Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՏԱՐԻՆ` 2004
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը,
ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից,
կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով,
գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն Համաձայնագրի հիմքն է կազմում,
նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը,
վկայակոչելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Կառավարությունների միջև 2004թ. մայիսի 24-26-ը Երևանում կայացած՝ 2004 թ. զարգացման երկկողմ համագործակցության մասին քննարկումների արձանագրությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության՝ Երևանի դեսպանության 2004 թ. սեպտեմբերի 2-ի հմ. 532/04 հայտագիրը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և երկու Կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին կամ ստացողներին հնարավորություն է ընձեռում Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից ստանալ հետևյալ գումարները.
1. մինչև 6.000.000 եվրո (բառերով` վեց միլիոն եվրո) գումարի չափով վարկ` «Վերականգնվող էներգիայի աջակցության» ծրագրի իրականացման համար.
2. մինչև 1.500.000 եվրո (բառերով` մեկ միլիոն հինգ հարյուր հազար եվրո) գումարի չափով դրամական օժանդակություն` «Վերականգնվող էներգիայի աջակցության ծրագրի օժանդակ միջոցառումների» իրականացման համար,
եթե ուսումնասիրության արդյունքում հաստատվի ծրագրերի իրագործումն օժանդակելու նպատակահարմարությունը:
2) Եթե 1-ին պարբերության 2-րդ կետում նշված ծրագրի օժանդակման նպատակահարմարությունը չի հաստատվում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը հնարավորություն է ընձեռում Վերականգնման վարկերի բանկից այս ծրագրի իրականացման համար ստանալ վարկ նախատեսված ֆինանսական օժանդակության գումարի չափով:
3) Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև առկա պայմանավորվածության դեպքում 1-ին պարբերության մեջ նշված ծրագրերը կարող են փոխարինվել այլ ծրագրերով: Եթե 1-ին պարբերության 2-րդ կետում նշված ծրագիրը փոխարինվի մեկ այլ ծրագրով, ընդ որում՝ տվյալ ծրագիրը, որպես բնապահպանական կամ սոցիալական ենթակառուցվածքներին վերաբերող ծրագիր կամ միջին ձեռնարկություններին հասցեագրված վարկային երաշխավորման հիմնադրամ, որպես հասարակության մեջ կանանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառում կամ աղքատության հաղթահարմանն ուղղված ինքնաֆինանսավորվող միջոցառում, բավարարի ֆինանսական հատկացման ճանապարհով ցուցաբերվող աջակցության հատուկ նախապայմանները, ապա կարող է հատկացվել ֆինանսական օժանդակություն. այլ դեպքում` վարկ:
4) Սույն Համաձայնագիրը շարունակում է կիրառվել նաև այն դեպքում, եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ավելի ուշ ժամանակահատվածում հնարավորություն է ընձեռում վարկի կամ ֆինանսական օժանդակության տեսքով հատկացումներ ստանալ 1-ին պարբերության 1-ին կետում ներկայացված ծրագրի նախապատրաստական քայլերի իրագործման նպատակով կամ՝ ֆինանսական օժանդակության հետագա հատկացումներ` 1-ին պարբերության 1-ին կետում ներկայացված ծրագրի իրականացմանը և ընթացքն ապահովելուն ուղղված անհրաժեշտ օժանդակ միջոցառումների համար:
5) Նախապատրաստական և հարակից միջոցառումների իրագործմանն ուղղված ֆինանսական օժանդակությունները, համաձայն 1-ին պարբերության 2-րդ կետի և 3-րդ պարբերության, վերածվում են վարկերի, եթե դրանք չեն օգտագործվում հիշյալ նպատակներով:
Հոդված 2
1) 1-ին հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված գումարների օգտագործումը, հատկացման նախապայմանները, ինչպես նաև հանձնարարականների բաժանման կարգը որոշում են Վերականգնման վարկերի բանկի և վարկային ու ֆինանսական օժանդակության ստացողների միջև կնքվելիք պայմանագրերը` հիմնված Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավական նորմերի վրա: 1-ին հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված գումարների հատկացում չի կատարվի, եթե հատկացման տարվան հաջորդող ութ տարիների ընթացքում չկնքվի համապատասխան վարկային կամ ֆինանսական պայմանագիր: Այս գումարի ժամկետն ավարտվում է 2012թ. դեկտեմբերի 31-ին:
2) Այն դեպքում, երբ վարկառուն Հայաստանի Հանրապետության Կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի օգտին վճարումները եվրոյով` ի կատարումն 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրով վարկառուի ստանձնած պարտավորությունների:
3) Եթե ֆինանսական օժանդակություն ստացողը Հայաստանի Հանրապետության Կառավարությունը չէ, ապա վերջինս Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկին տալիս է երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրից:
Հոդված 3
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին ազատում է բոլոր տեսակի հարկերից և պետական այլ տուրքերից, որոնք 2-րդ հոդվածում հիշատակված պայմանագրերի կնքման ու իրականացման համար սահմանված են Հայաստանում:
Հոդված 4
1) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջոցներով ֆինանսավորվող ֆիրմաների և մասնագետների առաքումների և ծառայությունների համար չի սահմանում հարկեր և այլ տուրքեր հօգուտ 1-ին հոդվածի 1-ին պարբերության մեջ սահմանված ծրագրի իրականացման:
2) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 1-ին պարբերությունում նշված ֆիրմաներին և մասնագետներին ազատում է բոլոր տեսակի հարկերից, մաքսատուրքերից, տուրքերից և այլ վճարներից, որոնք օրենքով սահմանված են Հայաստանի Հանրապետությունում` կապված աշխատանքների իրագործման համար պահանջվող վերազինման, նյութերի և օգնության այլ միջոցների, ինչպես նաև բեռնատարների և մասնագետների անձնական գույքի հետ, որոնք կբերվեն Հայաստան և աշխատանքների ավարտից հետո դուրս կբերվեն երկրից կամ աշխատանքների կատարման ընթացքում կդառնան ոչ պիտանի:
Հոդված 5
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը վարկի և ֆինանսական օժանդակության օգտագործումից անհրաժեշտաբար բխող` ծովային, ցամաքային և օդային ճանապարհներով անձերի և գույքի տեղափոխման համար ուղևորներին և առաքողներին տալիս է տրանսպորտային ձեռնարկության ազատ ընտրության հնարավորություն, չի ձեռնարկում միջոցներ, որոնք կբացառեն կամ կդժվարացնեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող տրանսպորտային ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը, անհրաժեշտության դեպքում տրամադրում է պահանջվող թույլտվություններ տրանսպորտային հիշյալ ձեռնարկությունների մասնակցության համար:
Հոդված 6
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությանը ծանուցում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումն ավարտելու մասին: Հիմք է ընդունվում ծանուցումը ստանալու օրը:
Կատարված է Երևան քաղաքում 2005 թվականի ապրիլի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն. ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 20.07.2005թ.