Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (02.03.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2012.12.28/14(22)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
24.10.2011
Дата подписания
24.10.2011
Дата вступления в силу
02.03.2012

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Ռուսաստանի Դաշնության սպորտի, տուրիզմի և երիտասարդության քաղաքականության նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով երկու պետությունների ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ ցանկությամբ,

հաստատելով իրավահավասարության սկզբունքի վրա հիմնված՝ երիտասարդության հարցերով զբաղվող պետական մարմինների, ազգային, տարածքային և երիտասարդական այլ կազմակերպությունների միջև լայն համագործակցության ճանապարհով միջազգային համագործակցությունն ընդլայնելու և կատարելագործելու ցանկությունը,

համոզմունք հայտնելով, որ երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում փոխադարձ սերտ կապերի և համագործակցության ստեղծումը կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև փոխըմբռնման խորացմանը,

համաձայնեցին ներքոգրյալի շուրջ.

 

Հոդված 1

 

Կողմերը, համաձայն սույն Համաձայնագրի, համագործակցում են երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց իրավասության շրջանակներում:

Կողմերը երիտասարդության և երիտասարդական միավորումների հարցերով պետական մարմինների միջոցով ամեն կերպ օժանդակում են երիտասարդության հետ տարվող աշխատանքի բնագավառում իրավահավասար և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը, ակտիվորեն աջակցում են երիտասարդական համագործակցության ակտիվացմանն ուղղված՝ երիտասարդությանը երկու պետությունների մշակութային ժառանգությանը ծանոթացնելու նրանց նախաձեռնություններին, ապահովում են նրանց մասնակցությունը երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում նախագծերի և ծրագրերի իրականացմանը:

 

Հոդված 2

 

Կողմերը խրախուսում և օժանդակում են երիտասարդական քաղաքականության ոլորտին առնչվող կապերի և համագործակցության զարգացմանը`

- Կողմերի միջև համատեղ աշխատանքի, կապերի և փոխանակումների համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով,

- երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում աշխատանքային փորձի փոխանակման միջոցով,

- Կողմերի պետությունների տարածքներում ընդհանուր ծրագրերի ներդրմանը և երիտասարդական միջոցառումների` համագումարների, սիմպոզիումների, խորհրդաժողովների, համաժողովների, սեմինարների, ուսուցողական դասընթացների, փառատոների, ֆորումների, բրիֆինգների, ցուցահանդեսների, մրցույթների, հանդիպումների անցկացմանն օժանդակելու միջոցով:

 

Հոդված 3

 

Կողմերն օժանդակում են բոլոր մակարդակներում պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև անմիջական կապերի զարգացմանը` ներառյալ պատվիրակությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումները, ինչպես նաև համատեղ մշակված ծրագրերով միջոցառումների անցկացումը:

 

Հոդված 4

 

Կողմերը բարենպաստ պայմաններ են ստեղծում երիտասարդների ամառային հանգստի կազմակերպման, արձակուրդների ընթացքում ուսանողական խմբերի փոխանակման համար:

Կողմերը փոխանակում են տեղեկատվություն երիտասարդության խնդիրներով զբաղվող համապատասխան միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև իրենց պետությունների պետական և հասարակական կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ:

 

Հոդված 5

 

Կողմերը խրախուսում են երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում մարզիչ-դասավանդողների, այլ մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև աջակցում են նրանց փորձի փոխանակմանը:

 

Հոդված 6

 

Կողմերն ապահովում են երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում վիճակագրական և այլ տեղեկատվության փոխանակումը, այդ թվում`

- իրենց պետություններում երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառը կարգավորող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի մասին,

- երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում քաղաքականության իրականացման իրավիճակի մասին,

- ուղեցուցային-տեղեկատվական, մեթոդական և այլ նյութերի մասին:

 

Հոդված 7

 

Կողմերը փորձի փոխանակում են իրականացնում երիտասարդներին հոգեբանական, իրավաբանական և այլ օգնություն տրամադրող կենտրոնների, սոցիալական ծառայությունների և դրանց մասնագիտացված կազմավորումների աշխատանքի վերաբերյալ:

 

Հոդված 8

 

Կողմերը նպաստում են փորձի փոխանակմանը աշխատանքային զբաղվածության ծրագրերի մշակման ու իրականացման բնագավառում, ինչպես նաև երիտասարդների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ոլորտում:

Կողմերը խրախուսում են երիտասարդական՝ աշխատանքային և ուսանողական շինարարական ջոկատների փոխանակումները:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի փոխադարձության սկզբունքի հիման վրա, մասնավորապես՝

- ուղարկող Կողմը հոգում է իր պատվիրակության ճանապարհածախսը մինչև միջոցառման անցկացման վայր և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև արտասահման մեկնելու համար՝ իր պետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր տեսակի ապահովագրական ծախսերը,

- ընդունող Կողմն իր վրա է վերցնում կացության` այդ թվում տեղավորման, սննդի, ներքին տրանսպորտի, ինչպես նաև այլ անհրաժեշտ օգնությունը` իր պետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրով նախատեսվող գործունեության բոլոր տեսակները կֆինանսավորվեն Կողմերի բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների սահմաններում:

 

Հոդված 11

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով:

Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում միջազգային այլ պայմանագրերից բխող՝ Կողմերի իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակիցն են Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագած վեճերը և տարաձայնությունները Կողմերը լուծում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցման օրվանից և գործում է Կողմերից մեկի՝ մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում:

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Կողմերի կողմից Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով համաձայնեցված այն նախագծերի և ծրագրերի կատարմանը, որոնք չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2011 թվականի հոկտեմբերի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. մարտի 2-ին