Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության եվ Բուլղարիայի Հանրապետության տարածաշրջանային զարգացման եվ բարեկարգման նախարարության միջեվ ճարտարապետության, տարածքների կառուցապատման եվ շինարարության բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը և Բուլղարիայի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և բարեկարգման նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
ելնելով Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ավանդական ջերմ, բարեկամական փոխհարաբերություններից,
ղեկավարվելով ճարտարապետության, տարածքների կառուցապատման և շինարարության բնագավառում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու ցանկությամբ,
ելնելով բարենպաստ և փոխշահավետ զարգացման և հավասարության շահագրգռվածությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը, համաձայն իրենց պետությունների գործող օրենսդրությունների, իրականացնում են փոխշահավետ և իրավահավասար համագործակցություն ճարտարապետության, տարածքների կառուցապատման, տեխնիկական ենթակառուցվածքների և տարածաչափական պլանավորման բնագավառում հետևյալ հիմնական ուղղություններով՝
● տեղեկատվության` երկկողմ կանոնավոր փոխանակման ապահովում և օրենսդրական ու իրավական հարցերի վերաբերյալ համատեղ հետազոտությունների կատարում,
● միջազգային չափանիշներին համապատասխանող գիտատեխնիկական նորմատիվների և քաղաքաշինական ծրագրերի ու փաստաթղթերի համատեղ մշակում,
● կայուն տարածաչափական պլանավորման սկզբունքների ներդրմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում,
● փորձի և տեղեկատվության փոխանակում բնակավայրերի միջավայրի ճարտարապետական-տարածաչափական որակի մակարդակի բարձրացման, պատմական կենտրոնների ճարտարապետական ժառանգության պահպանման և վերականգնման, տեխնիկական ենթակառուցվածքի կատարելագործման, քաղաքաշինական գործունեության կառավարման սկզբունքների մշակման, ինչպես նաև տարածքների տարածական և բնապահպանական կայունության բարձրացմանը նպաստող այլ միջոցառումների իրականացման բնագավառում,
● համագործակցություն սողանքներ ունեցող շրջանների գրանցման ու մոնիտորինգի իրականացման գործունեություն իրականացնելիս և սողանքային, էռոզիոն ու ապահարային գործընթացների սահմանափակման միջոցառումների իրականացում,
● համագործակցություն և տեղեկատվության փոխանակում լանդշաֆտի կառուցապատման բնագավառում:
Հոդված 2
Կողմերը համագործակցություն են իրականացնում շինարարության բնագավառում` հետևյալ հիմնական ուղղություններով.
● համագործակցության շրջանակները որոշելու նպատակով երկկողմ ուսումնասիրությունների իրականացում շինարարության, կառուցվածքների և շինանյութերի արտադրության բնագավառում,
● տեղեկատվության փոխանակում ծրագրերի և տենդերների առանձնահատկությունների վերաբերյալ,
● Կողմերի տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունների օգտագործում փոխշահավետ համագործակցության խթանման համար,
● շինարարական կազմակերպությունների մասնաճյուղերի և համատեղ ձեռնարկությունների ստեղծում Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության և երրորդ երկրների տարածքներում` շինարարությանը մասնակցելու նպատակով,
● աջակցություն շինարարության և շինարարական արդյունաբերության բնագավառում ոչ կառավարական կազմակերպությունների և ճյուղային միությունների միջև կապերի հաստատմանը,
● համագործակցություն և փորձի փոխանակում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող շենքերի և շինությունների ուժեղացման և վերականգնման, սեյսմակայունության ապահովման բնագավառում,
● համագործակցություն շահագործվող շենքերի էներգատարողության նվազեցման և արդիականացման բնագավառում,
● համագործակցություն սեյսմակայունության բնագավառում կառուցվածքների և շենքերի ժամանակակից տեխնիկական լուծումների մշակման և կիրառման հարցերում:
Հոդված 3
Համատեղ հետազոտությունների իրականացում և փորձի փոխանակում բնակարանային քաղաքականության իրականացման ընթացքում` հետևյալ հարցերում.
● բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման մարմինների գործունեության կատարելագործում,
● բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի իրականացում,
● շենքերի տեխնիկական ստուգման և անձնագրավորման բնագավառում փորձի փոխանակում,
● սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում,
● բնակարանային քաղաքականության ոլորտում օրենսդրության կատարելագործում:
Հոդված 4
Կողմերը համագործակցում են համատեղ ցուցահանդեսների և բիզնես-ֆորումների, գիտական հետազոտությունների և հրատարակությունների կազմակերպման գործում՝ պատմական և ճարտարապետական ժառանգության, ժամանակակից ճարտարապետության, տարածքների կառուցապատման ու տեխնիկական ենթակառուցվածքի օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի և Բուլղարիայի շինարարական շուկաների ներկայացման նպատակով:
Հոդված 5
Կողմերը կստեղծեն աշխատանքային խումբ, որի նպատակը կլինի սույն Համաձայնագրին համապատասխան համագործակցության թեմատիկայի և համատեղ մշակված ծրագրի հետ կապված ուսումնասիրությունը, աշխատանքների համակարգումը և իրականացումը` դրա համար ներգրավելով իրավասու պետական մարմինները, ինստիտուտները և կազմակերպությունները:
Հոդված 6
Կողմերի կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև աշխատանքների և այլ ծառայությունների ֆինանսավորումը կկատարվի պայմանագրային հիմունքով:
Հոդված 7
Որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում բոլոր հարցերը կլուծվեն փոխշահավետության սկզբունքով, բարեկամական բանակցությունների միջոցով:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան և գործում է երեք տարի ժամկետով:
Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա երեք տարով, եթե Կողմերից մեկը Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին չի տեղեկացնում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Սոֆիա քաղաքում, 2006 թ. սեպտեմբերի 27-ին, երկու բնօրինակով, որոնցից յուրաքանչյուրը՝ հայերեն, բուլղարերեն և ռուսերեն. ընդ որում` երկու բնօրինակներն էլ հավասարազոր են: Տարաձայնություններ առաջանալու դեպքում սույն Համաձայնագիրը մեկնաբանելու համար կօգտագործվի ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. փետրվարի 20-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|