ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
20 ապրիլի 2010 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 22.03.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. դեկտեմբերի 10-ին` Երևանում:
2. Համաձայնագրի նպատակն է ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում օպերատիվ համագործակցության հարցերի հետ կապված գործողությունների համաձայնեցումը:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● օպերատիվ գործունեության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության փոխանցում, այդ թվում`
ա) ծրագրվող կամ կատարված ահաբեկչական գործողությունների, դրանցում ներգրավված անձանց, կատարման մեթոդների և օգտագործվող տեխնիկական սարքավորումների,
բ) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառությանը մասնակցելու մեջ կասկածվող անձանց,
գ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման)` հայտնաբերված փաստերի ու ձևերի մասին,
● մյուս կողմի հայցի համաձայն` ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության հետ կապված գործերով օպերատիվ միջոցառումների անցկացում, աջակցություն կադրերի պատրաստման և նրանց որակավորման բարձրացման գործում, խորհրդատվական օգնության ցուցաբերում, աջակցություն բարդ փորձաքննությունների անցկացման գործում,
● մյուս կողմից ստացված տեղեկատվության և տեղեկությունների գաղտնիության ապահովում` համաձայն հաղորդող կողմի խնդրանքի:
Համաձայնագրով սահմանված են դրա ուժի մեջ մտնելու և դադարեցման ընթացակարգերը, ինչպես նաև դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
20 ապրիլի 2010 թ. ՍԴՈ-877 |