Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (27.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.12
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
22.05.2009
Дата подписания
22.05.2009
Дата вступления в силу
27.10.2010

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հանցավորության դեմ պայքարում տեղեկատվության փոխանակման մասին

 

ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

 

ընդունելով, որ հանցավորությունն իր բոլոր ձևերով լուրջ սպառնալիք է ներկայացնում անհատի, հասարակության և պետության անվտանգության համար,

ղեկավարվելով տեղեկատվության փոխանակման ոլորտում Կողմերի համագործակցությունը զարգացնելու ցանկությամբ,

քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության խնդիրների լուծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունից ելնելով,

ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Հանցագործությունները կանխելու, բացահայտելու, խափանելու, հայտնաբերելու և հետաքննելու նպատակով Կողմերն անհատույց ձևով, հարցումների համաձայն տրամադրում են տեղեկություններ, որոնք կան օպերատիվ-տեղեկատվական, հետախուզական, քրեագիտական և այլ հաշվառումներում, արխիվներում, ինչպես նաև իրականացնում են իրենց տնօրինությանը ենթակա գիտատեխնիկական, տեղեկատվական-վերլուծական նյութերի և նորմատիվ իրավական ակտերի փոխանակում հանցավորության դեմ պայքարի ոլորտում:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է Կողմերի պետությունների օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:

3. Կողմերը համագործակցում են իրենց իրավասու մարմինների միջոցով: Իրավասու մարմինների ցանկը որոշում է Կողմերից յուրաքանչյուրը և այն փոխանցում է ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցագիրն ի պահ հանձնելիս: Իրավասու մարմինների ցանկի փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:

 

Հոդված 2

 

1. Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունն իրականացվում է տեղեկատվություն ուղարկելու և տեղեկատվության տրամադրման մասին հարցումները /այսուհետ` հարցում/ կատարելու միջոցով:

2. Տեղեկատվությունը մյուս Կողմին կարող է փոխանցվել նախաձեռնության ձևով, եթե հիմքեր կան ենթադրելու, որ դա հետաքրքրություն է ներկայացնում այդ Կողմի համար:

3. Հարցումն ուղարկվում է գրավոր: Անհետաձգելի դեպքերում հարցումը կարող է բանավոր փոխանցվել` առավելագույնը երեք օրվա ժամկետում հետագա պարտադիր գրավոր հաստատմամբ: Ընդ որում կարող են օգտագործվել տեղեկատվության փոխանցման տեխնիկական միջոցներ: Հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում կարող է հայցվել դրա լրացուցիչ հաստատումը:

Հայցվող Կողմի իրավասու մարմինն իրավունք ունի խնդրել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են հարցման պատշաճ կատարումն ապահովելու համար:

Հարցման մեջ նշվում են.

ա/ հայցող և հայցվող Կողմերի իրավասու մարմինների անվանումները,

բ/ հարցման նպատակը և հիմնավորումը,

գ/ ժամկետը, որի ընթացքում ակնկալվում է հարցման կատարումը,

դ/ այլ տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել հարցման կատարման համար:

4. Հայցող Կողմի իրավասու մարմնի պաշտոնական բլանկով գրավոր ձևով ուղարկված կամ հաստատված հարցումը պետք է ստորագրվի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից և հաստատվի այդ մարմնի զինանշանային կնիքով:

5. Եթե հայցող Կողմի իրավասու մարմինը որոշում է, որ հարցումի կատարման անհրաժեշտություն այլևս չկա, ապա տվյալ մարմինն այդ մասին անհապաղ ծանուցում է հայցվող Կողմի պետության իրավասու մարմնին:

 

Հոդված 3

 

1. Հայցվող Կողմի իրավասու մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման ամբողջական, ժամանակին և որակյալ կատարումն ապահովելու համար: Հարցման կատարման կարգը, ծավալը և ժամկետը սահմանվում են հայցվող Կողմի պետության ազգային օրենսդրությամբ:

2. Հայցող Կողմի իրավասու մարմինն անհապաղ տեղեկացնում է հարցումի կատարմանը խոչընդոտող կամ այն ուշացնող հանգամանքների մասին:

3. Եթե հարցումի կատարումը հարցումը ստացած մարմնի իրավասության մեջ չէ, ապա այդ մարմինը լիազորություններ ունենալու դեպքում այն փոխանցում է հայցվող Կողմի համապատասխան իրավասու մարմնին և այդ մասին ծանուցում է հայցող Կողմի իրավասու մարմնին:

 

Հոդված 4

 

1. Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինն ապահովում է ստացված տեղեկությունների գաղտնիությունը, այդ թվում` հարցումը ստանալու փաստի և դրա բովանդակության, եթե հայցող Կողմի իրավասու մարմինն անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը:

2. Հարցումի կատարման ժամանակ գաղտնիության պահպանման անհնարինության դեպքում հայցվող Կողմի իրավասու մարմինն այդ մասին տեղեկացնում է հայցող Կողմի իրավասու մարմնին` այդ պայմաններով հարցումը կատարելու հնարավորության մասին որոշում ընդունելու համար:

 

Հոդված 5

 

1. Հարցումի կատարման արդյունքներն առանց դրանք տրամադրած հայցվող Կողմի իրավասու մարմնի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով քան այն, որոնց համար դրանք հայցվել և տրամադրվել են:

2. Հայցող Կողմի իրավասու մարմինը հարցումի կատարման արդյունքներն այլ նպատակներով կարող է օգտագործել միայն հայցվող Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ: Այդ դեպքերում հայցող Կողմի իրավասու մարմինը պահպանում է հարցման արդյունքների օգտագործման սահմանափակումները, որոնք սահմանել է հայցվող Կողմի իրավասու մարմինը:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմի իրավասու մարմնի ստացած տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու համար, պահանջվում է այդ տեղեկությունները տրամադրած Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությունը:

 

Հոդված 7

 

1. Աջակցության ցուցաբերումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե հայցվող Կողմի իրավասու մարմինը համարում է, որ հարցումի կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ հակասում է ազգային օրենսդրությանը և/կամ միջազգային պարտավորություններին, ինչպես նաև կհանգեցնի քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի խախտման:

2. Հայցող Կողմի իրավասու մարմինն անհապաղ կերպով գրավոր տեղեկացվում է հարցումի կատարման ամբողջական կամ մասնակի մերժման մասին` մերժման հիմնավորված պատճառների նշումով:

 

Հոդված 8

 

1. Օպերատիվ-տեղեկատվական, քրեագիտական և հետախուզական հաշվառումների, ինչպես նաև վիճակագրական և արխիվային տեղեկատվության ամբողջ քանակը կենտրոնացվում է Միջպետական տեղեկատվական բանկում /այսուհետ` ՄՏԲ/, որի պահառուն Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունն է:

2. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը.

ա/ ապահովում է ՄՏԲ-ում առկա տեղեկատվության, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում հանցավորության վիճակի և հանցագործությունների հետաքննությունների արդյունքների մասին վիճակագրական տեղեկությունների մշակումը, պահումը և տրամադրումը` Կողմերի իրավասու մարմինների հարցումների համաձայն,

բ/ սահմանում է ՄՏԲ-ին առաջնային տեղեկատվություն տրամադրելու միջոցները, ձևերը, ծավալները, կառուցվածքը` համաձայնեցնելով Կողմերի իրավասու մարմինների հետ, ելնելով նրանց ունեցած հնարավորություններից և լիազորություններից,

գ/ տեղեկացնում է Կողմերի իրավասու մարմիններին կենտրոնական արխիվում պահվող հետադարձ տեղեկատվության ցանկի մասին,

դ/ հետախուզական հաշվառումների օգնությամբ իրականացնում է տեղեկատվական ապահովում այն անձանց հետախուզման գործի համար, որոնց վերաբերյալ Կողմերի իրավասու մարմինները հայտարարել են միջպետական հետախուզում,

ե/ համագործակցում է Կողմերի իրավասու մարմինների հետ և աջակցում նրանց համակարգչայնացման, ծրագրային և տեղեկատվական ապահովման կատարելագործման, տվյալների փոխանցման` միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման ոլորտում,

զ/ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Կողմերի իրավասու մարմինների կողմից ՄՏԲ-ի համալրումն ապահովելու, տրամադրվող տեղեկատվության ժամկետներին, ամբողջականությանը և հավաստիությանը հետևելու համար,

է/ միջոցներ է ձեռնարկում այդ տեղեկատվական բանկում մշակվող, փոխանցվող և պահվող տեղեկատվությունը արտաքին տարբեր ոտնձգություններից պաշտպանելու ուղղությամբ:

 

Հոդված 9

 

ՄՏԲ-ն արդիական վիճակում պահելու նպատակով Կողմերի իրավասու մարմինները, ելնելով իրենց ունեցած հնարավորություններից, կենտրոնացված օպերատիվ-տեղեկատվական, հետախուզական և քրեագիտական հաշվառումների համալրման և ճշգրտման համար Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությանը տրամադրում են սույն Համաձայնագրի անբաժանաելի մասը կազմող հավելվածում թվարկված հաշվառման օբյեկտների մասին տեղեկություններ:

 

Հոդված 10

 

ՄՏԲ-ի ֆինանսավորումն իրականացնում են շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինները` Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հետ կնքված պայմանագրերին համապատասխան, այն ֆինանսական միջոցների շրջանակներում, որոնք ամեն տարի ազգային բյուջեներում նախատեսվում են հատկացվել իրավասու մարմիններին` նրանց գործառույթների կատարման համար:

 

Հոդված 11

 

Կողմերի միջև վիճելի հարցերը, որոնք ծագում են սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման ժամանակ, լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգի միջոցով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից է իր պետությունը:

 

Հոդված 13

 

Համագործակցությունն իրականացնելիս աշխատանքային լեզուն է ռուսերենը:

 

Հոդված 14

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել դրա անբաժանելի մասը կազմող փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր լրանալուց հետո:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր լրանալուց հետո:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից` իր այդ մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ և կարգավորելով Համաձայնագրի գործողության ժամանակ ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:

Կատարված է Աստանա քաղաքում 2009 թվականի մայիսի 22-ին մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Սույն Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից, Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից, Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից, Մոլդովայի Հանրապետության Կառավարության կողմից (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ուկրաինայի Կառավարության կողմից (վերապահումով):

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 27-ին

 

Հանցավորության դեմ պայքարում

տեղեկատվության փոխանակման

մասին 2009 թվականի մայիսի 22-ի

համաձայնագրին կից Հավելված

 

Միջպետական տեղեկատվական բանկին տրամադրվող տեղեկատվության

 

Ց Ա Ն Կ

 

1. Տեղեկություններ, որոնք վերաբերում են հաշվառման ենթակա անձանց.

1.1.դատապարտյալներին, որոնք Կողմերի պետությունների նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` ենթակա են կենտրոնացված օպերատիվ-տեղեկատվական հաշվառումներում ներառվելու,

1.2.սույն Ցանկի 1.1. ենթակետում նշված դատապարտյալների կատեգորիաներին, որոնք ժամանել են /մեկնել են/ պատիժը կրելու համար և որոնց նկատմամբ փոխվել են դատավճիռները, և ազատազրկման վայրերից ազատվածներին,

1.3.միջպետական հետախուզման մեջ գտնվող անձանց, անհայտ կորածներին, անձանց, որոնք առողջական վիճակի կամ տարիքի պատճառով անկարող են իրենց մասին տեղեկություններ հաղորդել, չճանաչված դիակներին,

1.4.հանցավոր խմբավորումների կազմակերպիչներին:

1.5.Հետևյալ հանցագործությունները կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դրանք կատարելու համար դատապարտված անձանց.

1.5.1.առանձնակի դաժանությամբ, ինչպես նաև ակնհայտ անչափահասների նկատմամբ կատարված սեռական հանցագործություններ,

1.5.2.մշակութային, պատմական արժեքների առևանգումներ,

1.5.3.մարդկանց առևտուր, մարդու առևանգում, ինչպես նաև մարդկանց շահագործման հետ կապված այլ հանցագործություններ,

1.5.4.պոռնկագրական նյութերի պատրաստում և տարածում, այդ թվում` անչափահասների պատկերներ պարունակող,

1.5.5.կեղծ դրամանիշերի, արժեթղթերի, վարկային կամ հաշվարկային քարտերի և այլ վճարային միջոցների պատրաստում և իրացում, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործություններ,

1.5.6.մաքսանենգություն,

1.5.7.անօրինական միգրացիայի ուղիների կազմակերպում,

1.5.8.պետական սահմանի անօրինական հատում,

1.5.9.ազգամիջյան, ռասայական և կրոնական թշնամության հրահրում, ինչպես նաև մասնակցություն ծայրահեղական, դիվերսիոն և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը,

1.5.10.ահաբեկչական խմբերի կազմավորում և/կամ ահաբեկչական գործողությունների նախապատրաստում և կատարում, ինչպես նաև հանցագործությունների կատարում, որոնք կապված են անօրինական ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ:

1.6.Սույն Ցանկի 1.5 ենթակետում թվարկված անձանց, եթե փոխվել են նախկինում տրամադրված հաշվառման տվյալները:

2. Տեղեկություններ հանցավոր ոտնձգության ենթարկված առարկաների, կորցված, առգրավված, անտիրական իրերի, հանցավոր գործունեության միջոցների մասին.

2.1.ակոսավոր հրազենի,

2.2.տրանսպորտային միջոցների,

2.3.պատմական և մշակութային արժեքների,

2.4. ռադիո, տեսողական, լուսանկարչական համակարգչային և անհատական համարներ ունեցող այլ տեխնիկայի,

2.5. համարային արժեթղթերի և պետական շրջանառություն ունեցող փաստաթղթերի:

3. Տեղեկություններ չբացահայտված հանցագործությունների մասին.

3.1.սպանությունների և կանխամտածված ձևով առողջությանը ծանր վնաս պատճառելու արարքների,

3.2.առանձնակի դաժանությամբ կատարված սեռական հանցագործությունների, ինչպես նաև` անչափահասների նկատմամբ,

3.3.հրազենի օգտագործմամբ կատարված կողոպուտների,

3.4.խոշոր և առավել խոշոր չափերի խարդախությունների,

3.5.կեղծ դրամանիշերի, արժեթղթերի, վարկային և կամ հաշվարկային քարտերի և այլ վճարային միջոցների պատրաստման և իրացման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների:

3.6. Հետևյալ հափշտակությունների.

3.6.1.հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի,

3.6.2. ռադիոակտիվ, թունավորող, ուժեղ ազդող և թունավոր նյութերի,

3.6.3. թմրամիջոցների և հոգեմետ նյութերի,

3.6.4.ռազմավարական կարևոր նշանակության հումքային ապրանքների,

3.6.5.ավտոտրանսպորտի,

3.6.6.չհրկիզվող պահարաններից և այլ մետաղյա պահոցներից կատարված,

3.6.7. բնակարաններից հափշտակությունների, որոնք կատարվել են բնորոշ եղանակով,

3.6.8.մշակութային և պատմական արժեքների,

3.7. ապօրինի ֆինանսական, բորսայական և արժութային գործարքների հետ կապված,

3.8.մարդկանց առևանգումների,

3.9.բռնության կիրառմամբ կատարված շորթումների,

3.10.մարդկանց, մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի,

3.11.ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների, ծայրահեղական ուղղվածություն ունեցող հանցագործությունների:

4.Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում հանցավորության վիճակի և հանցագործությունների հետաքննության արդյունքների մասին վիճակագրական տեղեկատվություն:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 27-ին

Մոլդովայի Հանրապետության վերապահումը

«Հանցավորության դեմ պայքարում տեղեկատվության փոխանակման մասին» Համաձայնագրի մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի Որոշման վերաբերյալ

 

 22 մայիսի 2009թ.

 ք. Աստանա 

 

Մոլդովայի Հանրապետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո:

 

Մոլդովայի Հանրապետության 
     գործող վարչապետ  

 Զինաիդա Գրեչանի

          

 

 Ուկրաինայի վերապահումը

 

«Հանցավորության դեմ պայքարում տեղեկատվության փոխանակման մասին» Համաձայնագրի մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի օրակարգի 11-րդ կետի վերաբերյալ

 

22 մայիսի 2009թ.

 

Բացառությամբ Համաձայնագրի նախագծի 10-րդ հոդվածի:

 

Ուկրաինայի վարչապետ

պատվիրակության ղեկավար 

 

Յ. Տիմոշենկո

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան