Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Չեխիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով զարգացնել Պայմանավորվող կողմերի պետությունների միջև փոխշահավետ համագործակցությունը մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում,
համոզված լինելով, որ այդ համագործակցությունը կնպաստի փոխադարձ իրազեկությանը և ըմբռնմանը և, այդպիսով, Պայմանավորվող կողմերի պետությունների միջև բոլոր հարաբերությունների ամրապնդմանը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը պետք է հավասարության, փոխադարձության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա զարգացնեն համագործակցությունը մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում և այդ նպատակով նպաստեն Պայմանավորվող կողմերի պետությունների մշակութային, կրթական, գիտական, երիտասարդական և մարզական հաստատությունների միջև ուղղակի կապերին:
Հոդված 2
Սույն Համաձայնագրով համագործակցությունը պետք է զարգանա Պայմանավորվող կողմերի պետություններում գործող օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:
Հոդված 3
Մշակութային համագործակցության բնագավառում Պայմանավորվող կողմերը պետք է մասնավորապես աջակցեն.
ա) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում սկիզբ առնող կամ այդ տարածքի մշակույթի մաս կազմող գրականության տարածմանը,
բ) գործընկերների միջև` մշակույթին ու արվեստին առնչվող գրքերի, փաստաթղթերի և այլ հրապարակումների փոխանակումներին,
գ) դասախոսությունների, ցուցահանդեսների և արվեստի այլ միջոցառումների կազմակերպմանն այնպիսի հաստատությունների կողմից, ինչպիսիք են թանգարանները, պատկերասրահները, թատրոնները, գրադարանները, երաժշտական խմբերը և մյուս կազմակերպությունները, որոնք զբաղվում են նման գործունեությամբ,
դ) թատրոնի, գրականության, կինոյի, թանգարանների, գեղարվեստի, մշակութային ժառանգության պահպանության բնագավառում տեղեկատվության ու փորձի փոխանակմանը և նման բնագավառի փորձագետների միջև ուղղակի կապերին,
ե) երկու պետություններում կազմակերպվող փառատոներին և նմանատիպ այլ միջոցառումներին խմբերի, արտեփաստերի, դասախոսների, ժյուրիի անդամների, դիտորդների փոխանակմանը` պահպանելով յուրաքանչյուր առանձին իրադարձության հայեցակարգում և կանոններում ամրագրված պայմանները` ներառյալ ոչ մասնագիտական արվեստի գործունեությունը:
Հոդված 4
Կրթության բնագավառում Պայմանավորվող կողմերը պետք է մասնավորապես աջակցեն.
ա) բոլոր մակարդակներում դպրոցների միջև ուղղակի համագործակցությանը,
բ) տեղեկատվության, մանկավարժական և մեթոդական հրապարակումների ու այլ ուսումնական նյութերի փոխանակմանը,
գ) չեխերենի և հայերենի ուսուցմանը` հիմնականում ուսումնական նյութերի փոխանակման միջոցով, դասախոսների ուղարկմանը և Պայմանավորվող կողմերի պետությունների ազգերի լեզուների և մշակույթի վերաբերյալ դասընթացների կազմակերպմանը,
դ) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ու դասախոսների փոխանակմանը:
Հոդված 5
Պայմանավորվող կողմերը պետք է աջակցեն համագործակցությանը գիտության, հետազոտությունների և զարգացման բնագավառում, մասնավորապես.
ա) բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների միջև ուղղակի համագործակցությանը,
բ) գիտական և տեխնիկական տեղեկատվության փոխանակմանը,
գ) սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպմանը, որոնք նպաստում են գիտական իրազեկության և տեղեկատվության փոխանակմանը:
Հոդված 6
Երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության և կապերի զարգացման նպատակով Պայմանավորվող կողմերը պետք է մասնավորապես աջակցեն.
ա) երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությանը,
բ) երիտասարդության հարցերի վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակմանը,
գ) Պայմանավորվող կողմերի պետությունների սպորտային կազմակերպությունների միջև համագործակցությանը,
դ) Պայմանավորվող կողմերի պետությունների մարզիկների մասնակցությանը մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում կազմակերպվող սպորտային միջոցառումներին,
ե) երիտասարդության և սպորտի բնագավառներում Պայմանավորվող կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից` Պայմանավորվող կողմերի ներքին օրենքներին և կանոնակարգերին համապատասխան որոշված ցանկացած այլ գործունեության:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի կիրարկման նպատակով Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կարող են կնքել համագործակցության ծրագրեր կամ արձանագրություններ` նախատեսելու համար կոնկրետ միջոցառումներ և կարգավորելու նման համագործակցության ձևերն ու պայմանները:
Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները դիվանագիտական ուղիներով կարող են համաձայնություն ձեռք բերել առանձին համատեղ աշխատանքների և դրանց կազմակերպման ձևերի շուրջ:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում դրանում ներառված համագործակցության ձևերից բացի այլ ձևերի նախաձեռնման հնարավորությունը:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրը ենթակա է հաստատման երկու Պայմանավորվող կողմերի ներքին օրենքներին և կանոնակարգերին համապատասխան: Պայմանավորվող կողմերը պետք է դիվանագիտական հայտագրերի միջոցով միմյանց տեղեկացնեն այդ հաստատման մասին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերից մեկի կողմից մյուս Կողմին վերջին հայտագիրն ուղարկվելու օրվանից:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել դրա գործողությունը գրավոր ծանուցման միջոցով: Համաձայնագրի գործողությունը դադարում է մյուս Պայմանավորվող կողմին այդպիսի մտադրության մասին ծանուցում ուղարկելու օրվանից վեց ամիս հետո: Սույն Համաձայնագիրը ոչ մի ազդեցություն չի թողնում Պայմանավորվող կողմերի` այլ վավերական միջազգային համաձայնագրերի ներքո իրավունքների և պարտականությունների վրա:
Կատարված է ք. Երևանում 2010 թվականի դեկտեմբերի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չեխերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Մեկնաբանման ընթացքում որևէ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. ապրիլի 15-ին