ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0941/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0941/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ի, «Մ.Գ. Հաուզինգ» ՍՊԸ-ի, «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ի, «Ռին-Արտ» ՍՊԸ-ի, «Արարատ Նազարեթյան» ՍՊԸ-ի, «Ռ.Ռ.Մ. փոխադրումներ» ՍՊԸ-ի, «Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ-ի, «Գասմեն» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ի, «Մ.Գ. Հաուզինգ» ՍՊԸ-ի, «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ի, «Ռին-Արտ» ՍՊԸ-ի, «Արարատ Նազարեթյան» ՍՊԸ-ի, «Ռ.Ռ.Մ. փոխադրումներ» ՍՊԸ-ի, «Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ-ի ընդդեմ Ընկերության՝ հանգամանքների էական փոփոխության կապակցությամբ կողմերի միջև 31.10.2007 թվականին կնքված տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագրերը փոփոխելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել պատասխանողներից համապատասխանաբար՝ «Իսավ» ՍՊԸ-ից` 7.812.000 ՀՀ դրամ, «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ից՝ 44.120.900 ՀՀ դրամ, «Մ. Գ. Հաուզինգ» ՍՊԸ-ից՝ 20.177.800 ՀՀ դրամ, «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ից՝ 20.756.300 ՀՀ դրամ, «Ռին-Արտ» ՍՊԸ-ից՝ 20.177.800 ՀՀ դրամ, «Արարատ Նազարեթյան» ՍՊԸ-ից՝ 20.177.800 ՀՀ դրամ, «Ռ.Ռ.Մ. փոխադրումներ» ՍՊԸ-ից՝ 17.936.000 ՀՀ դրամ, «Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ-ից՝ 15.240.600 ՀՀ դրամ, «Տիգրան» ՍՊԸ-ից՝ 25.498.700 ՀՀ դրամ, «Գասմեն» ՍՊԸ-ից՝ 155.424.400 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ն, «Մ.Գ. Հաուզինգ» ՍՊԸ-ն, «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ն, «Ռին-Արտ» ՍՊԸ-ն, «Արարատ Նազարեթյան» ՍՊԸ-ն, «Ռ.Ռ.Մ. փոխադրումներ» ՍՊԸ-ն, «Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ-ն և «Գասմեն» ՍՊԸ-ն պահանջել են փոփոխել Ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագրերը:
Երևանի քաղաքացիական դատարանի 07.11.2008 թվականի որոշմամբ «Իսավ» ՍՊԸ-ից 7.812.000 ՀՀ դրամ և «Տիգրան» ՍՊԸ-ից 25.498.700 ՀՀ դրամ բռնագանձելու հայցապահանջներն առանձնացվել են առանձին վարույթում:
Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.02.2009 թվականի վճռով հաստատվել է Ընկերության և «Մ.Գ. Հաուզինգ» ՍՊԸ-ի միջև կքնված հաշտության համաձայնությունը, և «Մ.Գ. Հաուզինգ» ՍՊԸ-ից գումարի բռնագանձման պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ մնացած մասով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը՝ մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել է մասնակի՝ «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ից, «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ից, «Ռին-Արտ» ՍՊԸ-ից, «Արարատ Նազարեթյան» ՍՊԸ-ից, «Ռ.Ռ.Մ. փոխադրումներ» ՍՊԸ-ից, «Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ-ից, «Գասմեն» ՍՊԸ-ից հօգուտ Ընկերության՝ ավտոբուսների հաշվեկշռային արժեքի գումարները բռնագանձելու մասով, և փոփոխվել. հայցն այդ մասով մերժվել է: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 436-րդ, 447-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 02.08.2007 թվականի թիվ 894-Ն որոշման դրույթները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ կառավարության 02.08.2007 թվականի թիվ 894-Ն որոշման համաձայն՝ Ընկերությանը թույլատրվել է վարձակալական հիմունքներով ավտոբուսներ հանձնել պատասխանող ընկերություններին՝ միաժամանակ որոշմամբ սահմանելով վարձակալության ժամկետն ու վարձավճարների չափը։ Նշված որոշմամբ հստակ սահմանվել է նաև ավտոբուսների հաշվեկշռային արժեքի վճարման վերաբերյալ պայմանները, այն է՝ ավտոբուսների հաշվեկշռային արժեքները (ներառյալ ԱԱՀ-ն) հավասարաչափ վեց տարվա ընթացքում պատասխանող ընկերությունների կողմից Ընկերությանն ամբողջությումբ վճարվելու դեպքում դրանք սեփականության իրավունքով փոխանցվում են համապատասխան կազմակերպություններին։
Ընկերության և պատասխանող ընկերությունների միջև 18.12.2008 թվականին կնքված համաձայնագրերի համաձայն՝ «Վարձատուն 6 տարի ժամկետով Վարձակալի տիրապետմանը և օգտագործմանն է հանձնում նույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածներ 1-ով և 2-ով նախատեսված, իրեն սեփականության իրավունքով պատկանող ուղևորատար ավտոբուսները։ Վարձակալի կողմից ավտոբուսների հաշվեկշռային արժեքները (ներառյալ ԱԱՀ) հավասարաչափ 6 տարվա ընթացքում ամբողջությամբ վճարելուց հետո դրանք սեփականության իրավունքով փոխանցվում են վարձակալին»։
Վերաքննիչ դատարանը պայմանագրով պատասխանող ընկերությունների ստանձնած պարտավորությունը մեկնաբանել է այն իմաստով, որ վերջիններս, որպես վարձակալ չեն կարող հանդիսանալ վարձակալած գույքի գնորդ, մինչդեռ պայմանագրում որևէ խոսք չի գնում գնորդ-վաճառող հարաբերությունների մասին։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցադիմումով պահանջվել է պատասխանող ընկերությունների կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարում և տվյալ դեպքում առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե պատասխանող ընկերությունները կնքված պայմանագրերով ինչ պարտավորություն են ստանձնել և թե ստանձնած պարտավորությունը ինչպիսի պայմաններ է պարունակում։
Քննարկվող պայմանագրերի 3.4.4.-րդ կետով պատասխանող ընկերությունները պարտավորվել են ապահովել պայմանագրային գումարի սահմանված ժամկետում և պայմաններում վճարումը, իսկ պայմանագրերը լուծելու դեպքում նաև ավտոբուսներին պատճառված վնասի հատուցումը։ Փաստորեն, պայմանագրերում ամրագրված սույն պարտավորությամբ պատասխանող ընկերությունները պարտավորվել են վճարել պայմանագրային գումարը։ Պայմանագրի 2.1.-րդ կետով կողմերը եկել են համաձայնության, որ պայմանագրի գինը համարժեք է պայմանագրի անբաժան մասը կազմող հավելված 2-ով ներկայացված հաշվարկային ընդհանուր գումարին, որը ներառում է ավտոբուսների հաշվեկշռային արժեքը (ներառյալ՝ ԱԱՀ) և այդ արժեքից տարեկան ութ տոկոս վարձավճարը։ Նշված պայմանի վերոգրյալ շարադրանքից ակնհայտ է, որ պատասխանող ընկերությունները ստանձնել են պարտավորություն վճարելու թե ավտոբուսների վարձավճարների գումարը և թե ավտոբուսների հաշվեկշռային արժեքը, քանի որ վճարման ենթակա այս երկու գումարների հանրագումարն է կազմում պայմանագրային գումարը։
Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանող ընկերությունները չեն կատարել վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունը և չեն վճարել վարձավճարները, սակայն չի հիմնավորել, թե ինչ հիմքով է վարձավճարը վճարելու պարտավորությունը դիտել առանձին, ինքնուրույն պարտավորություն, երբ այն փոխկապակցված է պայմանագրային գումարը վճարելու պարտավորությանը, որը բացի վարձավճարից իր մեջ ներառում է նաև ավտոբուսների հաշվեկշռային արժեքի վճարումը։ Նշված վճարումները պայմանագրերում առանձնացված չեն որպես առանձին պարտավորություններ և պայմանագիր կնքելիս պատաստանող ընկերություններին պարզ է եղել, որ ավտոբուսները վարձակալվում են որոշակի պայմանով, որպիսին է դրանց հաշվեկշռային արժեքի վճարումը։
Փաստորեն, Վերաքննիչ դատարանն անտեսել է պայմանագրով հաշվեկշռային արժեքի վճարման պայմանի գոյությունը` այն ընդհանրապես չդիտելով որպես պայմանագրի կողմերի փոխադարձ համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածության առարկա, այլ ընդառաջ գնալով պատասխանող ընկերութունների դիրքորոշմանն այն մասին, որ իրենք վարձակալ են և ոչ թե գնորդ, վեճը լուծել է գործի նյութերի ոչ լրիվ, ոչ բազմակողմանի և ոչ օբյեկտիվ գնահատման արդյունքում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.02.2009 թվականի վճռին։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ կառավարության 02.08.2007 թվականի ««Ավտոբուս» և «Երևանտրանս» ՓԲ ընկերություններին խոշոր գործարքներ կնքելու թույլտվություն տալու մասին» թիվ 894-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 50 միավոր «ՊԱԶ 32054», 127 միավոր «ԲՈԳԴԱՆ Ա 092» և 40 միավոր «ԲՈԳԴԱՆ Ա 09201» մակնիշների (ընդամենը 2.076.057.700 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով) ավտոբուսները վարձակալության պայմանագրերով տրամադրել ՀՀ կառավարության 16.08.2001 թվականի թիվ 762 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխանող կազմակերպություններին՝ տարեկան վարձավճարի չափը սահմանելով ըստ տարիների հաշվեկշռային արժեքի 8 տոկոսից ոչ պակաս: Նույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ նույն որոշման 1-ին կետով նախատեսված ավտոբուսների վարձակալության պայմանագրերը պետք է ներառեն պարտադիր պայմաններ այն մասին, որ նույն որոշման 1-ին կետով նախատեսված ավտոբուսների հաշվեկշռային արժեքները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) հավասարաչափ վեց տարվա ընթացքում կազմակերպությունների կողմից Ընկերությանն ամբողջությամբ վճարելու դեպքում դրանք սեփականության իրավունքով փոխանցվում են համապատասխան կազմակերպություններին:
2) Երևանի քաղաքապետի 26.10.2007 թվականի «ՀՀ կառավարության 02.08.2007 թվականի թիվ 894-Ն որոշման պահանջների կատարումն ապահովելու մասին» թիվ 4442-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ թույլատրվել է Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող թվով 50 «ՊԱԶ 32054», թվով 127 «ԲՈԳԴԱՆ Ա 092» և թվով 40 «ԲՈԳԴԱՆ Ա 09201» ավտոբուսները հաշվեկշռային արժեքով վարձակալության պայմանագրերով տրամադրել ՀՀ կառավարության 16.08.2001 թվականի թիվ 762 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխանող կազմակերպություններին՝ տարեկան վարձավճարի չափը սահմանելով հաշվեկշռային արժեքի 8 տոկոսից ոչ պակաս: Նույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հանձնարարվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին աշխատակազմի իրավաբանական, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների հետ համատեղ տասնօրյա ժամկետում մշակել նույն որոշման 2-րդ կետում նշված ընկերություններին ավտոբուսների և գույքի վարձակալությամբ տրամադրելու պայմանագրերի ձևերը՝ վարձակալության պայմանագրերում պարտադիր ներառելով պայմաններ այն մասին, որ ավտոբուսների հաշվեկշռային արժեքները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) հավասարաչափ վեց տարվա ընթացքում կազմակերպությունների կողմից Ընկերությանն ամբողջությամբ վճարելու դեպքում դրանք սեփականության իրավունքով փոխանցվում են համապատասխան կազմակերպություններին:
3) 31.10.2007 թվականին Ընկերության՝ որպես վարձատուի և «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ի, «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ի, «Ռին-Արտ» ՍՊԸ-ի, «Արարատ Նազարեթյան» ՍՊԸ-ի, «Ռ.Ռ.Մ. փոխադրումներ» ՍՊԸ-ի, «Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ-ի և «Գասմեն» ՍՊԸ-ի՝ որպես վարձակալների միջև կնքված «Տրանսպորտային միջոցների վարձակալության» պայմանագրերի 1.1-րդ կետի համաձայն՝ վարձատուն վճարի դիմաց 6 տարի ժամկետով վարձակալի տիրապետմանը և օգտագործմանն է հանձնում նույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելված 1-ով նախատեսված, իրեն սեփականության իրավունքով պատկանող ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցները՝ առանց դրանց կառավարման և տեխնիկական շահագործման ծառայությունների մատուցման: Նշված պայմանագրերի 1.3-րդ կետի համաձայն՝ նույն պայմանագրով սահմանված վարձակալության ժամկետը լրանալուց հետո և վարձակալի կողմից պարտավորությունների բարեխիղճ կատարման դեպքում, ավտոբուսները փոխանցվում են վարձակալի սեփականությանը՝ վարձակալի կողմից պայմանագրային ամբողջ գումարը վճարելու պայմանով: Եթե վարձակալի կողմից իրականացվել է պայմանագրային ամբողջ գումարի վաղաժամկետ վճարում, ապա ավտոբուսները փոխանցվում են Վարձակալի սեփականությանը՝ պարտավորությունների կատարման պահով:
Պայմանագրի 2.1-րդ և 2.2-րդ կետերի համաձայն՝ պայմանագրի գինը համարժեք է պայմանագրի անբաժան մասը կազմող հավելված 2-ով ներկայացված հաշվարկային ընդհանուր գումարին, որը ներառում է ավտոբուսների հաշվեկշռային արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և այդ արժեքից տարեկան 8 տոկոս վարձավճարը, որպիսի գումարը վարձակալը պարտավոր է վճարել ամսական կտրվածքով՝ մինչև հաջորդող ամսվա 5-ը։ Իսկ պայմանագրի 3.4.4-րդ կետի համաձայն՝ վարձակալը պարտավոր է ապահովել պայմանագրային գումարի սահմանված ժամկետում և պայմաններով վճարումը, իսկ պայմանագիրը լուծելու դեպքում նաև ավտոբուսներին պատճառված վնասների հատուցումը:
Պայմանագրի 3.2.3.-րդ կետի համաձայն՝ վարձատուն պարտավոր է վարձակալի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումից և պայմանագրային ժամկետը լրանալուց հետո ավտոբուսներն օրենքով սահմանված կարգով հանձնել վարձակալի սեփականությանը:
4) Ընկերության կողմից 19.08.2008 թվականին «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ին, «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ին, «Ռին-Արտ» ՍՊԸ-ին, «Արարատ Նազարեթյան» ՍՊԸ-ին, «Ռ.Ռ.Մ. փոխադրումներ» ՍՊԸ-ին, «Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ-ին և «Գասմեն» ՍՊԸ-ին ուղղված նախապահանջների համաձայն՝ պատասխանող ընկերություններին առաջարկվել է վճարել Ընկերության հանդեպ ունեցած համապատասխանաբար՝ 44.111.900 ՀՀ դրամ, 20.756.300 ՀՀ դրամ, 20.177.800 ՀՀ դրամ, 20.177.800 ՀՀ դրամ, 17.936.000 ՀՀ դրամ, 15.240.600 ՀՀ դրամ, 155.424.400 ՀՀ դրամ պայմանագրային պարտավորությունների գումարը:
5) 18.12.2008 թվականին Ընկերության և «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ի, «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ի, «Ռին-Արտ» ՍՊԸ-ի, «Արարատ Նազարեթյան» ՍՊԸ-ի, «Ռ.Ռ.Մ. փոխադրումներ» ՍՊԸ-ի, «Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ-ի և «Գասմեն» ՍՊԸ-ի միջև կնված «31.10.2007 թվականի տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագրերի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրերի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի 1-ին կետի (պայմանագրի առարկան) 1.1-րդ ենթակետը շարադրվել է հետևյալ կերպ. «Սույն պայմանագրով՝ Վարձատուն 6 տարի ժամկետով Վարձակալի տիրապետմանը և օգտագործմանն է հանձնում նույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներ 1 և 2-ով նախատեսված, իրեն սեփականության իրավունքով պատկանող ուղևորատար ավտոբուսները: Վարձակալի կողմից ավտոբուսների հաշվեկշռային արժեքները (ներառյալ ԱԱՀ) հավասարաչափ 6 տարվա ընթացքում ամբողջությամբ վճարելուց հետո դրանք սեփականության իրավունքով փոխանցվում են վարձակալին»:Համաձայնագրերի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագրի 3-րդ կետի (կողմերի իրավունքներն ու պարտականությունները) 3.4.4-րդ ենթակետը շարադրվել է հետևյալ կերպ. «Պայմանագրերը վաղաժամկետ լուծելու դեպքում ապահովել պայմանագրի 2.1-րդ կետով սահմանված 8 տոկոսի վարձավճարի հաշվարկված գումարի վճարումը, լուծման պահին և ավտոբուսներին հասցրած վնասի հատուցումը, հետ ստանալով կանխավճարային կարգով վճարած՝ ավտոբուսների հաշվեկշռային արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)»:
Համաձայնագրերի 6-րդ կետի համաձայն՝ համաձայնագրով կատարված լրացումներին ու փոփոխություններին տրվել է հետադարձ ուժ՝ այն կիիրառելով 01.11.2007 թվականից սկսած:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները մեկնաբանելիս՝ դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 645-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով վարձատուն վճարի դիմաց տրանսպորտային միջոցը հանձնում է վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը՝ առանց նրան կառավարման ու տեխնիկական շահագործման համար ծառայություններ մատուցելու:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը), որը մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օրենքով կամ վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալած գույքը, վարձակալության ժամկետը լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը, անցնում է վարձակալի սեփականությանը՝ վարձակալի կողմից պայմանագրով պայմանավորված ամբողջ գումարը վճարելու պայմանով:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Ընկերությունը և պատասխանող ընկերությունները վարձատու և վարձակալ են, այլ ոչ թե գնորդ և վաճառող, ինչպես նաև, որ կողմերի միջև կնքված պայմանագրերով պատասխանող ընկերությունները պարտավորվել են վճարել միայն գույքի վարձավճարները, իսկ գույքը գնելու պարտավորություն որևէ իրավական ակտով նրանց համար չի սահմանվել, եզրահանգում է արել այն մասին, որ ավտոբուսների հաշվեկշռային արժեքները վճարելու միջոցով դրանց նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու իրավունքը պատկանել է պատասխանող ընկերություններին, որոնց համար այդ իրավունքից օգտվելը հայեցողական է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել քաղաքացիական գործում առկա ապացույցների, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 02.08.2007 թվականի ««Ավտոբուս» և «Երևանտրանս» ՓԲ ընկերություններին խոշոր գործարքներ կնքելու թույլտվություն տալու մասին» թիվ 894-Ն որոշման, Երևանի քաղաքապետի 26.10.2007 թվականի «ՀՀ կառավարության 02.08.2007 թվականի թիվ 894-Ն որոշման պահանջների կատարումն ապահովելու մասին» թիվ 4442-Ա որոշման, 31.10.2007 թվականին Ընկերության՝ որպես վարձատուի և պատասխանող ընկերությունների՝ որպես վարձակալների միջև կնքված «Տրանսպորտային միջոցների վարձակալության» պայմանագրերի, դրա հավելվածների և 18.12.2008 թվականին կնված «31.10.2007 թվականի տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագրերի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրերի պատշաճ գնահատում հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերից հետևում է, որ ավտոբուսների հաշվեկշռային արժեքներն Ընկերությանն ամբողջությամբ վճարելու դեպքում դրանք սեփականության իրավունքով պատասխանող ընկերություններին փոխանցելու պայմանը՝ որպես կնքվելիք վարձակալության պայմանագրերի պարտադիր պայման, նախատեսված է ՀՀ կառավարության 02.08.2007 թվականի ««Ավտոբուս» և «Երևանտրանս» ՓԲ ընկերություններին խոշոր գործարքներ կնքելու թույլտվություն տալու մասին» թիվ 894-Ն և Երևանի քաղաքապետի 26.10.2007 թվականի «ՀՀ կառավարության 02.08.2007 թվականի թիվ 894-Ն որոշման պահանջների կատարումն ապահովելու մասին» թիվ 4442-Ա որոշումներով, իսկ Ընկերության և պատասխանող ընկերությունների միջև 31.10.2007 թվականին կնքված «Տրանսպորտային միջոցների վարձակալության» պայմանագրերի 2.1.-րդ և 2.2-րդ կետերի համաձայն՝ պայմանագրի գինը համարժեք է պայմանագրի անբաժան մասը կազմող հավելված 2-ով ներկայացված հաշվարկային ընդհանուր գումարին, որը ներառում է ավտոբուսների հաշվեկշռային արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և այդ արժեքի տարեկան 8 տոկոս վարձավճարը, որը վարձակալը պարտավոր է վճարել ամսական կտրվածքով՝ մինչև հաջորդող ամսվա 5-ը։ 18.12.2008 թվականին Ընկերության և պատասխանող ընկերությունների միջև կնքված «31.10.2007 թվականի տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագրերի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրերով նույնպես որևէ փոփոխության չի ենթարկվել ավտոբուսների հաշվեկշռային արժեքի 8 տոկոս վարձավճարների հետ միասին ավտոբուսների հաշվեկշռային արժեքը վճարելու պատասխանող ընկերությունների պարտավորությունները:
Այսպիսով, հիմք ընդունելով պայմանագրում պարունակվող բառերի տառացի նշանակությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կողմերի միջև կնքված վարձակալության պայմանագրերի գին է հանդիսանում ավտոբուսների հաշվեկշռային արժեքի և այդ արժեքի տարեկան 8 տոկոս վարձավճարների ընդհանրական գումարը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) oգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն oրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, oրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Վերոնշյալ նորմերից բխում է, որ պարտավորությունների պատշաճ կատարումը որպես պարտավորությունների կատարման ընդհանուր և հիմնարար սկզբունք, ենթադրում է պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունների կատարում՝ պարտավորության պայմաններին, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Սույն գործի փաստերի հիմքով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարձակալ ընկերությունների ստանձնած պարտավորությունն է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ապահովել պայմանագրային գումարի սահմանված ժամկետում և պայմաններում վճարումը, իսկ պայմանագրի գինը, համաձայն պայմանագրի 2.1-րդ կետի՝ համարժեք է պայմանագրի անբաժան մաս կազմող հավելված 2-ով ներկայացված հաշվարկային ընդհանուր գումարին, որն էլ ներառում է ավտոբուսների հաշվեկշռային արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և այդ արժեքի 8 տոկոս վարձավճարը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ չնայած պայմանագրերը վերնագրվել են «Տրանսպորտային միջոցների վարձակալություն» անվանումով, և դրանում որպես կողմեր հանդես են եկել վարձատուն և վարձակալները, այնուհանդերձ դրանցում նախատեսվել են վարձակալության ժամկետը լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը վարձակալի կողմից պայմանագրով պայմանավորված ամբողջ գումարը վճարելու պայմանով վարձակալած գույքը վարձակալին ի սեփականություն անցնելու հնարավորությունը, որն էլ բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներից:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Ընկերությունը և պատասխանող ընկերությունները հանդես են եկել որպես վարձատու և վարձակալ, ուստի նրանց միջև չէին կարող ծագել գնորդի և վաճառողի իրավունքներ և պարտականություններ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշման մասը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Երևանի քաղաքացիական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանը պայմանագրի գինը մեկնաբանելիս դրա մեջ ներառել է թե՛ ավտոբուսների հաշվեկշռային արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և թե՛ այդ արժեքի 8 տոկոս վարձավճարը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշման՝ հայցը մերժելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 27.02.2009 թվականի վճռին: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ից, «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ից, «Ռին-Արտ» ՍՊԸ-ից, «Արարատ Նազարեթյան» ՍՊԸ-ից, «Ռ.Ռ.Մ. փոխադրումներ» ՍՊԸ-ից, «Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ-ից և «Գասմեն» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ (համապատասխան ընկերությունից գանձվելիք գումարի չափին համամասնորեն)՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2009 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ե. Խունդկարյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|