Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 359-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.02.15/4(356) Հոդ.24
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
01.12.2009
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
10.12.2009
Дата вступления в силу
25.02.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հունվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010016

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 դեկտեմբերի 2009 թ.

թիվ 359-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 10-ի 1-ին կետը «կարգավորման ընթացակարգերը» բառերից հետո լրացնել «արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնող անձանց աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական որակավորման չափանիշները և նրանց քննելու կարգը» բառերով:

2) Կանոնակարգ 10-ի 3-րդ կետը լրացնել «ժե» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«ժե. փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված հասցեով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ արտարժույթի առուվաճառքի լիցենզիան:»:

3) Կանոնակարգ 10-ի 4-րդ կետը լրացնել նոր «իա» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«իա. փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված հասցեով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ արտարժույթի փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիան:»:

4) Կանոնակարգ 10-ի 5-րդ կետը լրացնել նոր «ը» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«ը. փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված հասցեով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ արտարժույթի փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխման թույլտվությունը:»:

5) Կանոնակարգ 10-ի 6-րդ կետը «կնքված լինեն» բառերից հետո լրացնել «(կնիքի առկայության դեպքում)» բառերով:

6) Կանոնակարգ 10-ի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«9. Սույն կանոնակարգի 8-րդ կետի «ա» ենթակետի հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի, ակնհայտ կեղծ, խեղաթյուրված և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է փաստաթղթերը ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում` նշելով թերի, ակնհայտ կեղծ, խեղաթյուրված և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող բոլոր փաստաթղթերը: Եթե հայտը քննելու ընթացքում հայտում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա հայտատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև Կենտրոնական բանկի կողմից հայտը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը: Սույն կետով նշված դեպքերում լիցենզիա ստանալու հայտը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:»:

7) Կանոնակարգ 10-ի 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  3

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

13. Փոխանակման կետի աշխատակիցը պետք է ունենա Կենտրոնական բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայական կամ «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամում համապատասխան թեմաներով կազմակերպված դասընթացներին մասնակցության վկայական, որոնք ստանալու համար պետք է բավարարի հետևյալ մասնագիտական չափանիշներին.

1) Հայաստանի Հանրապետության արժութային օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն,

2) Կենտրոնական բանկի կողմից փոխանակման կետերի նկատմամբ իրականացվող ստուգումների և վերահսկողության, ինչպես նաև փոխանակման կետերին պատասխանատվության ենթարկելու կարգի ու պայմանների վերաբերյալ իմացություն,

3) փոխանակման կետերի կողմից իրականացվող արժութային գործառնությունների իմացություն:

14. Փոխանակման կետի աշխատակցի մասնագիտական որակավորման վկայական (այսուհետ` որակավորման վկայական) ստանալու համար դիմող անձանց (այսուհետ` թեկնածուներ) մասնագիտական համապատասխանության քննությունը (այսուհետ` քննություն) անցկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեստավորման ծառայության (այսուհետ` տեստավորման ծառայություն) կողմից կամ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ այլ կազմակերպության կողմից:

15. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ քննություններն այլ կազմակերպությունների կողմից անցկացվելու դեպքում քննության տեստերի կազմման, դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման, քննություններին մասնակցելու համար թեկնածուների հերթագրման, փաստաթղթերի ընդունման, քննությունների անցկացման, քննության արդյունքների ամփոփման, բողոքարկման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից՝ համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ:

16. Գրավոր քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով` տեստային եղանակով: Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից: Հարցերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից:

17. Տեստը պարունակում է 30 հարց: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե: Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ: Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր:

18. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է.

1) մինչև 25 միավոր, ապա թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված,

2) 25 և ավելի միավոր, ապա թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված, և նրան տրվում է համապատասխան որակավորման վկայական:

19. Քննության բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը` համապատասխան որակավորման վկայական ստանալու համար:

20. Քննությանը մասնակցելու համար թեկնածուները պետք է նախապես հերթագրվեն: Թեկնածուները քննությանը մասնակցելու համար կարող են հերթագրվել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում տվյալներ մուտքագրելով կամ հեռախոսով:

1) Հերթագրվելու նպատակով յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում են քննության ստույգ օրեր, որի մասին տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` մինչև տվյալ եռամսյակի առաջին ամսվան նախորդող ամսվա 10-ը:

2) Թեկնածուները Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում տեղադրված հեռախոսահամարով կարող են հերթագրվել ցանկացած օր և ցանկացած ժամի` թողնելով համապատասխան հաղորդագրություն` ստորև նշված տեղեկությունների վերաբերյալ.

ա. անուն, ազգանուն,

բ. որակավորման տեսակ,

գ. քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ` ըստ հրապարակված ցանկի (ցանկության դեպքում),

դ. հեռախոսահամար:

Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով հերթագրվելու դեպքում թեկնածուները, բացի սույն ենթակետում նշված տվյալներից, պետք է հայտնեն նաև անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի և էլեկտրոնային փոստի (առկայության դեպքում) վերաբերյալ տեղեկատվություն:

3) Թեկնածուի կողմից նշված օրը և (կամ) ժամին քննության անցկացման անհնարինության դեպքում կամ թեկնածուի կողմից քննությանը մասնակցելու օր և (կամ) ժամ չնշելու դեպքում տեստավորման ծառայության աշխատակիցը թեկնածուի՝ Կենտրոնական բանկում հերթագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է թեկնածուին քննության անցկացման հնարավոր առաջիկա օրվա և (կամ) ժամի մասին:

4) Թեկնածուները քննությանը մասնակցում են` քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

ա. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:

21. Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:

1) Թեկնածուին թույլատրվում է մուտք գործել քննության անցկացման սենյակ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում` ըստ ցուցակի նստեցնելով համապատասխան համակարգչի մոտ: Ուշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:

2) Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

3) Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից առավելագույնս ճիշտ) պատասխան:

4) Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:

5) Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած տեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից. մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:»:

22. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

23. Թեկնածուները կարող են բողոքարկել անցկացված քննության արդյունքները քննության անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ` համաձայն Ձև 16-ի, կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:

23.1 Որակավորման վկայականը տրվում է քննության դրական արդյունք ապահոված մասնակիցներին թղթային ձևով (համաձայն` Ձև 9-ի)` քննությունը հանձնելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

23.2 Որակավորման վկայականը տրվում է դրա ստորագրման պահից հաշված երեք տարի ժամկետով:

23.3 Որակավորված անձինք որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով: Դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորված անձին տրվում է որակավորման նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրումով, իսկ կորցրած վկայականը համարվում է անվավեր:»:

8) Կանոնակարգ 10-ի 40-րդ կետի առաջին նախադասությունը «Լիցենզավորվող փոխանակման կետերը» բառերից հետո լրացնել «և դրանց մասնաճյուղերը» բառերով:

9) Կանոնակարգ 10-ը լրացնել նոր 40.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«40.1 Սույն կանոնակարգի 40-րդ կետով նախատեսված մակերեսների և տարածքների չափերը հաշվարկելիս հիմք են ընդունվում սույն կանոնակարգի 3-րդ կետի «ե» ենթակետում, 4-րդ կետի «դ» ենթակետում և 5-րդ կետի «գ» ենթակետում նշված տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենում նշված ներքին չափերը:»:

10) Կանոնակարգ 10-ի 41-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«41. Խանութում փոխանակման կետի (այդ թվում` դրա մասնաճյուղի) արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է ստանալ միայն տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը, առևտրի կենտրոնում` միայն առևտրի իրականացման կազմակերպիչը, իսկ հյուրանոցում` հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:»:

11) Կանոնակարգ 10-ը լրացնել նոր 41.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«41.1 Սույն որոշման 40-րդ և 41-րդ կետերով սահմանված պահանջները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը լիցենզիա ստացած փոխանակման կետերի կողմից մասնաճյուղ բացելու դեպքում արտարժույթի առուվաճառքի լիցենզիայի տրամադրման վրա:»։

12) Կանոնակարգ 10-ի 59-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Դրամարկղից դուրս, իսկ հյուրանոցներում գտնվող փոխանակման կետերի դեպքում` սպասարկման սրահից դուրս վահանակ ունենալու դեպքում փոխանակման կետը վահանակի վրա նշում է միայն «Տարադրամի փոխանակման կետ» արտահայտությունը (ցանկության դեպքում նաև դրա օտարալեզու տարբերակը), լիցենզավորված անձի անվանումը, լիցենզիայի համարը, աշխատանքային օրերը և ժամերը:»:

13) Կանոնակարգ 10-ի 76-րդ կետը «գործարքների դեպքում» բառերից հետո լրացնել «հաճախորդից պահանջվում է անձը հաստատող փաստաթուղթ և» բառերը:

14) Կանոնակարգ 10-ի Ձև 8-ը ուժը կորցրած ճանաչել:

15) Կանոնակարգ 10-ի Ձև 9-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի:

16) Կանոնակարգ 10-ը լրացնել նոր Ձև 16-ով` համաձայն Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. դեկտեմբերի 10

ք. Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի դեկտեմբերի 1-ի

թիվ 359-Ն որոշմամբ

 

Ձև 9

 

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների

լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Արտարժույթի փոխանակման կետի աշխատակցի մասնագիտական որակավորման սույն վկայականը տրամադրվում է

 

----------------------------------------------------------------- -ին

(անունը, ազգանունը)

 

 --------------------------------------------------------------------------

(անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև «___» _____________20 թ.:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ` ______________

 

«___» _____________20 թ.:

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի դեկտեմբերի 1-ի

թիվ 359-Ն որոշմամբ

 

Ձև 16

 

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների

լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

 

Բողոքարկողի անունը, ազգանունը

 

Բողոքարկողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

Քննության անցկացման օրը, ամիսը, տարեթիվը

 

Որակավորման տեսակը

 

Հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

 

Բողոքարկման պատճառ հանդիսացած խնդրահարույց հարցի նկարագրությունը։

 

Դիմող՝                                     «___» _____________20 թ.: