ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1194/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1194/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի նոյեմբերի 6-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սամվել Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սամվել Հարությունյանի ընդդեմ «Սև Ջուր Ախթամար» ջրօգտագործողների ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)` պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սամվել Հարությունյանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 4.500.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.02.2009 թվականի վճռով Սամվել Հարությունյանի հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 27.02.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ և 130-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողը հայցադիմումի պատասխանով ընդունել է պայմանագրի գոյությունը, ավելին՝ գործում առկա է կողմերի միջև 2008 թվականի մայիսին կնքված և ստորագրված պայմանագրի հավելվածը կազմող ժամանակացույցը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա ժամանակացույցը պայմանագրի հավելված լինելու հանգամանքը պատասխանողը նույնպես ընդունել է հայցադիմումի պատասխանով՝ նշելով, որ կողմերի միջև կնքված պայմանագրի «Կողմերի պարտավորությունները» բաժնի 4-րդ կետի համաձայն՝ ջրօգտագործողը պարտավոր է պլան- ժամանակացույցին համապատասխան իր հերթական ջրման ժամկետները և պայմանները ջրումից 4 օր առաջ համաձայնեցնել ընկերության ենթատարածքի պատասխանատուի լիազոր ներկայացուցչի հետ:
Բացի այդ, Դատարանը պատասխանողից չի պահանջել իր կողմից վկայակոչված պայմանագիրը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 13.05.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1.«Ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքի ջրօգտագործողին ջրի մատակարարման» 12.04.2008 թվականի պայմանագրի «Կողմերի պարտավորությունները» բաժնի 4-րդ կետի համաձայն՝ ջրօգտագործողը պարտավոր է պլան-ժամանակացույցին համապատասխան իր հերթական ջրման ժամկետները և պայմանները ջրումից 4 օր առաջ համաձայնեցնել Ընկերության տվյալ ենթատարածքի պատասխանատու լիազոր ներկայացուցչի հետ: Նշված պայմանագիրը ստորագրել է միայն Սամվել Հարությունյանը (գ.թ. 10):
2. Վարդանաշեն ենթատարածքի ջրօգտագործող Սամվել Հարությունյանի կողմից Վարդանաշեն ենթատարածքի 2008 թվականի ոռոգման ջրի մատակարարման համար Ընկերության ենթատարածքի հիդրոտեխնիկ Ա.Սարգսյանի հետ կազմվել է պլան-ժամանակացույց (գ.թ. 9):
3. ՀՀ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի գյուղապետի 29.07.2008 թվականի թիվ 321 տեղեկանքի համաձայն՝ Սամվել Հարությունյանը 2008 թվականի գարնանը Վարդանաշեն համայնքի բնակիչներից վարձակալել է 2.9 հա հողատարածք (գ.թ. 12):
4. ՀՀ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի գյուղապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի 04.08.2008 թվականի ակտի համաձայն` Սամվել Հարությունյանին ոռոգման ջրով մատակարարումը կատարվել է ոչ պատշաճ, որի հետևանքով ձմերուկի և սորգեի բույսերը չորացել են: Վերոնշյալ մշակաբույսերից սպասվելիք եկամուտը շուկայական գների համաձայն կկազմեր 6.490.000 ՀՀ դրամ (գ.թ. 6):
5. ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի գյուղապետի 26.09.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Սամվել Հարությունյանը բնակվում է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում և ցանված 3 հա հողամասը չորանալու հետևանքով վերջինիս 4 շնչից կազմված ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ (գ.թ. 7):
6. Գործում առկա հայցադիմումի պատասխանով Ընկերությունն ընդունել է, որ կողմերի միջև կնքված պայմանագրի «Կողմերի պարտավորությունները» բաժնի 4-րդ կետի՝ ջրօգտագործողը պարտավոր է պլան-ժամանակացույցին համապատասխան իր հերթական ջրման ժամկետները և պայմանները ջրումից 4 օր առաջ համաձայնեցնել ընկերության ենթատարածքի պատասխանատուի լիազոր ներկայացուցչի հետ (գ.թ. 37):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:
Նույն օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով, որ 12.04.2008 թվականի պայմանագիրը ստորագրված է միայն Սամվել Հարությունյանի կողմից, հանգել է այն հետևության, որ սույն քաղաքացիական գործով կողմերը չեն մտել քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ:
Մինչդեռ սույն գործում առկա են Վարդանաշեն ենթատարածքի ջրօգտագործող Սամվել Հարությունյանի և Ընկերության ենթատարածքի հիդրոտեխնիկ Ա.Սարգսյանի միջև կազմված Վարդանաշեն ենթատարածքի 2008 թվականի ոռոգման ջրի մատակարարման համար կազմված պլան-ժամանակացույցը, որով հիմնավորվում է կողմերի միջև մինչ այդ կնքված ջրամատակարարման պայմանագրի առկայությունը: Բացի այդ, Ընկերությունը, հայցադիմումի պատասխանով իր փաստարկների հիմքում դնելով պայմանագրի «Կողմերի պարտավորությունները» բաժնի 4-րդ կետը, ըստ էության ընդունել է կողմերի միջև քաղաքացիաիրավական հարաբերությունների առկայության փաստը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն oրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված չեն կողմերի ներկայացված և սույն գործում առկա վերը նշված ապացույցները մերժելու հիմքերը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ա. Բարսեղյան |
Վ. Աբելյան | ||
|
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|