Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.31
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
02.04.2010
Дата вступления в силу
02.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/1400/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/1400/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Քրիստինե Սուլթանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 08.12.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Հրայր, Քնարիկ, Համլետ, Լիանա Մանուկյանների ընդդեմ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի (այսուհետ՝ Նոտար), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), Քրիստինե Սուլթանյանի` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հրայր, Քնարիկ, Համլետ, Լիանա Մանուկյանները պահանջել են անվավեր ճանաչել Նոտարի կողմից 10.07.2006 թվականին տրված թիվ 16967 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և Քրիստինե Սուլթանյանի անվամբ 19.09.2006 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քրիստինե Սուլթանյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասը և 1227-րդ հոդվածի 1-ին մասը, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Քրիստինե Սուլթանյանը ժառանգության ընդունման օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում «02.12.2005թ.» թվագրված դիմումով դիմել է Նոտարին` հայտնելով, որ «2005թ. 09.07-ին մահացել է Արեգնազ Մանուկյանը, որի մահից հետո որպես ժառանգություն մնացել է անշարժ գույք։ Խնդրում եմ ինձ տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր»։ Նշված դիմումը կից փաստաթղթերով Նոտարի կողմից ընդունվել է, վավերացվել է, կազմվել է ժառանգական գործ։ Դիմումը 02.12.2005 թվականին նոտարին ներկայացնելու մասին են վկայում ժառանգական գործում առկա ժառանգատուի մահվան վկայականի վրա նշված ժառանգական գործի համարը «ժ/գ5293» և այն կազմելու ամսաթիվը «3-2/12-05», ինչպես նաև Արեգնազ Մանուկյանի կտակի դարձերեսին կտակն անփոփոխ մնացած լինելու մասին մակագրությունը 10.11.2005 թվականին կատարված լինելու և Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի «Լիլիա» համատիրության կողմից տրված երկու փաստաթղթերը 29.11.2005 թվականին թվագրված լինելու հանգամանքները։

Ժառանգության ընդունման դիմումն ուսումնասիրելիս անգամ անզեն աչքով տեսանելի է, որ դրա սկզբնական ամսաթիվը տպագրված է «02.12.2005թ.», սակայն այն ձեռագրով փոփոխելու արդյունքում դիմումի տրման ամսաթիվը ստացվել է «10.07.12.2006թ.», որպիսի պայմաններում Դատարանն առանց տպագիր դիմումում նշված ճիշտ ամսաթիվը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու և առանց որևէ պատճառաբանության դիմումի տրման ամսաթիվ է ընդունել 10.07.2006 թվականը։

Բացի այդ, Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված չի գնահատել նաև Նոտարի 16.04.2009 թվականի պատասխանն այն մասին, որ «Արեգնազ Մանուկյանի մահից հետո 02.12.2005թ-ին Դուք դիմել եք նոտարական գրասենյակ, մուտքագրվել է թիվ 5293 ժառանգական գործը, որը գրանցվել է նոտարական գրասենյակի խորհրդատու Աշոտ Ղազարյանի մոտ։ Գրանցամատյանում հաշվառվելը համարժեք է նոտարի մոտ հայտարարություն տալուն, ուստի Դուք Արեգնազ Մանուկյանի մահից հետո երեք ամիս անց ընդունել եք ժառանգությունը»։ Այդ ապացույցն ինքնին հիմնավորում է Քրիստինե Սուլթանյանի կողմից Արեգնազ Մանուկյանի մահից հետո 6 ամսվա ընթացքում նոտարական գրասենյակ հայտարարություն տալու միջոցով ժառանգությունն ընդունելու փաստը։

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 08.12.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 30.11.1998 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 075271 վկայականի համաձայն` Երևանի Բաբաջանյան փողոցի 93 շենքի թիվ 12ա բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Արեգնազ Մանուկյանին (գ.թ. 88-88ա

2) 29.04.2003 թվականի կտակի համաձայն` Արեգնազ Մանուկյանն իրեն պատկանող Երևանի Բաբաջանյան փողոցի 93 շենքի թիվ 12ա բնակարանն ամբողջությամբ կտակել է Քրիստինե Սուլթանյանին։ Կտակի դարձերեսին 10.11.2005 թվականին նոտարական կարգով կատարվել է «Կտակը մնացել է անփոփոխ» մակագրությունը (գ.թ. 82)։

3) Ժառանգական գործից պատճենահանված 07.09.2005 թվականի ԱԱ թիվ 030623 մահվան վկայականի համաձայն` Արեգնազ Մանուկյանը մահացել է 07.09.2005 թվականին։ Մահվան վկայականի վրա կատարվել են հետևյալ նշումները` «ժ/գ-5293» և «3-2/12-05» (գ.թ. 81)։

4) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքին հասցեագրված դիմումի համաձայն` Քրիստինե Սուլթանյանը հայտնել է, որ «2005թ.09.07-ին մահացել է Արեգնազ Մանուկյանը, որի մահից հետո որպես ժառանգություն մնացել է անշարժ գույք։ Խնդրում եմ ինձ տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր»։ Դիմումը տպագիր ձևով թվագրված է «02.12.2005թ.», սակայն դրա ամսաթվի վրա առկա է ձեռագիր փոփոխություն, որի հետևանքով դիմումի ամսաթիվը դարձել է «10.07.12.2006թ.» (գ.թ. 79)։

5) Ժառանգական գործից պատճենահանված Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի «Լիլիա» համատիրության 29.11.2005 թվականի երկու տեղեկանքները տրվել են նոտարական գրասենյակ ներկայացնելու համար (գ.թ. 83-84)։

6) Թիվ 5293/2005թ. ժառանգական գործի շրջանակներում Նոտարի կողմից Երևանի Բաբաջանյան փողոցի 93 շենքի թիվ 12ա բնակարանի նկատմամբ Քրիստինե Սուլթանյանին 10.07.2006 թվականին տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր (գ.թ. 15)։

7) Կադաստրի 12.10.2009 թվականի գրության համաձայն` Երևանի Բաբաջանյան փողոցի 93 շենքի թիվ 12ա բնակարանի նկատմամբ 19.09.2006 թվականին կատարվել է Քրիստինե Սուլթանյանի սեփականության իրավունքի պետական գրանցում (գ.թ. 66)։

8) 04.08.2009 թվականի դատական նիստի ձայնային արձանագրման և համառոտագրման համաձայն` 04.08.2009 թվականի դատական նիստում Քրիստինե Սուլթանյանը հրապարակել և Դատարանին է ներկայացրել Նոտարի 16.04.2009 թվականի գրությունն այն մասին, որ Քրիստինե Սուլթանյանը 02.12.2005 թվականին դիմել է նոտարական գրասենյակ, մուտքագրվել է թիվ 5293 ժառանգական գործը, որը գրանցվել է նոտարական գրասենյակի խորհրդատու Աշոտ Ղազարյանի մոտ։ Գրանցամատյանում հաշվառվելը համարժեք է նոտարի մոտ հայտարարություն տալուն, ուստի Քրիստինե Սուլթանյանն Արեգնազ Մանուկյանի մահից երեք ամիս հետո ընդունել է ժառանգությունը: 23.11.2009 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` գործի դատաքննության ընթացքում Դատարանը հրապարակել և հետազոտել է Նոտարի 16.04.2009 թվականի գրությունը (գ.թ. 51-54, 90ա-96)։ Նշված գրությունը սույն գործի նյութերում բացակայում է։ Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է նշված գրությանը նույնաբովանդակ նույն նոտարի կողմից 28.12.2009 թվականին տրված գրություն։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ Արեգնազ Մանուկյանը մահացել է 07.09.2005 թվականին, իսկ Քրիստինե Սուլթանյանը ժառանգության ընդունման համար Նոտարին է դիմել 10.07.2006 թվականին, հանգել է այն հետևության, որ 10.07.2006 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը Քրիստինե Սուլթանյանին տրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված դիմումի հիման վրա, հետևաբար այն անվավեր վարչական ակտ է։

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքին հասցեագրված դիմումով Քրիստինե Սուլթանյանը խնդրել է Արեգնազ Մանուկյանի մահից հետո մնացած անշարժ գույքի նկատմամբ տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր։ Դիմումը տպագիր ձևով թվագրված է «02.12.2005թ.», սակայն դրա ժամանակաթվի վրա առկա է ձեռագիր փոփոխություն, որի հետևանքով դիմումի ամսաթիվը դարձել է «10.07.12.2006թ.»։ 29.04.2003 թվականի կտակի դարձերեսին 10.11.2005 թվականին նոտարական կարգով կատարվել է «Կտակը մնացել է անփոփոխ» մակագրությունը։ Ժառանգական գործից պատճենահանված Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի «Լիլիա» համատիրության 29.11.2005 թվականի երկու տեղեկանքները տրվել են նոտարական գրասենյակ ներկայացնելու համար, իսկ Արեգնազ Մանուկյանի` 07.09.2005 թվականի մահվան վկայականի վրա կատարվել են հետևյալ նշումները` «ժ/գ-5293» և «3-2/12-05»։ Ընդ որում, Քրիստինե Սուլթանյանին ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է 10.07.2006 թվականին և թիվ 5293/2005թ. ժառանգական գործի շրջանակներում։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արեգնազ Մանուկյանի` 07.09.2005 թվականի մահվան վկայականի վրա կատարված նշումները և 10.07.2006 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրում նշված ժառանգական գործի համարը նույնական են։ Կտակի դարձերեսին առկա մակագրությունը կատարված է 10.11.2005 թվականին, իսկ Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի «Լիլիա» համատիրության երկու տեղեկանքները նոտարական գրասենյակ ներկայացնելու համար տրվել են 29.11.2005 թվականին։ Այսինքն` նշված փաստաթղթերը Քրիստինե Սուլթանյանը ձեռք է բերել ժառանգությունն ընդունելու հարցը կարգավորելու համար, իսկ ժառանգության ընդունման դիմումը թվագրված է 02.12.2005 թվականին։

Ավելին, Քրիստինե Սուլթանյանի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին հանձնված դիմումի վրա ի սկզբանե գրված է եղել 02.12.2005 ամսաթիվը, որը ձեռագիր եղանակով փոփոխվել է և գրվել է «10.07.12.2006թ.»։ Ի դեպ, վերոնշյալ ձեռագիր փոփոխության և Քրիստինե Սուլթանյանին ըստ կտակի ժառանգության իրավունքի 10.07.2006 թվականի վկայագրի ամսաթվերը նույնական են։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միաժամանակ նույն օրը Քրիստինե Սուլթանյանը չէր կարող դիմել նոտարական գրասենյակ ժառանգություն ընդունելու համար և նույն օրը՝ 10.07.2006 թվականին, ստանալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քրիստինե Սուլթանյանն Արեգնազ Մանուկյանի ժառանգությունն ընդունելու համար նոտարին է դիմել 02.12.2005 թվականին։

Բացի այդ, սույն գործի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերից բացակայում է 04.08.2009 թվականի դատական նիստում Քրիստինե Սուլթանյանի կողմից Դատարանին ներկայացված և գործի դատաքննության ընթացքում Դատարանի կողմից հրապարակված ու հետազոտված Նոտարի 16.04.2009 թվականի գրությունը, որի համաձայն` Քրիստինե Սուլթանյանը 02.12.2005 թվականին դիմել է նոտարական գրասենյակ, մուտքագրվել է թիվ 5293 ժառանգական գործը, որը գրանցվել է նոտարական գրասենյակի խորհրդատու Աշոտ Ղազարյանի մոտ։ Այսինքն` Դատարանը, առանց որևէ պատճառաբանության, գործի ապացույցների կազմից հանել է գործի լուծման համար վճռական նշանակություն ունեցող նշված ապացույցը, որն ուղղակիորեն հիմնավորում է Արեգնազ Մանուկյանի ժառանգությունն ընդունելու համար Քրիստինե Սուլթանյանի կողմից 02.12.2005 թվականին նոտարին դիմելու հանգամանքը։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի լուծման համար վճռական նշանակություն ունեցող նշված ապացույցը գործի ապացույցների կազմից հանելով` Դատարանը թույլ է տվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քրիստինե Սուլթանյանն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգության ընդունման դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելու միջոցով ընդունել է Արեգնազ Մանուկյանի ժառանգությունը, որպիսի պարագայում 10.07.2006 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է օրենքի պահանջների պահպանմամբ։ Հետևաբար ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, ինչպես նաև դրա հիման վրա Քրիստինե Սուլթանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 08.12.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Հրայր, Քնարիկ, Համլետ, Լիանա Մանուկյանների հայցը մերժել։

2. Հրայր, Քնարիկ, Համլետ, Լիանա Մանուկյաններից հօգուտ Քրիստինե Սուլթանյանի համապարտության կարգով բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան