տարբերվում է Արթուր Եղիկյան անուն-ազգանունից: Որոշումն առձեռն հանձնելու փոխարեն, օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ ուղարկվել է փոստային ծառայության միջոցով, ու որևէ քայլ չի ձեռնարկվել այն առձեռն հանձնելու ուղղությամբ: Բացի այդ, Արթուր Եղիկյանի հասցեով առաքված որոշումն ամսագրված է եղել` 04.02.2009 թվական, իսկ վարչական գործում առկա է որոշում` ամսագրված 06.02.2009 թվական, որում որպես պատասխանատվության ենթարկված անձ նշվել է Արթուր Եղիկյան անուն-ազգանունը: Օրենսդրությամբ սահմանված կանոնների խախտմամբ ընդունված որոշումն առոչինչ է, հետևաբար չի կարող Արթուր Եղիկյանի համար պատասխանատվություն առաջացնել: Այսինքն` այն չի կարող իրավական հետևանքներ ունենալ: Արթուր Եղիկյանին ներկայացված որոշման օրինակը կնքված չի եղել: Մինչդեռ, Դատարանը նշված խախտումները որակել է որպես վրիպակ և հայցը բավարարել է, ինչը վկայում է այն մասին, որ Դատարանը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կոմիտեի կողմից 20.01.2009 թվականին կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն (գ.թ. 31):

2) Կոմիտեի 04.02.2009 թվականի որոշմամբ Արթար Եղյանի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ, որն Արթուր Եղիկյանի հասցեով ուղարկվել է 09.04.2009 թվականին և ստացվել է 10.04.2009 թվականին (գ.թ. 20-21):

Հիշյալ որոշման մեջ նշված է Արթուր Եղիկյանի հասցեն՝ քաղաք Երևան, Նորքի 1-ին զանգված, Նանսենի 13/3: Որոշման համաձայն՝ «Ա. Եղյանի կողմից 10.10.08. ԲՄՀ C-45285 «իմ-5» մաքսային ռեժիմով ՀՀ է ներմուծվել «Հոնդա» մակնիշի 2003թ. ավտոմեքենա…»:

3) 10.10.2008 թվականի C-45285 մաքսային հայտարարագրի համաձայն` Արթուր Եղիկյանը ՀՀ տարածք է ներմուծել 2003 թվականի արտադրության «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա:

4) Կոմիտեի 06.02.2009 թվականի որոշմամբ Արթուր Եղիկյանի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ (գ.թ. 32):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննելով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը` մաքսային մարմնի պաշտոնատար անձը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

ա) վարչական տույժ նշանակելու մասին

բ) գործի վարույթը կարճելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված որոշումը պետք է բովանդակի այն կայացնող անձի պաշտոնը, ազգանունը, որոշում կայացնելու oրը, ամիuը, տարին, տեղեկություններ այն անձի մաuին, որի առնչությամբ քննվել է գործը, եթե այդ անձը բացահայտված է, այն հանգամանքների շարադրումը, որոնք բացահայտվել են գործը քննելիu, uույն oրենuգրքի այն հոդվածի նշումը, որը պատաuխանատվություն է նախատեuում մաքuային կանոնների խախտման համար, գործի առթիվ կայացված որոշումը, որոշման բողոքարկման ժամկետը և կարգը: Որոշումն ուժի մեջ է մտնում այն կայացնելու պահից: Իսկ 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետում նշված որոշումը կայացնելուց հետո` եռoրյա ժամկետում, դրա պատճենը հանձնվում կամ ուղարկվում է այն անձին, որի առնչությամբ այն կայացվել է: Որոշումը համարվում է հանձնված նաև, եթե անձը, որին ուղարկվել է դա, չի եղել իր նշած բնակության, գտնվելու կամ ժամանակավորապեu բնակվելու վայրում կամ ճիշտ չի նշել հաuցեն:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի բ), գ) և ժ) կետերի համաձայն` վարչական ակտը պետք է պարունակի`

վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.

ակտի լրիվ անվանումը, դրա ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

ակտն ընդունած վարչական մարմնի պաշտոնական կնիքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ առոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետևյալ ակնառու կոպիտ սխալները.

ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կիրառման:

 Նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը հստակ նախատեսել է վարչական ակտին ներկայացվող պահանջները, որն ինքնանպատակ չէ: Դրա նպատակն է, որ վարչական մարմնի պաշտոնատար անձինք վարչական ակտը ձևակերպելիս չցուցաբերեն կամայական մոտեցում, ինչպես նաև ապահովվեն վարչական ակտի որոշակիությունը: Իսկ նման պահանջները պահպանված չլինելը հանգեցնում է վարչական ակտի առոչինչ լինելուն:

Տվյալ դեպքում փոստային ծառայության միջոցով, Արթուր Եղիկյանի հասցեով հանձնվել է «04.02.2009 թվական» ամիս ամսաթվով թվագրված վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, որում որպես վարչական պատասխանատվության ենթարկված անձ նշվել է Արթար Եղյան անուն-ազգանունը: Իսկ վարչական գործով ներկայացվել է 06.02.2009 թվական ամիս-ամսաթվով թվագրված վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, որում որպես վարչական պատասխանատվության ենթարկված անձ նշվել է Արթուր Եղիկյանը:

Դատարանը, բավարարելով հայցը, ըստ էության եկել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ Արթուր Եղիկյանը, ստանալով Որոշումը, ողջամտորեն այն պետք է գնահատեր որպես իրեն հասցեագրված: Մասնավորապես, Դատարանը Որոշման մեջ որպես հասցեատեր «Արթար Եղյան» նշված լինելը, արդարացիորեն գնահատել է որպես վրիպակ, քանի որ «Արթար Եղյան» և «Արթուր Եղիկյան» անունները միմյանց առավելապես նման են, բացի այդ, 10.10.2008 թվականի C-45285 մաքսային հայտարարագրի համաձայն՝ Արթուր Եղիկյանը ՀՀ տարածք է ներմուծել 2003 թվականի արտադրության «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա: Նշված տվյալները համընկնում են Արթուր Եղիկյանին ուղարկված 04.02.2009 թվականի որոշման մեջ նշված տվյալներին: Ճիշտ է նշվել նաև վարչական ակտի հասցեատիրոջ բնակության վայրը: Այսինքն` Արթուր Եղիկյանին ուղղված վարչական ակտը չի պարունակում վարչական ակտի առոչինչ լինելու հիմքերից որևիցե մեկը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այն սույն գործով չի վիճարկվել, ուստի ենթակա է կատարման: (Տես նաև` Էդիտա Կյուրեղյան ընդդեմ Կոմիտեի Արաբկիրի 1 հարկային տեսչության` 27.11.2008 թվականի թիվ 2303046 ակտը վերացնելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 29.01.2010 թվականի թիվ ՎԴ/0047/05/09 որոշումը (Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միայն տեխնիկական թերությունների՝ տպագրական ներկի որակի և Տեսչության պետի ազգանունը «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ»-ի փոխարեն «ՀԱՐՈՒԹՅՈՅՆԱՆ» նշված լինելու հիմքով Տեսչության պետի 17.11.2008 թվականի թիվ 2303046 հանձնարարագիրը չի կարող դիտվել ոչ պատշաճ):

Ավելին, Կոմիտեի 06.02.2009 թվականի որոշմամբ Արթուր Եղիկյանի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ, իսկ ՀՀ մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին Որոշումն ուժի մեջ է մտնում այն կայացնելու պահից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն oրենuգրքով uահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաuտերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաuտի հաuտատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ է գնահատել գործում առկա ապացույցները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 07.07.2009 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան