Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-870
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.31/13(747) Հոդ.329
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
23.03.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
23.03.2010
Дата вступления в силу
23.03.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 մարտի 2010 թ.

 

ՌՈԲԵՐՏ ՄԵՂԵՐԴԻՉ-ՂԱՐԱՍՍԵՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ռոբերտ Մեղերդիչ-Ղարասսեմյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 28-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Ռ. Մեղերդիչ-Ղարասսեմյանի` 11.01.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի 221-րդ հոդվածը վերնագրված է «Վերաքննիչ դատարանի լիազորությունները», որի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է.

«1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

 …

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ»:

Օրենսգրքի «Գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները» վերտառությամբ 28-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է.

«4. Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Դիմելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` դիմողը խնդրել է պատասխանող «Սիլվի Շաքար Կոնցեռն» ՓԲԸ-ից որպես վնաս բռնագանձել իր կողմից վճարված գումարները: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 19.12.2007թ. վճռով հայցը բավարարվել է մասնակի: Հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 20.03.2008թ. որոշմամբ բեկանվել է քաղաքացիական գործը, հակընդդեմ հայցի մասով ստորադաս դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:

Երևանի քաղաքացիական դատարանի` 27.02.2009թ. վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 23.04.2009թ. վճռով մերժել է վերաքննիչ բողոքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը 08.07.2009թ. որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին:

3. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկելով օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` գտնում է, որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին այն առումով, որ դրանով չի սահմանվում բավարար հստակ ձևակերպված ընթացակարգ, այն զուրկ է որոշակիությունից, իրավակիրառական պրակտիկայում խառնաշփոթի և կամայական դրսևորումների պատճառ է դառնում:

Օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի առումով դիմողը նշում է, որ վերոնշյալ դրույթը խիստ թերի է և չի ապահովում նշված հոդվածի կիրառման համար անհրաժեշտ որոշակիությունն այն առումով, որ չի պարունակում դրույթ այն չպահպանելու դեպքում ծագող հետևանքների վերաբերյալ:

4. Պատասխանողը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ դիմողն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի առնչությամբ առավելապես անդրադարձել է ընդհանուր իրավասության դատարանների կողմից կոնկրետ գործով կատարված դատավարական գործողություններին և կայացրած որոշումներին, իսկ վիճարկվող իրավադրույթի սահմանադրականության խնդրին անդրադարձել է խիստ հպանցիկ` ներկայացնելով ընդհանուր բնույթի դատողություններ, առանց կոնկրետ փաստարկներ ներկայացնելու: Ըստ պատասխանողի` օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի առնչությամբ դիմողն ըստ էության չի վիճարկում նշված հոդվածի սահմանադրականությունը, քանի որ դրա հակասահմանադրականության վերաբերյալ որևէ փաստարկ չի ներկայացնում: Այս դրույթի վերաբերյալ դիմողի վերլուծություններն ու եզրահանգումները վերաբերում են դրա իրավական նպատակահարմարությանը, սակայն անգամ այս դեպքում ներկայացված փաստարկները դժվար է հիմնավոր համարել:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 28-րդ հոդվածի 4-րդ մասի հակասահմանադրականության առնչությամբ դիմողն իր դիմումը հիմնավորում է բացառապես դատարանների կողմից, իր գնահատմամբ, թույլ տրված սխալներով և օրենքի խախտումներով` որևէ կերպ չհիմնավորելով վիճարկվող նորմի և ՀՀ Սահմանադրության միջև առկա որևէ հակասություն:

Դիմողը` ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության և կիրառման արդյունքում ընդունված դատական ակտերի օրինականության հարց:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 28-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության հարցի նկատմամբ կիրառելի է ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, ըստ որի. «Բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես ՀՀ սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

6. ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել առ այն, որ. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու՝ դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի՝ վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68 հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով»:

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը…գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 7-րդ մասերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Ռոբերտ Մեղերդիչ-Ղարասսեմյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 28-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

23 մարտի 2010 թ.

ՍԴՈ-870

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան