Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.220
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.12.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
04.12.2009
Дата вступления в силу
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2378/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2378/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Դատավորներ՝ Տ. Սահակյան

               Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գայանե Դանիլովայի ընդդեմ Ընկերության՝ աշխատանքի վերականգնման և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումարի բռնագանձման պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Գայանե Դանիլովան պահանջել է վերականգնել աշխատանքում Ընկերության համապատասխան գործառույթներ իրականացնող բաժնում և Ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.02.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.06.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է:

 Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

 Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե Դանիլովան:

 

 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը:

 Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ և 219-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը:

Դատարանն Ընկերությանը պարտավորեցրել է Գայանե Դանիլովայի հետ կնքել պայմանագիր և նրան նշանակել աշխատանքի համապատասխան գործառույթների իրականացնող բաժնում, այլ ոչ թե նախկին պաշտոնում, որը ինքնին անօրինական է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունը Գայանե Դանիլովայի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ 10.09.2008 թվականին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ Գայանե Դանիլովան հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.06.2009 թվականի որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Գայանե Դանիլովային առաջարկվել է աշխատանք, որը չի համապատասխանում նրա մասնագիտական ունակություններին: Ընկերությունում Գայանե Դանիլովայի կողմից նախկինում զբաղեցրած պաշտոնը «Գործառնությունների տնօրինությունից» տեղափոխվել է «Վաճառքի տնօրինություն», ուստի նշված ստորաբաժանումը չի վերացել, այլ ընդամենը տեղափոխվել է և ընդգրկվել է մեկ այլ տնօրինության կազմի մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության և Գայանե Դանիլովայի միջև 14.04.2008 թվականին կնքվել է աշխատանքային պայմանագիր, և Գայանե Դանիլովան նշանակվել է աշխատանքի գործառնությունների տնօրինությունում միջազգային օպերատորների հետ համագործակցության ավագ մասնագետի պաշտոնում (գ. թ. 5-8):

2) Ընկերության տնօրենների խորհրդի 08.08.2008 թվականի թիվ 05/08 որոշմամբ հաստատվել է Ընկերության նոր կազմակերպական կառուցվածքը, որում բացակայում է գործառնությունների տնօրինության ֆիքսված կապի բիզնեսի տեխնիկական տնօրինության միջօպերատորական համագործակցության և ինտերնետ ռեսուրսների ծառայության միջազգային օպերատորների հետ համագործակցության բաժինը (գ. թ. 78-87):

3) Ընկերությունը 10.09.2008 թվականի ծանուցմամբ Գայանե Դանիլովային հայտնել է, որ 28.08.2008 թվականից Ընկերությունում գործողության մեջ է դրվել նոր կազմակերպական կառուցվածքը, որում բացակայում է «Գործառնությունների տնօրինության ֆիքսված կապի բիզնեսի տեխնիկական տնօրինության միջօպերատորական համագործակցության» բաժինը: Միաժամանակ առաջարկվել է շարունակել աշխատանքային հարաբերությունները «Վաճառքի տնօրինության» «Վաճառքի աջակցման» բաժնի «Վաճառքի որակի վերահսկման» խմբում Վաճառքի որակի վերահսկման ավագ մասնագետի պաշտոնում (գ. թ. 9):

4) Գայանե Դանիլովան 14.09.2008 թվականի դիմումով հրաժարվել է Ընկերության առաջարկած վաճառքի որակի վերահսկման ավագ մասնագետի պաշտոնից (գ. թ. 11):

5) Ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 07.10.2008 թվականի թիվ Կ-4112 հրամանով լուծվել է Ընկերության և Գայանե Դանիլովայի միջև կնքված թիվ 2127 աշխատանքային պայմանագիրը (գ. թ. 52):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գործատուն չի կարող աշխատողին առաջարկել ցանկացած աշխատանք, այլ պարտադիր պայման է համարվում, որ գործատուի մոտ առկա հնարավորությունների սահմաններում առաջարկված աշխատանքը համապատասխանի աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին: Միայն աշխատողի կողմից մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան առաջարկված աշխատանքից հրաժարումը կարող է հանգեցնել գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծմանը:

Սույն գործով Դատարանի կողմից հայցի բավարարման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հայցվորն ունի բարձրագույն տեխնիկական կրթություն՝ էլեկտրոնային տեխնիկական ինժեների որակավորմամբ, իսկ պատասխանողը որևէ ապացույցով չի հիմնավորել, որ առաջարկված աշխատանքը համապատասխանում է հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը կամ որակավորմանը:

Սույն քաղաքացիական գործի համար էական նշանակություն ունի այն իրավական հարցի պատասխանը, թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի «մասնագիտական պատրաստվածություն» և «որակավորում» հասկացությունները պետք է մեկնաբանվեն միայն որպես տվյալ անձին տրված որակավորումը հավաստող վկայականով հավաստվող մասնագիտությանը համապատասխանող աշխատանք, թե դրանք պետք է ավելի լայն մեկանաբանվեն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի նման եզրահանգումն հիմնված է «մասնագիտական պատրաստվածություն» և «որակավորում» հասկացությունների սահմանափակ մեկնաբանության հիման վրա, առանց հաշվի առնելու օրենքի իմաստը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հասկացությունները պետք է առավել լայն մեկնաբանության առարկա դարձվեն` հաշվի առնելով նաև այնպիսի կարևոր հանգամանք, ինչպիսին է տվյալ աշխատողի նախկինում զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքը: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ օրենքի վերոնշյալ հոդվածը նպատակ է հետապնդում պաշտպանության տակ առնելու աշխատողներին այն բոլոր դեպքերում, երբ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում համապատասխան աշխատողի կողմից զբաղեցրած պաշտոնի փոխարեն նույն գործատուի մոտ դեռևս առկա է (կամ առաջանում է) նախկինում կատարած աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ աշխատանք:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության տնօրենների խորհրդի 08.08.2008 թվականի թիվ 05/08 որոշմամբ հաստատվել է Ընկերության նոր կազմակերպական կառուցվածքը, որում բացակայում է գործառնությունների տնօրինության ֆիքսված կապի բիզնեսի տեխնիկական տնօրինության միջօպերատորական համագործակցության և ինտերնետ ռեսուրսների ծառայության միջազգային օպերատորների հետ համագործակցության բաժինը, այսինքն` հաստիքը, որտեղ աշխատել է Գայանե Դանիլովան, աշխատանքների կազմակերպման փոփոխության արդյունքում այլևս գոյություն չունի, և Գայանե Դանիլովայի նախկին հաստիքի ստեղծումն անհնար է: Փաստորեն, Գայանե Դանիլովայի հետ աշխատանքային պայմանագրի լուծումը պայմանավորված է աշխատանքային պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ, և նրան առաջարկվել է վաճառքի որակի վերահսկման ավագ մասնագետի պաշտոնը, որից նա հրաժարվել է:

 Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է քննության առարկա դարձվի այն հարցը, թե արդյոք Գայանե Դանիլովային առաջարկված աշխատանքը նախկինում կատարած աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող աշխատանք է:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 05.06.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան