Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) ԵՎ ներքին զորքերի համար կադրերի պատրաստման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
ելնելով Կողմերի ներքին գործերի մարմինների (ոստիկանության) և ներքին զորքերի համար կադրերի պատրաստման բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությունից, որը կպատասխանի ժամանակակից աշխարհի մարտահրավերներին և սպառնալիքներին,
արտահայտելով տվյալ ոլորտում փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ձգտում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.
«ուսումնական հաստատություն» - բարձրագույն, միջին և լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական հաստատություն, որում իրականացվում է Կողմերի ներքին գործերի մարմինների (ոստիկանության) և ներքին զորքերի համար կադրերի պատրաստում.
«ուղարկող Կողմ» - Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություն, որն ուղարկում է իր ներքին գործերի մարմինների (ոստիկանության) աշխատակիցներին և ներքին զորքերի զինծառայողներին մյուս Կողմերի ուսումնական հաստատություններում պատրաստման համար.
«ընդունող Կողմ» - Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություն, որն ընդունում է մյուս Կողմերի ներքին գործերի մարմինների (ոստիկանության) աշխատակիցներին և ներքին զորքերի զինծառայողներին իր ուսումնական հաստատություններում պատրաստման համար:
Հոդված 2
Կողմերը կադրերի պատրաստման գործում համագործակցությունն իրականացնում են իրենց իրավասու մարմինների միջոցով, սույն Համաձայնագրին համապատասխան, պահպանելով ազգային օրենսդրությունը և այն միջազգային պայմանագրերը, որոնց մասնակից են իրենք:
Իրավասու մարմինների ցանկը որոշվում է յուրաքանչյուր Կողմի կողմից և փոխանցվում է ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը հանձնելիս:
Իրավասու մարմինների ցանկի մեջ փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:
Հոդված 3
Կնքվող պայմանագրերին համապատասխան` կադրերի պատրաստումն իրականացվում է ընդունող Կողմի ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններով և ծրագրերով` հետևելով այն սահմանափակումներին, որոնք կապված են ընդունող Կողմի գաղտնի տեղեկատվության և սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվության պահպանության, գաղտնիության պայմանակարգի ապահովման հետ:
Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ռուսաց լեզվով`
ա) ընդունող Կողմի կուրսանտների/ունկնդիրների հետ համատեղ.
բ) առանձին (ուսումնական հաստատությունների հատուկ ֆակուլտետներում, կուրսերում, խմբերում):
Ուղարկող Կողմի խնդրանքով ընդունող Կողմն ուսումնական գործընթացը կարող է կազմակերպել ընդունող Կողմի պետական լեզվով:
Հոդված 4
Կադրերի պատրասումն իրականացվում է վճարովի հիմունքներով կամ ընդունող Կողմի կողմից սահմանվող քվոտաներով` արտոնյալ կամ անվճար հիմունքով:
Արտոնյալ հիմունքով կադրերի պատրաստման ժամանակ ուսուցման ծախսերը կատարվում են ընդունող Կողմի հաշվին, իսկ կեցության ծախսերը` ուղարկող Կողմի:
Անվճար հիմունքով կադրերի պատրաստման ժամանակ ուսուցման և կեցության ծախսերը կատարվում են ընդունող Կողմի հաշվին:
Ուղարկող Կողմի կուրսանտների/ունկնդիրների կեցությունը կազմակերպվում է ընդունող Կողմի կողմից սահմանված պայմաններով և կարգով:
Կադրերի պատրաստման ֆինանսական և այլ տեսակի ապահովումը որոշվում են պայմանագրերով, ընդ որում` ուղարկող Կողմի կուրսանտի/ունկնդրի դրամական նպաստը (կրթաթոշակը) պետք է ցածր չլինի ընդունող Կողմի կուրսանտի/ունկնդրի դրամական նպաստից (կրթաթոշակից):
Հոդված 5
Ուղարկող Կողմն ուսուցման հայտերը տալիս է ընդունող Կողմին մինչև ուսուցումն սկսելու տարվա հունվարի 15-ը:
Ընդունող Կողմը մինչև ուսուցումն սկսելու տարվա մայիսի 15-ը ուղարկող Կողմին տեղեկացնում է ուսուցման քվոտաների մասին, այդ թվում` արտոնյալ և անվճար հիմունքներով, նշելով ուսումնական հաստատությունները, մասնագիտությունները և տրամադրվող տեղերի քանակը` ըստ յուրաքանչյուր մասնագիտության:
Ընդունող Կողմը, ըստ անհրաժեշտության, ճշտում է ուսուցման համար թեկնածուների ընտրության հանձնարարականները (պահանջները):
Հոդված 6
Ուսուցման համար թեկնածուների ընտրությունը, նրանց բժշկական զննումը և ընդունելության քննությունները անցկացնում է ուղարկող Կողմը` ելնելով ընդունող Կողմի հանձնարարականներից և ուսումնական հաստատություններ ընդունվելու պայմաններից:
Ուղարկող Կողմը, որպես կանոն, ընդունելության քննություններն անցկացնում է ընդունող Կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղարկող Կողմի տարածքում: Ընդ որում` ընդունող Կողմի ներկայացուցիչների գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են ուղարկող Կողմի հաշվին:
Ուղարկող և ընդունող Կողմերի համաձայնությամբ ուսուցման համար թեկնածուների համար ընդունող Կողմի ուսումնական հաստատություններում կազմակերպվում են ռուսաց լեզվի և հանրակրթական առարկաների ուսումնասիրման դասընթացներ:
Հոդված 7
Կրթության մասին փաստաթղթերի, գիտական աստիճանների և կոչումների ճանաչման կարգը որոշվում է Կողմերի նորմատիվ իրավական ակտերով և այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են նրանք:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են նրանք:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու ամսաթվից:
Այդ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումները ավանդապահին ի պահ հանձնելու ամսաթվից:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը բաց է դրա դրույթներն ընդունող այլ պետությունների միանալու համար` նման միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով: Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու ամսաթվից` պահպանելով սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածը:
Հոդված 11
Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով, եթե Կողմերն այլ համաձայնության չեն գալիս:
Հոդված 12
Կողմերի միջև սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 13
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` ավանդապահին այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալու ենթադրվող ամսաթվից վեց ամիս առաջ:
Մինչև դուրս գալու պահը համապատասխան Կողմը կատարում է բոլոր նյութական, ֆինանսական և այլ պարտավորությունները, որոնք առաջացել են սույն Համաձայնագրում նրա մասնակցության ժամանակ:
Կատարված է Յալթա քաղաքում 2007 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Համաձայնագիրն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության Կառավարությունների կողմից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|