Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.02.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.04.23/16(750).1 Հոդ.431.21
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.02.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
05.02.2010
Дата вступления в силу
05.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/1624/05/09

վարչական գործ թիվ ՎԴ/1624/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ՝ Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.08.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Խաչատուր Ստեփանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Տիգրան Ստեփանյանի` Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա որոշումը և դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Խաչատուր Ստեփանյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա որոշումը և դրա հիման վրա Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի 59/2 հասցեում գտնվող 0,00506 հա հողամասի և 151,8 քմ շինության նկատմամբ կատարված պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.08.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 30-րդ, 53-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշմամբ հաստատված կարգի դրույթները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա որոշումն անվավեր ճանաչելիս անհրաժեշտ էր պարզել, թե այդ վարչական ակտով Խաչատուր Ստեփանյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված որ իրավունքը կամ իրավունքներն են խախտվել:

Դատարանը, հանգելով այն եզրահանգման, որ ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը կարող է հարուցվել միայն այդ կառույցն իրականացրած անձի դիմումի հիման վրա, հաշվի չի առել, որ Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա որոշումը չի վերաբերում ինքնակամ կառույցի օրինականացմանը: Այսինքն՝ վարչական ակտի առարկան է ինքնակամ կառույցի նկատմամբ պետության սեփականության իրավունքը ճանաչելու հարցը, այլ ոչ թե ինքնակամ կառույց իրականացրած անձի իրավունքի ճանաչման կամ մերժման հարցը:

 Ուստի, անկախ կառուցապատողի անձից, գույքի նկատմամբ պետք է ճանաչվեր պետության սեփականության իրավունքը, քանի որ այն կառուցվել է պետության սեփականությունը հանդիսացող հողամասի վրա, և վարչական վարույթին ծանուցելու պարտավորություն Քաղաքապետարանը չի ունեցել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.08.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա որոշման համաձայն՝ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 59/2 հասցեում պետական սեփականություն հանդիսացող 50,60 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը (բնակելի տուն) ճանաչվել է պետական սեփականություն (գ.թ. 7-8)։

2. Սույն գործով չի վիճարկվել այն փաստը, որ ինքնակամ կառույցն իրականացվել է պետական սեփականության հողամասի վրա:

3. Սույն գործով հաստատվել և Տիգրան Ստեփանյանի կողմից ընդունվել է փաստն այն մասին, որ վիճելի շինությունը կառուցվել է Տիգրան Ստեփանյանի հոր՝ Խաչատուր Ստեփանյանի կողմից և նրա միջոցներով (գ.թ.10, 83):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 105-րդ հոդվածի համաձայն` համայնքի սեփականությունը կառավարելու և տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու և համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասն օրենքով կարող է սահմանվել որպես պարտադիր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կառուցապատման նպատակով չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ նախատեսված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի խախտումներով իրականացված կառույցը համարվում է ինքնակամ կառույց, որի նկատմամբ կարող է ճանաչվել միայն այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է հողամասը: Ընդ որում, Երևան քաղաքում ինքնակամ կառույցն օրինական կարող է ճանաչվել Երևանի քաղաքապետի որոշմամբ:

Բացի այդ, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 1-ին բաժնի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող այն ինքնակամ կառույցները, որոնց մի մասը կառուցված է սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա, օրինականացվում և տնօրինվում են սույն կարգի IV բաժնի պահանջներին համապատասխան, ընդ որում, հողամասին կից ինքնակամ կառույցով զբաղեցված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օրինականացվում և տնօրինվում է ինքնակամ կառույցով զբաղեցված հողամասի մասով կամ կառույցի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասով:

Նույն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 4-րդ բաժնի 33-րդ կետի համաձայն` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում (եթե դրանք Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս չեն) գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության ճանաչումից հետո ինքնակամ կառուցված բնակելի տների և մինչև 200 քառ. մետր կառույցների համար` 30, իսկ 200 քառ. մետրից ավելիի դեպքում` 60-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետն ընդունում է ինքնակամ կառույցների օրինականացման կամ չօրինականացված ինքնակամ կառույցները քանդելու մասին որոշում:

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ Վարդաշենի 6-րդ փողոցի 59/2 հասցեում պետական սեփականություն հանդիսացող 50.6 քմ մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառուցած շինությունը (բնակելի տունը) կառուցվել է ոչ թե Տիգրան Ստեփանյանի կողմից, այլ սույն գործով հայցվոր Խաչատուր Ստեփանյանի կողմից և նրա միջոցներով, հանգել է այն հետևության, որ վիճարկվող վարչական ակտն ընդունվել է կեղծ տեղեկությունների հիման վրա, ուստի այն իրավաչափ չէ:

Մինչդեռ, սույն գործով Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա վիճարկվող որոշմամբ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 59/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 50,60 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը (բնակելի տուն) պետական սեփականություն ճանաչվելու հիմքում դրվել է ինքնակամ կառույցը պետական հողամասում առկա լինելու փաստը:

Այսինքն՝ Քաղաքապետը, իրացնելով օրենսդրությամբ սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունը, համայնքի սեփականության հողամասի վրա կատարված ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչել է Քաղաքապետարանի սեփականության իրավունքը` հետագայում այդ նույն գույքի վերաբերյալ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 4-րդ բաժնով նախատեսված պահանջներին համապատասխան որոշում ընդունելու նպատակով:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնակամ կառուցված շինությունն այս կամ այն անձի կողմից կառուցված լինելու հանգամանքը հիմք չէ Քաղաքապետի 30.07.2007 թվականի թիվ 2378-Ա որոշումն անվավեր ճանաչելու համար:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.08.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Խաչատուր Ստեփանյանի հայցը մերժել:

2. Խաչատուր Ստեփանյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան