Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.223
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.12.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
04.12.2009
Дата вступления в силу
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ5/0043/02/08

Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ5/0043/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

               Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լյուդմիլա Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լյուդմիլա Շահբազյանի ընդդեմ Գագիկ Մանուկյանի, երրորդ անձ Գուրգեն Շահբազյանի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լյուդմիլա Շահբազյանը պահանջել է անվավեր ճանաչել Գագիկ Մանուկյանի հետ 09.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այուհետ՝ Դատարան) 08.01.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի 08.01.2009 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` Լյուդմիլա Շահբազյանի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լյուդմիլա Շահբազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել նույն հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ 09.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վիճարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի հիմքով, ոչ միայն որպես կեղծ գործարք, այլ որպես շինծու գործարք: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ վերը նշված գործարքը որպես շինծու գործարք անվավեր ճանաչելու հիմքով չի վիճարկվել, անհիմն է:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել նաև այն հանգամանքը, որ Լյուդմիլա Շահբազյանի 19.09.2006 թվականի պարտավորագիրը շինծու գործարք է, որը նպատակ է հետապնդել քողարկելու Գուրգեն Շահբազյանի և Գագիկ Մանուկյանի միջև կնքված պայմանագիրը: 09.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը նույնպես շինծու գործարք է, քանի որ Լյուդմիլա Շահբազյանի կամքը չի համապատասխանում անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում շարադրվածին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման վերաբերյալ Վճռաբեկ դատարանը 23.04.2008 թվականի թիվ 3-163 (ՎԴ) նախադեպային որոշմամբ արտահայտել է իր դիրքորոշումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.01.2009 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Լյուդմիլա Շահբազյանը Գագիկ Մանուկյանին 19.09.2006 թվականին տվել է պարտավորագիր, որով պարտավորվել է մինչև 30.01.2007 թվականը վերադարձնել 2.760.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նշվել է, որ «Նշված գումարը ժամանակին չվերադարձնելու դեպքում պարտավորվում եմ իմ սեփական տունը, որը գտնվում է Աշտարակի շրջանի Կարբի գյուղում նոտարական կարգով ձևակերպել Գագիկ Մանուկյանի անվամբ, մինչև իմ կողմից լրիվ վճարվի պարտք գումարը ամբողջությամբ» (հատոր առաջին գ.թ. 23):

2) Լյուդմիլա Շահբազյանի և Գագիկ Մանուկյանի միջև 09.04.2007 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով որպես վաճառվող ապրանքի գին նշվել է 5.000.000 ՀՀ դրամ:

Պայմանագրից բխող իրավունքները ստացել են պետական գրանցում և Գագիկ Մանուկյանին տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր առաջին գ.թ. 29-31):

3) Անշարժ գույքի շուկայական գնահատման հաշվետվության համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող, Գագիկ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան շուկայական արժեքը կազմում է 17.810.000 ՀՀ դրամ (հատոր առաջին գ.թ. 10-17):

4) Դատարան ներկայացված հայցադիմումում նշվել է, որ 09.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով իրականում քողարկվել է վթարի ենթարկված ավտոմեքենայի արժեքը վճարելու վերաբերյալ պարտավորության կատարման ապահովումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս օրինակ՝ «ԱՎԱ» ՍՊԸ ընդդեմ Սերգեյ Գաբրիելյան և Վիոլետա Գաբրիելյան՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, Սերգեյ և Վիոլետա Գաբրիելյաններին տարածքից վտարելու պահանջների մասին թիվ 3-89(ՏԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ «Նման եզրահանգման համար հիմք է տալիս նաև հայցվորի գրած պարտավորագիրը, ըստ որի մինչև 30.01.2007 թվականը 2760000 ՀՀ դրամը չվերադարձնելու դեպքում, հայցվորը պարտավորվել է իր սեփական տունը, որը գտնվում է Աշտարակի շրջանի Կարբի գյուղում, նոտարական կարգով ձևակերպել Գագիկ Մանունկյանի անվամբ մինչև իր կողմից լրիվ վճարվի պարտքի գումարն ամբողջությամբ: Դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև գույքի շուկայական արժեքը, որը ըստ դատարան ներկայացված հաշվետվության 11.07.2008 թվականի դրությամբ կազմում է 17.810.000 ՀՀ դրամ:»:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «սույն քաղաքացիական հայցով Լյուդմիլա Շահբազյանը վիճարկում է 09.04.2007 թվականի առուվաճառքի պայմանագիրը 306-րդ հոդվածի 1-ին հիմքով, որպես կեղծ գործարք»:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Լյուդմիլա Շահբազյանը 09.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վիճարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի հիմքով և Դատարան ներկայացված հայցադիմումում բերված են գործարքը շինծու լինելու մասին հիմնավորումներ: Այսպես, սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումում նշվել է, որ 09.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով իրականում քողարկվել է վթարի ենթարկված ավտոմեքենայի արժեքը վճարելու վերաբերյալ պարտավորության կատարման ապահովումը:

Հիմք ընդունելով վերոգյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն անհիմն է:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան