Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Կեղծված դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,
հատուկ նշանակություն տալով բնակչության համար անհրաժեշտ ծավալներով և տեսականիով` արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղամիջոցների ապահովմանը,
գիտակցելով, որ կեղծված դեղամիջոցների շրջանառությունը լուրջ վտանգ է ներկայացնում Կողմերի պետությունների բնակչության առողջության և բարեկեցության համար,
հաշվի առնելով Կողմերի պետություններում կեղծված դեղամիջոցների շրջանառության, այդ թվում` ներմուծման ու արտահանման կանխման, բացահայտման և խափանման համար անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը,
ընդունելով Կողմերի պետություններում դեղամիջոցների շրջանառությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման նպատակահարմարությունը,
հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության` կեղծված դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարին վերաբերող հանձնարարականների վրա,
ղեկավարվելով միջազգային իրավունքի համընդհանուր նորմերով, միջազգային պայմանագրերով, Կողմերի պետությունների օրենսդրությամբ,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի առարկան կեղծված դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարում Կողմերի համագործակցությունն է:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի շրջանակներում կեղծված դեղամիջոցների շրջանառության, այդ թվում` դրանց ներմուծման և արտահանման դեմ պայքարի հարցերով Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.
կեղծված դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ համաձայնեցված միջոցառումների անցկացում, այդ թվում` վերահսկվող մատակարարումների ժամանակ,
դեղամիջոցների շրջանառությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակեցում` միջազգային ստանդարտներին, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին համապատասխան,
տեղափոխման և իրացման ժամանակ կեղծված դեղամիջոցները թաքցնելու և քողարկելու համար կիրառվող միջոցների, ինչպես նաև դրանց բացահայտման մեթոդների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,
տեղեկատվական փոխգործակցություն, Կողմերի պետությունների օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի փոխանակում,
դեղամիջոցների որակի վերահսկման և կեղծված դեղամիջոցների հայտնաբերման ուղղությամբ մեթոդական հանձնարարականների մշակում,
դեղամիջոցների որակի վերահսկման և կեղծված դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարի բնագավառում աշխատելու համար կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ մեթոդական ծրագրերի մշակում,
կեղծված դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարի հետ կապված հարցերում փոխադարձ գիտատեխնիկական և խորհրդատվական օգնության ցուցաբերում,
կեղծված դեղամիջոցների շրջանառության կանխմանն ուղղված արդիական պաշտպանության տեխնոլոգիաների, այդ թվում` դեղամիջոցների պաշտպանական պիտակավորման և դրանց կիրառման մեթոդների ներդրմանն աջակցություն,
կեղծված դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարին վերաբերող արդիական հարցերի շուրջ գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների և գիտաժողովների անցկացում:
Հոդված 3
Կողմերը պարտավորվում են միմյանց տեղեկացնել կեղծված դեղամիջոցների հայտնաբերման և տարածման փաստերի, դեղամիջոցների պաշտպանման և դրանց իսկությունը հաստատելու մեթոդների մասին:
Հոդված 4
Կեղծված դեղամիջոցները ենթակա են ոչնչացման այն Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում դրանք բացահայտվել են և/կամ գտնվում են:
Կեղծված դեղամիջոցների ոչնչացման փաստերի վերաբերյալ Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է տեղեկացնել մյուս Կողմերին, կեղծված դեղամիջոցի վրա նշված արտադրողին, ինչպես նաև այն պետությանը, որի տարածքից այդ դեղամիջոցը ներկրվել է:
Հոդված 5
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում Կողմերը որոշում են դրա իրագործման համար պատասխանատու իրավասու մարմինները և այդ մասին տեղեկացնում են ավանդապահին:
Հոդված 6
Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող ծախսերն այն ֆինանսական միջոցների շրջանակներում, որոնք ամեն տարի ազգային բյուջեներում նախատեսվում են, որպեսզի տրամադրվեն իրավասու նախարարություններին և գերատեսչություններին նրանց գործառույթների կատարման համար, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են Կողմերի պետությունները:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման ժամանակ ծագող բոլոր վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում` վերոնշյալ ընթացակարգերի կատարման մասին փաստաթղթերն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հոդված 10
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` իր մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալու ենթադրվող ամսաթվից առնվազն 6 ամիս առաջ, կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները:
Հոդված 12
Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող այլ պետությունների միանալու համար այդ միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով: Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից:
Կատարված է Քիշնև քաղաքում 2008 թվականի նոյեմբերի 14-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:
Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Մոլդովայի Հանրապետության Կառավարության (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության, Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի Կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 14.12.2009թ.:
Ադրբեջանի Հանրապետության վերապահումը
Բացառությամբ 2-րդ հոդվածի երրորդ պարբերության:
Ադրբեջանի Հանրապետության վարչապետ` |
Ա. Ռասի-զադե |
Մոլդովայի Հանրապետության վերապահումը
Մոլդովայի Հանրապետությունը մասնակցելու է Համաձայնագրի դրույթների իրագործմանն այնքանով, որքանով դրանք չեն հակասում ազգային օրենսդրության պահանջներին և տվյալ ոլորտում Մոլդովայի Հանրապետության միջազգային պարտավորություններին:
Մոլդովայի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի կատարումից հետո:
Մոլդովայի Հանրապետության վարչապետ`
Զ. Գրեչանի
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|