Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.03.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.11/19(753).1 Հոդ.493.23
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.03.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
12.03.2010
Дата вступления в силу
12.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/5601/05/08

վարչական գործ թիվ ՎԴ/5601/05/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչիկ Կարապետյանի, Սերգեյ Սարգսյանի, Կարապետ Հակոբյանի, Մնացական Պողոսյանի, Կառլեն Մինասյանի և Սուրեն Զաքարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 26.08.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Հրաչիկ Կարապետյանի, Սերգեյ Սարգսյանի, Կարապետ Հակոբյանի, Մնացական Պողոսյանի, Կառլեն Մինասյանի և Սուրեն Զաքարյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ կենսաթոշակների նկատմամբ սահմանված ամենամսյա հավելումների վերահաշվարկ կատարելուն պարտադրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հրաչիկ Կարապետյանը, Սերգեյ Սարգսյանը, Կարապետ Հակոբյանը, Մնացական Պողոսյանը, Կառլեն Մինասյանը և Սուրեն Զաքարյանը պահանջել են պարտադրել Ծառայությանը 01.01.2008 թվականից կատարել կենսաթոշակների նկատմամբ սահմանված ամենամսյա հավելումների վերահաշվարկ՝ 01.01.2008 թվականից գործող Վճռաբեկ դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերին համապատասխան:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 26.08.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հրաչիկ Կարապետյանը, Սերգեյ Սարգսյանը, Կարապետ Հակոբյանը, Մնացական Պողոսյանը, Կառլեն Մինասյանը և Սուրեն Զաքարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ օրենքը չի պարունակում նշանակված հավելավճարը վերահաշվարկելուն վերաբերող դրույթներ։

Օրենքի նման մեկնաբանումը հանգեցնում է նրան, որ դատավորի պաշտոնից տարիքային կենսաթոշակի անցած անձանց կենսաթոշակները դառնում են հաստատագրված գումար, քանի որ ըստ Դատարանի՝ կենսաթոշակների չափը հաշվարկվում է նշանակելիս և այնուհետև վերահաշվարկման ու ավելացման ենթակա չէ: Ավելին, օրենքի նման մեկնաբանումը պաշտոնային դրույքաչափը փոխելուց առաջ և հետո կենսաթոշակի անցած միևնույն ատյանի դատավորների համար կառաջացնի անհավասար ու անարդար պայմաններ:

Հատկանշական է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, պարզաբանելով «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածը, նշել է, որ ՀՀ նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները պետք է վերահաշվարկվեն՝ հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների գործող պաշտոնային դրույքաչափերը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 26.08.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Հրաչիկ Կարապետյանին 1995 թվականից 53 տարի 11 ամիս ապահովագրական ստաժով (որից 33 տարի 4 ամիսը՝ դատավորի) նշանակվել և վճարվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ։ Հրաչիկ Կարապետյանի կենսաթոշակի և ամենամսյա հավելավճարի ընդհանուր գումարը կազմում է 485.100 ՀՀ դրամ։

2. Սերգեյ Սարգսյանին 1991 թվականից 49 տարի ապահովագրական ստաժով (որից 23 տարի 9 ամիսը՝ դատավորի) նշանակվել և վճարվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ։ Սերգեյ Սարգսյանի կենսաթոշակի և ամենամսյա հավելավճարի ընդհանուր գումարը կազմում է 405.900 դրամ։

3. Կարապետ Հակոբյանին 1991 թվականից 48 տարի ապահովագրական ստաժով (որից 19 տարին՝ դատավորի) նշանակվել և վճարվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ։ Կարապետ Հակոբյանի կենսաթոշակի և ամենամսյա հավելավճարի ընդհանուր գումարը կազմում է 356.400 դրամ։

4. Մնացական Պողոսյանին 1991 թվականից 48 տարի ապահովագրական ստաժով (որից 23 տարի 7 ամիսը՝ դատավորի) նշանակվել և վճարվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ։ Մնացական Պողոսյանի կենսաթոշակի և ամենամսյա հավելավճարի ընդհանուր գումարը կազմում է 405.900 դրամ։

5. Կառլեն Մինասյանին 1995 թվականից 47 տարի ապահովագրական ստաժով (որից 27 տարին՝ դատավորի) նշանակվել և վճարվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ։ Կառլեն Մինասյանի կենսաթոշակի և ամենամսյա հավելավճարի ընդհանուր գումարը կազմում է 435.800 դրամ։

6. Սուրեն Զաքարյանին 1991 թվականից 50 տարի ապահովագրական ստաժով (որից 20 տարի 9 ամիսը՝ դատավորի) նշանակվել և վճարվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ։ Սուրեն Զաքարյանի կենսաթոշակի և ամենամսյա հավելավճարի ընդհանուր գումարը կազմում է 376.200 դրամ։

7. 01.01.2008 թվականից կենսաթոշակների վերահաշվարկ կատարելու մասին 19.06.2008 թվականի դիմումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալի 12.08.2008 թվականի թիվ 05/6016 գրությամբ մերժվել է: Մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ օրենքը չի պարունակում նշանակված հավելավճարը վերահաշվարկելուն վերաբերող դրույթներ (գ.թ. 9):

8. Ի պատասխան ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալի 11.07.2008 թվականի թիվ 02/5247 նամակի՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալը 28.07.2008 թվականի թիվ ե 3032 գրությամբ նշել է, որ պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հողվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված դատավորներին տրվող կենսաթոշակի նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարները պետք է վերահաշվարկվեն՝ սկսած 2008 թվականի հունվարի 1-ից (գ.թ. 18)։

9. Սուրեն Զաքարյանը, Կառլեն Մինասյանը, Մնացական Պողոսյանը, Կարապետ Հակոբյանը, Սերգեյ Սարգսյանը և Հրաչիկ Կարապետյանը կենսաթոշակի են անցել ՀՀ նախկին գերագույն դատարանի դատավորի պաշտոնից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի համաձայն՝ դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա` որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաև դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները և նախկին ժողովրդական դատավորները:

Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Վճռաբեկ դատարանը իր նախկինում կայացրած որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի 20.09.2006 թվականի ՍԴՈ- 647 և 07.07.2009 թվականի ՍԴՈ-811 որոշումները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ, 14.1-րդ և 92-րդ հոդվածները, անդրադարձել է «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ««ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածը կենսաթոշակի և դրան տրվող ամենամսյա հավելավճարի վերահաշվարկման հարցում միատեսակ պայմաններ չի սահմանում վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած դատավորների և նախկին Գերագույն դատարանի անդամ դատավորների, պետական արբիտրաժի պետական արբիտրների և նախկին ժողովրդական դատավորների համար:

Այսպես, եթե նշված օրենքով սահմանված է, որ նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը, նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը, ապա դա նշանակում է, որ արդեն իսկ նշանակված կենսաթոշակները պետք է համապատասխանեցվեն և հաշվարկվեն՝ հիմք ընդունելով վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանի և ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը: Այսինքն՝ նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների, պետական արբիտրաժի պետական արբիտրների և նախկին ժողովրդական դատավորների համար օրենքով նախատեսվում է կենսաթոշակների վերահաշվարկման հնարավորություն (տես՝ Օլգա Հովհաննիսյանի, Համլետ Գևորգյանի և Մարատ Կատվալյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ վարչական ակտը վերացնելու և կենսաթոշակների վերահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի թիվ ՎԴ/5524/05/08 որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախկին գերագույն դատարանի դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած դատավորների կենսաթոշակները ենթակա են վերահաշվարկման:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածը ուժի մեջ է մտել 26.06.2008 թվականին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերահաշվարկը պետք է կատարվի 01.07.2008 թվականից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 26.08.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Հրաչիկ Կարապետյանի, Սերգեյ Սարգսյանի, Կարապետ Հակոբյանի, Մնացական Պողոսյանի, Կառլեն Մինասյանի և Սուրեն Զաքարյանի հայցը բավարարել մասնակիորեն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը պարտավորեցնել 01.07.2008 թվականից սկսած կատարել կենսաթոշակների վերահաշվարկ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան