Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-863
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.02.10/6(740) Հոդ.50
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
27.01.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
27.01.2010
Дата вступления в силу
27.01.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

27 հունվարի 2010 թ.

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված՝ Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է՝ մուտքագրված 2010 թվականի հունվարի 11-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թվականի նոյեմբերի 25-ին` Մոսկվայում: Հայաստանի Հանրապետության կողմից համաձայնագիրն ստորագրվել է առարկությամբ, որը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության կողմից սույն համաձայնագրի վավերացման ընթացքում կատարված վերապահմանը:

Համաձայնագրի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների կանխման և դրանց վերադարձի ապահովման համար համաձայնեցված միջոցների իրականացումը:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- պահպանելով միջազգային պարտավորությունները և ՀՀ օրենսդրությունը` համագործակցել մյուս Կողմերի հետ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակման հետ կապված հանցագործությունների մասին նախազգուշացման, հայտնաբերման, կանխման, բացահայտման և քննության, հետախուզման և վերադարձման գործում,

- իրականացնել համագործակցություն ՀՀ իրավասու մարմինների միջոցով,

- ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների կանխման, դրանց հետախուզման և վերադարձի ապահովման նպատակով ապահովել ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի առկայությունը և դրանում ընդգրկված տվյալների օպերատիվ տրամադրումը մյուս Կողմերի իրավասու մարմինների հայցի հիման վրա,

- հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի ՀՀ տարածքում հայտնաբերելու, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում ՀՀ իրավասու մարմինը պարտավոր է 20 օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցել մյուս Կողմի իրավասու մարմնին, որի վարույթում գտնվում է քրեական գործը,

- հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը հայտնաբերած կամ կալանած ՀՀ իրավասու մարմինը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածությունն ապահովելու համար և չօգտագործել կամ չտնօրինել այն,

- որպես հայցվող Կողմ, ՀՀ կենտրոնական իրավասու մարմինը պարտավոր է ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հայցն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում այն քննարկել և դրա արդյունքների մասին տեղեկացնել հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին, իսկ ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին որոշում կայացնելիս` 15 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին,

- ապահովել, որպեսզի հայտնաբերված կամ կալանված ավտոտրանսպորտային միջոցը հանձնվի հայցող Կողմի ներկայացուցչին` հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնի կողմից տրված` նրա լիազորությունները հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,

- ապահովել մյուս Կողմից ստացված տեղեկությունների գաղտնիությունը, եթե հայցող Կողմն անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը, իսկ այդ տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու անհրաժեշտության դեպքում այն կատարել միայն այդ տեղեկությունները տրամադրած Կողմի գրավոր համաձայնությունն ստանալու պարագայում,

- հայցի կատարումը մերժելու մասին անհապաղ` մերժման պատճառների նշումով, գրավոր ծանուցել հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին,

- մյուս Կողմի կենտրոնական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի ներկայացման դեպքում ապահովել, որ վերադարձվող ավտոտրանսպորտային միջոցներից չգանձվեն մաքսատուրքեր, հարկեր, ակցիզներ, գանձումներ, այլ վճարումներ,

- որպես հայցվող Կողմ հոգալ ավտոտրանսպորտային միջոցը կալանելու և պահելու հետ կապված ծախսերը, իսկ որպես հայցող Կողմ ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինը հոգա ավտոտրանսպորտային միջոցը ՀՀ տարածք վերադարձնելու հետ կապված ծախսերը,

- դադարեցնել հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի հետախուզումն այն նախաձեռնող Կողմի իրավասու մարմնի որոշմամբ:

3. Համաձայնագրով նախատեսվում է, որ Կողմերը համագործակցություն իրականացնելիս որպես աշխատանքային լեզու օգտագործում են ռուսերենը:

4. Համաձայնագրում նախատեսված են դրույթներ՝ դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու վերաբերյալ։

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին համահունչ ապահովում են Կողմերի միջև արտաքին հարաբերությունների իրականացումը։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված՝ Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


27 հունվարի 2010 թ.

 ՍԴՈ-863

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան