Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (15.03.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.01.15/2(446)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
09.11.2011
Дата подписания
09.11.2011
Дата вступления в силу
15.03.2012

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Նորվեգիայի Թագավորության Կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Նորվեգիայի Թագավորության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով խթանել երկկողմ հարաբերությունները,

հաշվի առնելով իրենց առկա բարեկամական հարաբերություններն ամրապնդելու շահագրգռվածությունը և նպատակ ունենալով դյուրացնելու Պայմանավորվող կողմերից մեկի պետության քաղաքացիների` մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք ուղևորվելը,

նկատի ունենալով Եվրոպայի միության խորհրդի, Նորվեգիայի Թագավորության և Իսլանդիայի Հանրապետության միջև վերջիններիս Շենգենյան դրույթների կիրառմանը, կիրարկմանը և զարգացմանը միանալու վերաբերյալ 1999 թվականի մայիսի 18-ի Համաձայնագիրը,

նկատի ունենալով Խորհրդի՝ 2001 թվականի մարտի 15-ի հմ. 539/2001 (ԵԽ) Կանոնակարգը, որով սահմանված է այն երրորդ երկրների շրջանակը, որոնց քաղաքացիները պարտավոր են ունենալ մուտքի արտոնագիր արտաքին սահմանները հատելու դեպքում, և այն երկրներինը, որոնց քաղաքացիներն ազատված են նշված պահանջից, և 4-րդ հոդվածի 1-ին կետը, ըստ որի` անդամ պետությունները կարող են մուտքի արտոնագրի պահանջից ազատել դիվանագիտական անձնագրեր ունեցողներին,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի պետության՝ վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները, որոնք հավատարմագրված չեն մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում, պաշտոնական լիազորություններով ուղևորվելիս ազատվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքը մուտք գործելու, այն տարանցելու, այնտեղ մնալու կամ այնտեղից դուրս գալու արտոնագրի պահանջից երեք ամիսը չգերազանցող ժամանակահատվածի համար` մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք առաջինը մտնելուն հաջորդող վեց ամսվա ընթացքում: Եռամսյա առավելագույն ժամկետը վեց ամսվա ընթացքում կարող է կազմված լինել մեկ շարունակական այցից կամ իրար հաջորդող մի քանի այցերից:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մնալու ժամանակահատվածը որոշելու նպատակով հաշվի է առնվում Շենգենյան դրույթները կիրառող ցանկացած այլ երկրում մնալու ժամանակահատվածը:

3. Չի թույլատրվում կատարել վճարովի աշխատանք, որի համար պահանջվում է աշխատանքի թույլտվություն` Պայմանավորվող կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 2

 

1. Սույն Համաձայնագիրը դիվանագիտական կամ հյուպատոսական առաքելությունների անդամներ կամ մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում տեղակայված միջազգային կազմակերպություննեում կամ միջազգային պայմանագրերով ստեղծված մարմիններում նշանակված ներկայացուցիչներ հանդիսացող՝ վավեր դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին չի ազատում ընդունող պետության կողմից հավատարմագրման նպատակով նախքան ժամանումը մուտքի արտոնագիր ստանալու պահանջից:

2. Սույն Համաձայնագրի որևէ դրույթ չի մեկնաբանվում որպես 1961 թվականի ապրիլի 18-ի` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայով և 1963 թվականի ապրիլի 24-ի` Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայով սահմանված իրավունքների և պարտականությունների վրա ազդող:

 

Հոդված 3

 

Սույն Համաձայնագիրը չի ազդում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի իրավասու մարմինների՝ անցանկալի հայտարարված անձանց կամ, Պայմանավորվող կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը կամ միջազգային իրավունքին համապատասխան, մուտքի և բնակվելու պայմանները չբավարարող անձանց մուտքը մերժելու կամ գտնվելն արգելելու իրավունքի վրա:

 

Հոդված 4

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ կատարել սույն Համաձայնագրում լրացուցիչ արձանագրությունների միջոցով, որոնք կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ընթացքում ծագած տարաձայնությունները և վեճերը կլուծվեն բարեկամաբար` Պայմանավորվող կողմերի խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով:

 

Հոդված 6

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներքին ընթացակարգերի ավարտի մասին Պայմանավորվող կողմերի վերջին ծանուցման ստացմանը հաջորդող 30-րդ օրը:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է կասեցնել սույն Համաձայնագրի կամ դրա մի մասի գործողությունը, մասնավորապես, հասարակական կարգի, ազգային անվտանգության կամ հանրային առողջության պահպանման նպատակներով, անօրինական ներգաղթի պատճառով:

Կասեցման որոշման մասին մյուս Պայմանավորվող կողմը ծանուցվում է նման որոշման ուժի մեջ մտնելուց առնվազն 72 ժամ առաջ: Սույն Համաձայնագրի գործողությունը կասեցնող Պայմանավորվող կողմը անհապաղ պետք է տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին կասեցման պատճառի վերացման մասին:

Կասեցումը չի տարածվում սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված այն անձանց իրավունքների վրա, ովքեր արդեն մուտք են գործել կամ գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում:

3. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը` այդ մասին դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցում ուղարկելով: Սույն Համաձայնագիրը դադարում է ուժի մեջ լինել նման ծանուցման ստացմանը հաջորդող 90-րդ օրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2011 թվականի նոյեմբերի 9-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, նորվեգերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. մարտի 15-ին