Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.38
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
02.04.2010
Дата вступления в силу
02.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0216/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ2/0216/05/09

2010թ.

Դատավոր՝ Հ. Թորոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.10.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի հայցի ընդդեմ «Մարտունու պահածոների գործարան» ՍՊԸ-ի «Ցար» հանրային սննդի կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) տնօրեն Գագիկ Թովմասյանի՝ 70.000 ՀՀ դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին և Գագիկ Թովմասյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի` տուգանք սահմանելու մասին 26.03.2009 թվականի որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնը պահանջել է Կազմակերպության տնօրեն Գագիկ Թովմասյանից 26.03.2009 թվականի որոշմամբ սահմանված 70.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը բռնագանձելու վերաբերյալ արձակել վճարման կարգադրություն։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կազմակերպության տնօրեն Գագիկ Թովմասյանը պահանջել է վերացնել 26.03.2009 թվականի տուգանք սահմանելու մասին թիվ 3507 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.10.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել` 26.03.2009 թվականի տուգանք սահմանելու մասին թիվ 3507 որոշումը ճանաչվել է առոչինչ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն այն փաստաթուղթն է, որի հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության համար լիազորված մարմինը /պաշտոնատար անձը/ իրականացնում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության նախապատրաստություն և գործի քննություն։ Անձին պատասխանատվության ենթարկելու գործերով վարչական վարույթի կենտրոնական փուլը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն է, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել վարչական ակտի հասցեատիրոջ հնարավորությունը` առավելագույնս արդյունավետ կերպով պաշտպանելու սեփական իրավունքները։

 Դատարանը հաշվի չի առել, որ ստուգում իրականացնելիս պարզվել է, որ միսը Կազմակերպություն է տեղափոխվում անձնական ավտոմեքենայով, որը չի ունեցել ներքին մակերեսի հիգիենիկ ծածկույթ և չի համարվել սառեցվող կամ հավասարաջերմ փոխադրամիջոց, չի ունեցել տեղափոխվող սննդամթերքին համապատասխան մակնշում։ Միսը ոչ այդ նպատակի համար նախատեսված ավտոմեքենայով օբյեկտ փոխադրելու մասին նշվել է ինչպես 11.03.2009 թվականի ստուգման ակտում, այնպես էլ սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին արձանագրությունում։ Նշված փաստաթղթերը 11.03.2009 թվականին ստորագրել ու ստացել է Գագիկ Թովմասյանը և դրանցում արձանագրված խախտումների վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացրել։

Դատարանի այն եզրահանգումը, որ Գագիկ Թովմասյանի կողմից «շարունակական» խախտումներ թույլ տալը չի հիմնավորվում գործում առկա փաստաթղթերով, խախտումները «շարունակական» կարող էին որակվել միայն այն դեպքում, եթե ստուգումները կատարված լինեին երկու և ավելի օրվա ընթացքում, և այդ օրերին հայտնաբերվեին միևնույն խախտումները, անհիմն է և գործի նյութերի թերի հետազոտման հետևանք է, քանի որ Կազմակերպությունում ստուգումը տևել է երկու և ավելի օր, և այդ օրերին արձանագրվել են միևնույն խախտումները։

Բացի այդ, առողջական վիճակի վերաբերյալ պարտադիր բժշկական զննությունների նկատմամբ իրականացվում է մշտական դինամիկ հսկողություն, և ամեն եռամսյակ Տեսչությանը ներկայացվում է դրա վերաբերյալ տեղեկատվություն։ Այդ հսկողության ընթացքում էլ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի 28.08.2009 թվականի գրությամբ պարզվել է, որ Կազմակերպության` պարտադիր բժշկական զննության ենթակա աշխատակիցներից ոչ մեկը 2008 թվականին և 2009 թվականի հունվար-մարտ ամիսներին չի ենթարկվել բժշկական զննության, ինչը հիմք է տվել Կազմակերպությունում արձանագրված խախտումները «շարունակական» որակելու համար։

 

2) Դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի հետազոտել գործում առկա ապացույցները։

Այսպես` Դատարանը հաշվի չի առել, որ 26.03.2009 թվականի «Տուգանք սահմանելու մասին» որոշումը պարունակում է գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը։ Մասնավորապես, որոշման մեջ առկա է «Հաստատեցի» բաժինը, որը հատուկ նախատեսված է գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքները շարադրելու համար և վարչական ակտում կա նշում արձանագրված խախտումների մասին։

Բացի այդ, Գագիկ Թովմասյանի նկատմամբ չի կիրառվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.5-րդ հոդվածի հատկանիշներով տուգանքի նշանակում, քանի որ աշխատողների բժշկական զննության չենթարկվելը և մսի փոխադրումն առանց դրա համար հատկացված հատուկ փոխադրամիջոցի իրականացնելը դիտվել են որպես սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջների խախտում և Գագիկ Թովմասյանի նկատմամբ տուգանք է նշանակվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան։ Ընդ որում, տուգանք սահմանելու մասին որոշում կայացնելիս հաշվի է առնվել կատարված իրավախախտման բնույթը, քանի որ Կազմակերպությունում շարունակաբար խախտվել են վերը նշված սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջները, որի պատճառով էլ Գագիկ Թովմասյանի նկատմամբ տուգանք է սահմանվել 70.000 ՀՀ դրամի չափով։

 

3) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Գագիկ Թովմասյանը Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի 26.03.2009 թվականի տուգանք սահմանելու մասին որոշումը վարչական կարգով չի բողոքարկել ոչ այն ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում, ոչ ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, ինչպես նաև չի օգտվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում դատարան դիմելու իրավունքից։ Գագիկ Թովմասյանը նշված որոշումը վերացնելու պահանջի մասին հակընդդեմ հայց է ներկայացրել միայն 24.08.2009 թվականին` որոշման ուժի մեջ մտնելուց հետո հինգերորդ ամսում, այսինքն` ակտը դարձել է անբողոքարկելի, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել։ Հետևաբար, անբողոքարկելի դարձած վարչական ակտը վերացնելու վերաբերյալ վեճն ընդդատյա չէր վարչական դատարանի քննությանը, այսինքն` հակընդդեմ հայցով գործի վարույթը ենթակա էր կարճման։

 

4) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 78-րդ հոդվածների, 84-րդ հոդվածի 2-րդ մասի, 159-րդ հոդվածի պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Դատարան ներկայացված հակընդդեմ հայցը չի պարունակում հայցադիմումին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես` դրանում չեն նշվել հայցվորի պահանջի իրավական հիմքերը, տեղեկություններ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ, այն ապացույցների ցանկը, որոնք հաստատում են հայցվորի պնդած փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, հայցադիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետների լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողման պատճառները։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 10.02.2009 թվականի թիվ 497/05 հանձնարարագրի հիման վրա 23.02.2009 թվականից մինչև 11.03.2009 թվականն ընկած ժամանակահատվածում Կազմակերպությունում անցկացվել է սանիտարական օրենսդրության, սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգում (գ.թ. 3)։

2) Ստուգման արդյունքներն արձանագրվել են Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի 11.03.2009 թվականի թիվ 5114 ստուգման ակտում և սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 4752 արձանագրությունում, որոնց համաձայն` Կազմակերպությունում մսի փոխադրումը չէր կատարվում հատուկ այդ նպատակի համար հատկացված փոխադրամիջոցով, այլ իրականացվում էր անձնական մեքենայով, որը չուներ սանիտարական անձնագիր, աշխատողները ենթարկված չէին բժշկական զննության։ Նշված խախտումներն արձանագրվել են որպես շարունակական։ Գագիկ Թովմասյանը ստորագրել և ստացել է ստուգման ակտն ու արձանագրությունը և դրանց վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացրել (գ.թ. 2, 4, 7)։

3) Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի «Տուգանք սահմանելու մասին» 26.03.2009 թվականի թիվ 3507 որոշման համաձայն՝ Կազմակերպության տնօրեն Գագիկ Թովմասյանի նկատմամբ նշանակվել է տուգանք 70.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 6)։

4) ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի 28.08.2009 թվականի գրության համաձայն` Կազմակերպության աշխատակիցները 2008-2009 թվականներին չեն անցել պարտադիր բժշկական զննություն (գ.թ. 54)։

5) Սույն գործով Դատարանի 05.08.2009 թվականի վճարման կարգադրությունը Գագիկ Թովմասյանն ստացել է 10.08.2009 թվականին և հակընդդեմ հայց է ներկայացրել 24.08.2009 թվականին (գ.թ. 11-13)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան, խախտողի բացատրությունը, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ։

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Տեսչության 11.03.2009 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 4752 արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի ոչ բոլոր պահանջների պահպանմամբ։ Մասնավորապես` արձանագրոթյունում բացակայում է նշում այն մասին, թե կոնկրետ երբ են կատարվել և հայտնաբերվել խախտումները։

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (հետագայում` սանիտարական կանոններ) սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները։

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ սանիտարական օրենսդրության, սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգումն իրականացվում է բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգությունը և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմաններն ապահովելու համար։

ՀՀ առողջապահության նախարարի 28.12.2001 թվականի թիվ 961 հրամանով հաստատված «Հատկապես շուտ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետները և պայմանները» N 2-III-4.4-1 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի համաձայն՝ միս-մսամթերքը դասվում է հատկապես շուտ փչացող սննդամթերքի շարքին։ Հատկապես արագ փչացող սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի մակնշված փակ տարաներով։ Հատկապես արագ փչացող սննդամթերքի տեղափոխումը պետք է կատարվի ներքին մակերեսի հիգիենիկ ծածկույթ ունեցող սառեցվող կամ հավասարաջերմ փոխադրամիջոցներով։ Վերջիններս պետք է մակնշված լինեն տեղափոխվող սննդամթերքին համապատասխան։

Սույն գործում առկա Տեսչության 11.03.2009 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 4752 արձանագրության համաձայն` Կազմակերպությունում մսի փոխադրումը չի կատարվում հատուկ այդ նպատակի համար հատկացված փոխադրամիջոցներով։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների, այդ թվում` ՀՀ առողջապահության նախարարի 28.12.2001 թվականի թիվ 961 հրամանով հաստատված «Հատկապես շուտ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետները և պայմանները» N 2-III-4.4-1 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջների կատարման ստուգումը կարող է իրականացվել միայն ստուգման պահի դրությամբ։ Նման ստուգման նպատակն է արձանագրել վերոհիշյալ կանոնների ու նորմերի պահպանման վիճակը ստուգման պահին։ Նման պայմաններում ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը համընկնում է ստուգման պահին (տե՛ս Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի հայցն ընդդեմ «Սևան-Մոթել» ՓԲԸ-ի տնօրեն Վիլիկ Սիմոնյանի՝ 40.000 ՀՀ դրամ տուգանքի գումարբռնագանձելու պահանջի մասին, և ըստ Վիլիկ Սիմոնյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի` տուգանք սահմանելու մասին 10.09.2008 թվականի թիվ 1898 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի Վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի թիվ ՎԴ2/0082/05/09 որոշումը)։

Հետևաբար, Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Տեսչության 11.03.2009 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին արձանագրությունում նշում չկա վարչական իրավախախտման կատարման ժամանակի մասին, հիմնավոր չէ։

Բացի այդ, Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է նաև Գագիկ Թովմասյանի վկայակոչած այն փաստարկը, որ օրական 5-7 կգ մսի իրացման պայմաններում հատուկ սարքավորում ունեցող տրանսպորտային միջոցի անհրաժեշտություն չկա, իսկ Կազմակերպությունում մսի սանիտարական վիճակի պահպանումն ապահովվում է։

 Մինչդեռ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` սննդամթերքի փոխադրման համար oգտագործվող տրանսպորտային միջոցները պետք է ապահովեն սննդամթերքի որակական հատկությունների պահպանությունը, չվնասեն դրա փաթեթավորումը և պաշտպանեն աղտոտումից` սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխան։ Սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանող փոխադրամիջոցներով։

Սույն գործում առկա 11.03.2009 թվականի թիվ 5114 ստուգման ակտի համաձայն` Կազմակերպությունում մսի փոխադրումը չէր կատարվում հատուկ այդ նպատակի համար հատկացված փոխադրամիջոցով, այլ իրականացվում էր անձնական մեքենայով, որը չուներ սանիտարական անձնագիր։ Ավելին, Գագիկ Թովմասյանը ստորագրել և ստացել է ստուգման ակտը և Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի 11.03.2009 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 4752 արձանագրությունը և դրանցում արձանագրված խախտումների վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացրել։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միսը պատահական, ոչ այդ նպատակի համար նախատեսված ավտոմեքենայով օբյեկտ տեղափոխելով` Կազմակերպության կողմից խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և ՀՀ առողջապահության նախարարի 28.12.2001 թվականի թիվ 961 հրամանով հաստատված «Հատկապես շուտ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետները և պայմանները» N 2-III-4.4-1 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջները, ինչի կապակցությամբ էլ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնն իրավացիորեն Կազմակերպությունում խախտումներ է արձանագրել։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն oրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության։

ՀՀ կառավարության «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» 27.03.2003 թվականի թիվ 347-Ն որոշման 2-րդ հավելվածի 2-րդ սյունակի համաձայն` հանրային սննդի աշխատանքի կազմակերպություններում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության` աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ։

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ 11.03.2009 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին արձանագրությունից չի հետևում, որ խոսքը Կազմակերպության այն աշխատողների մասին է, ովքեր անմիջական շփում ունեն մսի հետ, այսինքն` նշված չեն բժշկական զննություն չանցած աշխատողների անունները, հիմնավորված չի համարել Կազմակերպության` բժշկական զննության ենթակա անձանց այդպիսի զննություն անցած չլինելու փաստը։

Մինչդեռ Դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի 28.08.2009 թվականի գրությունը, որի համաձայն` Կազմակերպության աշխատակիցները 2008-2009 թվականներին չեն անցել պարտադիր բժշկական զննություն։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության` բժշկական զննության ենթակա աշխատակիցներից ոչ մեկը 2008-2009 թվականներին չի անցել պարտադիր բժշկական զննություն, ինչն էլ արձանագրվել է 11.03.2009 թվականի ստուգման ակտում, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին արձանագրությունում։

Միաժամանակ Դատարանը, պատճառաբանելով, որ Կազմակերպության կողմից խախտումները կարող են որակվել շարունակական միայն այն դեպքում, երբ ստուգումները կատարված լինեին երկու և ավելի օր, ու այդ օրերին հայտնաբերվեին միևնույն խախտումները, ինչպես նաև հաստատված համարելով, որ արձանագրության մեջ նշում չկա այն մասին, որ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնն ավելի վաղ Կազմակերպությունում ստուգումներ է կատարել և այդ ժամանակ էլ հայտնաբերել է նույն խախտումները, հանգել է այն հետևության, որ Գագիկ Թովմասյանի կողմից շարունակական խախտումներ թույլ տալու հանգամանքը չի հիմնավորվել գործում առկա փաստաթղթերով։

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ 10.02.2009 թվականի թիվ 497/05 հանձնարարագրով ստուգման ժամականակահատվածը նշվել է 23.02.2009 թվականից մինչև 11.03.2009 թվականը, ավելին, դատաքննության ընթացքում Կազմակերպության տնօրենն ընդունել է այն փաստը, որ նա օրական 5-7 կգ միս է գնել շուկայից և դրա համար առանձնացված էմալապատ ամանի մեջ տեղավորելով` կափարիչով ծածկված վիճակում մեքենայով տեղափոխել է Կազմակերպություն։

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով ՀՀ կառավարության 27.03.2003 թվականի թիվ 347-Ն որոշման 2-րդ հավելվածի պահանջն այն մասին, որ հանրային սննդի աշխատանքի կազմակերպություններում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հաստատված Կազմակերպության` բժշկական զննության ենթակա աշխատակիցներից ոչ մեկը 2008-2009 թվականներին պարտադիր բժշկական զննություն անցած չլինելու և օրական 5-7 կգ միսն առանց հատուկ սարքավորում ունեցող տրանսպորտային միջոցի Կազմակերպություն տեղափոխելու փաստերի առկայությունը Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնին բավարար հիմք են տվել միսը դրա համար չնախատեսված փոխադրամիջոցով տեղափոխելու և Կազմակերպության աշխատակիցների` բժշկական զննության ենթարկված չլինելու խախտումները շարունակական որակելու համար։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի 11.03.2009 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 4752 արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան։

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում…, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշումը պետք է պարունակի՝ այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը։

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ «Տուգանք սահմանելու մասին» 26.03.2009 թվականի որոշման մեջ տեղ են գտել սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքում նշված նույն խախտումները, հանգել է այն հետևության, որ նշված որոշումը կայացվել է ոչ հստակորեն որոշված և փաստացի կատարված իրավախախտումների համար։

Բացի այդ, Դատարանը, նշելով, որ «Տուգանք սահմանելու մասին» 26.03.2009 թվականի որոշման մեջ չի նշվել, թե ինչ հանգամանքների հիման վրա է Գագիկ Թովմասյանի նկատմամբ կիրառվել 70.000 ՀՀ դրամի, այլ ոչ թե ուրիշ չափով տուգանք, գտել է, որ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի` որոշման մեջ քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը նշելու մասին պահանջը։

Միաժամանակ Դատարանը գտել է, որ «Տուգանք սահմանելու մասին» 26.03.2009 թվականի որոշմամբ խախտվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, քանի որ որոշումից չի երևում, թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն է դիտվել որպես առավել լուրջ խախտում, թե նույն օրենսգրքի 47.5-րդ հոդվածով նախատեսվածը, և դրանցից որով նախատեսված տույժն է կիրառվել, կամ երկրորդով սահմանված տույժը հիմնականին միացվել է որպես լրացուցիչ տույժ, թե ոչ։

Արդյունքում Դատարանը եկել է այն եզրահանգման, որ Գագիկ Թովմասյանի վրա դրվել է իրավական առումով ակնհայտորեն չհիմնավորված պարտականություն, ուստի «Տուգանք սահմանելու մասին» 26.03.2009 թվականի որոշումն առոչինչ վարչական ակտ է։

Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի շրջանակներում արդեն իսկ արտահայտել է իր իրավական դիրքորոշումը Կազմակերպության տնօրեն Գագիկ Թովմասյանի կողմից թույլ տրված խախտումների հիմնավորվածության և դրանց շարունակական բնույթ կրելու մասին։ Հետևաբար «Տուգանք սահմանելու մասին» 26.03.2009 թվականի որոշումը կայացվել է Գագիկ Թովմասյանի կողմից կատարված կոնկրետ իրավախախտումների համար։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում։ Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի մթնոլորտային oդի պահպանության կանոններից և նորմերից), հիգիենիկ նորմատիվները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.5-րդ հոդվածի համաձայն` պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաև պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

 Նույն արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

Վերլուծելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի և 47.5-րդ հոդվածի սանկցիաները և հաշվի առնելով վճռաբեկ բողոքում վկայակոչված այն հանգամանքը, որ աշխատողների բժշկական զննության չենթարկվելը և մսի փոխադրումն առանց դրա համար հատկացված հատուկ փոխադրամիջոցի իրականացնելը դիտվել են որպես սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջների խախտում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Տուգանք սահմանելու մասին» 26.03.2009 թվականի որոշմամբ Գագիկ Թովմասյանի նկատմամբ չի կիրառվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.5-րդ հոդվածի հատկանիշներով սահմանված տուգանքը, այլ նրա նկատմամբ տուգանք է նշանակվել միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան։ Ընդ որում, որոշում կայացնելիս հաշվի առնելով կատարված իրավախախտման շարունակական բնույթը` Գագիկ Թովմասյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի շրջանակներում տուգանք է սահմանվել 70.000 ՀՀ դրամի չափով։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Տուգանք սահմանելու մասին» 26.03.2009 թվականի թիվ 3507 որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան։ Մասնավորապես` այն պարունակում է գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը։

Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Տուգանք սահմանելու մասին» 26.03.2009 թվականի որոշման առոչինչ լինելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումն անհիմն է։

 

3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով այլ մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին կարող է գանգատարկվել վերադաս մարմնին (վերադաս պաշտոնատար անձին) կամ դատարան։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումն ընդունելու օրվանից հետո տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այլ օրենքներում պարունակվող վարչական դատավարական նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը դատարան կարող է ներկայացվել` վիճարկման հայցի դեպքում երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում պարունակվող վարչական դատավարական նորմերը պետք է համապատասխանեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին, իսկ հակառակ դեպքում պետք է կիրառվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում են վարչական դատարան դիմելու (դատական պաշտպանության) տարբեր ժամկետներ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածը կիրառելի չէ (տե՛ս Տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հայկ Ադամյանի՝ 80.000 ՀՀ դրամ վարչական իրավախախտման համար սահմանված տուգանքի գումարը վճարելու պահանջի մասին և Հայկ Ադամյանն ընդդեմ Տեսչության Արարատի մարզային կենտրոնի` վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ3/0414/05/08 գործով Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշումը)։

Ինչ վերաբերում է բողոքի այն փաստարկին, որ Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ևս անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն oրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի կիրառման իրավական վերլուծությանը։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի նորմերը չեն տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ տվյալ օրենքի 71-րդ հոդվածը, սահմանելով վարչական ակտի բողոքարկման ժամկետները, ըստ էության սահմանում է վարչական ակտի բողոքարկումը վարչական կարգով՝ ակտն ընդունած վարչական մարմնին կամ վարչական մարմնի վերադաս վարչական մարմնին։ Ընդ որում, վարչական բողոքի համար սահմանված ժամկետների բացթողումը վարչական ակտը դարձնում է անբողոքարկելի միայն վարչական կարգով (տե՛ս «Գլուր» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության, ՀՀ ԱՆ Գեղարքունիքի ԴԱՀԿ ծառայության Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի, երրորդ անձինք Գուրգեն Դարբինյանի, Տիգրան Դարբինյանի, Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի՝ պաշտոնատար անձանցօրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԳԴ/0171/02/09 որոշումը)։

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` վճարման կարգադրությունը ներառում է կարգադրություն` վճարման կարգադրությունը ստանալու կամ նույն օրենսգրքի համաձայն` պատշաճ ծանուցված համարվելու պահից երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե պատասխանողը վարչական ակտը համարում է ապօրինի։

Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը, վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթն ամրագրելով որպես առանձնահատուկ վարչական վարույթ, այն է` հատուկ վարույթ, սահմանել է տվյալ վարույթի ընթացքում հակընդդեմ հայց ներկայացնելու այլ ժամկետ՝ երկշաբաթյա ժամկետ` հնարավորություն ընձեռելով անձին վճարման կարգադրության վերաբերյալ վարույթում ներկայացնելու վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ հակընդդեմ հայց։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական դատավարությունում վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի դեպքում հակընդդեմ հայց ներկայացնելիս կիրառելի է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված ժամկետը, հետևաբար անձը կարող է հակընդդեմ հայց ներկայացնել վճարման կարգադրության մասին պատշաճ ծանուցված համարվելու պահից երկու շաբաթվա ընթացքում (տե՛ս Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի հայցն ընդդեմ «Սևան-Մոթել» ՓԲԸ-ի տնօրեն Վիլիկ Սիմոնյանի՝ 40.000 ՀՀ դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Վիլիկ Սիմոնյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի` տուգանք սահմանելու մասին 10.09.2008 թվականի թիվ 1898 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի թիվ ՎԴ2/0082/05/09 որոշումը)։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Թովմասյանը պահպանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը, այն է՝ վճարման կարգադրությունը ստացել է 10.08.2009 թվականին և հակընդդեմ հայց է ներկայացրել 24.08.2009 թվականին։

Վերը նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև հակընդդեմ հայցով ներկայացված պահանջի վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկը։

 

4) Վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով։

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները։

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցադիմումը պետք է բովանդակի նշում այն մասին, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնական տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է oրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձի (իրավաբանական անձի) կողմից` նաև այդ անձի (իրավաբանական անձի) անունը, ազգանունը (անվանումը), պաշտոնը, պատասխանողի անվանումը, գտնվելու վայրը, իսկ այն դեպքերում, երբ նույն oրենսգրքով սահմանված կարգով որպես պատասխանող հանդես է գալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա վերջիններիս անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, հայցի էության հակիրճ նկարագրությունը, այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջի իրավական հիմքերը, հայցվորի պահանջը, տեղեկություններ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ, այն ապացույցների ցանկը, որոնք հաստատում են հայցվորի պնդած փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, հայցադիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը։

Սույն գործով ներկայացված հակընդդեմ հայցի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարունակում է հայցադիմումին առաջադրվող պահանջները։ Մասնավորապես` դրանում նշված են հայցվորի պահանջի իրավական հիմքերը։

Ինչ վերաբերում է հակընդդեմ հայցում ապացույցների ցանկը նշված չլինելու հանգամանքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցին կից ապացույցներ ներկայացված չեն, իսկ նման պարագայում դրանց ցանկը նշելը կլիներ անիմաստ։

Վճռաբեկ բողոքի երրորդ հիմքում արտահայտված իրավական դիրքորոշման ուժով Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ հակընդդեմ հայցում չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի հայցը բավարարել՝ «Մարտունու պահածոների գործարան» ՍՊԸ-ի «Ցար» հանրային սննդի կազմակերպության տնօրեն Գագիկ Թովմասյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 70.000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը։ «Մարտունու պահածոների գործարան» ՍՊԸ-ի «Ցար» հանրային սննդի կազմակերպության տնօրեն Գագիկ Թովմասյանի հակընդդեմ հայցը մերժել։

2. «Մարտունու պահածոների գործարան» ՍՊԸ-ի «Ցար» հանրային սննդի կազմակերպության տնօրեն Գագիկ Թովմասյանից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բռնագանձել 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան