Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (30.12.1991-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
30.12.1991
Дата подписания
30.12.1991
Дата вступления в силу
30.12.1991

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման համատեղ գործունեության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները,

նշելով տիեզերական գիտության և տեխնիկայի մեծ նշանակությունը Համագործակցության մասնակից պետությունների զարգացման համար,

ընդունելով տիեզերական տարածության արդյունավետ հետազոտման և օգտագործման համար ջանքերի միավորման անհրաժեշտությունը՝ ի շահ Համագործակցության մասնակից պետությունների ժողովրդական տնտեսության և գիտության, ինչպես նաև պաշտպանունակության և կոլեկտիվ անվտանգության ապահովման,

հաստատելով ԽՍՀՄ կողմից նախկինում ստանձնած միջազգային համաձայնագրերի և պարտավորությունների խստիվ պահպանման անհրաժեշտոթյունը տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման բնագավառում,

հաշվի առնելով, որ տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման համատեղ գործունեության մասին Համաձայնագրի ընդունումը կծառայի այն ստորագրող պետությունների շահերին,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման համատեղ գործունեությունն իրականացվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից միջպետական ծրագրերի հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման միջպետական ծրագրերի իրագործումը համակարգում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից ձևավորված Տիեզերքի միջպետական խորհուրդը: Խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կառավարությունների ղեկավարների որոշմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Ռազմական և կրկնակի նշանակության (ռազմական և քաղաքացիական) տիեզերական միջոցների մասով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման միջպետական ծրագրերի կատարումը ապահովում են միավորված ստրատեգիական զինված ուժերը:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման միջպետական ծրագրերը ֆինանսավորվում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների բաժնային ներդրումների հաշվին և իրականացվում են գոյություն ունեցող և նորից ստեղծվող տիեզերական համալիրների և տիեզերական օբյեկտների ենթակառուցվածքի («Բայկանուր» և «Պլիսեցկ» տիեզերակայանները, տեխնիկական, մեկնարկային, վայրէջքային համալիրները, կրող հրթիռների անջատվող բեկորների ընկնելու վայրերը, տիեզերական օբյեկտների թռիչքների ղեկավարման կենտրոնները, տիեզերագնացների պատրաստման կենտրոնը, հրամանաչափող համալիրները, տեղեկատվության ընդունման և մշակման կետերը, զինապահեստները և այլ օբյեկտները) հիման վրա:

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ինքնուրույն ծրագրերի կատարման համար նշված ենթակառուցվածքի օգտագործումը որոշվում է շահագրգիռ կողմերի առանձին համաձայնագրերով:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Ժողտնտեսական, գիտական և ռազմական նշանակության տիեզերական նոր համակարգերի ստեղծման և շահագործման, փորձարարական եզակի բազաների պահման ծախսերը, ինչպես նաև առևտրային հիմքով իրականացվող տիեզերական ծրագրերից և տիեզերական սարքերի արձակումից ստացված շահույթը, բաշխվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների բաժնային մասնակցության համապատասխան:

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, հատուկ համաձայնագրով որոշվող պայմաններով և կարգով, պատասխանատվություն են կրում տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման իրենց գործունեության համար:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները պարտավորվում են, գործող միջազգային իրավական նորմերին համապատասխան, տիեզերական տարածության հետազոտման ու օգտագործման իրենց գործունեությունը հիմնել և համակարգել իրենց ջանքերը, ուղղված տիեզերական տարածության հետազոտմանը և օգտագործման միջազգային իրավական հիմնախնդիրների լուծմանը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները պարտավորվում են ընդունել տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման միջպետական ծրագրերի ֆինանսավորման բաժնային մասնակցության կարգը, նյութաէներգետիկ պաշարների, տարածքների, օբյեկտների տրամադրման, տիեզերական տեխնիկայի օգտագործման հետ կապված վնասի հատուցման, ինչպես նաև սույն Համաձայնագիրը մասնակից պետություններից մեկի, կամ բոլորի կողմից լուծման կարգը սահմանող փոխհամաձայնեցված որոշումներ:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները պարտավորվում են տիեզերական տարածության հետազոտման ու օգտագործման միջպետական ծրագրերի կատարմանը ներգրավված սուբյեկտներին և օբյեկտներին ապահովել անհրաժեշտ նյութատեխնիկական պաշարներով, տրամադրել արտոնություններ պետական կարգավորման և հարկման ժամանակ, ինչպես նաև լուծել սոցիալական աջակցության և պաշտպանության հարցերը:

Նրանք պարտավորվում են, պետական բյուջեների ձևավորման ժամանակ, սկսած 1992 թվականից, անհրաժեշտ միջոցների հատկացում նախատեսել Միջպետական ծրագրերի իրականացման համար:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները պարտավորվում են բարձրագույն կրթության համակարգում իրականացնել որակավորված մասնագետների նպատակային պատրաստում, գիտահետազոտական ինստիտուտներում և գիտությունների ակադեմիայում, տիեզերական օբյեկտների ենթակառուցվածքը արհեստավարժ կադրերով համալրելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետություններն իրենց տարածքներում տեղակայված տիեզերական համալիրների և տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների նորմալ գործունեության խախտմանը (դժվարության) հանգեցնող գործողություններ չեն կատարում և որոշումներ չեն ընդունում:

Նրանք պարտավորվում են պահպանել և զարգացնել Միջպետական ծրագրերի շրջանակներում ընդունված հրթիռատիեզերական տեխնիկայի նախագծման, ստեղծման, փորձարկման և վերամշակման առկա գիտատեխնիկական և արտադրական կարողությունները:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Մասնակից պետությունների համաձայնությամբ սույն Համաձայնագրին կարող են միանալ նաև այլ պետություններ:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1991 թվականի դեկտեմբերի 30-ին, մեկ բնօրինակով, սույն Համաձայնագրի մասնակից պետությունների պետական լեզուներով:

Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը դրա հավաստված պատճենները կուղարկի սույն Համաձայնագրի մասնակից պետություններին:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 30-ից: