Գլխավոր տեղեկություն
Номер
N 48-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.02.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.02.03/5(739) Հոդ.46
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.01.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2010
Дата вступления в силу
13.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2010 թվականի N 48-Ն

 

ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ (ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ)` ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐՐՈՐԴ` ՄԻՋԱՆՑԻԿ ԵՐԿՐՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կամավոր վերադարձի մասին դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին կամ փախստականներին)` իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունվարի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունվարի 21-ի N 48-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ (ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ)` ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐՐՈՐԴ` ՄԻՋԱՆՑԻԿ ԵՐԿՐՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են կամավոր վերադարձի մասին դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին կամ փախստականներին)` իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցության հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողները կամ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձինք իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցություն ստանալու համար միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմին (այսուհետ` լիազոր մարմին) են ներկայացնում գրավոր դիմում: Դիմումի օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:

3. Ապաստան հայցողները դիմումով միջնորդում են նաև Հայաստանի Հանրապետությունում իրենց ապաստան տալու մասին դիմումի կապակցությամբ լիազոր մարմնում հարուցված վարչական վարույթը կասեցնելու, իսկ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձինք` իրենց որպես փախստական ճանաչելը դադարեցնելու վերաբերյալ:

 4. Լիազոր մարմինն ապաստան հայցողներին 3-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է այն մասին, որ իրենց ապաստան տալու մասին դիմումի կապակցությամբ լիազոր մարմնում հարուցված վարչական վարույթը կկասեցվի նրանց կամավոր վերադարձի պահից:

5. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց 3-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է այն մասին, որ նրանց որպես փախստական ճանաչելը կդադարեցվի, եթե նրանք Հայաստանի Հանրապետության տարածքը կամավոր լքելուց հետո 3 ամսվա ընթացքում չեն վերադառնա Հայաստանի Հանրապետություն և հետ չեն վերցնի կամավոր վերադարձի մասին դիմումը:

6. Կամավոր վերադարձի մասին դիմումն ստանալուց հետո 20-օրյա ժամետում լիազոր մարմինը միջոցներ է ձեռնարկում ապաստան հայցողներին կամ փախստականներին իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության երկրում առկա իրավիճակի մասին մանրամասն և օբյեկտիվ տեղեկություններ ձեռք բերելու համար: Լիազոր մարմինն այդպիսի տեղեկությունները ձեռք է բերում սեփական նախաձեռնությամբ` իր հաշվին (ինտերնետային կայքերի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների հրապարակումներից) և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, հասարակական կազմակերպությունների և այլ մարմինների հետ համագործակցությամբ:

7. Լիազոր մարմինը ձեռք բերված բոլոր տեղեկությունները տրամադրում է ապաստան հայցողներին կամ փախստականներին:

8. Եթե լիազոր մարմինը ձեռք բերված տեղեկությունների հիման վրա գտնում է, որ ապաստան հայցողի կամ փախստականի վերադարձն իր քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր անվտանգ չէ, ապա լիազոր մարմինը դրա մասին տեղեկացնում է ապաստան հայցողին կամ փախստականին և անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ կամ վիզա ստանալու հարցում նրան աջակցում է միայն այն դեպքում, եթե ապաստան հայցողը կամ փախստականը տալիս է գրավոր համաձայնություն այն մասին, որ թեև ինքը տեղեկացվել է, որ կամավոր վերադարձն անվտանգ չէ, սակայն ցանկանում է կամավոր վերադառնալ իր քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր: Գրավոր համաձայնության օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, լիազոր մարմնի միջնորդության հիման վրա, 3-օրյա ժամկետում դիմում է ապաստան հայցողների քաղաքացիության կամ հիմնական բնակության երկրների դեսպանություններին` այդ անձանց անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթեր տալու հարցում աջակցելու խնդրանքով:

10. Եթե ապաստան հայցողի կամ փախստականի` իր քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր վերադարձը հնարավոր է միայն երրորդ` միջանցիկ երկիր մուտք գործելու միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, լիազոր մարմնի միջնորդության հիման վրա, 3-օրյա ժամկետում դիմում է երրորդ` միջանցիկ երկրի դեսպանությանը` այդ անձին վիզա տրամադրելու խնդրանքով:

11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ապաստան հայցողներին կամ փախստականներին` իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցության հարցերում իր կողմից ձեռնարկված միջոցների արդյունքների մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնում է լիազոր մարմնին:

12. Լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները ձեռք բերելուց հետո 3-օրյա ժամկետում` ապաստան հայցողներին կամ փախստականներին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն և նրանց ուղղորդում համապատասխան մարմիններ` ճամփորդական փաստաթղթեր և վիզա ստանալու համար:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան