Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.02.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.04.23/16(750).1 Հոդ.431.22
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.02.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
05.02.2010
Дата вступления в силу
05.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/2804/05/09

վարչական գործ թիվ ՎԴ/2804/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.09.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մոսես Բալամուտյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Մոսես Բալամուտյանից 991.900 ՀՀ դրամ` որպես հաստատագրված և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումար, որից ապառք` 668.900 ՀՀ դրամ, տույժ` 323.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 17.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Մոսես Բալամուտյանից 356.100 ՀՀ դրամ` հօգուտ ՀՀ պետական բյուջեի և 7122 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի մասնակի փոխհատուցում բռնագանձվելու մասով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 Սույն գործով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ Մոսես Բալամուտյանի պարտավորությունը հայտնաբերված է համարվում դրանք չվճարելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` անկախ դատարան դիմելու ժամանակից:

Բացի այդ, նույնատիպ փաստական հանգամանքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն իր դիրքորոշումը հայտնել է 01.08.2007 թվականի թիվ 3-1150 (ՏԴ) որոշմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 17.09.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 27.12.1996 թվականի թիվ 028653 վկայականի համաձայն` Մոսես Բալամուտյանը գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր, հանդիսացել է հաստատագրված հարկ վճարող (գ.թ. 7, 14):

2) Տեսչության 25.05.2009 թվականի «Բռնագանձման ենթակա վիճարկվող գումարի հաշվարկ»-ի համաձայն` Մոսես Բալամուտյանը 2003 թվականից առ 25.05.2009 թվականը սոցիալական ապահովագրության վճարի գծով ունի 540.900 ՀՀ դրամի, իսկ 2002 թվականից առ 25.05.2009 թվականը հաստատագրված վճարի գծով` 288.900 ՀՀ դրամի հարկային պարտավորություն (գ.թ. 5-6):

3) Դատարանը հաստատագրված և սոցիալական ապահովագրության վճարների գծով Մոսես Բալամուտյանի պարտքը հաշվարկել է 2006 թվականի մայիսի 25-ից մինչև 2009 թվականի մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածի համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող oբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային oրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված՝ հարկային oրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի (իրավահարաբերությունների ծագման ժամանակ գործող խմբագրությամբ) համաձայն՝ հարկային տեսչության մարմնին նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է հարկային տեսչության մարմնի կողմից՝ նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների կիրառմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրտվում է հաստատագրված վճարի չափը, այդ թվում՝ նույն օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում:

Նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի (իրավահարաբերությունների ծագման ժամանակ գործող խմբագրությամբ) համաձայն՝ հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն՝ հարկային oրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի կիրառելիության խնդրին՝ նշելով, որ հարկատուի մոտ հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինիս կողմից թույլ տրված հարկային օրենսդրության խախտումը դրան հաջորդող երեք տարիների ընթացքում հարկային մարմնի կողմից չի հայտնաբերվել: Տույժի հաշվարկը բավարար հիմք է արձանագրելու համար, որ թույլ տրված խախտումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հայտնաբերվել է դեռևս խախտման առաջին օրը (տե՛ս ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գայանե Ադյանի՝ 4.955.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, թիվ 3-1150(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Մոսես Բալամուտյանը պարտավոր էր 2002 թվականի հունվար ամսվա համար հաստատագրված վճարը վճարել մինչև 2002 թվականի փետրվարի 15-ը ներառյալ, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարը` մինչև 2003 թվականի փետրվարի 15-ը: Նշված ժամանակահատվածում հարկային պարտավորությունը չկատարելու արդյունքում Տեսչության կողմից, ըստ էության 2002 թվականի փետրվարի 15-ից հայտնաբերված է համարվել հաստատագրված վճարի, իսկ 2003 թվականի փետրվարի 15-ից` պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով հարկատուի ունեցած ապառքը, որին հաշվարկվել է նաև օրենքով սահմանված չափով տույժեր:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված տույժերի հաշվարկը բավարար հիմք է արձանագրելու համար, որ Մոսես Բալամուտյանի կողմից թույլ տրված խախտումները Տեսչությունը հայտնաբերել է դեռևս այդ խախտումների ժամանակ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.09.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան