Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.04.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.26
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
02.04.2010
Дата вступления в силу
02.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0334/05/09

վարչական գործ թիվ ՎԴ/0334/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 09.10.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Արման Ազիզյանի՝ 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու և տարածքը նախկին տեսքի բերելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Արման Ազիզյանից 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը և պարտավորեցնել քանդելու Երևանի Լուսինյանց փողոցի թիվ 34 հասցեում Արման Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գոյություն ունեցող շինության վրա ինքնակամ կառուցված շինությունը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.10.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արման Ազիզյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ, 219.1-րդ, 244.9-րդ, 281-րդ, 245-րդ, 247-րդ, 251-րդ, 255-րդ, 275-րդ, 279-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 02.12.2008 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը Արման Ազիզյանի կողմից չի բողոքարկվել, այն որևէ դատական ակտով անվավեր չի ճանաչվել: Հետևաբար, Դատարանը պետք է ելներ այն կանխավարկածից, որ նշված որոշումն օրինական ուժի մեջ է և ենթակա է պարտադիր կատարման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 15.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման արձանագրությամբ չի նշվել իրավախախտման կատարման ժամանակը, ինչպես նաև այն, որ Քաղաքապետարանը դիմել է դատարան հարկադրանքի միջոց կիրառելու պահանջով, սակայն չի կայացրել որևէ պարտականություն սահմանող վարչական ակտ, իրավացիորեն գտել է, որ վարչական ակտը հիմնավոր չէ: Հետևաբար, վարչական տույժը ենթակա չէ բռնագանձման, իսկ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջն անհիմն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից 13.10.2008 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ Արման Ազիզյանը Շևցովայի 34 հասցեում իր սեփական հողամասի վրա գոյություն ունեցող շինության վրա, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցել է շինություն (գ.թ. 10-11):

2) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 28.10.2008 թվականի թիվ Վ-32/14 արձանագրության և եզրակացության համաձայն՝ Երևանի քաղաքապետին ներկայացվել է առաջարկություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով Արման Ազիզյանին 200.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին (գ.թ. 7-9):

3) Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/14 որոշմամբ Արման Ազիզյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամ տուգանքի: Միաժամանակ սահմանվել է, որ տարածքն անհրաժեշտ է բերել նախկին տեսքի, իսկ Արման Ազիզյանին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ (գ.թ. 6):

4) Արման Ազիզյանը Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/14 որոշումը չի վիճարկել, նշված որոշումը չի վերացվել և չի հաստատվել դրա առոչինչ լինելը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիuի գործողությունը կամ անգործությունը, որի համար oրենuդրությամբ նախատեuված է վարչական պատաuխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատաuխանատվություն նախատեuող նորմատիվ ակտով uահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մաuին oրենuդրության հիմունքներին, նույն oրենuգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուu ակտերին ճիշտ համապատաuխան:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան, առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքները, որ Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/14 որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների խախտմամբ, ինչպես նաև այդ որոշմամբ Արման Ազիզյանին ընդամենն առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ, այսինքն` բացակայում է վարչական ակտը, որը կպարտավորեցներ Արման Ազիզյանին տարածքը բերել նախկին տեսքին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը այն դեպքում, երբ սույն գործով Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/14 որոշումը չի վիճարկվել, չի վերացվել և չի հաստատվել դրա առոչինչ լինելը:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/14 որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե՛ս Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հրաչյա Քարամյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ՎԴ/2068/05/08 որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադառնալով վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառելով դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը` Դատարանը թույլ է տվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ բացակայում է Արման Ազիզյանին ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ վարչական ակտը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արման Ազիզյանին ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու իրավասություն Երևանի քաղաքապետը չունի, քանի որ վարչական պատասխանատվության նման տեսակ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով նախատեսված չէ: Այդ իսկ պատճառով Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/14 որոշմամբ առաջարկվել է քանդել ինքնակամ շինությունը, իսկ տարածքը նախկին տեսքի բերել, որը կամովին չկատարելու դեպքում քաղաքապետարանը լիազորված է պարտավորեցման հայցով դիմել դատարան:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 09.10.2009 թվականի վճիռը և այն մասնակիորեն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել` Արման Ազիզյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը, իսկ տարածքը նախկին տեսքին բերելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Արման Ազիզյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 28.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան