Գլխավոր տեղեկություն
Номер
N 310-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2010-30.03.2016)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2010
Дата вступления в силу
01.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2010 թվականի N 310-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Հաստատել Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 31

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 11-ի N 310-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում են ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները:

2. Ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչներն են`

1) արժեքի ընդունված գիտական անվանումը, ինչպես նաև ժողովրդի կողմից առավել գործածվող տարբերակները.

2) բնագավառը (ժանրը, ոճը).

3) տեղայնացումը, տարածման շրջանը.

4) կրողը.

5) պատմական հակիրճ տեղեկանքը (երբ և ինչպես է ձևավորվել, առաջին վկայությունն աղբյուրներում).

6) կենսունակությունը (նախնական գործառույթները, պատմական, մշակութային, տնտեսական, հասարակական նշանակության պահպանվածությունը, զարգացումներն ու փոփոխությունները).

7) բնութագիրը (եզակիությունը, պատմական, էթնոմշակութային, սոցիալական և այլ առանձնահատկություն):

3. Ցանկում ոչ նյութական մշակութային արժեքների գրանցման չափորոշիչներն են`

1) արժեքի կամ արժեքների համալիրի ոչ նյութական մշակույթի նշված բնագավառներին պատկանելը`

ա. ժողովրդական բանահյուսություն (լեզուն, բարբառները, խոսվածքները, բանավոր ավանդության բոլոր ձևերը և տեսակները),

բ. ժողովրդական երաժշտարվեստ (ժողովրդական երգարվեստն իր տեսակներով, ժողովրդական նվագարանային երաժշտությունն իր տեսակներով),

գ. ժողովրդական պարարվեստն իր տեսակներով,

դ. ժողովրդական թատերախաղերն իրենց տեսակներով,

ե. ժողովրդական տոներ,

զ. մարդու կյանքի շրջափուլերի (ծնունդ, հասունություն, ամուսնություն, մահ) հետ կապված սովորույթներ,

է. հասարակական, ազգակցական, ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթներ,

ը. ազգային հավատալիքներ ու սովորույթներ,

թ. ժողովրդական կենցաղն իր դրսևորման տարբեր ձևերով,

ժ. տնտեսական կյանքի հետ կապված հմտություններ (երկրագործություն, անասնապահություն, ձկնորսություն, որսորդություն, առևտուր և այլն),

ժա. բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ,

ժբ. ազգային խոհանոց,

ժգ. ազգային խաղեր,

ժդ. ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ (ժողովրդական արհեստներ և դրանց հետ կապված հմտություններ, ժողովրդական ճարտարապետություն, բնակարան, կահկարասի).

2) ազգային ինքնության, հոգեկերտվածքի, աշխարհայացքի ձևավորման բաղկացուցիչ լինելը.

3) ազգային պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երևույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ կամ այլ դրսևորում լինելը.

4) ազգային ավանդական մշակույթի եզակի դրսևորում լինելը.

5) ազգային և համամարդկային մշակութային, պատմական, կրոնական կամ գիտական նշանակություն ունենալը.

6) ոչ նյութական մշակույթի որևէ բնագավառի գիտելիքների և հմտությունների կրող լինելը:

4. Ցանկում ընդգրկելու նախապայման է ոչ նյութական մշակութային արժեքի կենդանի և կենսունակ միավոր լինելը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 11-ի N 310-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

 

NN ը/կ Անունը (անվանումը, վերնագիրը) Բնագավառը (ժանրը, ոճը) Տեղայնացումը, տարածման շրջանը Կրողը Պատմական հակիրճ տեղեկանք (երբ և ինչպես է ձևավորվել, առաջին վկայություններն աղբյուրներում) Կենսունակությունը (նախնական գործառույթները, պատմական, մշակութային, տնտեսական, հասարակական նշանակության պահպանվածությունը, զարգացումներն ու փոփոխությունները) Բնութագիրը (եզակիությունը, պատմական, էթնոմշակութային, սոցիալական և այլ առանձնահատկություն)
1 2 3 4 5 6 7 8
1. «Սասնա ծռեր» էպոս: Ժողովրդական տարածված անուններն են` «Սասունցի Դավիթ», «Ջոջանց տուն», «Քաջանց տուն», «Սասնա փահլևաններ» Ժողովրդական բանահյուսություն ՀՀ տարածք, արտերկրների հայկական համայնքներ ՀՀ բնակչություն, արտերկրների հայկական համայնքների հայախոս հատված Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղդասարի մասին հնագույն վկայությունները պահպանվել են Աստվածաշնչում (թագավորաց չորրորդ, ԺԹ), հետագայում Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, «Պատմություն Արծրունյաց տան») երկերում: Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դ. պորտուգալացի ճանապարհորդների (Ա. Տենրեյրո, Մ. Աֆոնսո) ուղեգրական նյութերում: Ուշ հայկական աղբյուրների թռուցիկ հիշատակությունները վերաբերում են 19-րդ դ. հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին (Խանդութի ձոր, Խանդութի բերդ, Դավթի թշնամիների գերեզմանները Խլաթի մոտակայքում): Պահպանվում է հասարակության մեջ, փոխանցվում է ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման միջոցով: Միշտ չէ, որ բանասացներն էպոսը լրիվ են հաղորդում: Հաճախ պատմում են մեկ կամ երկու հատված` էպոսի միասնությունն ընդգծելով ողորմիներով, որոնք փառաբանում են մնացած բոլոր հերոսներին: Պատմվող հատվածը կոչվում է այն հերոսի անունով, որի մասին հյուսված է էպոսի տվյալ ճյուղը: Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ: 19-20-րդ դդ. գավառներից պանդխտացած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռեր» էպոսն անցել է Արևելյան Հայաստան: Լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն են, երբեմն նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը: Ավանդվել է բանավոր, և նրա բնագրերը 19-20-րդ դդ. տարբեր վիպասացներից գրառված տարբերակներն են, որոնք կառուցվածքով, լեզվաբարբառային և վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական-տեղագրական երեք մեծ խմբերի` Սասնա, Մշո և Մոկաց: Սրանցից բացի կան նաև խառը խմբեր: Նախնական պարզ ու կուռ տիպը, հավանաբար, եղել է Սասունինը, որի տարածումից էլ ստեղծվել են մյուս տարբերակները: Կենսունակ է, որովհետև որպես պարտադիր ուսուցման թեմա մտած է պետական կրթական ծրագրերի մեջ: Գիտական հիմնարկների կողմից մշտապես հետազոտվում և հանրությանն է ներկայացվում գիտական հրատարակությունների ձևաչափով, կատարվում են գրական մշակումներ: Երեխաների համար հրատարակվում են պատկերազարդ տարբերակներ: Նկարահանվում են գեղարվեստական ֆիլմեր, մուլտֆիլմեր, գրվում են երաժշտական ստեղծագործություններ: «Վիպական բանահյուսություն» ժանրի ժողովրդական վեպի վառ օրինակ է: «Սասնա ծռերը» ամբողջական, կուռ կառուցվածքով, շուրջ 150 ասացողից գրառած եզակի հուշարձան է: Օտար զավթիչների դեմ մղած դարավոր պայքարն արտացոլող հերոսական ասք է` բաղկացած չորս ճյուղերից` «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»: Հերոսների չորս սերունդները` ճյուղերը, միմյանց հետ կապված են ազգակցական կապերով: «Սասնա ծռեր» էպոսի ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է` պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի` իր ոսոխների, հատկապես, արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով:
2. «Քոչարի» Ժողովրդական պարարվեստ ՀՀ տարածք, արտերկրների հայկական համայնքներ Համաժողովրդական պար Հիշատակվում է վաղ միջնադարից: Պահպանվում է հասարակության մեջ, փոխանցվում է ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման միջոցով, ինչպես նաև ժառանգաբար` ընտանիքի ավագներից երիտասարդներին: Տարածված են քոչարու տարբեր տեսակներ` ըստ տեղավայրի (Ապարանի, Ալաշկերտի, Մուշի, Սասնա և այլն) ու ըստ պարաձևի (մեկտակ քոչարի, երկուտակ քոչարի, երեքտակ քոչարի և այլն): «Քոչ» արմատն ըստ երևույթին կապ ունի չամորձատված` չկրտած ոչխարի-խոյի-գոչ-ղոչ և խոչ անվանումների հետ, գալիս է վաղնջական ժամանակներից և կապված է խոյի պաշտամունքի հետ: Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը` համարձակ, խիզախ, քաջ: Թեպետ պարողներն այլևս չեն հիշում պարատեսակի նախկին «խոյ-այծային» բովանդակության մասին, սակայն ժամանակն ու հետագա շերտավորումը չեն կարողացել ամբողջովին հաղթահարել նրա նախասկզբնական (վաղնջական) ձևը: «Քոչարու» ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի պոզահարումը, այծամարդու շարժումները: Շարժումների նշանակությունն առավել լավ արտահայտված է դեպի առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, որոնցով ասես արտահայտվում է ախոյանին պոզահարելու ցանկությունը: Կենսունակ է, որովհետև կիրառական է ընտանեկան, հասարակական խնջույքների, տոնախմբությունների, միջոցառումների ժամանակ: Հայկական ժողովրդական ծիսական խմբապար է: Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է: Բաղկացած է 2 մասից` չափավոր ու արագ: Երաժշտական չափը` 2/4, 4/4, 8/4: Ռիթմը շատ ճկուն է, իմպուլսիվ և հաճախակի սինկոպաներով: Պարաձևում քայլերը խրոխտ են, կտրուկ, մեծ ծնկածալերով ու ծունկկոտրուկներով: Պարը հրապուրիչ է առնական դինամիկայով: Կատարում են իրար սեղմված ձեռքերի անքակտելի բռնելաձևով, գլուխները բարձր, կիսաշրջանով կամ ուղիղ գծի դասավորությամբ: Կատարվում է զուռնայի և դհոլի նվագակցությամբ:
3. «Յարխուշտա» Ժողովրդական պարարվեստ, ժանրը` ծիսական, ռազմական ՀՀ տարածք, արտերկրների հայկական համայնքներ Համաժողովրդական պար Հնագույն ակունքներ ունեցող ծիսական, ռազմական խաղ-պար է: Հիշատակվում է վաղ միջնադարից, վկայություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Գրիգոր Մագիստրոսի մոտ: Յարխուշտան դասվում է ծիսական, ռազմական խաղ-պարերի շարքին: Ժամանակի ընթացքում տարբեր փոխակերպումների է ենթարկվել` դառնալով աշխարհիկ զվարճանքի խաղ և պար, միաժամանակ պահպանել է հնագույն տարբերակին բնորոշ տարրեր, որոնց ակնհայտ վկայություններն են պարի դասավորությունները, պարաձևը, ծափերը, բանահյուսական տեքստն ու մարտական կանչերը: Հայտնի են յարխուշտայի հետևյալ տեսակները` Խարազանի յարխուշտա, թաք յարխուշտա, Սլիվանի յարխուշտա և այլն: Պարը տարածված է եղել Սասունում: Յարխուշտայի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն էլ այն է, որ Յար խուշտա նշանակում է զենքի ընկեր: Ավանդական յարխուշտան պարել են միայն տղամարդիկ: Ներկայումս յարխուշտան պահպանվում է հայ ժողովրդական և բեմական պարարվեստում, և այդ կենսունակությունը նույնպես հաստատում է այս բացառիկ ավանդական պարանմուշի արժեքն ու ինքնատիպությունը: Բեմական տարբերակում պարում են նաև կանայք, նույն պարաձևով, սակայն ծափ զարկելով ոչ թե տղամարդկանց, այլ միմյանց հետ: Բեմական մշակումներում յարխուշտան ունենում է որոշակի բեմական մուտք և որևէ բնորոշ պարային դիրքով շեշտված վերջաբան: Բեմադրողի մշակման և բեմի օրենքներին համապատասխան` սահմանափակվում է պարողների իմպրովիզացիան: Պարն ուղեկցվում է գործիքային երաժշտությամբ, հաճախ էլ` ձայնագրությամբ: Բացակայում է բանահյուսական տեքստը, որին փոխարինում են պարողների հաճախակի կրկնվող մարտական բացականչությունները: Այն ավանդական պարերից է, որը ժողովրդական պարային մշակույթում պահպանվել է մինչև այսօր և շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել: Կենսունակ է, կատարվում է ինքնագործ և պրոֆեսիոնալ պարային խմբերում, ինչպես նաև ընտանեկան, հասարակական խնջույքների ու տոնախմբությունների ընթացքում: Յարխուշտան ռազմական, ծիսական ծափ-պարերից է: Առանձնանում է յուրօրինակ կառուցվածքով, խաղային, երաժշտական, բանահյուսական տեքստերով և գունեղ կատարման ոճով: Դրա հիմնական դասավորությունը շրջանն է, որը պարբերաբար քանդվում է և վերադասավորվում երկու ուղիղ հանդիպակաց գծի: Այդ գիծ-մարտաշարքերը մոտենում են միմյանց, կարծես հարձակվում են իրար վրա: Այնուհետև պարողները բախվում են գլխավերևում կատարվող ծափերով և հեռանում: Մարտաշարքերը պարելով քանդվում են կամ վերադասավորվում շրջանի: Յարխուշտան պարում են երկու հակառակորդ խմբի բաժանված, և յուրաքանչյուրը պարում է մյուս խմբի դեմ-դիմաց կանգնածի հետ` նրա հետ զույգ կազմելով: Հիմնական պարաքայլն ընդմիջվում է հակառակորդ զույգերի ծափերով և մեկ ոտքի ծունկը գետին զարկելով: Պարի եղանակային չափը 2/4 է: Այն սկսվում է միջին տեմպով և աստիճանաբար արագանում է: Ուղեկցվում է դհոլի և զուռնայի նվագակցությամբ:
4. Ավանդական հարսանեկան ծիսակատարություն Մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված սովորույթ և ծես ՀՀ տարածք, օտարերկրյա պետությունների հայկական համայնքներ Գյուղական և քաղաքային բնակչություն Գրավոր տեղեկությունները վերաբերում են վաղ միջնադարին, ամբողջապես նկարագրվել է 19-րդ դարից սկսած: Պահպանվում է հատկապես ավանդապաշտ ընտանիքների կողմից: Յուրաքանչյուր սեռատարիքային խումբ ունի սեփական գործառույթը հարսանեկան համալիրում. քավոր-քավորակին, հարսի հայրը, մայրը, եղբայրը, քույրը, փեսայի ազգականները և ընկերները: Հարսանեկան տոնական համալիր` երեքից յոթ օր տևողությամբ, որը ներառում է աղվես-խնամախոսի ծեսը, ցլի մորթը` իր հարակից արարողություններով, հարսի ծաղկոց և պարատուն, փեսայի գովք, սափրում և այլն:
5. «Խավիծ» Մարդու կյանքի շրջափուլերից կնոջ ծննդաբերության հետ կապված սովորույթ ՀՀ տարածք, արտերկրների հայկական համայնքներ Կիրառվում է բազմաթիվ ընտանիքներում: Գրավոր տեղեկությունները հանդիպում են 19-րդ դարից, շարունակվում է այսօրվա կենցաղում: Կենսունակ է, առանձնահատուկ զարգացում չունի, սակայն կիրառությունը շարունակվում է: Ժառանգաբար փոխանցվում է փորձով ընտանեկան միջավայրում: Ալյուրից պատրաստված ուտեստի տեսակ է, որն անհրաժեշտ է նոր ծննդաբերած կանանց ուժերի վերականգնման համար: Ունի ինչպես ռացիոնալ, այնպես էլ սրբազան երևույթի ընկալում, քանի որ հայերի երկրագործական մշակույթի մեջ ավանդաբար պահպանվել է հացահատիկային կուլտուրաների սրբագործ և սերնդաճի ազդեցության նկատմամբ հավատ:
6. «Կատիկի բարձրացում» (կատիկ` լատիներեն cհoana ) Մարդու կյանքի շրջափուլերից երեխայի ծննդյան և հասունու- թյան` մանկան խնամքի հետ կապված սովորույթ Հանդիպում է առանձին ընտանիքներում, մասնավորապես, արևելահայոց միջավայրում: Կիրառություն ունի առանձին ընտանիքներում: Ժառանգաբար փոխանցվում է ընտանեկան միջավայրում` տարեցներից կրտսերներին: Որպես ազգագրական բնույթի նյութ գրանցվել է 20-րդ դարում` ազգագրագետների կողմից: Ազգային ավանդական մշակույթի եզակի դրսևորում է, բացառիկ երևույթ: Ճանաչողության դեպքում կարող է լայն տարածում ունենալ և նպաստել երեխաների խնամքին, սակայն կենսունակ է միայն սովորույթն իմացող ընտանիքներում: Նորածին երեխաներին լողացնելիս կոկորդի` կատիկի մասի և քիմքի մերսման սովորություն, որի հետևանքով բերանի խոռոչի խորքային մասում` կոկորդում և քիմքում մկանների ամրացման միջոցով ձեռք է բերվում շնչուղիների ազատություն, ձայնի հնչեղություն և այլն:
7. «Տարի հացի» խորհրդանշանային կիրառում և նախշազարդում Բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ, ժողովրդական տոնական մշակույթ, ժողովրդական խոհանոցի տարր ՀՀ տարածք, արտերկրների հայկական համայնքներ Հիմնականում կանայք, որոշ շրջաններում նաև տղամարդիկ: Առաջին հիշատակությունները հանդիպում են 19-րդ դարի երկրորդ կեսին (Ե. Շահազիզ, Ե. Լալայան, Ա. Ահարոնյան, Քաջբերունի): Փոխանցվում է փորձով, ավագ սերնդից երիտասարդներին: Կենսունակ է, քանի որ կիրառական է և կապված սննդի ու կենդանի տոնի հետ: Ժողովրդական տոնածիսական, խորհրդանշանային համալիրի բաղկացուցիչ տարր է: Պատրաստման գիտելիքները, հմտությունները փոխանցվում են ժառանգաբար: Տարի հացը կլոր է կամ ձվաձև` մոտ 30-40 սմ տրամագծով: Հայաստանի մի շարք շրջաններում հայտնի է եղել նաև այլ անուններով` Կրկենե, Կրկենի, Դովլաթ կրկենի, Միջնակ կլոճ Միջինք և այլն: Հացը կտրվում է Նոր տարուն (տարբերակներ` Մեծ պասի կեսին` Միջինքին) և բաժանվում տան անդամներին: Հացի զարդանախշերը խորհրդանշորեն կապվում են տիեզերածնության, արարչագործության և սերնդաճի գաղափարների հետ և այլն:
8. «Սուրբ Սարգսի» տոն Ժողովրդական տոն ՀՀ տարածք, օտարերկրյա պետություննե-րի հայկական համայնքներ Համաժողովրդա-կան տոնակատարություն Գրավոր ամենավաղ տեղեկությունները պահպանվել են 5-րդ դարից: Տարածված է ընտանեկան, հասարակական միջավայրում, հատկապես երիտասարդության շրջանում: Տոնածիսական համալիրը կապված է ամուսնական գուշակության հետ:
9. «Տերընդեզ» Ժողովրդական տոն ՀՀ տարածք, օտարերկրյա պետություննե-րի հայկական համայնքներ Համաժողովրդական տոնակատարություն, առավել մեծ շուքով է տոնվում նորապսակների և նոր նշանվածների ընտանիքներում: Հնագույն աղբյուրներից Պահպանվում է հասարակության մեջ: Պահպանվել են նորապսակ զույգերի կրակով կրկնապսակը, մոմերով երթը, կրակի շուրջ պտտվելը, պարելը (որոշ վայրերում` յոթ շրջան, կան նաև հատուկ ծիսապարեր), կրակի վրայով ցատկելը և փեշը կրակով այրելը, աղանձ շաղ տալը: Մյուս տարրերը` մոխրով գուշակությունները, դեպի գերեզմանոց երթը պահպանվել է տեղ-տեղ:
10. «Վարդավառ» Ժողովրդական տոն Ավանդական տոնի հիմնական բաղադրիչներն ամբողջ Հայաստանում, որոշ առանձնահատկություն-ներ ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում: Համաժողովրդա-կան տոնակատարություն է: Հնագույն աղբյուրներից Փոխանցվում է համայնքի ներսում: Տավուշի մարզում պահպանվել և կատարվում են տոնի համարյա բոլոր առանցքային բաղադրիչները` սկսած ուխտագնացությունից, զոհաբերությունից, վերջացրած ջրոցիով, ծաղկաբաժանմամբ, ծիսական թխվածքով և ճլորթիով: Ժողովրդական տոնածիսական, խորհրդանշանային համալիրի բաղկացուցիչ տարր է: Հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը տեղի է ունենում հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Կապվում է հայոց հեթանոսական Աստղիկ և Անահիտ դիցուհիների պաշտամունքին, նաև մեծ ջրհեղեղից հետո Մասիսի գագաթից Նոյ նահապետի իջնելու հետ: Միացվել է եկեղեցական տոնացույցի «Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն» տոնի հետ:
11. Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի «Սուրբ Թևաթորոսի» պաշտամունք Ժողովրդական հավատալիք և սովորույթ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղ Նիգավան գյուղի ներկայիս և նախկին բնակիչներ Թևաթորոսի պաշտամունքի այս տարբերակը վկայված է Արևմտյան Հայաստանի Դերջան գավառում` Գևորգ Հալաջյանի «Դերսիմի ազգագրություն» գրքի դեռևս անտիպ հատվածում (20-րդ դ. սկիզբ): Փոխանցվում է համայնքի և հայրենակիցների միջավայրում: Սուրբը բուժիչ և զավակատուր է համարվում: Եզակի և զուտ տեղական տոնածիսական համալիր է` կապված սրբի գերեզմանի պաշտամունքի, Վարդավառ տոնին կատարվող ուխտագնացության և մատաղների, ավանդազրույցների ու հավատալիքների հետ:
12. Արագածոտնի մարզի Քասախ գյուղի «Թուխ Մանուկ» պաշտամունք Ժողովրդական հավատալիք և սովորույթ Արագածոտնի մարզի մի քանի գյուղեր Արագածոտնի մարզի Քասախ և Մռավյան գյուղերի բնակիչներ Հուշարձանը հիշատակում է Թ. Թորամանյանը, նոր հեղինակներից` Տ. Պետրոսյանցը (Հայկազուն): Պաշտամունքի մասին տեղեկություններ չկան: Պահպանում են հիմնականում ներկայիս Քասախ գյուղի բոլոր բնակիչները, որոնց միանում են հուշարձանին հարևան Մռավյան, Քուչակ և այլ գյուղերի բնակիչները: Պաշտամունքը կապված է համանուն սրբատեղիի հետ, որը գտնվել է Քասախ (նախկինում Չամռլու) գյուղում: 1963 թ. հայտնվելով Ապարանի ջրամբարի տարածքում` գյուղի բնակչությունը տարհանվել է և հաստատվել ներկայիս Քասախում, սակայն «Թուխ Մանուկ» սրբատեղիի պաշտամունքն ու դրա հետ կապված հավատալիքային համալիրն ամբողջովին պահպանվել է: Գյուղի բնակիչներն այստեղ նշում են Համբարձում, Վարդավառ, Սուրբ Խաչ և բազում այլ տոներ, ինչպես նաև ուխտ են անում` առողջանալու, զավակ ունենալու և այլ բաղձանքներով:
13. «Կռունկ» Ժողովրդական երաժշտար- վեստ Երաժշտաբանաստեղծական ժանր է, քնարական երգ ՀՀ մարզեր, օտարերկրյա պետությունների հայկական համայնքներ Համաժողովրդական երգ «Կռունկը» հայկական ուշ միջնադարի լայն տարածում գտած երգերից է (16-17 դդ.), իր մեղեդիական ոճով մոտիկ ու հարազատ տաղային տիպի ստեղծագործություններին և հայ միջնադարյան պրոֆեսիոնալ երաժշտության նմուշներին: Մատենադարանի N 7717 ձեռագրում պահպանվում է երգի խազագրված ամենահին օրինակը: Ձեռագիր ամենահին տարբերակը պահպանվել է Քյուրդյան հավաքածուի (ԱՄՆ) N 85 տաղարանում: «Կռունկի» հաստատուն, մեկ միասնական բնագիրը վերաբերում է 1898 թվականին (Կ. Կոստանյանցի բաղդատական հրատարակություն): Գոյություն ունի «Կռունկի» 22 օրինակ: Երգի ամենաշատ օգտագործվող տաբերակը Կոմիտասի մշակումն է: «Կռունկը» 17-րդ դարի 2-րդ կեսին տարածված է եղել Կ. Պոլսում, Բութանիայում, Ադրիանապոլսում, Շապին-Գարահիսարում, Հալեպում, Երուսաղեմում: Հորինված լինելով իբրև գրավոր երգ և տարածում գտնելով հիմնականում գրավոր եղանակով` պահպանել է իր հորինվածքի առանձնահատկությունները, չափն ու հանգը, նյութն ու բովանդակությունը: Ունի լեզվաոճական ընդգծված արտահայտչականություն, բառային, պատկերային ինքնատիպ համակարգ: Պահպանվել է հասարակության մեջ, փոխանցվում է ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման միջոցով: Երաժշտաբանաստեղծական ժանրի պանդխտության թեմայով քնարական երգ է: Երգը մարմնավորում է երկու կերպար: Կռունկը երգի այլաբանական կերպարն է, իսկ բանաստեղծն ըստ էության գլխավոր կերպարն է, քնարական հերոսը: Այս երկու տարբեր, միանգամայն հակադիր գոյավիճակի տեր քնարական կերպարները միավորվում են, ինչի արդյունքում կռունկն այլևս չի դիտվում որպես այլաբանական կերպար, այլ անձնավորում է տարագիր բանաստեղծին, տարագիր մարդուն: Երկուսը միասին դառնում են աշխարհասփյուռ հայ ժողովրդի խորհրդանիշ:
14. «Գացեք, տեսեք» երգ Ժողովրդական երաժշտար- վեստ: Տոնածիսական երաժշտաբանաստեղծա- կան ժանր է: ՀՀ Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզեր, Երևան, Էջմիածին, Արմավիր քաղաքներ և այլուր: Մինչև 1915 թ. տարածված էր Արևմտյան Հայաստանի Տարոն, Վասպուրական գավառներում և Բութանիայում: Արևմտյան Հայաստանի Տարոն, Վասպուրական և Բութանիա ազգագրական շրջաններից գաղթածների ներկայիս սերունդներ Առաջին նմուշները տպագրվել են 18-րդ դարում: Երբեմնի Բարեկենդանի ծիսական երգ է, որը մինչև 20-րդ դ. առաջին կեսը կատարվել է պար-ներկայացում ծեսի ձևով: Այժմ կատարվում և փոխանցվում է ընտանիքի ներսում` որպես կատակերգ: Տարբերակներից մեկը կատարվում է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի կողմից: ժողովրդական խորհրդանշական, ծիսական երգ է` բաղկացած 12-13 շղթայական տներից, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշելով տարվա մեկ ամսից մյուսին անցումը` փոխաբերական իմաստով նկարագրում է կենդանիների մեկը մյուսին ուտելը, այսպիսով ներկայացնելով տարեշրջանը և տոմարը:
15. Բատոլա (Բաթոլա, Բատալո, Բատոլո) Ժողովրդական պարարվեստ Ծիսական-հարսանեկան պարերգ ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերի գյուղերում, Վրաստանի Հանրապետության Ախալքալաք, Ախալցխա քաղաքներում և հայաբնակ գյուղերում ՀՀ նշված մարզերի տարեցները, հիմնականում կանայք Պարերգի առաջին գրառումներից է Ք. Կուշնարյանի 1927 թ. Գեղարքունիքում ձայնագրած տարբերակը: Պարի հնագույն ծագման և ծիսական բնույթի մասին առաջին անգամ վկայել է Ս. Լիսիցյանը "Старинные армянские театральные представления и пляски", Ереван, т. 1, 1958, стр. 388. Երկար ժամանակ կենսավարելով իբրև հարսանեկան պարերգ, հետագայում կատարվել է նաև այլ խնջույքների ժամանակ: Քասախի բնակչուհի 78-ամյա Լենա Գևորգյանը, կատարելով պարերգի մի քանի տարբերակ, փաստում է, որ այս պարերգը կատարել են ինչպես հարսանիքների ժամանակ, այնպես էլ այլ առիթներով կամ անառիթ` ուրախ հավաքույթներին: Հարսանիքի ծեսում այն կատարել են հատկապես «ծաղկոց տանը»: Այսօր ծիսական-հարսանեկան պատկանելություն ունեցող Բատոլան կատարվում է առանց բուն խորհրդի գիտակցման: Այդուհանդերձ, այն բավական տարածված և սիրված է թե՛ իբրև պար, թե՛ իբրև երգ: Պարատեսակին հետաքրքրություն և ինքնատիպություն է հաղորդում պարաքայլերի 5-րդ և 10-րդ հաշիվներին փոքր դադարը կամ զույգ հարվածը` «կոտրելով» անընդհատ պարբերական շարժումը, ինչը կապված է խառը կամ մեջընդմիջվող մետրի հետ: Այս իմաստով այն նմանություն ունի մեկ այլ` Թամզարա պարի հետ: Այս պարի մի տարբերակը միևնույն պարաքայլերով և գրեթե նույն մեղեդիով, կատարվում է որպես Բատոլա Շիրակում, Ապարանում, Մարտունիում, որպես Թամզարա` Վասպուրականում, որպես Տապպուրի` Ջավախքի Ծալկա գյուղում:
16. Ավանդական դարբնագործություն Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ Մինչև 20-րդ դարի առաջին կեսը տարածված է եղել ոչ միայն քաղաքներում, այլև գյուղերում: Ներկայումս դարբնոցային ավանդական տեխնոլոգիական հմտությունների վրա հենված արհեստանոցներ կան Աշտարակ, Գյումրի և Երևան քաղաքներում: Դարբիններ, որոնք դեռևս պահպանում են ավանդական դարբնոցային տեխնոլոգիաներով աշխատելու սովորույթը և ավանդական տեխնոլոգիական հմտությունների կրողներն են: Առաջին հիշատակությունը տրված է Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ, այնուհետև միջնադարյան այլ պատմիչների երկերում, որոնցից հիշատակելի են հատկապես Վանական վարդապետի և Ստեփանոս Օրբելյանի թողած հիշատակումները: Փոխանցվում է վարպետ դարբինների կողմից աշակերտներին մեծ մասամբ այն դեպքում, երբ աշակերտի դերում հանդես է գալիս վարպետի կամ մերձավոր հարազատներից մեկի որդին: Առկա է տեխնոլոգիական շղթայի և առանձին բաղադրիչների հետ կապված գիտելիքների և հմտությունների գալիք սերնդին փոխանցման վտանգ: Տեխնոլոգիական բաղադրիչներն են` երկաթ տաքացնելու, կռելու, տաք կամ սառը կոփելու, ջեռուցելու, ջրում մխելու (երկաթը ջրով կոփելը և նրան պողպատի հատկություն հաղորդելը) տեխնոլոգիական, ինչպես նաև օժանդակ փուլերը` զոդելն ու գամելը: Հաջորդական տեխնոլոգիական փուլերը կազմում են տեխնոլոգիական շրջան, փուլերի ճիշտ հաջորդականությունը կազմում է տեխնոլոգիական շղթան: Տեխնոլոգիական բաղադրիչներից յուրաքանչյուրը պահանջում է լուրջ վարպետություն` հիմնված գիտելիքների, փորձի ու հմտության վրա:
17. Խաչքարագործության վարպետություն Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ Տարածված է ամբողջ Հայաստանում: Ավանդույթի համալիր պահպանվածությունը առկա է հատկապես Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերում և Երևան քաղաքում: Քարագործ վարպետ-քանդակագործներ, որոնք դեռևս պահպանում են խաչքարի զարդանախշ-խորհրդանշանների իմաստաբանության ու խաչքարի` որպես սրբազան տեքստի մասին գիտելիքը, ինչպես նաև քարագործության ավանդական տեխնոլոգիական հմտությունները: Խաչքարագործությունը հայ ժողովրդական արվեստի յուրահատուկ դրսևորումներից է, որը հիմնված է հնագույն ավանդույթների վրա, անցել է զարգացման երկար ճանապարհ և այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Այն ճարտարապետության և քանդակագործության միջև միջանկյալ մասնագիտություն է: Խաչքարագործության ակունքները գնում են մինչև Հայաստանում վաղ քրիստոնեական շրջան` մոտավորապես 4-7-րդ դարեր: Այն իր զարգացումն է ապրել 9-10-րդ դդ. և հասել իր գագաթնակետին 12-18-րդ դարերում: Խաչքարի արևմտահայաց կողմի վրա փորագրված կոմպոզիցիայի հիմնական տարրը խաչն է: Խաչի շուրջ հաճախ պատկերվում են երկրաչափական զարդանշաններ, հավերժության նշաններ, բուսական և կենդանական աշխարհի պատկերներ, ինչպես նաև մարդիկ` հատկապես սրբապատկերներ: Այն համարվում է ճարտարապետական փոքր կոթող: Խաչքարագործությունը ՀՀ տարբեր մարզերում հանդես է գալիս բազմակողմանի, հարուստ ձևերի մեջ` ունենալով, անշուշտ, տեղական ավանդույթներից բխող առանձնահատկություններ: Խաչքարի կերտման վարպետության մեջ հատուկ տեղ է գրավում հայկական յուրահատուկ զարդանախշերի կատարումը: Դրանք ներկայացնում են խորհրդանիշերի մի ամբողջ համակարգ: Վարպետությունը ներկայումս համալիր կերպով պահպանվում է ավագ սերնդի քարագործ վարպետների կողմից, որոնք այն աշակերտության ու աշխատանքային փորձառության ձևավորման ճանապարհով փոխանցում են հաջորդ սերնդին: Խաչքարագործության վարպետության համալիր գիտելիքները և հմտությունները ներառում են ոչ միայն տեխնիկատեխնոլոգիական ու կատարողական կատարման ունակությունների ու տեխնոլոգիական գործողությունների հաջոդականության մասին ավանդական փորձն ու գիտելիքը, այլև խաչքարի զարդանախշերի ու խորհրդանշանների, ինչպես նաև խաչքարը որպես սրբազան հատկություններով օժտված պաշտամունքային օբյեկտի տեքստային իմաստաբանության ու բովանդակության իմացությունները: Խաչքարի վրա փորագրված ամեն մի խորհրդանիշ ունի իր նշանակությունը, որոնց փոխանցումը վարպետից աշակերտին խաչքարագործության մշակութային կոդի պահպանման ու վերարտադրության հիմքն է:
18. Տոհմածառ Ազգային պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երևույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ ՀՀ տարածք, արտերկրների հայկական համայնքների առանձին խմբեր Ցայտուն կիրառվում է բազմաթիվ ընտանիքներում: Գրավոր տեղեկու- թյունները հանդիպում են 19-րդ դարից, բայց ծաղկում է ապրել հատկապես 20-րդ դարում և այսօր շարունակում է զարգանալ: Կենսունակ է և շարունակում է զարգանալ թե ձևի, թե բովանդակության տեսակետից: Այսօր տոհմածառեր են կազմվում զանազան գեղարվեստական և գեղագիտական լուծումներով` աշխատելով ներառել տոհմի-ազգակցական խմբի առնվազն յոթ սերունդ` ուղղահայաց և հնարավորինս լայն` հորիզոնական ուղղու- թյուններով: Ամրագրում է ընտանեկան-արյունակից ազգակցական կապերի ուղղահայաց և հորիզոնական շերտերի` տոհմի կամ գերդաստանի մասին իրազեկվածությունը, հիշողությունը, տոհմանունների հարատևությունը: Տոհմածառի նախնական տարբերակներն Ավետարանի կամ Սուրբ գրքի վերջին էջում ընտանիքում ծնված և մահացած անդամների ժամանակագրությունը գրանցող սովորույթ էր, որը հետագայում դարձավ ինքնուրույն միավոր` թղթի վրա գծված կամ որևէ այլ ձևով` կավի, փայտի քանդակի միջոցով գերդաստանի մի քանի սերունդների ճյուղային զարգացումը ներկայացնող պատկերով (այստեղից էլ անունը` «տոհմի ծառ»): Տոհմածառերի տարատեսակները զարգանում են կյանքին համընթաց և այսօր կիրառվում են նաև ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան