ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/7030/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/7030/05/08 |
2009թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 21.05.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Սամսոն Հովսեփյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 18.09.2008 թվականի թիվ 004596 արձանագրությունը, Երևանի քաղաքապետի 07.10.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշումն առոչինչ ճանաչելու, Երևանի Չեխովի 1-ին փակուղի թիվ 2 հասցեում գտնվող տան և հողամասին կից 98.3քմ հողամասն անհատույց հատկացնելու վերաբերյալ որոշում կայացնելուն պարտավորեցնելու և իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Սամսոն Հովսեփյանի` գումար բռնագանձելու և տարածքը նախկին տեսքի բերելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սամսոն Հովսեփյանը պահանջել է առոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 18.09.2008 թվականի թիվ 004596 արձանագրությունը և դրա հիման վրա կայացված Երևանի քաղաքապետի 07.10.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշումը, պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Երևանի Չեխովի 1-ին փակուղի թիվ 2 հասցեում գտնվող տան և հողամասին կից 98.3քմ հողամասն անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ կայացնելու որոշում և Կադաստրին պարտավորեցնել կատարելու իրավունքների պետական գրանցում:
Դիմելով դատարան՝ Երևանի քաղաքապետարանը պահանջել է Սամսոն Հովսեփյանից բռնագանձել Երևանի քաղաքապետի 03.06.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշմամբ նշանակված 400.000 ՀՀ դրամ վարչական տույժը և վճարված պետական տուրքը, ինչպես նաև պարտավորեցնել Սամսոն Հովսեփյանին քանդել Երևանի Չեխովի 1-ին փակուղի թիվ 2 հասցեի տան հարևանությամբ պետությանը պատկանող 1.2x35.5մ չափի հողամասի վրա իրականացված ինքնակամ շինությունը և տարածքը բերել նախկին տեսքի:
Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է Սամսոն Հովսեփյանին Երևանի Չեխովի 1-ին փակուղի թիվ 2 հասցեի տան հարևանությամբ պետությանը պատկանող 1.2x35.5մ չափի հողամասի վրա իրականացված ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և տարածքը նախկին տեսքի բերելու պահանջից:
ՀՀ վարչական դատարանի 16.01.2009 թվականի (այսուհետ` Դատարան) որոշմամբ նշված վարչական գործերը միացվել են մեկ վարույթում:
Դատարանի 21.05.2009 թվականի վճռով Սամսոն Հովսեփյանի հայցը բավարարվել է, Երևանի քաղաքապետարանի հայցը գումար բռնագանձելու մասով մերժվել է, իսկ Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Սամսոն Հովսեփյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և տարածքը նախկին տեսքի բերելու պահանջների մասին վարչական գործի վարույթը` կարճվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սամսոն Հովսեփյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ և 24-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ, 251-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին կետը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 23-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 37-րդ, 63-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը, «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 55-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է գործում առկա ապացույցները և այն հանգամանքը, որ Սամսոն Հովսեփյանի կողմից կատարվել է զանցանք, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է պատասխանատվություն, ընդ որում ենթակա է վարչական պատասխանատվության անգամ խախտման հետևանքները հետագայում վերացնելու դեպքում: Ի դեպ, Սամսոն Հովսեփյանը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ իր կողմից թույլ չի տրվել խախտում, այլ պնդել է, որ շինարարական աշխատանքները կատարվել են իր իրավանախորդների կողմից: Այսպես, նշված հասցեի նախկին սեփականատերերի կողմից կառուցվել է սանհանգույց, մինչդեռ, վարչական մարմինը իրավախախտման առարկա համարել է դարպասի տեղափոխմամբ իրականացված շինարարական աշխատանքները: Այսինքն` Երևանի քաղաքապետի 07.10.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշումը կայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ, և այն անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն:
Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածի և ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ հոդվածները, որոնց ուժով վիճելի հողամասը սեփականության իրավունքով պատկանում է պետությանը: Երևանի քաղաքապետի 07.10.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշման իրավաչափության հարցը քննարկելիս Դատարանը եզրահանգել է, որ վարչական վարույթի ընթացքում չի ապացուցվել, որ վեճի առարկա հողամասը պետության սեփականությունն է:
Ավելին, հիմք ընդունելով, որ Սամսոն Հովսեփյանի իրավանախորդներն արդեն իսկ ուժը կորցրած վարչական ակտի հիման վրա համարվել են վիճելի հողամասի սեփականատեր, և առուվաճառքի պայմանագրի հիմքով դրա իրավունքներն անցել են Սամսոն Հովսեփյանին, միաժամանակ Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է կայացնել բարենպաստ վարչական ակտ` հողամասը Սամսոն Հովսեփյանին սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ: Այսինքն` Դատարանի վճիռն իր մեջ պարունակում է իրարամերժ եզրահանգումներ:
Բացի այդ, Դատարանը, դուրս գալով հայցի շրջանակներից, գնահատել է Երևանի քաղաքապետի 03.06.2004 թվականի թիվ 987 որոշումից ծագող իրավունքները պետական գրանցում կատարելը մերժելու մասին Կադաստրի 07.07.2006 թվականի թիվ 1Կ-04/1-7517 գրության իրավաչափության հարցը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 21.05.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Սամսոն Հովսեփյանի հայցը մերժել, իսկ Երևանի քաղաքապետարանի հայցը` բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանի կողմից վճիռը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Երևանի քաղաքապետի 03.06.2004 թվականի թիվ 987 որոշման համաձայն` Երևանի Չեխովի փողոցի 1-ին փակուղու թիվ 2 տան հասցեում գտնվող 10.8քմ սանհանգույցի նկատմամբ ճանաչվել է Սամվել և Ստեփան Սարգսյանների սեփականության իրավունքը, իսկ 98.3քմ հողամասը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով գնել (հատոր 1-ին, գ.թ. 17), որից ծագող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել:
2. 16.07.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2448215 վկայականի համաձայն` Երևանի Չեխովի փողոցի 1-ին փակուղու թիվ 2 հասցեում գտնվող 206.4քմ մակերեսով բնակելի տան և 0.0497հա հողամասի սեփականատերը Սամսոն Հովսեփյանն է, (հիմք` 11.07.2007 թվականի առուվաճառքի թիվ 7462 պայմանագիրը) (հատոր 1-ին, գ.թ. 28-31):
3. Երևանի քաղաքապետի 21.05.2008 թվականի թիվ 2336-Ա որոշմամբ ուժը կորցրած է համարվել Երևանի քաղաքապետի կողմից 2003-2005 թվականներին ընդունված որոշումները 1593 քաղաքացիների, այդ թվում` նաև Սամվել և Ստեփան Սարգսյանների մասով` հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 25.04.2008 թվականի թիվ ՄՎ-5/1690 գրությունն այն մասին, որ քաղաքացիների հայտերի հիման վրա ինքնակամ կառուցված շենքերը, շինություններն օրինականացնելու մասին Երևանի քաղաքապետի կողմից 2003-2005 թվականներին ընդունված մի շարք որոշումները մասնակի պետական գրանցում չեն ստացել (հատոր 1-ին, գ.թ. 73-74):
4. 18.09.2008 թվականի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության թիվ 004596 արձանագրության համաձայն` Սամսոն Հովսեփյանը Երևանի Չեխովի փողոցի 1-ին փակուղու թիվ 2 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի 1.20մ լայնությամբ և 35.5մ երկարությամբ դարպասի տեղափոխմամբ կատարել է հողազավթում (հատոր 1-ին, գ.թ. 16):
5. Երևանի քաղաքապետի 07.10.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշմամբ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սամսոն Հովսեփյանի կողմից Երևանի Չեխովի փողոցի 1-ին փակուղու թիվ 2 տան հարևանությամբ պետության սեփականության իրավունքով պատկանող 1.20x 35.5 չափերի հողամասի վրա ինքնակամ իրականացվել է շինարարական աշխատանքներ, որոշվել է Սամսոն Հովսեփյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական պատասխանատվության` նշանակելով վարչական տույժ 400.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև պարտավորեցնել քանդելու ինքնակամ շինությունը և տարածքը բերել նախկին տեսքի (հատոր 1-ին, գ.թ. 17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը նշված հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետության և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Սույն գործով Դատարանը Երևանի քաղաքապետի 07.10.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշումն անվավեր ճանաչելու մասին հայցապահանջի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության հիման վրա` «անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար պետք է հաստատվի, որ տվյալ հողամասը պատկանում է համայնքին կամ պետությանը, ինչպես նաև այն, որ Սամսոն Հովսեփյանի կողմից կառուցվել է ինքնակամ շինություն` առանց համապատասխան շինարարական թույլտվության»:
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է և ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության՝ համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն՝ դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության՝ քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (Տես՝ «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ն ընդդեմ Սոս Բաղդասարյանի՝ բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ 3-480(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ Քաղաքապետարանի կողմից գործի քննության ընթացքում որևէ կերպ չհիմնավորվեց վիճելի տարածքի` պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանելու փաստը` անտեսելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը հողամասի պետական սեփականություն հանդիսանալու կանխավարկածի հետ կապված արդեն արտահայտել է իր դիրքորոշումը: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ գործի նյութերում բացակայում է վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանելու մասին որևէ ապացույց, արձանագրել է, որ նման դեպքերում գործում է դրա՝ պետական սեփականություն լինելու կանխավարկածը (Տես Սիմոն Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1835(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետի 21.05.2008 թվականի թիվ 2336-Ա որոշմամբ ուժը կորցրած է համարվել Երևանի քաղաքապետի կողմից 2003-2005 թվականներին ընդունված որոշումները 1593 քաղաքացիների, այդ թվում` նաև Սամվել և Ստեփան Սարգսյանների մասով: Այսինքն` 98.3 քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով գնելու թույլտվության մասին Երևանի քաղաքապետի 03.06.2004 թվականի թիվ 987 որոշումն ուժը կորցրած է համարվել դրանից ծագող իրավունքները պետական գրանցման չենթարկելու հիմքով:
Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործում նույնպես բացակայում է վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի պատկանելու մասին որևէ ապացույց, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նույնպես կիրառելի է այդ հողամասի պետական սեփականություն հանդիսանալու կանխավարկածը:
Ինչ վերաբերում է Դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ Սամսոն Հովսեփյանի կողմից ինքնակամ շինություն չի կառուցվել, այլ ընդհակառակը, արդեն իսկ քանդվել է նրա կողմից, ապա այն նույնպես անհիմն է, քանի որ Սամսոն Հովսեփյանը պատասխանատվության է ենթարկվել ոչ թե արդեն իսկ քանդված շինության, այլ Երևանի Չեխովի փողոցի 1-ին փակուղու թիվ 2 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի 1.20 մ լայնությամբ և 35.5 մ երկարությամբ դարպասի տեղափոխմամբ հողազավթում կատարելու համար:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-2504 (ՏԴ) գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006թ. որոշումը):
Դատարանը, վկայակոչելով «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը, և պատճառաբանելով, որ Երևանի քաղաքապետն իր 03.07.2004 թվականի թիվ 987-Ա որոշմամբ արդեն իսկ ճանաչել է վիճելի շինության և հողամասի նկատմամբ Սամվել Սարգսյանի սեփականություն ունենալու իրավունքը, անտեսել է, որ Երևանի քաղաքապետի վերոնշյալ որոշումը ուժը կորցրած է համարվել դրանից ծագող իրավունքները պետական գրանցման չենթարկելու հիմքով:
Բացի այդ, Դատարանը, մի կողմից հաստատված համարելով, որ Սամսոն Հովսեփյանի իրավանախորդներն արդեն իսկ ուժը կորցրած վարչական ակտի հիման վրա համարվել են վիճելի հողամասի սեփականատեր, և առուվաճառքի պայմանագրի հիմքով դրա իրավունքներն անցել է Սամսոն Հովսեփյանին, մյուս կողմից հողամասը սեփականության իրավունքով հատկացնելու մասին Սամսոն Հովսեփյանի հայցը քննելիս Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է կայացնել բարենպաստ վարչական ակտ` վիճելի հողամասը Սամսոն Հովսեփյանին սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ: Այսինքն` Դատարանի վճիռն իր մեջ պարունակում է իրարամերժ եզրահանգումներ:
Ավելին, Դատարանը, դուրս գալով հայցի շրջանակներից, վճիռ կայացնելիս քննարկել և գնահատել է Երևանի քաղաքապետի 03.06.2004 թվականի թիվ 987 որոշումից ծագող իրավունքները պետական գրանցում կատարելը մերժելու մասին Կադաստրի 07.07.2006 թվականի թիվ 1Կ-04/1-7517 գրության իրավաչափության հարցը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտն անհիմն է: Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի հետազոտել ու գնահատել գործում առկա ապացույցները, չի պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները և չի կիրառել սույն գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն` Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 21.05.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |