ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
22 հունվարի 2010 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ.Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ ՀՀ սահմանադրական դատարան 27.11.2009թ. մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) ՀՀ-ի կողմից ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ին:
2. Նշված համաձայնագրի նպատակն է միգրացիայի բնագավառում համագործակցության զարգացումը, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղություններով փոխգործակցության համակարգումը:
3. Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի մասին կանոնադրությունը (այսուհետ` Կանոնադրություն):
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● համաձայնագրի այլ մասնակիցների հետ համատեղ ստեղծել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ) (հոդվ. 1),
● իրականացնել Խորհրդի գործունեությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի մասին կանոնադրության հիման վրա (հոդվ. 2):
Կանոնադրության համաձայն Խորհուրդը հանդիսանում է Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) ճյուղային համագործակցության մարմին և նախորոշված է միգրացիոն քաղաքականության բնագավառում փոխգործակցության համակարգման ապահովման և հարցերի լուծման համար:
Կանոնադրության համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`
● Խորհրդի անդամ նշանակել ՀՀ միգրացիոն մարմնի ղեկավարին (Կանոնադրության կետ 4.1),
● ճանաչել Խորհրդի որոշումների խորհրդատվական բնույթը (Կանոնադրության կետ 4.9),
● Խորհրդում ՀՀ նախագահության ժամանակահատվածում, համագործակցելով ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի հետ, երաշխավորել Խորհրդի քարտուղարության գործառույթների կատարումը ՀՀ միգրացիոն մարմնի կողմից (Կանոնադրության կետ 5.1),
● ՀՀ-ում Խորհրդի նիստի անցկացման դեպքում հոգալ Խորհրդի նիստերի նախապատրաստման և անցկացման ծախսերը (Կանոնադրության կետ 6),
● որպես ուղարկող պետություն հոգալ Խորհրդի անդամների և փորձագետների գործուղման ծախսերը (Կանոնադրության կետ 6),
● ՀՀ և ԱՊՀ այլ շահագրգիռ պետությունների միջոցների հաշվին ֆինանսավորել Խորհրդի ընդունած որոշումներին համապատասխան իրականացվող բոլոր տեսակի աշխատանքներն ու համատեղ ծրագրերը (Կանոնադրության կետ 6):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|