Գլխավոր տեղեկություն
Номер
N 1330-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.04.2010-27.05.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.03/70(660) Հոդ.1256
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2008
Дата вступления в силу
13.12.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1330-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարությանն օժանդակությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3) (ենթակետն ուժը կորցրել է 08.10.09 N 1280-Ն)

(1-ին կետը լրաց. 09.04.09 N 404-Ն, փոփ. 08.10.09 N 1280-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 21

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում կիրառվող, հարկային մարմնում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների վիճակահանության անցկացման և վիճակահանության արդյունքում շահող կտրոնների տիրապետող ֆիզիկական անձանց պարգևավճարների, ինչպես նաև վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակներ տիրապետող ֆիզիկական անձանց բոնուսների հաշվարկման և տրամադրման կարգը:

(1-ին կետը լրաց. 09.04.09 N 404-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են`

1) վիճակահանություն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձանց տրամադրած հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների շահող թվերի բացահայտման հրապարակային միջոցառում, որի արդյունքում հայտնի են դառնում հատուկ համարների շահող թվերը (հատուկ համարներում առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ).

2) վիճակահանություն անցկացնող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կազմով վիճակահանություն անցկացնող հանձնաժողով, որի անդամները գործում են հասարակական հիմունքներով.

3) հատուկ համարներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման համար կիրառվող ժապավեններին ներկայացվող պահանջներին համապատասխան` ժապավենի դարձերեսի վրա տպագրված ութ թվերի կամայական համակցություն.

4) շահող կտրոններ` վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերին (առաջինից սկսած` հաջորդական հերթականությամբ) հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների թվերի (առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ) սույն կարգով սահմանված քանակով համընկած թվեր պարունակող կտրոններ.

5) շահող կտրոնների տիրապետողներ` վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բնօրինակները սույն կարգով սահմանված պարգևավճարներ տրամադրող մարմին ներկայացրած ֆիզիկական անձինք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա պետությունների քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք).

6) բազային պարգևավճարների հիմնադրամ` յուրաքանչյուր վիճակահանության համար վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կողմից նախօրոք հայտարարված գումար, որից սույն կարգին համապատասխան տրամադրվելու են վիճակահանության արդյունքներով շահող կտրոնների տիրապետողների պարգևավճարները.

7) բազային պարգևավճար` վիճակահանության արդյունքներով` սույն կարգին համապատասխան բազային պարգևավճարների հիմնադրամից շահող կտրոններին բաժին ընկնող գումար.

8) բոնուս` վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակների համար սույն կարգին համապատասխան հաշվարկվող գումար:

(2-րդ կետը խմբ. 09.04.09 N 404-Ն)

 

II. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Վիճակահանությունը կազմակերպվում և անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կազմով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից` հանրային հեռուստատեսությամբ: Վիճակահանությունն անցկացվում է, եթե ներկա է հանձնաժողովի անդամ պետական պաշտոնատար անձանց 1/2-ը:

(3-րդ կետը փոփ. 25.03.10 N 311-Ն)

4. Վիճակահանությունն անցկացվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` տվյալ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը, որի արդյունքները վերաբերում են միայն վիճակահանության անցկացմանը նախորդող ամսվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած` բացառապես հատուկ համարներ պարունակող կտրոններին:

5. Վիճակահանության անցկացման մասին դրան նախորդող առնվազն երեք աշխատանքային օր առաջ հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակում է տեղեկատվություն, որը նույն օրը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 09.04.09 N 404-Ն)

7. Վիճակահանության ժամանակ առանձնացվում են վիճակահանության համար նախատեսված ութ թափանցիկ սարքեր, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինեն զրոյից մինչև ինը թվերով համարակալված տասն անթափանց և միագույն գնդեր: Գնդերի խառնման արդյունքում յուրաքանչյուր սարքից պատահականորեն դուրս է գալիս մեկ գունդ, որն առանձնացվում է և ցուցադրվում` բարձրաձայն հայտարարելով գնդի վրա արտացոլված թիվը: Բոլոր ութ սարքերից հանված գնդերը դասավորվում են առավել տեսանելի վայրում` ըստ դրանց դուրս գալու հաջորդականության:

(7-րդ կետը խմբ. 29.01.09 N 96-Ն)

8. Վիճակահանությունն ավարտվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների շահող թվերը (առաջին նիշից սկսած` դրանց հաջորդական հերթականությամբ) հայտնի դառնալով, որի մասին հատուկ տեղեկատվությունը հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և տեղադրում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

9. Վիճակահանության անցկացումից հետո, սույն կարգով սահմանված պարգևավճարներ տրամադրող մարմնի ներկայացրած տեղեկությունների հիման վրա, հարկային մարմինն ապահովում է շահող կտրոնների մասին տեղեկությունների ընթացիկ տեղադրումն իր պաշտոնական ինտերնետային կայքում:

 

III. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԲՈՆՈՒՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Վիճակահանության պարգևավճարների (բազային պարգևավճարների և բոնուսների) հիմնադրամը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` յուրաքանչյուր տարվա ընթացքում վիճակահանության անցկացման համար պահանջվող միջոցների` հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացված հայտին համապատասխան:

(10-րդ կետը լրաց. 09.04.09 N 404-Ն)

11. Յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված բազային պարգևավճարների հիմնադրամից վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բազային պարգևավճարը տրամադրվում է հետևյալ չափերով`

 

1) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր ութ թվերը համընկնելու դեպքում`

 հինգ միլիոն դրամ.

2) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր յոթ թվերը համընկնելու դեպքում`

հինգ հարյուր հազար դրամ.

3) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր վեց թվերը համընկնելու դեպքում`

 հիսուն հազար դրամ.

4) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր հինգ թվերը համընկնելու դեպքում`

քսան հազար դրամ.

5) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր չորս թվերը համընկնելու դեպքում`

հինգ հազար դրամ:

 

12. Յուրաքանչյուր եռամսյակի (բացառությամբ 2009 թվականի չորրորդ եռամսյակի) ընթացքում տրամադրված` հսկիչ-դրամարկղային մեքենաների հատուկ համարներ պարունակող և սույն կարգին համապատասխան իրականացված վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշմամբ սահմանված կարգով ու ժամկետներում բոնուսներ տրամադրող մարմին ներկայացվելու դեպքում կտրոնների խմբաքանակների համար հաշվարկվում և վճարվում է բոնուս` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշմամբ սահմանված չափերով:

(12-րդ կետը խմբ. 09.04.09 N 404-Ն, 08.10.09 N 1280-Ն)

12.1. Բոնուսներ տրամադրող մարմնի կողմից կտրոնների խմբաքանակների համար հաշվարկվում է բոնուս` հետևյալ դեպքերում և կարգով`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ և ծառայություններ անմիջականորեն ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձը բոնուս ստանալու համար կարող է կազմել և ներկայացնել հիսունից մինչև հինգ հարյուր (ներառյալ) կտրոն պարունակող խմբաքանակ, որոնց վրա արտացոլված գործարքների ընդհանուր արժեքների հանրագումարը չպետք է պակաս լինի հարյուր հազար դրամից.

2) ներկայացվող խմբաքանակում չեն կարող ներառվել հետևյալ գործունեության տեսակների համար կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնները`

ա. բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառք,

բ. ավտոտրանսպորտային միջոցների գազալցում (գազալիցքավորում),

գ. շահումով խաղերի և խաղատների կազմակերպում,

դ. համակարգչային խաղերի կազմակերպում,

ե. բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում,

զ. ավտոտրանսպորտային գործունեություն,

է. վարսավիրական ծառայությունների մատուցում,

ը. (պարբերությունն ուժը կորցրել է 25.03.10 N 311-Ն)

թ. ավտոկանգառների գործունեություն,

ժ. կապի բնագավառում կոմիսիոներների և գործակալների գործունեություն (բացառությամբ մանրածախ վաճառքի կամ բնակչությանը ծառայությունների մատուցման),

ժա. կրթության բնագավառ.

3) խմբաքանակում ներառված կտրոնների դարձերեսները պետք է ստորագրված լինեն միայն այն ներկայացնող անձի կողմից.

4) ներկայացված խմբաքանակի համար բոնուսը հաշվարկվում է խմբաքանակում ներառված կտրոնների վրա արտացոլված գործարքների արժեքների հանրագումարի մեկ տոկոսի չափով:

(12-րդ կետը փոփ. 25.03.10 N 311-Ն)

13. Վիճակահանության համար նախատեսված բազային պարգևավճարների հիմնադրամն օգտագործվում է բազային պարգևավճարների, բոնուսների հաշվարկման և վճարման (այդ թվում` բոնուսներ տրամադրող մարմնին կանխավճարի տրամադրման), ինչպես նաև վճարահաշվարկային ծառայությունների դիմաց վճարման համար (բյուջետային ծախսերի նույն դասակարգմամբ):

(13-րդ կետը փոփ. 09.04.09 N 404-Ն, խմբ. 25.03.10 N 311-Ն)

13.1. Պարգևավճարների հիմնադրամը կարող է համալրվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող` հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու համար հրապարակային սակարկությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող գումարների հաշվին:

(13.1 կետը լրաց. 09.04.09 N 404-Ն)

 

III. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ԵՎ ԲՈՆՈՒՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Բազային պարգևավճար ստանալու համար վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ պարգևավճար տրամադրելու նպատակով պայմանագիր կնքած` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություն (այսուհետ` պարգևավճար վճարող մարմին) են ներկայանում անձնագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված` անձը հաստատող այլ փաստաթղթով (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ)` ներկայացնելով դիմում, որին կցվում են վիճակահանության արդյունքում շահող թվեր (դրանց համակցություն) պարունակող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի (կտրոնների) բնօրինակը (բնօրինակները), անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Անչափահաս ֆիզիկական անձանց պարգևավճարը տրամադրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին` սույն կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո բազային պարգևավճար ստանալու համար դիմումներ չեն ընդունվում:

(14-րդ կետը փոփ. 29.01.09 N 96-Ն, 09.04.09 N 404-Ն, 08.10.09 N 1280-Ն, 25.03.10 N 311-Ն)

15. Շահող կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց բազային պարգևավճար տրամադրվում է Հայաստանի պարգևավճար վճարող մարմնի կողմից` սույն կարգի 14-րդ կետում նշված ժամկետում դիմումը ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(15-րդ կետը փոփ. 29.01.09 N 96-Ն, 09.04.09 N 404-Ն, 25.03.10 N 311-Ն)

16. Բանկի և հարկային մարմնի միջև իրականացվում է ներկայացված շահող կտրոնների, դրանց կից ներկայացված փաստաթղթերի ու դրանց վավերապայմանների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում` պարգևավճար վճարող մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված պայմանագրին համապատասխան:

(16-րդ կետը խմբ. 29.01.09 N 96-Ն, փոփ. 25.03.10 N 311-Ն)

17. Եթե շահող կտրոնի հատուկ համարն ունենում է վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերի` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված` մեկից ավելի համընկնում, ապա պարգևավճար տրամադրվում է առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ առավելագույնս համընկած թվերի մեկ համակցության համար:

18. Եթե հսկիչ-դրամարկղային մեքենայի շահող կտրոնն իր դարձերեսին ունի մեկից ավելի հատուկ համարներ, ապա յուրաքանչյուր հատուկ համար հավասարապես մասնակցում է վիճակահանությանը, բազային պարգևավճարի տրամադրմանը:

(18-րդ կետը փոփ. 09.04.09 N 404-Ն)

18.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և բոնուսներ տրամադրող մարմնի (մարմինների) միջև սույն կարգի 18.2-րդ կետում նշված պայմանագրերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ և ծառայություններ անմիջականորեն ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձինք վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները բոնուսների հաշվարկման նպատակով կարող են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող եռամսյակի նախավերջին աշխատանքային օրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություն: Ֆիզիկական անձինք բոնուսներ ստանալու նպատակով տեսչություն են ներկայանում անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով դիմում, որին կցվում են հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնների բնօրինակները (ստորագրելով յուրաքանչյուր կտրոնի դարձերեսին), անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Խմբաքանակում ներառված կտրոնների դարձերեսները պետք է ստորագրված լինեն միայն այն ներկայացնող անձի կողմից: Կտրոնների դարձերեսներին չպետք է լինեն մեկից ավելի ստորագրություններ: Ներկայացված խմբաքանակներով կտրոնները հարկային մարմնի կողմից ստուգվելուց հետո դրանք ներկայացնող ֆիզիկական անձին տրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ձևով միջնորդագիր` հաշվարկված բոնուսն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություն (բոնուսներ վճարող մարմին) ներկայացնելու համար: Ֆիզիկական անձինք բոնուս ստանալու համար մինչև միջնորդագրի տրամադրման եռամսյակի վերջին աշխատանքային օրը բոնուսներ վճարող մարմին են ներկայանում անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով հարկային մարմնի կողմից տրված միջնորդագիրը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո բոնուսների վճարումներ չեն կատարվում: Սույն կետում նշված բոնուսներ վճարող և սույն կարգի 18.2-րդ կետում նշված բոնուսներ տրամադրող մարմինների անվանումները, դրանց ստորաբաժանումների (բաժանմունքների) գտնվելու վայրերի հասցեները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

(18.1 կետը լրաց. 09.04.09 N 404-Ն, խմբ. 08.10.09 N 1280-Ն, 25.03.10 N 311-Ն)

18.2. Ֆիզիկական անձինք բոնուս ստանալու նպատակով սույն կարգի պահանջները բավարարող` վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները (բացառությամբ 2009 թվականի չորրորդ եռամսյակում տրամադրված կտրոնների) կարող են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրը ներկայացնել բոնուսներ տրամադրող մարմին` բոնուս հաշվարկելու, բոնուս և պարգևավճար վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ վճարահաշվարկային (բանկային) սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոնուսներ տրամադրող մարմին կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություն: Ֆիզիկական անձինք բոնուս ստանալու նպատակով բոնուսներ տրամադրող մարմին են ներկայանում անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով դիմում, որին կցվում են հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնների բնօրինակները (խմբավորելով ժամանակագրական կարգով, ստորագրելով յուրաքանչյուր կտրոնի դարձերեսին) և անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Կտրոնների դարձերեսներին չպետք է լինեն մեկից ավելի ստորագրություններ: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո բոնուսի հաշվարկման և տրամադրման համար դիմումներ չեն ընդունվում:

(18.2 կետը լրաց. 08.10.09 N 1280-Ն, փոփ. 25.03.10 N 311-Ն)

18.3. Ներկայացված խմբաքանակները բոնուսներ տրամադրող մարմնի կողմից ստուգվելուց հետո սույն կարգի պահանջները բավարարող կտրոնների համար հաշվարկվում և կտրոնները ներկայացնող ֆիզիկական անձին է տրամադրվում բոնուսը: Ներկայացված խմբաքանակները կամ խմբաքանակում ներառված կտրոնները սույն կարգին չհամապատասխանելու դեպքում վերադարձվում են ներկայացնողին: Անչափահաս ֆիզիկական անձանց բոնուսը տրամադրվում է նրանց օրինական ներկայացուցիչներին:

(18.3 կետը լրաց. 08.10.09 N 1280-Ն, փոփ. 25.03.10 N 311-Ն)

18.4. Բոնուսներ տրամադրող մարմնի ու հարկային մարմնի միջև իրականացվում է բոնուսներ ստանալու համար ներկայացված խմբաքանակների, դրանցում ներառված կտրոնների, դրանց կից ներկայացված փաստաթղթերի ու դրանց վավերապայմանների մասին տեղեկատվության փոխանակում` բոնուսներ տրամադրող մարմնի հետ կնքած պայմանագրին համապատասխան:

(18.4 կետը լրաց. 08.10.09 N 1280-Ն, փոփ., լրաց. 25.03.10 N 311-Ն)

19. Պարգևավճար և բոնուս չեն տրամադրվում, եթե ներկայացվում են`

1) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, որի վրա բացակայում է այն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը կամ գործարքի կատարման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.

2) վնասված կամ մաշված այնպիսի կտրոն, որի վրա անընթեռնելի է դարձերեսի հատուկ համարը (առնվազն մեկ նիշ) կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը կամ գործարքի կատարման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.

3) վիճակահանության անցկացմանը նախորդող ամսվան (բոնուս ստանալու նպատակով նախորդ եռամսյակին) չվերաբերող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ.

4) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի պատճենը.

5) սույն կարգի 12.1-ին կետի պահանջները չբավարարող խմբաքանակներ և կտրոններ, ինչպես նաև չեղյալ համարված, վերադարձի կամ կրկնօրինակ կտրոններ:

(19-րդ կետը լրաց. 09.04.09 N 404-Ն, 08.10.09 N 1280-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Հայաստանի վաճառականների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման

 

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉՇԱՀԱԾ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՈՆՈՒՍԻ ՉԱՓԵՐԸ

(Հավելվածն ուժը կորցրել է 08.10.09 N 1280-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան