Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Շվեդիայի Թագավորության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով դյուրացնել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունումը կամ տարանցումը,
հաշվի առնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիան և դրա լրացուցիչ արձանագրությունները, «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի հուլիսի 28-ի կոնվենցիան` լրացված և փոփոխված 1967 թվականի հունվարի 31-ի արձանագրությամբ, «Անքաղաքացիության կրճատման մասին» 1961 թվականի օգոստոսի 30-ի կոնվենցիան,
ելնելով համագործակցելու ցանկությունից և փոխադարձության հիմքերից, հարգելով միջազգային պարտավորությունները, մասնավորապես, միջազգային իրավունքին համապատասխան, իրենց քաղաքացիների հետընդունման վերաբերյալ պարտավորությունը, համաձայնեցին հետևյալի շուրջ.
Հոդված 1
Սահմանումներ
1. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ նշանակում է` անձ, որը ո՛չ Շվեդիայի Թագավորության, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
2. ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁ նշանակում է` անձ, որը չի բավարարում կամ այլևս չի բավարարում Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու իրավական պահանջները:
3. ՀԱՅՑՈՂ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄ նշանակում է` Կողմ, որը դիմում է մյուս Կողմին իր պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ տարանցելու վերաբերյալ դիմումով՝ սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:
4. ՀԱՅՑՎՈՂ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄ նշանակում է` Կողմ, որը հայցող Կողմից ստանում է այդ Կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ տարանցելու վերաբերյալ դիմում՝ սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:
5. ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ նշանակում է` Պայմանավորվող կողմերի մարմիններ, որոնց միջոցով իրականացվում են հետընդունման կամ տարանցման ընթացակարգերը:
6. ՄՈՒՏՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ նշանակում է` մուտքի վավերական բազմակի թույլտվություն, կացության թույլտվություն կամ փաստաթղթի այլ տեսակ, որի հիման վրա անձին թույլատրվում է մուտք գործել Պայմանավորվող կողմի պետության տարածք:
Հոդված 2
Սեփական քաղաքացիների հետընդունումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է առանց ավելորդ ձևականության հետ ընդունել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին, եթե ապացուցված է, որ նա նշված առաջին Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է: Հետ ընդունող Պայմանավորվող կողմը հնարավորինս շուտ տեղեկացվում է վերադարձման մասին:
2. Հայցվող Պայմանավորվող կողմը, հայցող Պայմանավորվող կողմի դիմումով, առանց ավելորդ ձևականությունների (բացառությամբ սույն Համաձայնագրով նախատեսվածների) հետ է ընդունում հայցող Պայմանավորվող կողմի տարածքում առանց թույլտվության գտնվող անձին, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նա հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է:
3. Հայցող Պայմանավորվող կողմը նորից հետ է ընդունում այդ անձին, եթե հետագա ստուգումները հաստատում են, որ նա, փաստորեն, հայցող Պայմանավորվող կողմի տարածքից մեկնելու պահին հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի չի եղել` պայմանով, որ չի կիրառվում 3-րդ հոդվածը:
4. Եթե անձի քաղաքացիությունը կամ ինքնությունը հնարավոր չէ ամբողջությամբ հաստատել, հայցող Պայմանավորվող կողմը կարող է աջակցություն խնդրել հայցվող Պայմանավորվող կողմից` նրա քաղաքացիությունն ու ինքնությունը հաստատելու համար: Այդ աջակցությունը ներառում է հայցվող Պայմանավորվող կողմի կողմից անձի հետ անցկացվող հարցազրույցը` աջակցության վերաբերյալ դիմումն ստանալուց հետո հնարավորինս կարճ ժամկետներում:
Հոդված 3
Օտարերկրացիների հետընդունումը
1. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, առանց ավելորդ ձևականությունների (բացառությամբ սույն Համաձայնագրով նախատեսվածների) հետ է ընդունում հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող բոլոր օտարերկրացիներին, եթե ապացուցված է կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այդ անձինք հայցող Պայմանավորվող կողմի պետության մարմինների կողմից հայտնաբերվելու պահին ունեցել են հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված մուտքի թույլտվություն:
2. Հայցող Պայմանավորվող կողմը նորից հետ է ընդունում այդ օտարերկրացուն, եթե հետագա ստուգումները հաստատում են, որ նա, փաստորեն, հայցող Պայմանավորվող կողմի պետության մարմինների կողմից հայտնաբերվելու պահին չի ունեցել հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված մուտքի թույլտվություն:
3. Պայմանավորվող կողմն առանց ձևականության հետ է ընդունում նաև այն օտարերկրացուն, որը.
ա) ժամանել է մյուս Պայմանավորվող կողմի պետության սահման առանց մուտքի թույլտվության կամ
բ) անօրինական կերպով մուտք է գործել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք ոչ շուտ, քան 6 ամիս առաջ,
եթե ապացուցված է կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ օտարերկրացին ժամանել է անմիջապես առաջինը նշված Պայմանավորվող կողմի տարածքից: Օտարերկրացու վերադարձն իրականացվում է առանց հետաձգման` ամենաշուտ մեկնող փոխադրամիջոցով:
Հոդված 4
Ճամփորդական փաստաթղթերի տրամադրումը
Հետընդունման դիմումի դրական պատասխանն ստանալուց հետո հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, անհրաժեշտության դեպքում, հնարավորինս արագ, բոլոր դեպքերում առավելագույնը 7 օրվա ընթացքում հետընդունման ենթակա անձին տրամադրում է վերադարձի համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական պետք է լինի առնվազն 60 օր: Եթե իրավական կամ փաստական պատճառներով նախապես տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ընթացքում համապատասխան անձին հնարավոր չի լինում փոխադրել, հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս արագ, բոլոր դեպքերում առավելագույնը 7 օրվա ընթացքում տրամադրում է նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ:
Հոդված 5
Ժամկետները
1. Հայցվող Պայմանավորվող կողմն արձագանքում է հետընդունման վերաբերյալ դիմումին առանց հետաձգման և ամեն դեպքում առավելագույնը 60 օրվա ընթացքում:
2. Հայցվող Պայմանավորվող կողմը այն անձին, որի հետընդունման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, ընդունում է առանց հետաձգման, ամեն դեպքում առավելագույնը մեկ ամսվա ընթացքում: Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա այս ժամկետը կարող է երկարացվել, եթե որևէ իրավական կամ գործնական խնդիր ծագի:
3. Հետընդունման վերաբերյալ դիմումը պետք է ներկայացվի հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին առավելագույնը 6 ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ հայցող մարմինը տեղեկացել է, որ օտարերկրացին իր տարածքում գտնվում է առանց թույլտվության: Որևէ իրավական կամ գործնական խնդրի առաջացման դեպքում դիմումի ժամկետը երկարացվում է, բայց միայն մինչև խնդրի վերանալը:
Հոդված 6
Տարանցման սկզբունքները
1. Պայմանավորվող կողմը օտարերկրացուն թույլատրում է անցնել իր տարածքով մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից տրված մուտքի մերժման կամ արտաքսման հրամանի իրականացման կապակցությամբ պայմանով, որ առաջիկա ուղևորությունը դեպի նպատակակետ հանդիսացող պետություն երաշխավորված է:
2. Պայմանավորվող կողմերը ջանքեր են գործադրում օտարերկրացիների տարանցումը սահմանափակելու համար այն դեպքերում, եթե հնարավոր չէ այդ անձանց անմիջապես վերադարձնել նպատակակետ հանդիսացող պետություն:
3. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է մերժել տարանցումը` ելնելով հանրային առողջապահության, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի հիմքերից:
4. Պայմանավորվող կողմերը կարող են չեղյալ համարել տարանցման ցանկացած թույլտվություն, եթե հետագայում ի հայտ գան 3-րդ կետում նշված` տարանցմանը խոչընդոտող հանգամանքներ, կամ եթե առաջիկա ուղևորությունը նպատակակետ հանդիսացող պետություն այլևս երաշխավորված չլինի:
Հոդված 7
Փոխադրման և տարանցման ծախսերը
1. 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված դեպքերում մինչև հայցվող Պայմանավորվող կողմի պետության սահման անձի փոխադրման հետ կապված ծախսերը հոգում է հայցող Պայմանավորվող կողմը, եթե ծախսերը չի իրականացնում տրանսպորտային ընկերությունը: Անհրաժեշտության դեպքում հայցող Պայմանավորվող կողմը հոգում է նաև վերադարձի հետ կապված ծախսերը:
2. 6-րդ հոդվածի համաձայն` մինչև նպատակակետ երկրի սահման տարանցման հետ կապված ծախսերը և, անհրաժեշտության դեպքում, վերադարձի հետ կապված ծախսերը հոգում է հայցող Պայմանավորվող կողմը:
Հոդված 8
Տվյալների պաշտպանությունը
Ինչ վերաբերում է Համաձայնագրի կիրարկման համար անհրաժեշտ անձնական տվյալների փոխանակմանը, ապա այդպիսի տեղեկատվությունը կարող է վերաբերել միայն հետևյալին.
ա) փոխադրման ենթակա անձի և, անհրաժեշտության դեպքում, նրա ընտանիքի անդամների տվյալներ (օրինակ` ազգանուն, անուն, հայրանուն (եթե առկա է), որևէ նախկին անուն, ծածկանուն կամ կեղծանուն, այլ անուններ, ծննդյան ամսաթիվ ու վայր, սեռ, ներկա ու նախկին քաղաքացիություն).
բ) անձնագիր, ճամփորդական փաստաթուղթ, Պայմանավորվող կողմերից մեկի կամ երրորդ երկրի կողմից տրված անցաթուղթ կամ ինքնությունը հաստատող այլ փաստաթուղթ.
գ) փոխադրվող անձի ինքնությունը հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալներ.
դ) երթուղիներ և
ե) Պայմանավորվող կողմերից մեկի կամ երրորդ պետության կողմից տրված` մուտքի որևէ թույլտվության նկարագիր:
Հոդված 9
Կիրարկումը
1. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են իրավասու մարմինների և կապն ապահովող անձանց մասին: Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են նաև այդ իրավասու մարմիններին կամ կապն ապահովող անձանց վերաբերող փոփոխությունների մասին:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարեխղճորեն քննարկում է մյուս Պայմանավորվող կողմի ներկայացրած տվյալները և հետընդունման վերաբերյալ կայացնում որոշում` սույն Համաձայնագրի համաձայն:
3. Իրավասու մարմինները հանդիպում են անհրաժեշտության դեպքում և սույն Համաձայնագրի կիրարկման նպատակով որոշում կայացնում գործնական միջոցառումների մասին: Այս նպատակով Պայմանավորվող կողմերը կարող են ստեղծել Փորձագետների կոմիտե:
Հոդված 10
Դրույթներ, որոնց վրա չի տարածվում Համաձայնագիրը
1. Սույն Համաձայնագիրը չի ազդում Պայմանավորվող կողմերի միջազգային համաձայնագրերից բխող իրավունքների ու պարտավորությունների վրա:
2. Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում անձի վերադարձին, մասնավորապես` կամավոր վերադարձին, պաշտոնական ու ոչ պաշտոնական այլ պայմանավորվածությունների համաձայն:
Հոդված 11
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական պահանջների կատարման մասին Պայմանավորվող կողմերի՝ դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու օրվանից 30 օր հետո:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ ժամանակավորապես դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը, բացառությամբ 2-րդ հոդվածի, ելնելով հանրային առողջապահության, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի նկատառումներից: Դադարեցումը կարող է ուժի մեջ մտնել անհապաղ:
4. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել Պայմանավորվող ցանկացած կողմի գրավոր ծանուցմամբ. դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցումն ստանալու օրվանից երեք ամիս հետո:
Կատարված է Ստոկհոլմում 2008 թվականի նոյեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, շվեդերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տարբերակը:
Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2009թ. ապրիլի 19-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|