Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (07.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.01.19/3(806) Հոդ.11
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
10.12.2009
Дата подписания
10.12.2009
Дата вступления в силу
07.04.2010

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Լատվիայի Հանրապետության Կառավարության միջԵՎ տնտեսական, արդյունաբերական, գիտական ԵՎ տեխնիկական համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Լատվիայի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),

 

վկայակոչելով Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը,

 

ցանկանալով ամրապնդել, պահպանել և զարգացնել Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև ակտիվացնել և զանազանեցնել իրենց առևտուրը,

 

ղեկավարվելով հավասարության, փոխշահավետության և միջազգային իրավունքի սկզբունքներով,

 

նկատի ունենալով Լատվիայի Հանրապետության` որպես Եվրոպական միության անդամ պետության պարտավորությունները,

 

հաշվի առնելով 1996 թվականի ապրիլի 22-ին կնքված, մի կողմից` Եվրոպական համայնքների և նրանց անդամ պետությունների և, մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի դրույթները,

 

սույնով համաձայնում են հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Նպատակները

 

1. Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային օրենսդրությունների շրջանակներում և հաշվի առնելով իրենց միջազգային պարտավորությունները, զարգացնում, ամրապնդում և զանազանեցնում են տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական փոխշահավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

2. Նշված համագործակցությունը մասնավորապես ուղղված է.

ա) Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական կապերի ամրապնդմանն ու զանազանեցմանը,

բ) կազմակերպությունների և ձեռնարկությունների, ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունները, միջև համագործակցության խթանմանը` նպատակ ունենալով աջակցելու ներդրումային գործունեությանը, համատեղ ձեռնարկություններին ու համագործակցության այլ ձևերին:

 

Հոդված 2

 

Գործողության ոլորտը

 

1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով համաձայնեցված համագործակցությունն իրականացվում է, մասնավորապես, հետևյալ ոլորտներում.

ա) արդյունաբերություն,

բ) գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն,

գ) ներդրումային քաղաքականություն,

դ) տրանսպորտ և տարանցում,

ե) զբոսաշրջություն,

զ) գյուղատնտեսություն,

է) շրջակա միջավայրի պաշտպանություն,

ը) տեղեկատվություն և հաղորդակցական տեխնոլոգիաներ,

թ) տարածաշրջանային զարգացում,

ժ) տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցությունը խթանող` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

2. Պայմանավորվող կողմերը խորհրդակցում են միմյանց հետ` նախանշելու իրենց համագործակցության առաջնային ոլորտները, ինչպես նաև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության նոր ոլորտների վերաբերյալ:

 

Հոդված 3

 

Համագործակցության միջոցները

 

Սույն Համաձայնագրի նպատակներով Պայմանավորվող կողմերը, ի թիվս այլ քայլերի, խթանում և աջակցում են.

ա) պետական մարմինների միջև կապերին և համագործակցությանը,

բ) մասնագիտական կազմակերպությունների, պալատների և ասոցիացիաների միջև կապերին,

գ) անհատների, պաշտոնյաների և տնտեսական կազմակերպությունների միջև համագործակցության խթանմանն ուղղված այցերին, շփումներին և աշխատանքներին,

դ) տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպմանը,

ե) սեմինարների և գիտաժողովների կազմակերպմանը,

զ) համատեղ ձեռնարկությունների և համատեղ տնտեսական գործունեության այլ տեսակների ձևավորմանը,

է) երկկողմ տնտեսական հարաբերություններում փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությանը,

ը) առևտրի խթանմանն ուղղված գործունեությանը:

 

Հոդված 4

 

Տեղեկատվության փոխանակումը

 

1. Պայմանավորվող կողմերը պարբերաբար տեղեկատվություն են փոխանակում առևտրի, ներդրումների, ֆինանսական ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև` տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության խթանման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

2. Պայմանավորվող կողմերն ընդունում են մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը: Պայմանավորվող կողմերը կանոնավոր կերպով տեղեկատվություն են փոխանակում իրենց երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը կարգավորող օրենքների և կանոնակարգերի մասին:

 

Հոդված 5

 

Միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը

 

1. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում ամրագրված խնդիրներն իրականացնելու նպատակով Պայմանավորվող կողմերն ստեղծում են տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողով (այսուհետ` Միջկառավարական հանձնաժողով):

2. Միջկառավարական հանձնաժողովը բաղկացած է Պայմանավորվող կողմերի պետական մարմինների ներկայացուցիչներից:

3. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ, հաջորդականության սկզբունքով` Հայաստանի Հանրապետությունում և Լատվիայի Հանրապետությունում:

4. Միջկառավարական հանձնաժողովն իր աշխատանքներին մասնակցելու նպատակով կարող է հրավիրել Պայմանավորվող կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչներին:

 

Հոդված 6

 

Միջկառավարական հանձնաժողովի նպատակները

 

1. Միջկառավարական հանձնաժողովի հիմնական խնդիրներն են.

ա) սույն Համաձայնագրի գործողության, ինչպես նաև սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում ծագող բոլոր հարցերի մոնիտորինգն ու ուսումնասիրումը,

բ) երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության ծրագրերի քննարկումը,

գ) Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական համագործակցության և առևտրի խոչընդոտների ուսումնասիրումը,

դ) Պայմանավորվող կողմերի վիճակագրական տվյալների համեմատումը:

2. Միջկառավարական հանձնաժողովն առաջարկություններ է ներկայացնում սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

Հոդված 7

 

Վեճերի կարգավորումը

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված բոլոր վեճերը կարգավորվում են Պայմանավորվող կողմերի միջև` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 8

 

Փոփոխությունները

 

1. Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

2. Այդ փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 9

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումն ստանալու օրվանից, որով Պայմանավորվող կողմերը միմյանց հայտնում են Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական պահանջների կատարման մասին:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին: Գործողության այդպիսի դադարեցումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու օրվան հաջորդող վեցերորդ ամսվա առաջին օրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2009 թվականի դեկտեմբերի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լատիշերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. ապրիլի 7-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան