Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.236
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2009
Дата вступления в силу
25.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0184/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0184/02/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սարգիս Ավետյանի և «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպության) ընդդեմ Սարգիս Ավետյանի և Ընկերության` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել Սարգիս Ավետյանին և Ընկերությանը վերադարձնել «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 582 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այուհետ՝ Դատարան) 12.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.07.2009 թվականի որոշմամբ Սարգիս Ավետյանի և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

 Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սարգիս Ավետյանը և Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը և 29-րդ հոդվածի 4-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն Ընկերությանը չի ուղարկել, գործի քննությանը մասնակից չի դարձրել, չի բացատրել դատավարական իրավունքները և չի ապահովել հայցադիմումին պատասխան ներկայացնելու 14-օրյա ժամկետը: Վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի 3-59 (ՏԴ) որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Կազմակերպության հայցը մերժել:

 

2.1 Սարգիս Ավետյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Կազմակերպության կողմից չի ապացուցվել, որ «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 582 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվել է Սարգիս Ավետյանի տիրապետման ներքո: Հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի 30.03.2009 թվականի որոշմամբ վեճի առարկա ավտոնեքենան հայտնաբարվել է Երևանի Ա. Վշտունի 73 հասցեում, որը Ընկերության գործունեության հասցեն է: Այսինքն` վեճի առարկա ավտոմեքենան Սարգիս Ավետյանի տիրապետման ներքո չի գտնվում:

Վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի 3-54 (ՎԴ) որոշմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Կազմակերպության հայցը մերժել:

 

2.2 Վճռաբեկ բողոքների պատասխանների հիմնավորումները

Վճռաբեկ բողոքների պատճառաբանություններն անհիմն են վճռաբեկ բողոքները բերվել են ձևական առումով, և դրանց հիմնավորումների պատասխանը մանրակրկիտ կերպով շարադրված է Վերաքննիչ դատարանի դատական ակտում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 31.05.2008 թվականին լուծվել է Կազմակերպության և Սարգիս Ավետյանի միջև 06.03.2008 թվականի աշխատանքային պայմանագիրը: Նույն հրամանով հանձնարարվել է Կազմակերպության ավտոհավաքակայանի պետ Վարդան Մելքոնյանին երկու օրվա ընթացքում կազմակերպել և իրականացնել Սարգիս Ավետյանին կցված «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 582 ՏՍ 65 պետհամարանիշի բեռնատար-սառնարան ավտոմեքենայի ընդունում-հանձնումը (գ.թ. 15):

2) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևանի ստորաբաժանման ավագ հարկադիր կատարողի 27.03.2009 թվականի պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին ակտի և արձանագրության համաձայն` «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 582 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվում է Երևանի Ազատ Վշտունի 73 հասցեում` Ընկերության վարչական տարածքում (գ.թ. 48, 50):

3) Դատարանն Ընկերությանը չի ուղարկել հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին և Ընկերությանը որպես պատասխանող ներգրավելու մասին որոշումները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով Ընկերության վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելներով գործի առանձնահատկությունից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տե՛ս հայցը «Դավիթ առևտրի տուն» ՓԲԸ-ի ընդդեմ Ընկերության՝ 26.031.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-59(ՏԴ)):

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտել է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը:

Սույն գործի փաստերով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Դատարանն Ընկերությանը պատշաճ կարգով ուղարկել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին 09.03.2009 թվականի որոշումը, հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները:

Փաստորեն, սույն քաղաքացիական գործով Դատարանը հնարավորություն չի տվել պատասխանողին օգտվելու ոչ միայն օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում հայցադիմումին պատասխան ներկայացնելու իր իրավունքից, այլև իր գործը և ապացույցները այնպիսի պայմաններում ներկայացնելու իրավունքից, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով Սարգիս Ավետյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:

Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան է պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու փաստը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Սույն գործի փաստերով չի հիմնավորվել Կազմակերպության «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 582 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան Սարգիս Ավետյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը:

Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևանի ստորաբաժանման ավագ հարկադիր կատարողի 27.03.2009 թվականի պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին ակտի և արձանագրության համաձայն` Կազմակերպության «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 582 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվում է Երևանի Ազատ Վշտունի 73 հասցեում` Ընկերության վարչական տարածքում:

Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:

Վճռաբեկ բողոքի պատասխաններում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

 

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Սարգիս Ավետյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2009 թվականի որոշումը և մասնակիորեն փոփոխել` հայցը` Սարգիս Ավետյանի մասով, մերժել, իսկ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի մասով գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

 

Ս. Սարգսյան

Դատավորներ՝

 

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան