Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (25.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.22
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
23.04.2010
Дата подписания
23.04.2010
Дата вступления в силу
25.10.2010

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իտալիայի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` համատեղ Կողմեր և յուրաքանչյուրն առանձին` Կողմ),

ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼՈՎ այն բացասական հետևանքների մասին, որ հանցավորությունը թողնում է հասարակական կարգի և անվտանգության, ինչպես նաև իրենց քաղաքացիների բարեկեցության վրա,

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում ոստիկանության մարմինների միջև միջազգային համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը,

ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի` 1990 թ. դեկտեմբերի 14-ով թվագրված թիվ 45/123 բանաձևը` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բնագավառում միջազգային համագործակցության մասին, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից ընդունված` Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի մասին կոնվենցիաները, Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան և դրա լրացուցիչ Արձանագրությունները` Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական տեղափոխման, Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիկինգի դեմ պայքարի մասին, որոնք ստորագրվել են Պալերմոյում 2000 թ. դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության կողմից և 2000 թ. դեկտեմբերի 12-ին Իտալիայի Հանրապետության կողմից, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված` ահաբեկչության դեմ պայքարի մասին բանաձևերը և կոնվենցիաները,

ՀԱՐԳԵԼՈՎ պետությունների հավասարության և ինքնիշխանության սկզբունքը և ցանկանալով հետագայում ամրապնդել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները,

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ հետևյալի մասին:

 

Հոդված 1

Իրավասու մարմիններ

 

1) Սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու իրավասու մարմինները պետք է լինեն`

ա) Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

բ) Իտալիայի Հանրապետության Կառավարության կողմից` ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության վարչությունը,

2) Կողմերը պետք է համագործակցեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան` գործելով իրենց իրավասությունների շրջանակներում, իրենց միջազգային պարտավորություններին և իրենց երկրներում գործող ներքին օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 2

 

Համագործակցության ոլորտները

 

1) Կողմերը իրենց հնարավորությունների սահմաններում կհամագործակցեն հանցավորության կանխարգելման, պայքարի և հետաքննության ոլորտներում` ընդգրկելով, բայց չսահմանափակելով հետևյալ ոլորտները.

ա) անդրազգային կազմակերպված հանցավորություն,

բ) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների ապօրինի արտադրություն, թրաֆիկինգ և մաքսանենգություն,

գ) մարդկանց թրաֆիկինգ և միգրանտների ապօրինի տեղափոխում,

դ) հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ, միջուկային, ռադիոակտիվ և թունավոր նյութերի ապօրինի շրջանառություն:

2) Բացի այդ` Կողմերը կհամագործակցեն ահաբեկչական գործողությունների կանխարգելման և դրանց կասեցման գործում` իրենց երկրներում գործող ներքին օրենսդրության և իրենց միջազգային պարտավորությունների համաձայն, ներառյալ համապատասխան միջազգային կոնվենցիաները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:

 

Հոդված 3

 

Համագործակցության եղանակը

 

Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթները կիրառելու նպատակով և իրենց երկրներում գործող ներքին օրենսդրության համաձայն` Կողմերը պետք է համագործակցեն հետևյալ ձևերով.

ա) հանցավորության, հանցագործների, հանցավոր կազմակերպությունների, դրանց գործելաձևերի, կառուցվածքի և կապերի վերաբերյալ այնպիսի տեղեկությունների փոխանակում, որոնք երկու Կողմերի համար հետաքրքրություն են ներկայացնում,

բ) իրենց համապատասխան տարածքներում գործող ահաբեկչական խմբերի, դրանց հետ և դրանց համապատասխան գործունեության հետ կապված անձանց մասին տեղեկությունների փոխանակում,

գ) հանցավորության դեմ պայքարի համար օրենսդրական և գիտական միջոցների մասին տեղեկությունների փոխանակում, ներառյալ հանցավոր սպառնալիքների վերլուծության վերաբերյալ տեղեկությունները,

դ) ոստիկանության պաշտոնյաների ուսուցման և հանցավորության դեմ պայքարի հատուկ տեխնիկաների կիրառման վերաբերյալ տեղեկությունների փոխանակում` փորձագետների փոխանակում կազմակերպելու և համատեղ ուսումնական գործունեություն ծավալելու հնարավորությամբ,

ե) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում և վերլուծություն,

զ) հատուկ հետախուզական միջոցառումները համակարգելու նպատակով անհրաժեշտ այնպիսի միջոցների ձեռնարկում, ինչպիսիք են վերահսկվող առաքումները, հսկողությունը և գաղտնի օպերատիվ գործողությունները,

է) մարդկանց թրաֆիկինգի և միգրանտների ապօրինի տեղափոխման դեմ պայքարում կիրառվող մեթոդների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում,

ը) անձնագրերի և այլ ճամփորդական փաստաթղթերի, մուտքի արտոնագրերի, մուտքի և ելքի կնիքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում` կեղծ փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով,

թ) մյուս պետության տարածքում ներգաղթի համապատասխան կանոնների խախտմամբ գտնվող իրենց քաղաքացիների հայտնաբերում և հետ ընդունում: Սույն դրույթը լավագույն կերպով իրականացնելու նպատակով օպերատիվ ընթացակարգերը կսահմանվեն իրականացման մասին արձանագրության մեջ:

ժ) 4-րդ հոդվածում նշված աջակցության դիմումների բավարարում,

ժա) այնպիսի այլ տեղեկությունների փոխանակում, որոնք, իրավասու մարմիններից մեկի կարծիքով, որևէ հետաքրքրություն կարող են ներկայացնել մյուս Կողմի իրավասու մարմնի համար:

 

Հոդված 4

 

Աջակցության դիմումներ

 

1) Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի շահագրգիռ իրավասու մարմնից աջակցության դիմումի հիման վրա կամ այն իրավասու մարմնի նախաձեռնությամբ, որը գտնում է, որ նման աջակցությունը կհետաքրքրի մյուս իրավասու մարմնին:

2) Աջակցության դիմումները պետք է լինեն գրավոր: Հրատապ դեպքերում դիմումները կարող են լինել բանավոր, բայց պետք է հաստատվեն գրավոր յոթ (7) օրվա ընթացքում:

3) Աջակցության դիմումները պետք է պարունակեն.

ա) Կողմի այն գործակալության անվանումը, որը դիմում է աջակցության համար, և այն Կողմի գործակալության անվանումը, որին ներկայացվում է աջակցության դիմումը,

բ) գործի մանրամասները,

գ) դիմումի նպատակը և այն ներկայացնելու հիմքերը,

դ) հայցվող աջակցության նկարագրությունը,

ե) ցանկացած այլ տեղեկություն, որը կարող է նպաստել դիմումի արդյունավետ բավարարմանը:

4) Համագործակցությունը կարող է իրականացվել նաև Ինտերպոլի սովորական ուղիներով:

 

Հոդված 5

 

Աջակցությունը մերժելը

 

1) Սույն Համաձայնագրում սահմանված աջակցությունը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժվել, եթե հայցվող իրավասու մարմինը գտնում է, որ դիմումի բավարարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ էական շահերին կամ հակասում է իր երկրում գործող ներքին օրենսդրությանը կամ իր միջազգային պարտավորություններին:

2) Աջակցությունը կարող է մերժվել նաև, եթե դիմումի բավարարումը գերծանրաբեռնվածություն է ենթադրում հայցվող իրավասու մարմնի ռեսուրսների նկատմամբ:

3) Հնարավորության դեպքում հայցվող իրավասու մարմինը, նախքան սույն Համաձայնագրի համաձայն հայցվող աջակցությունը մերժելու մասին որոշում կայացնելը, պետք է խորհրդակցի հայցող իրավասու մարմնի հետ` պարզելու համար, թե արդյոք հնարավոր է աջակցությունը տրամադրել այն պայմաններով, որոնք կարող է սահմանել հայցվող իրավասու մարմինը: Եթե հայցող իրավասու մարմինը համաձայնում է ստանալ աջակցությունն առաջադրված պայմաններով, ապա նա պետք է բավարարի այդ պայմանները:

4) Հայցող իրավասու մարմինը գրավոր պետք է ծանուցվի դիմումի` ամբողջովին կամ մասնակի մերժման մասին, և նրան պետք է տրամադրվի մերժման պատճառների բացատրությունը:

 

Հոդված 6

 

Դիմումների բավարարումը

 

1) Հայցվող իրավասու մարմինը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները դիմումների արագ և լիարժեք բավարարումն ապահովելու համար:

2) Հայցող իրավասու մարմնին պետք է անմիջապես ծանուցել դիմումի բավարարմանը խոչընդոտող կամ այն էապես հետաձգող ցանկացած հանգամանքի մասին:

3) Եթե դիմումի բավարարումը հայցվող իրավասու մարմնի իրավասությունների շրջանակում չէ, ապա նա պետք է այդ մասին անմիջապես ծանուցի հայցող իրավասու մարմնին:

4) Հայցվող իրավասու մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք նա անհրաժեշտ է համարում դիմումը պատշաճ կերպով բավարարելու համար:

5) Հայցվող իրավասու մարմինը, իր հարմարությունից ելնելով, հնարավորինս արագ պետք է տեղեկացնի հայցող իրավասու մարմնին դիմումի արդյունքների մասին:

 

Հոդված 7

 

Տեղեկությունների և փաստաթղթերի օգտագործմանն առնչվող սահմանափակումներ

 

1) Կողմերը համաձայնում են, որ սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված տեղեկությունները և անձնական տվյալները պետք է օգտագործվեն միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակների համար և համապատասխանեն մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիաներում պարունակվող դրույթներին:

2) Կողմերի միջև փոխանակվող անձնական տվյալները և մասնավորապես անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները, Կողմերի` տվյալների և տեղեկությունների մասին ներքին օրենսդրության համաձայն, պետք է պաշտպանվեն` ազգային տվյալների նկատմամբ կիրառվող նույն չափանիշներին համապատասխան:

3) Երկու Կողմերը պետք է ապահովեն, որ սույն Համաձայնագրի համաձայն փոխանցված անձնական տվյալների պաշտպանության մակարդակը համապատասխանի մյուս Կողմի ապահոված` տվյալների պաշտպանության մակարդակին, և որ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և կազմակերպչական միջոցառումներ կիրառվեն անձնական տվյալները պատահական կամ անօրինական ոչնչացումից, պատահական կորստից կամ չարտոնված հրապարակումից, փոփոխումից, մուտք գործելուց կամ մշակման ցանկացած չարտոնված ձևերից պաշտպանելու նպատակով: Կողմերը մասնավորապես պետք է ողջամտորեն միջոցներ ձեռնարկեն` ապահովելու այդ տվյալների հասանելիությունը միայն այն անձանց համար, որոնք լիազորված են անձնական տվյալներ մուտք գործելու համար:

4) Սույն Համաձայնագրի համաձայն իրավասու մարմնից ստացված տեղեկատվությունն ու փաստաթղթերը չպետք է բացահայտվեն մեկ այլ սուբյեկտի, Պետության կամ միջազգային կազմակերպությունների համար, բացառությամբ` տրամադրող իրավասու մարմնի նախնական գրավոր համաձայնությամբ:

5) Տրամադրող Կողմի խնդրանքով` ստացող Կողմը, իր ազգային օրենսդրության համաձայն, պարտավոր է ուղղել, արգելափակել կամ ոչնչացնել սույն Համաձայնագրի համաձայն ստացված տվյալները, եթե դրանք սխալ են կամ թերի, կամ եթե դրանց հավաքումը կամ հետագա մշակումը հակասում է սույն Համաձայնագրին կամ տրամադրող Կողմի նկատմամբ կիրառվող կանոններին:

6) Եթե Կողմը տեղեկանում է, որ մյուս Կողմից սույն Համաձայնագրի համաձայն ստացված տվյալները թերի են, նա պետք է ձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները` նման տվյալների սխալ մեկնաբանումից իրեն ապահովագրելու համար, ինչը մասնավորապես պետք է ներառի այդ տվյալների լրամշակումը, ոչնչացումը կամ ուղղումը:

7) Յուրաքանչյուր Կողմ պետք է ծանուցի մյուս Կողմին, եթե նա տեղեկանում է, որ նյութական տվյալները, որոնք նա փոխանցել է մյուս Կողմին կամ ստացել է մյուս Կողմից սույն Համաձայնագրի ներքո, թերի են կամ անվստահելի կամ լուրջ կասկած են առաջացնում:

 

Հոդված 8

 

Հանդիպումներ և խորհրդակցություններ

 

1) Սույն Համաձայնագրի իրականացումը դյուրացնելու նպատակով իրավասու մարմինների ներկայացուցիչները կարող են անհրաժեշտության դեպքում անցկացնել երկկողմ հանդիպումներ և խորհրդակցություններ` սույն Համաձայնագրի պայմանների համաձայն գրանցված առաջընթացը գնահատելու, ինչպես նաև համագործակցությունը քննարկելու և բարելավելու նպատակով:

2) Հանդիպումները տեղի կունենան կամ Իտալիայում, կամ Հայաստանում:

 

Հոդված 9

 

Ծախսեր

 

1) Սույն Համաձայնագրի պայմանների համաձայն` դիմումների մշակման ընթացքում կատարված սովորական ծախսերը պետք է կրի հայցվող Կողմը, եթե այլ բան գրավոր համաձայնեցված չէ: Եթե դիմումը ներառում է մեծ կամ միանվագ ծախսեր, Կողմերը պետք է խորհրդակցեն միմյանց հետ` որոշելու համար այն ժամկետները և պայմանները, որոնց համաձայն պետք է մշակվի դիմումը, և ծախսերի կատարման եղանակները:

2) Եթե այլ բան համաձայնեցված չէ, հանդիպումների և կացության ծախսերը պետք է կրի հյուր ընդունող Կողմը, իսկ պատվիրակության ճանապարհածախսերը` ուղարկող Կողմը:

 

Հոդված 10

 

Լեզուն

 

Իրավասու մարմինները սույն Համաձայնագրի շրջանակներում իրենց համագործակցության ընթացքում պետք է որպես հաղորդակցության միջոց օգտագործեն անգլերենը:

 

Հոդված 11

 

Վեճերի լուծումը

 

 Սույն Համաձայնագրի մեկնաբանությունից կամ իրագործումից ծագող ցանկացած վեճ պետք է լուծվի բարեկամաբար` դիվանագիտական ուղիներով խորհրդակցություններ և բանակցություններ վարելու միջոցով:

 

Հոդված 12

Ուժի մեջ մտնելը, դադարեցնելը և փոփոխելը

 

1) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր կծանուցեն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական իրավական ընթացակարգերը կատարելու մասին: Ուժի մեջ մտնելու օր կհանդիսանա վերջին ծանուցման ամսաթիվը:

 

2) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մինչև դադարեցվի Կողմերից մեկի կողմից` վեց (6) ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

3) Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են սույն Համաձայնագրում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին Արձանագրություններում: Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույնով սահմանված ընթացակարգերի համաձայն և կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին և կնքեցին սույն Համաձայնագիրը երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իտալերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Հայերեն և իտալերեն տեքստերի մեկնաբանությունների միջև տարբերություններ լինելու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

ԿԱՏԱՐՎԱԾ Է Հռոմ քաղաքում 2010թ. ապրիլի 23-ին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 25-ին: