ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1070/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1070/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մարինա և Շանթ Հակոբյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.10.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Ռուբեն Սարգսյանի հայցի ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի, երրորդ անձինք Ռաֆայել Սարգսյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ռուբեն Սարգսյանը պահանջել է 12.08.2006 թվականին մահացած Գեղեցիկ Սարգսյանի ժառանգական գույքի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 37 տան նկատմամբ ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ և պարտավորեցնել Կադաստրին կատարելու ժառանգության իրավունքի պետական գրանցում:
ՀՀ վարչական դատարանի 10.10.2008 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է «Ռուբեն Սարգսյանին ճանաչել Գեղեցիկ Սարիբեկի Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ` Գեղեցիկ Սարիբեկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ա.Տիգրանյան փողոցի թիվ 37 տան հասցեի 1500.0քմ ընդհանուր հողամասի և 170.2քմ շենք-շինությունների 1/3 մասի նկատմամբ: Ռուբեն Սարգսյանի` որպես ժառանգությունն ընդունած ժառանգի սեփականության իրավունքը ք. Երևան, Ա.Տիգրանյան փողոցի թիվ 37 տան հասցեի 1500.0քմ ընդհանուր հողամասի և 170.2քմ շենք-շինությունների 1/3 մասի նկատմամբ ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից: Հայցը մնացած մասով մերժել»:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարինա և Շանթ Հակոբյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 3-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, 161-րդ հոդվածը և 28-րդ գլխի դրույթները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է գործում առկա ապացույցները և այն հանգամանքը, որ Գեղեցիկ Սարգսյանի ժառանգական գույքի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 37 տան նկատմամբ Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակում մուտքագրվել է թիվ 70 ժառանգական գործը Մարինա և Շանթ Հակոբյանների անվամբ, որոնք գործի քննությանը մասնակից չեն դարձվել, չեն ներգրավվել որպես երրորդ անձինք և նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
2. Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 2-րդ մասը, անտեսելով 71-րդ գլխի դրույթների պահանջները, ղեկավարվել է 72-րդ գլխի դրույթներով:
Բողոք բերած անձը նշված հիմքի վերաբերյալ որևէ հիմնավորում չի ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.10.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 23.11.1994 թվականի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Երևանի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 37 տան 1/3 բաժնի սեփականատերը Գեղեցիկ Սարգսյանն է (գ.թ.11-12):
2. Գեղեցիկ Սարգսյանը մահացել է 12.08.2006 թվականին (գ.թ.8):
3. Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Է.Շաբոյանի 14.03.2008 թվականի Դատարանին հասցեագրված գրության համաձայն` 12.08.2006 թվականի մահացած Գեղեցիկ Սարգսյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու կապակցությամբ նոտարական գրասենյակում մուտքագրվել է թիվ 70 ժառանգական գործը «Մարինա և Շանթ Սարգսյանների» անվամբ (գ.թ. 32, 77):
4. Նոտարական կարգով վավերացված 22.08.1989 թվականի կտակի համաձայն` Գեղեցիկ Սարգսյանը Երևանի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 37 տան իր բաժինն ամբողջությամբ կտակել է թոռներին` Մարինա և Շանթ Կարապետի Հակոբյաններին (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
5. 31.03.2009 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 12.08.2006 թվականին մահացած Գեղեցիկ Սարգսյանի ժառանգական գույքի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 37 տան 1/3 բաժնի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են ճանաչվել «Մարինա Գարաբեդ Հագոպյանը /Մարինա Կարապետի Հակոբյանը/, Շանթ Գարապետ Հագոպյանը /Շանթ Կարապետի Հակոբյան/» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
6. Մարինա Հակոբյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքը առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում oգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, Միքայել, Մադլենա և Մարիետա Բաբալյանների հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության, Կոտայքի մարզպետարանի` որոշակի գործողություն կատարելու և վարչական ակտի հետևանքները վերացնելու պահանջների մասին թիվ ՎԴ/3140/05/08 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը, Լաուրա Մկրտչյանի հայցն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով նոտարական գրասենյակի կողմից 12.08.2006 թվականին մահացած Գեղեցիկ Սարգսյանի ժառանգության զանգվածի նկատմամբ նրա թոռների՝ Մարինա և Շանթ Սարգսյանների ժառանգությունն ընդունելու մասին դիմումն ընդունելու փաստը, հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ռուբեն Սարգսյանը 12.08.2006 թվականին մահացած Գեղեցիկ Սարգսյանի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգն է:
Մինչդեռ, գործում առկա Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Է.Շաբոյանի 14.03.2008 թվականի գրությամբ Դատարանին հայտնվել է, որ 12.08.2006 թվականի մահացած Գեղեցիկ Սարգսյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու կապակցությամբ նոտարական գրասենյակում մուտքագրվել է թիվ 70 ժառանգական գործը «Մարինա և Շանթ Սարգսյանների» անվամբ:
Ավելին, սույն վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ նոտարական կարգով վավերացված 22.08.1989 թվականի կտակի համաձայն` Գեղեցիկ Սարգսյանը Երևանի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 37 տան իր բաժինն ամբողջությամբ կտակել է թոռներին` Մարինա և Շանթ Կարապետի Հակոբյաններին, իսկ 31.03.2009 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 12.08.2006 թվականին մահացած Գեղեցիկ Սարգսյանի ժառանգական գույքի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 37 տան 1/3 բաժնի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են ճանաչվել «Մարինա Գարաբեդ Հագոպյանը /Մարինա Կարապետի Հակոբյանը/, Շանթ Գարապետ Հագոպիանը /Շանթ Կարապետի Հակոբյան/»:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է Մարինա Հակոբյանի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարինա Հակոբյանը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իրենց գործի հրապարակային քննության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերոնշյալ հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկվի նոր քննության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա հայցը պետք է քննվի այն դատարանում, որի առարկայական ընդդատությանն է ենթակա ներկայացված հիմնական պահանջը:
Սույն գործով հայցի առարկան է ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելը և Կադաստրին ժառանգության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնական պահանջը ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելն է, իսկ Կադաստրին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելը առաջինի իրավական հետևանքն է: Բացի այդ, նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ սույն գործով Կադաստրի գործողությունները կամ անգործությունը չի վիճարկվում, հետևաբար, ընդհանրապես բացակայում է հանրային իրավահարաբերություններից ծագող որևէ վեճ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճը վերաբերում է ոչ թե հանրային իրավահարաբերություններին, այլ ժառանգական իրավունքին, հետևաբար այն Վարչական դատարանում քննության ենթակա չէ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.10.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ա. Բարսեղյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |