Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-874
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.458
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
20.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
20.04.2010
Дата вступления в силу
20.04.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

20 ապրիլի 2010 թ.

 

1980 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1980 թվականի մայիսի 9-ին ստորագրված՝ Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 08.02.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Կոնվենցիան ստորագրվել է 1980թ. մայիսի 9-ին, 1999թ. հունիսի 3-ին լրամշակվել է փոփոխությունների մասին արձանագրությամբ:

2. Կոնվենցիայի նպատակն է նպաստել, բարելավել և դյուրացնել միջազգային երկաթուղային փոխադրումները` ստեղծելով միջազգային երկաթուղային փոխադրումների համար միասնական կանոններ:

3. Կոնվենցիան բաղկացած է յոթ բաժիններից և յոթ հավելվածներից, որոնք կոնվենցիայի անբաժանելի մաս են կազմում:

4. Կոնվենցիայով և կից հավելվածներով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

կենտրոնացնել միջազգային համագործակցությունը երկաթուղային ոլորտում` ձեռնարկելով անհրաժեշտ և օգտակար միջոցներ,

ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները միջազգային երկաթուղային փոխադրումները դյուրացնելու և արագացնելու նպատակով,

աջակցել երկաթուղային վագոնների, երկաթուղային անձնակազմի, երկաթուղային ենթակառուցվածքի և օժանդակ ծառայությունների վերաբերյալ կանոնակարգերի, չափանիշների, ընթացակարգերի և կազմակերպչական մեթոդների միասնականության առավելագույն աստիճանի ապահովմանը,

Հայաստանի Հանրապետությունում պահանջվող ձևականությունները կատարելուց հետո կատարել այն վճիռները, որոնք հայտարարվում են իրավասու դատարանի կամ տրիբունալի կողմից` համաձայն կոնվենցիայի դրույթների,

պատասխանատվություն կրել բոլոր այն ծախսերի և հատուցված վնասների համար, որոնք հասցվել են փոխադրողին,

տեղեկացնել մյուս պետությանը ցանկացած իրադարձության մասին, որը կարող է խանգարել նրա կողմից կնքված պայմանագրի կատարմանը,

կոնվենցիան մեկնաբանելիս և կիրառելիս հաշվի առնել դրա միջազգային իրավունքի բնույթը և միասնականությանը նպաստելու անհրաժեշտությունը, իսկ որևիցե դրույթի բացակայության դեպքում կիրառել ազգային իրավունքը, այն է` պետության իրավունքը, որտեղ իրավասու անձը պաշտպանում է իր իրավունքները, ներառյալ կոլիզիոն նորմերը:

Կոնվենցիայում ամրագրված է նաև կոնվենցիային միանալու, վերապահումներ անելու և չեղյալ հայտարարելու կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 1980 թվականի մայիսի 9-ին ստորագրված` Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


20 ապրիլի 2010 թ.

ՍԴՈ-874

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան