Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (24.05.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
09.10.1992
Дата подписания
09.10.1992
Дата вступления в силу
24.05.1994

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Սեփականության հարաբերությունների կարգավորման և իրավունքների փոխադարձ ճանաչման մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

գիտակցելով Կողմերի, նրանց քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքների նկատմամբ փոխադարձ պահանջները կանխարգելող և դրա պաշտպանությունը երաշխավորող իրավական նորմերի անհրաժեշտությունը,

հաստատելով սեփականության իրավունքի, որպես լիարժեք միջպետական հարաբերությունների կանոնակարգման համար հիմքի, կարգավորման անհրաժեշտությունը,

արտադրության արդյունավետ զարգացման և միասնական տեխնոլոգիական համալիրների պահպանման համար պայմանների ստեղծման նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Կողմերը, փոխադարձաբար, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան իրականացված ֆինանսական ռեսուրսների, ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների, դրանց կառուցվածքային միավորների և Կողմերի տարածքներում տեղակայված նախկին միութենական ենթակայության ստորաբաժանումների գույքի անցումը ճանաչում են որպես իրենց սեփականություն:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս Կողմի, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքները նրա տարածքում տեղակայված ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների և այլ օբյեկտների (մասնաճյուղեր, բաժիններ, փայեր, բաժնետոմսեր և այլ գույք) նկատմամբ, որոնք 1990 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ գտնվում էին ԽՍՀՄ կազմի մեջ մտնող նախկին միութենական հանրապետությունների պետական կառավարման մարմինների իրավասության ներքո, ինչպես նաև հանդիսանում են այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը, բացառությամբ օբյեկտների, որոնք կառուցվել են ֆորս-մաժորային իրավիճակների հետևանքների վերացման նպատակով:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Հողի և այլ բնական ռեսուրսների նկատմամբ սեփականության իրավունքները կարգավորվում են այն Կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում են սեփականության օբյեկտները, եթե այլ բան նախատեսված չի Կողմերի այլ համաձայնագրերով:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը փոխադարձաբար ճանաչում են, որ իրենց տարածքներում գտնվող սոցիալական ոլորտի օբյեկտները (կամ մասնակցության համապատասխան բաժինները)` սանատորիաները, պրոֆիլակտիկ սանատորիաները, հանգստյան տները և հանգրվանները, պանսիոնատները, հյուրանոցները և քեմպինգները, զբոսաշրջային հանգրվանները, մանկական առողջարանային հաստատությունները, որոնց շինարարությունը իրականացվել է այլ Կողմերի միութենական բյուջեների, ինչպես նաև այլ Կողմերի տարածքներում գտնվող հանրապետական և նախկին միութենական ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների միջոցների հաշվին, հանդիսանում են այդ Կողմերի կամ նրանց իրավաբանական ու ֆիզիկական անձանց սեփականությունը:

Սոցիալական ոլորտի այլ օբյեկտները, Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ, կարող են լինել տվյալ Համաձայնագրի առարկա:

Կողմերը նպատակահարմար են համարում իրենց տարածքում տրամադրել մյուս Կողմերին, նրանց իրավաբանական և ֆիզիկական անձանց ինչպես գործող, այնպես էլ ստեղծվող սոցիալական ոլորտի օբյեկտների օգտագործման, տնօրինման և տիրապետման համար հողամասեր: Մյուս Կողմին հողամասերի տրամադրումը, ինչպես նաև դրանց օգտագործման համար վճարումը իրականացվում է օբյեկտի գտնվելու վայրի Կողմի օրենսդրությամբ սահմանված ընդհանուր հիմունքներով:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Զինված ուժերի, սահմանապահ, ներքին և երկաթուղային զորքերի, ինչպես նաև Ծովային նավատորմի նախկին նախարարության ուղևորատար և տրանսպորտային նավերի գույքային հարցերի կարգավորումը իրականացվում է Կողմերի միջև կնքվող հատուկ համաձայնագրերով:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի մյուս Կողմին, նրա ֆիզիկական և իրավաբանական անձանց վաճառել, փոխանակել, գրավ դնել, վարձատրության տալ, անհատույց կամ պայմանագրային հիմունքներով փոխանցել իր սեփականությունը:

Սույն հոդվածի դրույթների իրագործումը իրականացվում է Կողմերից յուրաքանչյուրի պետական գույքը տնօրինելու լիազորություններ ունեցող պետական կառավարման մարմինների կողմից, օբյեկտի գտնվելու վայրի Կողմի օրենսդրությանը համապատասխան, եթե այլ բան նախատեսված չի Կողմերի միջև կնքված այլ համաձայնագրերով:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Կողմերը համաձայնել են օժանդակել նախկինում Կողմերի բաժնեմասային կամ համատեղ սեփականության ձևով ստեղծված ձեռնարկությունների, կազմակերպությունների և ընկերությունների, այդ թվում` բաժնետիրական ընկերությունների պահպանմանը: Եթե նման ձեռնարկությունների, կազմակերպությունների և ընկերությունների, որոնց գույքը գտնվում է Կողմերի տարածքներում, հիմնադիր են հանդես եկել նախկին ԽՍՀՄ նախարարությունը, գերատեսչությունը կամ նախկին միութենական պատկանելության ձեռնարկությունները, նրանց հիմնադիր փաստաթղթերը ենթակա են պետական գույքը կառավարելու լիազորված մարմինների կողմից ճշգրտման` սույն հոդվածի 1-ին մասում նշված ձեռնարկությունների, կազմակերպությունների և ընկերությունների գտնվելու վայրի Կողմերի օրենսդրությանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Կողմերը, պետական գույքը տնօրինելու լիազորված մարմինների համատեղ որոշմամբ, կստեղծեն ձեռնարկություններ սեփականության բաժնային և համատեղ ձևով, այդ թվում Կողմերի տարածքներում գտնվող ձեռնարկությունների, կազմակերպությունների և նախկին միութենական պատկանելության հաստատությունների և դրանց կառուցվածքային ստորաբաժանումների հիման վրա:

Նշված ձեռնարկությունների հիմնադրումը և գործունեության կարգը կարգավորվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի տարածքում դրանք ստեղծվում են, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի այլ համաձայնագրերով:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Կողմերը պայմանավորվեցին, որ անավարտ շինարարության օբյեկտները, որոնք գտնվում են նրանց տարածքում և նախկինում ֆինանսավորվել են նախկին ԽՍՀՄ մարմինների կողմից, օբյեկտի գտնվելու վայրի Կողմի որոշմամբ կարող են փոխանցվել օբյեկտի գտնվելու վայրի Կողմի և մյուս Կողմերի, նրանց իրավաբանական անձանց բաժնային և համատեղ սեփականությանը, որոնք իրենց վրա են վերցրել աշխատանքները ավարտելու պարտավորությունը` այդ օբյեկտների գույքի հիման վրա ստեղծելով համատեղ ձեռնարկություններ: Տվյալ հարցի վերաբերյալ որոշումն ընդունում են պետական գույքը տնօրինելու լիազորված Կողմերի մարմինները:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Կողմերը կապահովեն մյուս Կողմերի, նրանց իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող ձեռնարկությունների և համատեղ ձեռնարկությունների գործունեության հետ կապված օրինականորեն ստացված եկամուտների և վճարների փոխանցումը` ձեռնարկության, կազմակերպության, հաստատության, գտնվելու վայրի Կողմի օրենսդրությամբ նախատեսված հարկերի և տուրքերի վճարումից հետո:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Կողմերից մեկի սեփականությանը վերաբերող և մյուս Կողմի տարածքում գտնվող օբյեկտների սեփականաշնորհումը իրականացվում է սեփականատիրոջ որոշմամբ: Սեփականաշնորհման կարգը և պայմանները որոշվում են պետական գույքը տնօրինելու լիազորված Կողմերի մարմինների միջև կնքվող համաձայնագրերով:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Կողմերը պայմանավորվեցին, որ նախկինում ստեղծված ձեռնարկությունների իրավական կարգավիճակը, որոնք սույն Համաձայնագրի հիման վրա ճանաչված են մի Կողմի սեփականություն և գտնվում են մյուս Կողմի տարածքում, սահմանվում է պետական գույքը տնօրինելու լիազորված Կողմերի մարմինների միջև կնքվող արձանագրություններով:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում թվարկված ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների և այլ օբյեկտների գործունեությունը կարգավորվում է այն Կողմերի օրենսդրություններով, որոնց տարածքում նրանք գտնվում են, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի միջև կնքված համաձայնագրերով:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Կողմերը ընդունում են, որ Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ստեղծվող կենտրոնացված ծառայությունների օբյեկտների գույքային իրավունքները կարգավորվում են Կողմերի միջև կնքվող հատուկ համաձայնագրերով:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Կողմերի, նրանց իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը օգտվում է լրիվ և անվերապահ իրավական պաշտպանությամբ, որն ապահովում է այն Կողմը, որի տարածքում դրանք գտնվում են: Այդ սեփականությունը չի կարող ենթարկվել հարկադիր առգրավման, բացառությամբ օրենսդրական ակտերով նախատեսված բացառիկ դեպքերի: Հիշատակված սեփականության հարկադիր առգրավման դեպքում նրա տիրոջը պետությունը վճարում է փոխհատուցում, որը համապատասխանում է առգրավվող սեփականության իրական արժեքին` սեփականության գտնվելու Կողմերի օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Կողմերը ընդունում են, որ ներդրումներ իրականացնող նրանց իրավաբանական և ֆիզիկական անձինք միմյանց տարածքներում դիտվում են որպես օտարերկրյա ներդրողներ: Կողմերից յուրաքանչյուրի տարածքում նրանց գործունեությունը իրականացվում է համաձայն օտարերկրյա ներդրումների մասին նրա և միջազգային համաձայնագրերի, որոնցում մասնակցում են Պայմանավորվող կողմերը:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Սույն Համաձայնագրի նորմերի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Կողմերի միջև վեճերը կլուծվեն տարբեր մակարդակներով՝ փոխադարձ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Եթե վեճը չի կարող կարգավորվել այդ ճանապարհով, ապա Կողմերից մեկի պահանջով այն փոխանցվում է Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի որոշմանը:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Փոխադարձ պայմանավորվածությամբ Կողմերը կարող են սույն Համաձայնագրում կատարել անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ Համագործակցության այն մասնակից պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է նման համաձայնագրերի վավերացում` ավանդապահ պետությանը վավերագրերի հանձնման օրվանից:

 

Կատարված է Բիշկեկ քաղաքում 1992 թվականի հոկտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 24-ից: