Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (25.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2011.12.26/13(21) Հոդ.3
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
17.09.2010
Дата подписания
17.09.2010
Дата вступления в силу
25.07.2011

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Մարդկանց առուվաճառքի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) համագործակցության մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունները (ոստիկանությունը), այսուհետ` Կողմեր,

արտահայտելով խորին մտահոգություն Մարդկանց, մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի, հատկապես դրա կազմակերպված ձևերի մասշտաբներով և զարգացման միտումներով, որ դարձել է գաղտնիության բարձր աստիճանով ամենաեկամտաբեր հանցավոր գործունեություններից մեկը,

ելնելով մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առուվաճառքը կանխելու, խափանելու, դրա համար պատժի անխուսափելիությունն ապահովելու, ինչպես նաև դրա դեմ պայքարում փոխգործակցության գործնական, արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ձգտումից,

ուշադրություն դարձնելով 2005թ. նոյեմբերի 25-ի՝ Մարդկանց, մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրի դրույթներին,

ղեկավարվելով միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներով և նորմերով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ Կողմերը, գործելով իրենց իրավասությունների շրջանակներում, պահպանելով Կողմերի պետությունների օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները, պարտավորվում են համագործակցել մարդկանց առուվաճառքի հետ կապված հանցագործությունների նախազգուշացմանը, հայտնաբերմանը, խափանմանը և բացահայտմանն առնչվող հարցերով:

Սույն Համաձայնագրի նպատակների համար «մարդկանց առուվաճառք» տերմինը նշանակում է՝ շահագործման նպատակով իրականացվող՝ մարդկանց հավաքագրում, փոխադրում, փոխանցում, թաքցնելը կամ ստանալը` ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման, կամ հարկադրանքի այլ ձևերի` առևանգման, խարդախության, խաբեության, իշխանության կամ վիճակի խոցելիության չարաշահման միջոցով կամ մեկ ուրիշ անձին վերահսկող անձի համաձայնությունը ստանալու նպատակով վճարումների կամ օգուտների ձևով կաշառման միջոցով: Շահագործումը ներառում է առնվազն այլ անձանց պոռնկության շահագործումը կամ սեռական շահագործման այլ ձևեր, հարկադիր աշխատանք կամ ծառայություններ, ստրկություն կամ ստրկությանը նմանվող սովորույթներ, ազատազուրկ վիճակ կամ մարդկանց օրգանների և հյուսվածքների հանում` դրանք վաճառելու նպատակով:

2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում անձանց հանձնման և քրեական գործերով իրավական օգնության մասին հարցերը:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է Կողմերի նշանակած կենտրոնական ստորաբաժանումների միջոցով, որոնք պատասխանատու են սույն Համաձայնագրի կատարման կազմակերպման համար և նշված են սույն Համաձայնագրին կից Հավելվածում:

 

Հոդված 3

 

Կողմերը համագործակցությունն իրականացնում են հետևյալ հիմնական ձևերով.

1) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օպերատիվ-հետախուզական, տեղեկատվական, վիճակագրական, քրեագիտական և այլ տեղեկատվության փոխանակում մասնավորապես հետևյալի վերաբերյալ.

- Կողմերի պետություններից մեկի կամ մի քանիսի տարածքում նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների,

- մարդկանց առուվաճառքին մասնակից կամ դրանում կասկածվող ֆիզիկական և իրավաբանական անձանց, կոնկրետ փաստերի և դեպքերի,

- մարդկանց առուվաճառքի իրականացման, այդ թվում` այդ արարքի կատարման արդյունքում ստացված եկամուտների օրինականացման ձևերի և մեթոդների.

2) օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին հարցումների կատարում.

3) մարդկանց առուվաճառքի հետ կապված հանցագործությունների նախազգուշացման, հայտնաբերման, խափանման և բացահայտման ուղղությամբ համակարգված միջոցառումների պլանավորում և անցկացում.

4) մարդկանց առուվաճառքի նպատակով ինտերնետ ցանցի օգտագործումը կանխարգելելուն և խափանելուն ուղղված՝ համաձայնեցված միջոցառումների մշակում և իրականացում.

5) մարդկանց առուվաճառքի մասնակից լինելու մեջ կասկածվող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզում, որոնց վերաբերյալ հիմքեր կան՝ ենթադրելու, որ նրանք դարձել են մարդկանց առուվաճառքի զոհ.

6) աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում՝ մարդկանց առուվաճառքի դեմ պայքարի հարցերով աշխատանքային հանդիպումների, խորհրդատվությունների, խորհրդակցությունների, խորհրդաժողովների և սեմինարների անցկացման միջոցով.

7) պայմանագրային հիմունքներով կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման գործում աջակցության ցուցաբերում, այդ թվում` ծառայողների փորձառության կազմակերպում մարդկանց առուվաճառքի դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներում.

8) մարդկանց առուվաճառքի դեմ պայքարի հարցերով նորմատիվ իրավական ակտերի, գիտական հրատարակումների և ուսումնամեթոդական առաջարկությունների փոխանակում.

9) մարդկանց առուվաճառքի դեմ պայքարի՝ փոխադարձաբար հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ համատեղ գիտական հետազոտությունների անցկացում:

Սույն Համաձայնագիրը Կողմերին չի խոչընդոտում սահմանել և զարգացնել համագործակցության այլ փոխընդունելի ձևեր:

 

Հոդված 4

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին շահագրգիռ Կողմի հարցման միջոցով կամ այն Կողմի նախաձեռնությամբ, որը ենթադրում է, որ այդպիսի աջակցությունը հետաքրքրություն է ներկայացնում մյուս Կողմի համար:

2. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումն ուղարկվում է գրավոր: Անհետաձգելի դեպքերում հարցումները կարող են հաղորդվել բանավոր, սակայն ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում դրանք պետք է հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների կիրառմամբ:

Հարցման իսկության կամ դրա բովանդակության վերաբերյալ կասկածներ ծագելիս կարող է պահանջվել դրա լրացուցիչ հաստատումը:

3. Աջակցություն ցուցաբերելու հարցումը պետք է ներառի.

հարցնող և հարցվող Կողմերի կենտրոնական ստորաբաժանումների անվանումները,

գործի էության շարադրումը,

հարցման նպատակն ու հիմնավորումը,

պահանջվող աջակցության բովանդակության նկարագրությունը,

անհրաժեշտության դեպքում՝ հարցումը կատարելու հատուկ կարգի նկարագրությունը և այդ անհրաժեշտության հիմնավորումը,

այն ժամկետը, որի ընթացքում ակնկալվում է հարցման կատարումը,

ցանկացած այլ տվյալ, որը կարող է օգտակար լինել հարցման կատարման համար:

4. Աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցումն ստորագրվում է հարցնող Կողմի կենտրոնական ստորաբաժանման ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և հաստատվում է տվյալ ստորաբաժանման կնիքով:

 

Հոդված 5

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում աջակցության ցուցաբերումը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժվել, եթե հարցվող Կողմը համարում է, որ հարցման կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ էական շահերին կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին կամ կարող է հանգեցնել քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի ոտնահարման:

2. Հնարավորության դեպքում հարցվող Կողմը, մինչև սույն հոդվածի 1-ին կետի հիման վրա աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ մերժման որոշում կայացնելը, հարցնող Կողմի հետ խորհրդակցում է այն հարցի դիտարկման շուրջ, թե արդյոք աջակցությունը կարող է ցուցաբերվել հարցվող Կողմի անհրաժեշտ համարած պայմանների պահպանմամբ: Հարցնող Կողմը պահպանում է այն պայմանները, որոնց հիման վրա նրան աջակցություն է ցուցաբերվում:

3. Հարցնող Կողմը գրավոր ծանուցվում է հարցման կատարումը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին` մերժման պատճառները նշելով:

 

Հոդված 6

 

1. Հարցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ, որակյալ և հնարավորինս առավել ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հարցնող Կողմն անհապաղ ծանուցվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ կատարումը զգալիորեն ձգձգող հանգամանքների մասին:

2. Հարցվող Կողմն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հարցումը պատշաճորեն կատարելու համար:

3. Հարցումը կատարելիս կիրառվում է հարցվող Կողմի օրենսդրությունը, սակայն, հարցնող Կողմի խնդրանքով, կարող է կիրառվել իր պետության օրենսդրությունը, եթե դա չի հակասում հարցվող Կողմի պետության օրենսդրության հիմնական սկզբունքներին կամ միջազգային պարտավորություններին:

4. Եթե հարցվող Կողմը համարում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խանգարել իր տարածքում իրականացվող քրեական հետապնդմանը կամ այլ վարույթի, ապա նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել անհրաժեշտ՝ սահմանված պայմանների պահպանման հետ` հարցնող Կողմի հետ խորհրդակցելուց հետո: Եթե հարցնող Կողմը համաձայն է առաջարկվող պայմաններով իրեն աջակցություն ցուցաբերելուն, ապա նա պետք է պահպանի դրանք:

5. Հարցվող Կողմը, հարցնող Կողմի խնդրանքով, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հարցումը ստանալու փաստի, այդ հարցման բովանդակության և դրան կից փաստաթղթերի, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելու փաստի գաղտնիության ապահովման համար:

Հարցման կատարման գաղտնիության պահպանումն անհնարին լինելու դեպքում հարցվող Կողմը այդ մասին տեղեկացնում է հարցնող Կողմին, որն էլ որոշում է ընդունում նման պայմաններում հարցման կատարման նպատակահարմարության մասին:

6. Հարցվող Կողմը հնարավորինս սեղմ ժամկետում ծանուցում է հարցնող Կողմին հարցման կատարման արդյունքների մասին:

 

Հոդված 7

 

1. Յուրաքանչյուր Կողմ միջոցներ է ապահովում մյուս Կողմից ստացված փաստաթղթերի և տեղեկատվության պաշտպանվածության համար, որոնց նկատմամբ գաղտնիության պահպանման պահանջ է ներկայացված, կամ եթե ուղարկող Կողմն անցանկալի է համարում դրանց հրապարակումը: Նման տեղեկատվության և փաստաթղթերի փակ լինելու աստիճանը որոշում է ուղարկող Կողմը:

2. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված հարցման կատարման արդյունքները, առանց դրանք տրամադրող Կողմի համաձայնության, չեն կարող օգտագործվել դրանց հայցվելու և տրամադրվելու նպատակներից դուրս որևէ այլ նպատակով:

3. Սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմից ստացված տեղեկատվությունը երրորդ կողմի փոխանցելու դեպքում պահանջվում է այդ տվյալները տրամադրող Կողմի նախնական գրավոր համաձայնությունը:

4. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում հարցման կատարման արդյունքում ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործում և հրապարակում, եթե հարցնող Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսվում է նման կերպ գործելու պարտավորություն: Հարցնող Կողմը նախապես ծանուցում է հարցվող Կողմին նման տեղեկատվության և փաստաթղթերի հնարավոր և ենթադրվող օգտագործման կամ հրապարակման մասին:

 

Հոդված 8

 

Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի դրույթների կատարման ընթացքում ծագած ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցություն իրականացնելիս Կողմերն օգտագործում են ռուսաց լեզուն: Այլ լեզու օգտագործելու դեպքում Կողմերն ապահովում են ռուսաց լեզվի բանավոր և գրավոր թարգմանությունը:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրի հիման վրա Կողմերի ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում անց են կացնում աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ համագործակցության արդյունավետության բարձրացման հարցերի վերաբերյալ:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս կամ կիրառելիս Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են նրանց իսկ կողմից` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում յուրաքանչյուր Կողմի այն միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնց իր պետությունը մասնակից է:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին այն ստորագրած Կողմերի երրորդ գրավոր ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հոդված 14

 

Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, սույն Համաձայնագրում կարող են կատարել լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

 

Հոդված 15

 

 1. Ուժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագիրը բաց է այն չստորագրած ԱՊՀ մասնակից պետությունների, ինչպես նաև ԱՊՀ կազմի մեջ չմտնող պետությունների ներքին գործերի նախարարությունների համար` նման միացման մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու միջոցով:

 2. ԱՊՀ մասնակից պետության ներքին գործերի նախարարության համար սույն Համաձայնագրին միանալն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր լրանալուց հետո:

3. ԱՊՀ կազմի մեջ չմտնող պետությունների ներքին գործերի նախարարության կողմից սույն Համաձայնագրին միանալու մասին ծանուցումն ստանալու դեպքում ավանդապահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է Կողմերին: ԱՊՀ կազմի մեջ չմտնող պետությունների ներքին գործերի նախարարության համար սույն Համաձայնագրին միանալն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահի ստանալու օրվանից երեք ամիսը լրանալուց հետո, եթե այդ ժամանակահատվածում Կողմերից որևէ մեկը առարկություն չներկայացնի նման միացման դեմ:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից դուրս գալու ժամկետից ոչ պակաս, քան վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

Հոդված 17

 

1. Սույն Համաձայնագրի ավանդապահն է հանդիսանում ԱՊՀ Գործադիր կոմիտեն:

2. Ավանդապահը Կողմերին անհապաղ տեղեկացնում է սույն Համաձայնագրին միանալու կամ այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման, Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվա, ինչպես նաև սույն Համաձայնագրին վերաբերող այլ ծանուցումների և փաստաթղթերի ստանալու մասին:

 

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2010 թվականի սեպտեմբերի 17-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեում, որն էլ սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր Կողմի կուղարկի դրա վավերացված պատճենները:

 

Ադրբեջանի Հանրապետության
ներքին գործերի նախարարության կողմից 
--------------------------------------

Ռուսաստանի Դաշնության
ներքին գործերի նախարարության 
կողմից
(ստորագրություն)

 

Հայաստանի Հանրապետության
ոստիկանության կողմից
(ստորագրություն)

Տաջիկստանի Հանրապետության
ներքին գործերի նախարարության կողմից
(ստորագրություն)

 

Բելառուսի Հանրապետության
ներքին գործերի նախարարության 
կողմից
(ստորագրություն)

Թուրքմենստանի
ներքին գործերի նախարարության կողմից
-----------------------------------

 

Ղազախստանի Հանրապետության
ներքին գործերի նախարարության կողմից
(ստորագրություն)

Ուզբեկստանի Հանրապետության
ներքին գործերի նախարարության 
կողմից
(ստորագրություն)

 

Ղրղզստանի Հանրապետության
ներքին գործերի նախարարության 
կողմից
(ստորագրություն)

Ուկրաինայի
ներքին գործերի նախարարության կողմից
(ստորագրություն)

 

Մոլդովայի Հանրապետության
ներքին գործերի նախարարության կողմից
(ստորագրություն)

 

 

   

Մարդկանց առուվաճառքի դեմ պայքարում Անկախ
Պետությունների Համագործակցության մասնակից
պետությունների ներքին գործերի նախարարությունների
(ոստիկանությունների) համագործակցության մասին
Համաձայնագրին կից Հավելված
17-ը սեպտեմբերի, 2010 թ.

 

Համաձայնագրի կատարման կազմակերպման համար պատասխանատու ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) կենտրոնական ստորաբաժանումների

 

Ցանկ

 

Ադրբեջանի Հանրապետության
ներքին գործերի նախարարությունում

 

--------------------------------------------

 

Հայաստանի Հանրապետության
ոստիկանությունում

- կազմակերպված հանցավորության դեմ
պայքարի գլխավոր վարչություն

 

Բելառուսի Հանրապետության
ներքին գործերի նախարարությունում

- քրեական միլիցիայի թմրամիջոցների
վերահսկման և մարդկանց առուվաճառքի
հակազդման վարչություն

 

Ղազախստանի Հանրապետության
ներքին գործերի նախարարությունում

- քրեական ոստիկանության կոմիտե

 

Ղրղզստանի Հանրապետության
ներքին գործերի նախարարությունում

- քրեական հետախուզության
գլխավոր վարչություն

 

Մոլդովայի Հանրապետության
ներքին գործերի նախարարությունում

- մարդկանց առուվաճառքի դեմ պայքարի
կենտրոն

 

Ռուսաստանի Դաշնության
ներքին գործերի նախարարությունում

- քրեական հետախուզության դեպարտամենտ

 
Տաջիկստանի Հանրապետության
ներքին գործերի նախարարությունում
- կազմակերպված հանցավորության դեմ

պայքարի վարչություն

 

Թուրքմենստանի
ներքին գործերի նախարարությունում

----------------------------------------------

 

Ուզբեկստանի Հանրապետության
ներքին գործերի նախարարությունում

- հանցավորության և ահաբեկչության դեմ
պայքարի քրեական հետախուզության
գլխավոր վարչություն

 
Ուկրաինայի
ներքին գործերի նախարարությունում
- կիբեռհանցավորության և մարդկանց
առուվաճառքի դեմ պայքարի դեպարտամենտ

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2011թ. հուլիսի 25-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան