Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.02.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.04.23/16(750).1 Հոդ.431.4
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.02.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
05.02.2010
Дата вступления в силу
05.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ2/0053/02/08 

Քաղաքացիական գործ  թիվ ՀՔԴ2/0053/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան

            Դատավորներ՝  Լ. Գրիգորյան

                       Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվանի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սլավիկ Ավետիսյանի և Վանիկ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2009 թվականի որոշման դեմ ըստ հայցի Սլավիկ Ավետիսյանի և Վանիկ Խաչատրյանի ընդդեմ Արուսյակ Օթարյանի, Վրեժ Օթարյանի, Գոռ Գասպարյանի, երրորդ անձինք` Երևանի Նոր Նորք նոտարական գրասենյակի, Արարատի նոտարական գրասենյակի` առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) գրանցամատյանում կատարված գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Սլավիկ Ավետիսյանը և Վանիկ Խաչատրյանը պահանջել են անվավեր ճանաչել 02.10.2002 թվականի Վանիկ Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և Արուսյակ և Վրեժ Օթարյանների անվամբ Կադաստրի գրանցամատյանում կատարված գրանցումը, կիրառելով գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել Գոռ Գասպարյանի և Արուսյակ ու Վրեժ Օթարյանների միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և Կադաստրի գրանցամատյանում կատարված գրանցումը` վերականգնելով իրենց խախտված իրավունքը:

ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 16.02.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 16.02.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սլավիկ Ավետիսյանը և Վանիկ Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Արուսյակ և Վրեժ Օթարյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի առաջին մասը, որը պետք է կիրառվեր:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է հայցային վաղեմության եռամյա ժամկետի բացթողումը, այն դեպքում, երբ հայցը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի, այսինքն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու հիմքով: Նման պահանջ կարող է Դատարան ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2008 թվականի թիվ ԱՎԴ/0299/01/08 դատավճռով հաստատված հանգամանք է համարվել այն փաստը, որ Արուսյակ Օթարյանի և Սլավիկ Ավետիսյանի միջև 2002 թվականին կնքվել է 2000 ԱՄՆ դոլարի փոխառության պայմանագիր: Փոխառության պայմանագրի ապահովման համար գրավի պայմանագրի փոխարեն 02.10.2002 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Այսինքն` 02.10.2002 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը շինծու գործարք է:

Վճռաբեկ դատարանը 01.02.2008 թվականի թիվ 3-89 (ՏԴ) և 29.02.2008 թվականի թիվ 3-16 (ՎԴ) նախադեպային որոշումներով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման վերաբերյալ արտահայտել է իր դիրքորոշումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

 

Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը խաբեության արդյունքում կնքված լինելու վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի մասը կարճելու մասին» 07.12.2007 թվականի որոշմամբ խարդախության դրվագով, արարքում հանցակազմի բացակայության պառճառով Արուսյակ Մանուկի Օթարյանի նկատմամբ գործի վարույթը կարճվել է, իսկ Արուսյակ Օթարյանի հանդեպ քրեական հետապնդումը` դադարեցվել է: 02.10.2002 թվականի առուվաճառքի պայմանագիրը Սլավիկ Ավետիսյանի և Արուսյակ Օթարյանի միջև չի կնքվել, Սլավիկ Ավետիսյանն այդ գործարքի կողմ չի հանդիսացել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Վանիկ Խաչատրյանի խնամակալ և Սլավիկ Ավետիսյանի կնոջ` Մարգարիտա Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև 02.10.2002 թվականին կնքվել է Արարատի մարզի Մրգավան համայնքի տան առուվաճառքի պայմանագիր, պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է (գ.թ. 9-10, 14-15):

2) Արուսյակ ու Վրեժ Օթարյանների և Գոռ Գասպարյանի միջև 30.05.2007 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից բխող իրավունքը գրանցվել է (հատոր առաջին գ.թ. 11-13):

3) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանք է համարվել, որ Մարգարիտա Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև 02.10.2002 թվականին կնքվել է Արարատի մարզի Մրգավան համայնքի տան առուվաճառքի պայմանագիր` Արուսյակ Օթարյանի կողմից փոխառությամբ տրամադրված գումարի (2000 ԱՄՆ դոլար) վերադարձելիությունը ապահովելու համար: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 31.06.2008 թվականի որոշմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2008 թվականի դատավճիռը փոփոխվել է միայն Արուսյակ Օթարյանի պատժի մասով (հատոր առաջին գ.թ. 32-52):

4) Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի մասը կարճելու մասին 07.12.2007 թվականի որոշման համաձայն՝ «քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արուսյակ Օթարյանը և Սլավիկ Ավետիսյանը` առուվաճառքի պայմանագիրը կնքել են փոխառության պայմանագիրը քողարկելու նպատակով, այսինքն` Ա. Օթարյանը դիտավորություն չի ունեցել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով Վ.Խաչատրանի բնակելի տան նկատմամբ իրավունք ձեռք բերելու այլ նրա դիտավորությունը ուղղված է եղել Ս.Ավետիսյանից տոկոսներ ստանալուն» (հատոր առաջին գ.թ. 117-120):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման oրվանից տասը տարվա ընթացքում:

Վերաքննիչ դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ բողոք բերած անձինք դիմելով դատարան խնդրել են անվավեր ճանաչել Վանիկ Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև 02.10.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Իսկ տվյալ դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածում սահմանված հայցային վաղեմության ընդհանուր եռամյա ժամկետը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական և փաստական հիմնավորումները:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման՝ Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի՝ բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08):

Մինչդեռ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության ընդհանուր եռամյա ժամկետը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով ներկայացված է առոչինչ գործարքի նկատմամբ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջ, որն ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին մասի՝ կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վեճի առարկա պայմանագրի վիճարկման հայցային վաղեմության ժամկետը չի լրացել:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս օրինակ՝ «ԱՎԱ» ՍՊԸ ընդդեմ Սերգեյ Գաբրիելյան և Վիոլետա Գաբրիելյան՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, Սերգեյ և Վիոլետա Գաբրիելյաններին տարածքից վտարելու պահանջների մասին թիվ 3-89(ՏԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Մարգարիտա Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև 02.10.2002 թվականին կնքվել է Արարատի մարզի Մրգավան համայնքի տան առուվաճառքի պայմանագիր: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանք է համարվել, որ Մարգարիտա Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև 02.10.2002 թվականին կնքվել է Արարատի մարզի Մրգավան համայնքի տան առուվաճառքի պայմանագիր` Արուսյակ Օթարյանի կողմից փոխառությամբ տրամադրված գումարի (2000 ԱՄՆ դոլար) վերադարձելիությունը ապահովելու համար: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 31.06.2008 թվականի որոշմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2008 թվականի դատավճիռը փոփոխվել է միայն Արուսյակ Օթարյանի պատժի մասով:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարգարիտա Խաչատրյանի և Արուսյակ Օթարյանի միջև 02.10.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի շինծու լինելը դատավճռով հաստատված, ապացուցման ոչ ենթակա փաստ է:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 26.05.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան