Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-879
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.463
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
20.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
20.04.2010
Дата вступления в силу
20.04.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

20 ապրիլի 2010 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՔՈՒՎԵՅԹՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 30.03.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. նոյեմբերի 3-ին:

2. Համաձայնագրի նպատակն է կողմերի միջև հաստատել մշակույթի և արվեստի, ինչպես նաև մշակութային ինքնության պահպանման և զարգացման ոլորտներում համագործակցություն:

3. Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

խրախուսել և դյուրացնել ուղղակի կապերը մյուս կողմի հետ` գրականության, արվեստի, կինոյի, ճարտարապետության, թանգարանների, գրադարանների և մշակույթի այլ բնագավառներում,

կազմակերպել գրքերի տոնավաճառներ, ապահովել մյուս կողմի մասնակցությունը` ազատելով նրանց ֆինանսական վճարներից, մաքսային և այլ վճարումներից,

համաձայնագրով նախատեսված անհատներ և պատվիրակություններ ուղարկելիս ապահովել նրանց ճանապարհածախսը, ինչպես նաև ցուցանմուշների ապահովագրության, դրանց ցուցադրման վայր տեղափոխելու և վերադարձնելու ծախսերը, ընդունելիս ապահովել հյուրերի կացության և ներքին տրանսպորտի, հանկարծակի հիվանդության դեպքում բուժօգնության, ցուցահանդեսների կազմակերպման, կատալոգների տպագրության հետ կապված ծախսերը:

Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով` դրա ուժի մեջ մտնելու օրվանից, և ինքնաբերաբար երկարաձգվում է` հերթական հնգամյա ժամկետով, քանի դեռ կողմերն այլ որոշում չեն ընդունել:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


20 ապրիլի 2010 թ.

ՍԴՈ-879

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան