Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.03.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.11/19(753).1 Հոդ.493.10
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.03.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
12.03.2010
Дата вступления в силу
12.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0810/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0810/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Մանուկյանի և «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Լևոն Մանուկյանի և Ընկերության` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել Լևոն Մանուկյանին և Ընկերությանը վերադարձնել «Մերսեդես Բենց 809 D» մակնիշի 161 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.10.2009 թվականի որոշմամբ Լևոն Մանուկյանի և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Լևոն Մանուկյանը և Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետրը և 29-րդ հոդվածի 4-րդ կետը, 95-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն Ընկերությանը չի ուղարկել, գործի քննությանը մասնակից չի դարձրել, չի բացատրել դատավարական իրավունքները և չի ապահովել հայցադիմումի պատասխան ներկայացնելու 14-օրյա ժամկետը: Վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի 3-59 (ՏԴ) որոշմանը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նաև պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Ավտոմեքենան հայտնաբերվել է Երևան, Ա. Վշտունու 73 հասցեում, որը եղել է Կազմակերպության գործունեության հասցեն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Կազմակերպության հայցը մերժել:

 

2.1 Լևոն Մանուկյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի կիրառման, այն է՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու համար անհրաժեշտ է ապացուցել այն հանգամանքը, որ վեճի առարկա Ավտոմեքենան գտնվում է պատասխանողի տիրապետման ներքո: Մինչդեռ, սույն գործում բացակայում է որևէ ապացույց, որը կհիմնավորեր այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքը գտնվում է Լևոն Մանուկյանի տիրապետման ներքո:

Վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի 3-54 (ՎԴ) որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2009 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Կազմակերպության հայցը մերժել:

 

2.2 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կիրառվել է նյութական իրավունքի այն նորմերը, որը ենթակա էր կիրառման, ինչպես նաև վիճելի ավտոմեքենան գտնվում է Լևոն Մանուկյանի և Ընկերության տիրապետության տակ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքի 23.12.2008 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշման համաձայն` Կազմակերպության Ավտոմեքենան գտնվում է Երևանի Ազատ Վշտունու 73 հասցեում` Ընկերության վարչական տարածքում (գ.թ. 42):

2) Դատարանն Ընկերությանը չի ուղարկել հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները, հայցադիմումը վարույթ ընդունելու և Ընկերությանը որպես պատասխանող ներգրավելու մասին որոշումները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով Ընկերության վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկությունից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տե՛ս հայցը «Դավիթ առևտրի տուն» ՓԲԸ-ի ընդդեմ Ընկերության՝ 26.031.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-59(ՏԴ)):

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտել է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը:

Սույն գործի փաստերով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Դատարանն Ընկերությանը պատշաճ կարգով ուղարկել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին 09.12.2008 թվականի որոշումը, Ընկերությանը որպես պատասխանող ներգրավելու մասին որոշումը, հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները:

Փաստորեն, սույն քաղաքացիական գործով Դատարանը, հնարավորություն չի տվել պատասխանողին օգտվելու ոչ միայն օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում հայցադիմումին պատասխան ներկայացնելու իր իրավունքից, այլև իր գործը և ապացույցները այնպիսի պայմաններում ներկայացնելու իրավունքից, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ:

Քննելով Լևոն Մանուկյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:

Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան է պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու փաստը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործթիվ 3-1843(ՎԴ)): Ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Սույն գործի փաստերով չի հիմնավորվել «Մերսեդես Բենց 809 D» մակնիշի 161 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան Լևոն Մանուկյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը:

Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքի բաժնի 23.12.2008 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման համաձայն` վիճելի Ավտոմեքենան հայտնաբարվել է Երևանի Ա. Վշտունու 73 հասցեում: Այսինքն` Ավտոմեքենան Լևոն Մանուկյանի տիրապետման ներքո չի գտնվում:

Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 30.10.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Լևոն Մանուկյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2009 թվականի որոշումը և մասնակիորեն փոփոխել` հայցը Լևոն Մանուկյանի մասով մերժել, իսկ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի մասով գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. «Շանթ պլյուս» ՍՊԸ-ից հօգուտ Լևոն Մանուկյանի բռնագանձել 10000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 20000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարած պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան