Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.11.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.02.24/8(742) Հոդ.116
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
06.11.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
06.11.2009
Дата вступления в силу
06.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0197/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0197/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Դատավորներ՝ Տ. Սահակյան

               Տ. Նազարյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Թելլի Ստեփանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թելլի Ստեփանյանի ընդդեմ Ավետիք Բադալյանի` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Ավետիք Բադալյանի ընդդեմ Թելլի Ստեփանյանի` սկզբնական հայցապահաջի հաշվանցմամբ գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ հայցի Թելլի Ստեփանյանի ընդդեմ Ավետիք Բադալյանի՝ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, պարտավորագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Թելլի Ստեփանյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Հասրաթյան փողոցի 10 շենքի թիվ 8 բնակարանի 1/2-րդ մասի, կողմերի համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի (ոսկեղեն, կահույք, կենցաղային իրեր և տեխնիկա, Նիվա ՎԱԶ 2121, Մերսեդես-600 մակնիշի ավտոմեքենայի, ավտոտնակ թիթեղյա) 1/2-րդ մասի նկատմամբ, ինչպես նաև անվավեր ճանաչել Թելլի Ստեփանյանի անվամբ 07.09.2005 թվականին գրված ստացականը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ավետիք Բադալյանը պահանջել է Թելլի Ստեփանյանից բռնագանձվող 30.000 ԱՄՆ դոլարի փոխառության գումարից և հաշվարկված 6.840 ԱՄՆ դոլար տոկոսներից հաշվանցել Երևանի Լենինական փողոցի 10 շենքի թիվ 8 բնակարանի շուկայական արժեքի՝ պատասխանողին հասանելիք 25.500 ԱՄՆ դոլարը և Թելլի Ստեփանյանից բռնագանձել 11.340 ԱՄՆ դոլար գումար:

 Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.10.2008 թվականի վճռով Թելլի Ստեփանյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Հասրաթյան (Լենինական) փողոցի 10 շենքի թիվ 8 բնակարանի 1/2-րդ մասի նկատմամբ ճանաչվել է Թելլի Ստեփանյանի սեփականության իրավունքը, իսկ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, պարտավորագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասով հայցը մերժվել է: Հակընդդեմ հայցը բավարարվել է և վճռվել է` սկզբնական հայցապահանջի հաշվանցմամբ Թելլի Ստեփանյանից հօգուտ Ավետիք Բադալյանի բռնագանձել 11.340 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար` դադարեցնելով Թելլի Ստեփանյանի սեփականության իրավունքը Երևանի Հասրաթյան փողոցի 10 շենքի թիվ 8 բնակարանի 1/2 մասի նկատմամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 13.02.2009 թվականի որոշմամբ Թելլի Ստեփանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թելլի Ստեփանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 51-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետը, 878-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասը, չի իրականացրել գործում եղած բոլոր ապացույցների պատշաճ հետազոտման վրա հիմնված գնահատում: Այսպես` քննվող քաղաքացիական գործում առկա ապացույցներով հիմնավորված է այն հանգամանքը, որ Թելլի Ստեփանյանը Ավետիք Բադալյանից 20.000 ԱՄՆ դոլար գումար, առավել ևս՝ ոսկյա զարդեր, չի վերցրել: Նշված գումարի և ոսկյա զարդերի գողության փաստը, որում մեղադրվում էր Թելլի Ստեփանյանը, չի ապացուցվել: Թելլի Ստեփանյանի կողմից Ավետիք Բադալյանից գումար վերցրած չլինելու հանգամանքը հիմնավորվում է հենց Ավետիք Բադալյանի կողմից քրեական և սույն քաղաքացիական գործի շրջանակներում տրված բացատրություններով, ինչպես նաև գործում գտնվող այլ ապացույցներով:

Վերաքննիչ դատարանը չի կիրառել վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 877-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ պարբերությունը, համաձայն որի՝ փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից: Տվյալ դեպքում Ավետիք Բադալյանը չի ապացուցել, որ Թելլի Ստեփանյանին փոխառության վերոհիշյալ պայմանագրով գումար է տվել, ինչով իսկ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 51-րդ հոդվածները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է սույն քաղաքացիական գործի քննության համար կարևոր նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ Թելլի Ստեփանյանի ստացականը գրելու օրը Ավետիք Բադալյանը գրել է պարտավորագիր, համաձայն որի՝ «Ես Ավետիք Բադալյանս պարտավորվում եմ իրենցից՝ Հայկուշիկից և Վահագից չպահանջել գումարը»: Այսինքն` Թելլի Ստեփանյանը ստացականը գրել է վերապահումով այն պայմանով, որ Ավետիք Բադալյանը այդ գումարը չպահանջի իր աղջկանից և փեսայից: Տվյալ դեպքում, որպես դատական նախադեպ կիրառելի է Վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի թիվ 3-415/ՎԴ/2007 թվականի որոշումը, ինչը Վերաքննիչ դատարանը նույնպես անտեսել է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը, հակընդդեմ հայցը բավարարելով և հաշվանց կատարելով, զրկել է սեփականության իրավունքից, այսինքն` դադարեցրել է Երևանի Հասրաթյան փողոցի 10 շենքի թիվ 8 բնակարանի 1/2-րդ բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը: Մինչդեռ սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ գլխի կանոններով սահմանված կարգով:

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը և Թելլի Ստեփանյանի՝ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով ուղարկել նոր քննության, Թելլի Ստեփանյանի հայցն ըննդեմ Ավետիք Բադալյանի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, պարտավորագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին բավարարել: Ավետիք Բադալյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թելլի Ստեփանյանի՝ սկզբնական հայցապահանջի հաշվանցմամբ գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ավետիք Բադալյանը և Թելլի Ստեփանյանը գրանցված ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 1983 թվականից: Ամուսնալուծվել են Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.11.2005 թվականի թիվ 2-1838 վճռով (հատոր առաջին գ.թ. 7):

2) Ավետիք Բադալյանի և Թելլի Ստեփանյանի ամուսնության ընթացքում Երևանի Հասրաթյան փողոցի 10 շենքի թիվ 8 բնակարանը սեփականության իրավունքով գրանցվել է Ավետիք Բադալյանի անվամբ:

3) Թելլի Ստեփանյանի 07.09.2005 թվականի ստացականի համաձայն` «Թելլի Ստեփանյանս պարտավորվում եմ ամուսնուցս Ավետիք Բադալյանից 2000-2005 թվականների ընթացքում վերցրած 30 հազար ամերիկյան դոլարը վերադարձնել 1 տարվա ընթացքում, մինչև 2006 թվականը» (հատոր առաջին գ.թ. 54):

4) Ավետիք Բադալյանի՝ քրեական գործի շրջանակներում տրված բացատրության համաձայն՝ «Ես Թելլին առաջարկեցի, որ իր գողացած գումարի և ոսկեղենի, իրերի դիմաց ինձ ստացական տա, որ ես իրեն դատի չտամ: Թելլին համաձայնվեց և գրեց, որ ինձանից վերցրել է 30 հազար (եռեսուն հազար) ԱՄՆ դոլարի ստացական»:

5) Ավետիք Բադալյանի կողմից ստորագրված 07.08.2005 թվականի պարտավորագրով Ավետիք Բադալյանը պարտավորվել է գումար չպահանջել Թելլի Ստեփանյանի աղջկանից և փեսայից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 426-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է միատեսակ հանդիպական այն պահանջի հաշվանցով, որի ժամկետը լրացել է կամ նշված չէ, կամ որոշված է պահանջի պահով: Հաշվանցի համար բավական է մեկ կողմի հայտարարությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը:

Նշված հոդվածներից հետևում է, որ հաշվանց կարող է կատարվել այն դեպքում, երբ առկա է միատեսակ հանդիպական պահանջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Թելլի Ստեփանյանի պահանջը Երևանի Հասրաթյան փողոցի 10 շենքի թիվ 8 բնակարանի 1/2-րդ բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին և Ավետիք Բադալյանի հակընդդեմ հայցը գումար բռնագանձելու պահանջի մասին իրենցից միատեսակ հանդիպական պահանջներ չեն ներկայացնում, իսկ հակընդդեմ հայցը կարող էր Դատարանի կողմից ընդունվել այն դեպքում, եթե հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հաշվանցն անհնար էր:

Ինչ վերաբերում է շարժական գույքի՝ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է: Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Մինչդեռ Թելլի Ստեփանյանը վիճարկվող շարժական գույքը համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերելու վերաբերյալ որևէ գրավոր ապացույց չի ներկայացրել Դատարան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթղթեր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: Նույն օրենսգրքի 348-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ Թելլի Ստեփանյանն Ավետիք Բադալյանից գումար, առավել ևս՝ ոսկյա զարդեր չի վերցրել, անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Թելլի Ստեփանյանը ստացական է տվել Ավետիք Բադալյանին և պարտավորվել է Ավետիք Բադալյանից 2000-2005 թվականների ընթացքում վերցրած 30 հազար ամերիկյան դոլարը վերադարձնել 1 տարվա ընթացքում՝ մինչև 2006 թվականը:

Անհիմն է նաև վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ ստացական գրելու օրը գրվել է մեկ այլ պարտավորագիր, համաձայն որի` Ավետիք Բադալյանը պարտավորվել է գումար չպահանջել աղջկանից և փեսայից, հետևաբար ստացականը գրվել է վերապահումով, քանի որ Ավետիք Բադալյանի և Թելլի Ստեփանյանի տրված պարտավորագրերով կողմերը տարբեր են:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի փաստարկին այն մասին, որ սույն գործով կիրառելի է Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-1989 (ՎԴ) նախադեպային որոշումը, հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ որոշմամբ հաստատված համարելով պարտավորագիրը ստրկացուցիչ պայմաններով կազմված լինելու փաստը, եկել է այն եզրահանգման, որ այն ենթակա է անվավեր ճանաչման: Մինչդեռ սույն գործով Թելլի Ստեփանյանի կողմից կազմված ստացականը ստրկացուցիչ պայմաններում կնքված լինելու հիմքով չի վիճարկվել:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը մասնակիորեն` հակընդդեմ հայցի մասով, բեկանելու և գործն այդ մասով նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.02.2009 թվականի որոշման` Ավետիք Բադալյանի հակընդդեմ հայցը բարարելու մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան